Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնական դպրոցների հիմնական խնդիրները

Օգոստոս 08,2009 00:00

Մեկնաբանում են դպրոցների տնօրեններն ու ԿԳՆ ներկայացուցիչը

Երեկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մեդիակենտրոնում հիմնական դպրոցների տնօրենները քննարկել են կրթական նոր համակարգի խնդիրները:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի համոզմամբ, հիմնական դպրոցների հիմնական խնդիրը ուսուցման համակարգի՝ անգիրի, մտապահման վրա հիմնված լինելն է, նրա խոսքով, հիմնական դպրոցները պետք է լինեն ազատ՝ երեխայի նախասիրությունների զարգացման, մասնագիտական հստակ կողմնորոշվածության եւ հետագա գործունեությանը խթանող դաշտ: «Հիմնական դպրոցն ավարտող երեխաներն արդեն պետք է կողմնորոշված լինեն, թե ավագ դպրոցում երեք տարի ինչով են զբաղվելու, ոչ թե քշվեն՝ ստիպված երեք տարի էլ սովորելու», – համոզված է Ա. Բլեյանը: Նրա կարծիքով, դպրոցների տնօրենների` միմյանց հետ հաճախակի հանդիպումները կնպաստեն փորձի փոխանակմանը եւ համագործակցության արդյունքում կրթական նոր համակարգի դժվարությունները հեշտ հաղթահարելի կլինեն:

Թիվ 181 հիմնական դպրոցի տնօրեն Վանյա Կիրակոսյանն էլ ասաց, որ ցանկանում է՝ ավագ դպրոցների նման հիմնական դպրոցներն էլ լինեն պետական հոգածության ներքո, իսկ որպեսզի ավագ դպրոց դիմողները գիտելիքների բարձր մակարդակ ունենան, Վ. Կիրակոսյանի համոզմամբ, կրթությունը պետք է բազմակողմանի լինի, դասասենյակները՝ լիովին հարմարեցված ուսումնական ծրագրով ընթացող առարկաներին. «Դպրոցը պետք է կահավորել՝ սկսած երաժշտության, աշխատանքի ուսուցման դասասենյակներից, մարզադահլիճներից, մինչդեռ դպրոցների մեծամասնությունը նյութական միջոցներ գրեթե չունի, խնդիրներ կան նաեւ կադրերի անպատրաստվածության հետ»:

Թիվ 155 դպրոցի տնօրեն Լուսին Դանիելյանն էլ դպրոցների՝ հիմնական ու ավագ տարանջատումը խիստ անհրաժեշտ է համարում: «Բոլորս էինք տեսնում՝ ավագ դպրոցների անհրաժեշտությունը. երեխաները չէին հաճախում դպրոց, կրկնուսույցների էին դիմում, իսկ այս տարանջատումից հետո, համոզված եմ՝ առաջինը կրկնուսույցների համակարգը կվերանա, եւ երեխաները ավագ դպրոցում ձեռք բերած գիտելիքները կկարողանան կիրառել բուհերում»,- ասաց նա: Տիկին Դանիելյանը նաեւ կարեւորեց հիմնական դպրոցներում գնահատման համակարգի ճշգրիտ կիրառությունը եւ նշեց, որ այս ուսումնական տարին իրենց դպրոցում աշխատելու են այդ ուղղությամբ: Լ. Դանիելյանը լավատես է ու ավագ եւ հիմնական դպրոցների խնդիրներ դեռեւս չի տեսնում:

ՀՀ ԿԳՆ հանրակրթության բաժնի պետ Նարինե Հովհաննիսյանն էլ հիմնական դպրոցների տնօրենների մտահոգություններին ի պատասխան՝ ասաց, որ բոլոր դպրոցներն էլ պետական հոգածության ներքո են: «Խտրականություն չկա ավագ ու հիմնական դպրոցների միջեւ, նորոգումից մինչեւ կադրային վերապատրաստում, դասագրքերի ապահովում. մենք ամենայն ուշադրությամբ ենք աշխատելու այս ուղղությամբ»-, վստահեցրեց նա: Տիկին Հովհաննիսյանը նաեւ կարեւորեց ավագ դպրոցների տարանջատումը՝ փաստելով, որ այդտեղ ապահովված է աշակերտների մասնագիտության ընտրության ճիշտ կողմնորոշումը. «Ավագ դպրոցներում, երեխաների նախասիրությունների համաձայն, յուրաքանչյուր հոսքում կլինի 20-25 աշակերտ, այս հնարավորությունը նրանց չէր կարող ընձեռել հիմնական դպրոցը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել