Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնաբավ երկիր չենք

Օգոստոս 05,2009 00:00

Այս տարի Հայաստանում ծիրանի բերքն առատ է եղել եւ նախորդ տարվա համեմատությամբ մոտ 5 600 տոննայով ավելի ծիրան ենք արտահանել: Այսօրվա դրությամբ Հայաստանից արտահանվել է 13 164 տոննա ծիրան: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը 7 517 հազար տոննա էր: Այս մասին «panorama.am»-ին ասել է գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: Նրա խոսքերով. «Չնայած եղանակային վատ պայմաններին, բազմաթիվ կարկտահարություններին ու ցրտահարություններին, մենք ունեցանք լավ բերք, եւ ակնկալում ենք, որ խաղողի հետ կապված եւս լավ բերք կունենանք»:

Այսօրվա դրությամբ մթերվել է 3 948 տոննա ծիրան, նախորդ տարվա համեմատությամբ այս թիվը զգալիորեն նվազել է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մթերվել էր 7 230 տոննա ծիրան:

Այս տարի Վրաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Բելգիա է արտահանվել կեռաս, սալոր, դեղձ: Մինչ օրս Հայաստանից արտահանվել է 616 տոննա կեռաս՝ նախորդ տարվա 230-ի փոխարեն, 269 տոննա սալոր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 402 տոննայի դիմաց ու 19.5 տոննա դեղձ՝ նախորդ տարվա 527-ի փոխարեն: Ըստ նախարարի՝ արտահանման ծավալների նվազումը պայմանավորված է եղանակային անբարենպաստ պայմաններով, ինչի հետեւանքով բերքը ուշ է հասել:

Ըստ նախարարի, այս տարի հացահատիկի բերքատվությունն ավելի ցածր է: Գ. Ալավերդյանի ներկայացմամբ՝ Հայաստանում հացահատիկի պահանջարկը տարեկան 600 հազար տոննա է, իսկ մեզ մոտ տարեկան արտադրվում է մոտ 400 հազար տոննա. «Այս տարի մենք սպասում ենք մոտ 400-410 հազար տոննա հացահատիկի բերք ստանալ: Մենք, հացահատիկի առումով, ներմուծող երկիր ենք, ինքնաբավ երկիր չենք: Ներկայումս 170 հազար հա-ի վրա ցանքս է կատարված, որի 80 %-ը՝ Արարատյան դաշտավայրում: Ընդհանուր ցանքսից 80 հազար հա-ն աշնանացան է»: Նախարարի վստահեցմամբ՝ այսօր հացահատիկ հավաքող կոմբայնների, թրթուրավոր եւ անվավոր տրակտորների, շարքացանների, կուլտիվատորների, խոտհնձիչների կարիք կա:

Գյուղնախարարի ներկայացմամբ՝ չնայած ներքին սպառման համար կարտոֆիլի պահանջարկը տարեկան 350-400 հազար տոննա է, այս տարի կարտոֆիլի բերքն էլ շատ կլինի, նույնիսկ ավելցուկ կունենանք. «Ակնկալում ենք ստանալ 600-620 հազար տոննա բերք: Կունենանք 100-150 հազար տոննա կարտոֆիլի իրացման խնդիր»: Այդուհանդերձ, ըստ նախարարի, «կարտոֆիլի ավելցուկի յուրացումն այս տարի մեծ խնդիր չի լինի, քանի որ մենք որոշակի պայմանավորվածություններ ենք ձեռք բերել նորից վերականգնելու մեր կապերը եւ այն արտահանել»:

Միջին դիրքերում ենք

Հայաստանի տնտեսությունն իր ազատության մակարդակով 121 երկրների շարքում զբաղեցնում է 64-րդ տեղը: Այս մասին է վկայում Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած զեկույցը: Ըստ նույն զեկույցի, Ադրբեջանը զբաղեցրել է 70-րդ տեղը, այսինքն՝ մեր տնտեսությունն ավելի բաց է, քան Ադրբեջանինը: Ավելին, նույնիսկ Ռուսաստանը, Ուկրաինան, Ղազախստանը, Ղրղըզստանն ու Տաջիկստանը ազատ եւ բաց տնտեսության մակարդակով Հայաստանից անհամեմատ հետ են: Ֆորումի վարկանիշը կազմվել է ներքին եւ արտաքին շուկաներին հասանելիության պայմանների, մաքսային վարչարարության, տրանսպորտային եւ հաղորդակցային ենթակառուցվածքների ու գործարար միջավայրի ուսումնասիրության հիման վրա: Այդ բոլոր ոլորտներից ամենավատ գնահատականը մեր երկիրը ստացել է մաքսային վարչարարության արդյունավետության մակարդակից՝ 87-րդ տեղ: Իսկ շուկաներ ազատ մուտք ունենալու ցուցանիշով 42-րդ տեղում ենք:

Զեկույցում առավել բաց տնտեսություն ունեցող երկրներ են համարվում Սինգապուրը, Հոնկոնգը եւ Շվեյցարիան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել