Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳԱՅԱՐ ԱԽՈՒՆԶԱԴԵ. «ՏԱՏԱՄԻԻ ՎՐԱ ԹՈՂ ՀԱՂԹԻ ՆԱ, ՈՎ ՈՒԺԵՂ Է»

Սեպտեմբեր 11,2009 00:00

\"\"Երեկ «Անի Պլազա» հյուրանոցում կայացավ ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնության վիճակահանությունը, իսկ արդեն այսօր ուշ երեկոյան հայտնի կդառնան առաջին չեմպիոնները:

Այս առաջնությունը առանձնանում է ոչ միայն հայտ ներկայացրած 40 երկրների ռեկորդային թվով, այլեւ նրանով, որ ԽՍՀՄ փլուզումից հետո անկախ Հայաստանում կազմակերպվող միջազգային ամենաբարձր մակարդակի մարզական միջոցառումներին առաջին անգամ մասնակցում է նաեւ Ադրբեջանը: Երեկ «Առավոտը» բացառիկ հնարավորություն ունեցավ հարեւան երկրի թիմի հետ նույն ավտոբուսով մեկնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, ներկա լինել մարզումներին ու զրուցել ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, Ադրբեջանի վաստակավոր մարզիչ Ագայար Ախունզադեի հետ:

– Բարի գալուստ Հայաստան: Ինչպե՞ս տեղ հասաք:

– Նորմալ: Առանց խնդիրների: Ինքնաթիռով Երեւան ժամանեցինք Թբիլիսիից: Անցած 20 տարիների ընթացքում առաջին անգամ են ադրբեջանցի մարզիկները ոտք դնում Երեւան: Օդանավակայանում մեզ պատշաճ մակարդակով դիմավորեցին ու առոք-փառոք հասցրին «Կոնգրես» հյուրանոց: Ամեն բան շատ լավ է: Արդեն երրորդ օրն է, ինչ այստեղ ենք ու ոչ մի խնդիր չունենք: Հայաստանում մեր անվտանգությունն ապահովող տղաները ընտանիքից ու հարազատներից կտրված, գիշեր-ցերեկ արթուն են մնում ու հստակ կատարում իրենց \"\"պարտականությունները, ինչի համար ես նրանց շնորհակալություն եմ հայտնում:

– Թբիլիսի-Երեւան սովորական չվերթո՞վ եկաք, թե՞ հատուկ ինքնաթիռով:

– Ոչ: Հայաստանի սովորական չվերթ էր:

– Ինքնաթիռում մյուս ուղեւորների հետ թռչելը խնդիրներ չառաջացրե՞ց:

– Ոչ: Անգամ Թբիլիսիում մարդիկ հարցնում էին, թե Երեւա՞ն ենք թռչում: Ու զարմանում էին: Մենք էլ պատասխանում էինք, որ մենք մարզիկներ ենք ու մեկնում ենք մրցումների: Եվ դրանում արտառոց ոչ մի բան չկա:

– Տեղյա՞կ եք, որ դուք, փաստորեն, հակառակ ուղղությամբ անցել եք այն ճանապարհը, որը մեր ըմբիշներն են կտրել 2007 թվականին Բաքու՝ աշխարհի առաջնության գալիս, որը օլիմպիական վարկանիշային մրցում էր:

– Ճի՞շտ եք ասում: Ես տեղյակ չէի: Մեր գալու տարբերակները մի քանիսն էին. Ստամբուլով, Մոսկվայով: Վրացիներն առաջարկում էին նաեւ ավտոբուսով գալ, ինչպես նրանք Երեւան եկան Թուրքիայի հավաքականի հետ: Ի վերջո, ընտրեցինք այս տարբերակը:

– Տեսնում եմ, որ տարիքով այնքան էլ երիտասարդ չեք: Առաջին անգա՞մ եք լինում Երեւանում:

– Ոչ: Խորհրդային տարիներին որպես գործող մարզիկ այստեղ մասնակցել եմ ձյուդոյի անդրկովկասյան երիտասարդական խաղերին: Հանգրվանել էինք Ծաղկաձորում: Բայց տարեթիվը, կներեք, չեմ հիշում:

– Ի՞նչ նպատակներով եք ժամանել Հայաստան:

– Ադրբեջանի ձյուդոյի հավաքականը լավն է: Դա ձեր մասնագետներն էլ գիտեն: Պեկինի օլիմպիական խաղերում մենք «ոսկի» եւ «արծաթ» ենք ունեցել: Այս տղաները մեր գլխավոր թիմի փոխարինողներն են լինելու: Եկել ենք լավ հանդես գալու, ինչու չէ՝ նաեւ մեդալներ նվաճելու ցանկությամբ:

– Թիմում առաջի՞ն համարներն են, թե՞…

– Բոլորն էլ այս տարիքային խմբի մեր առաջատարներն են, որոնք արդեն լավագույն կողմերով իրենց ցույց են տվել ամենաբարձր մակարդակի առաջնություններում: Եկել ենք հինգ մարզիկով: Կարող էինք ութ հոգով էլ գալ, բայց ընտրել ենք լավագույններին: Այս տղաներից մի քանիսի համար սա այս տարիքային խմբում իրենց խոսքն ասելու վերջին հնարավորությունն է: Այլապես, նրանց մարզական կարիերան հետագայում կարող է չստացվել: Մենք արդեն մի անգամ բաց ենք թողել 2003 թվականին ձեզ մոտ անցկացված Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների անդրանիկ առաջնությունը: Սպորտը քաղաքականություն չէ: Անգամ օլիմպիական խաղերի ժամանակ ամբողջ աշխարհում պատերազմներն են դադարեցվում: Այս անգամ էլ գալ-չգալու խնդիրն օրակարգում էր: Եվ ես պնդեցի առաջինը: Իսկ երբ ձեր կառավարությունը անվտանգության երաշխիքներ տվեց, բոլոր հարցերը լուծվեցին: Մարզիկի համար մրցումը մրցում է մնում, անկախ այն բանից, թե այն որ երկրում է անցկացվում՝ Հայաստանո՞ւմ, Ադրբեջանո՞ւմ, թե՞ ցանկացած այլ երկրում: Որտեղ էլ լինենք, մենք միմյանց հետ շփվում ենք, տատամիի վրա պայքարում: Մեր երկրների անկախացումից հետո ձեր ըմբիշներն առաջինը եկան Բաքու եւ երկու բրոնզե մեդալակիր տվեցին: Հիմա էլ մենք ենք առաջին այցելությունը կատարել Հայաստան: Եվ էլի ամեն բան լավ է: Կարծում եմ՝ որքան շատ լինեն մեր երկրներում նման մարզական միջոցառումները, եւ որքան շատ մարզական փոխայցելություններ լինեն մեր միջեւ, այնքան առկա քաղաքական խնդիրներն ավելի արագ կարող են լուծվել:

– Այսինքն՝ սպորտը խաղաղություն է:

– Անշուշտ: Սպորտը խաղաղության դեսպանն է: Որպես կանոն, խրթին հարաբերությունների պայմաններում գտնվող երկրներում առաջինը մարզիկներն են ճամփա բացում, որից հետո գալիս է նաեւ քաղաքական գործիչների ժամանակը:

– Կներեք, բայց պիտի ասեմ, որ վերջին օրերին, երբ ինտերնետով կարդում եմ ադրբեջանական թերթերը, այնտեղ, կարծես, առանց այդ էլ լարված մթնոլորտը շիկացնելու միտում է զգացվում:

– Դուք էլ կներեք, բայց ես էլ ասեմ. դա ձեր՝ լրագրողներիդ առանձնահատկությունն է: Օրինակ, հիմա մեր պատվիրակության կազմում մի լրագրող կա: Երբ միկրոավտոբուսով առաջին անգամ գնում էինք մարզման, ավտոբուսի մեջ, վարորդի առջեւ, Հայաստանի, Վրաստանի եւ Ղարաբաղի հուշանվեր փոքրիկ դրոշակներ կային: Մենք խնդրեցինք կամ պահանջեցինք դրանք հավաքել, ու անմիջապես դրանք հանվեցին: Սակայն մեր լրագրողը այդ փաստը ներկայացրել էր իր ձեւով: Ճիշտ է, նա նաեւ այստեղ մեզ լավ ընդունելու եւ դրական վերաբերմունքի մասին էլ էր գրել, բայց ԶԼՄ-ները ավելի շատ կենտրոնացել էին դրոշակների թեմայի վրա: Կրակի վրա յուղ լցնել պետք չէ: Սպորտը չի կարելի քաղաքականացնել, ծառայեցնել այլ նպատակների: Մենք եկել ենք Հայաստան՝ մրցումների, եւ մարզական լուրջ նպատակներ ենք դրել մեր առջեւ: Թող տատամիի վրա հաղթի արժանավորը, նա, ով ավելի ուժեղ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել