Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՌՈՂԻՆ ԽԱԲՈՒՄ ԵՆ

Օգոստոս 05,2009 00:00

Անկախ նրանից, կշեռքն էլեկտրոնային է, թե սովորական, «հնարամիտ» վաճառականները թերակշռելու եւ գնորդին խաբելու ձեւը գտնում են:

Օրերս 3-րդ մասի բացօթյա շուկայում գնումներ կատարելիս ականատես եղա հերթական վեճին (այստեղ դրանք պարբերական բնույթ են կրում): Մոտեցա վրդովված գնորդին: Տիկին Ալլայի խոսքերով, ինքն արդեն հոգնել է ամեն անգամ թերակշռող վաճառողների հետ վիճելուց. «Բոլոր կշեռքների վրա պարտադիր թիվ կա՝ 50-250 գրամ, ես իրենց ուզած գինը տալիս եմ, թող բարի լինեն՝ չխաբեն: Միայն շուկան չի, խանութներում էլ է էս վիճակը: Էն անգամ խանութում վաճառողուհին իմ աչքի առաջ քանոնի նման երկաթ մտցրեց կշեռքի տակ: Նայում են աչքերիդ մեջ ու խաբում»:

Տիկին Ալլան միակ խաբված գնորդը չէ. «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունը նման բազմաթիվ դիմումներ է ստանում թերակշռումներից բողոքող քաղաքացիներից:

«Թերակշռումներից խուսափելու համար առաջին հերթին կշեռքները պիտի ստուգաչափվեն, բայց սա, իհարկե, բավարար չէ: Այս պահին առեւտրում օգտագործվող շուրջ 25 հազար կշեռք կա, բայց, համաձայն Չափագիտության ինստիտուտի 2007 թվականի տվյալների, ստուգաչափված է ընդամենը 6 հազարը»,- մեզ հետ զրույցում ասաց հ/կ-ի նախագահ Աբգար Եղոյանը:

Կշեռքների ստուգաչափումը կատարում է Չափագիտության ինստիտուտը, բայց վերահսկումը իրականացնում է Շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչությունը: «Մենք ստուգաչափում ենք կշեռքները եւ կնքում, եթե ստուգումների ժամանակ կշեռքի վրա չի լինում մեր կնիքը, տեսչության աշխատակիցները տուգանում են վաճառողին»,- ասաց Չափագիտության ինստիտուտի տնօրեն Վահան Սահակյանը: Նրանից հետաքրքրվեցինք, թե այսօր քանի՞ ստուգաչափված կշեռք կա: 2007-ից մինչ օրս դրանց թիվը գրեթե անփոփոխ է՝ մոտ 6 հազար:

«Չափումների միասնականության մասին ՀՀ օրենքի» համաձայն, հանրապետությունում օգտագործվող կշեռքների պարտադիր ստուգաչափում պետք է իրականացվի առնվազն տարին 1 անգամ: Չստուգաչափված կշեռքների օգտագործման համար սահմանված է տուգանք՝ 50-100 հազար դրամ: Օրենքում ասվում է նաեւ, որ կշեռքը ստուգաչափման է բերում վաճառողը: Սա ենթադրում է, որ եթե վաճառողը կշեռքը չի տանում ստուգաչափման, այն մնում է առանց Չափագիտության ինստիտուտի կնիքի: Ըստ Աբգար Եղոյանի, կշեռքը պետք է ստուգաչափվի տեղում. տեղափոխության ժամանակ ստուգաչափված կշեռքը կարող է նորից խախտվել եւ այս պարագայում բարեխիղճ վաճառողը արդեն իր կամքից անկախ է դառնում օրինախախտ: Պարոն Եղոյանի խոսքերով, այժմ խախտված են ոչ միայն գնորդի, այլ նաեւ այն 6 հազար վաճառողների իրավունքները, որոնք կատարել են ստուգաչափում. նրանց համար ստեղծված չեն տնտեսական մրցակցության հավասար պայմաններ:

Չնայած այժմ վաճառքի կետերում օգտագործվող կշեռքների մեծ մասը էլեկտրոնային է, բայց դա չի խանգարում վաճառողներին կատարել իրենց «սեւ գործը»: Պարզվում է՝ անգամ էլեկտրոնային կշեռքները վերը նշված նպատակով օգտագործելն էլ այնքան դժվար չէ. օգտագործողը փոխում է կշեռքի մեջ եղած դիմադրություններից մեկը եւ այն սկսում է 200-300 գրամ պակաս կշռել: Գնորդին մի քիչ ավելի խաբելու համար ավելի «նպատակահարմար» են կենցաղային կշեռքները՝ բեզմենտները, ներքին կառուցվածքի փոփոխման հետեւանքով՝ դրանք թերակշռում են 300-800 գրամ:

Այս պարագայում նախկինում գնորդներին օգնության էր հասնում, այսպես կոչված, հսկիչ կշեռքը, սակայն «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի ընդունմամբ՝ հսկիչ կշեռքների օգտագործումը դադարեցվեց:

2008 թ. «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ-ն առաջարկել է այս ոլորտում իրականացվելիք բարեփոխումների 5 կետից բաղկացած ցանկ, որը ներառում է նաեւ հսկիչ կշեռքներ ներմուծելու առաջարկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել