Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղություն կա՞, թե՞ ոչ

Սեպտեմբեր 19,2009 00:00

Սեպտեմբերի 21-ին Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) տոնում է Խաղաղության միջազգային օրը: Երեկ ՄԱԿ-ի գրասենյակում Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի ղեկավարությամբ կայացավ «կլոր սեղան»-քննարկում՝ նվիրված խաղաղության միջազգային օրվան:

ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Կոսուելո Վիդալի ձեւակերպմամբ, 2002 թ. սեպտեմբերի 21-ից սկսած՝ Խաղաղության օրը նշվում է որպես Հրադադարի եւ բռնության դեմ պայքարի համաշխարհային օր. «Խաղաղության համար պետք է զինաթափվել, արգելել վերջինիս տարածումը հասարակության մեջ: Զինաթափումն ու զենքի տարածման պայքարը աշխարհն ավելի անվտանգ կդարձնեն ապագա սերունդների համար»:

Քննարկմանը մասնակցում էին քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ: Խաղաղության եւ անկախության ընդհանրությունների եւ Հայաստանում խաղաղության առկայության մասին «Առավոտը» զրուցեց «կլոր-սեղանի» մասնակիցների հետ: Կ. Վիդալը խաղաղության եւ անկախության օրերի համընկնումը պատահական եւ, միեւնույն ժամանակ, հատուկենտ զուգադիպություն համարելով՝ ասաց. «Կարծում եմ՝ շատ կարեւոր կապ կա այդ երկու իրադարձությունների՝ Հայաստանի անկախության եւ խաղաղության միջազգային օրվա միջեւ, քանի որ անկախ Հայաստանը կարող է իր քաղաքացիներին ապահովել արժանապատիվ կյանքով»:

Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի (ՀԿԿԱ) նախագահ Ջեմմա Հարությունյանը գտնում է՝ անկախության եւ խաղաղության ուղին նույնն է. «Առանց խաղաղության՝ չեն կարող գոյատեւել ոչ ընտանիք, ոչ հայ հասարակությունը, ոչ Կովկասի երկրները: Խաղաղությունը երկրներին ստաբիլ հնարավորություն է ստեղծում կայուն զարգացման եւ մեր երեխաների ապագայի համար ու, վերջապես, այն հնարավորություն է տալիս երկրներին երկարատեւ ժամկետների համար մշակել զարգացման ուղիներ եւ իրականացնել դրանք: Եվ եթե համեմատենք խաղաղությունն ու մեր անկախությունը, ապա խաղաղությունը այն բարոյական եւ կարեւոր արժեքն է, որը կարող է օգնել մեր անկախության ամուր հաստատմանը»:

Հարցին՝ կա՞ խաղաղություն Հայաստանում, մեր զրուցակիցն ասաց. «Տիրող իրավիճակը չի տալիս հնարավորություն ասելու, որ խաղաղությունն իր բառի լայն իմաստով մենք ունենանք, որովհետեւ յուրաքանչյուր քաղաքական դեպք, այդ թվում եւ մարտիմեկյան դեպքերը բոլորիս համար ցավ են եւ դա չի կարող անմասն թողնել որեւիցե մեկին այն ընտանիքների նկատմամբ, որոնց երեխաները կամ ամուսինները զոհվել են»: «Հանուն ժողովրդավարության» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Դանիելյանի բնութագրմամբ էլ, խաղաղությունն առաջին հերթին օրինականություն է եւ որոշակի արժեքային համակարգ. «Եթե յուրաքանչյուր երկրում հաստատվի օրինականություն եւ ամեն ինչ լինի թափանցիկ, ամբողջ աշխարհում, ըստ իս, խաղաղություն կլինի: Պետք է պայքարենք, որպեսզի Հայաստանում նույնպես լինի օրինականություն, որը մեզ տալիս է սեպտեմբերի 21-ը, այսինքն՝ անկախության օրը: Հայաստանում խաղաղություն չկա, որովհետեւ պետական եւ քաղաքական որոշումները ընդունվում են ոչ թափանցիկ, օրենքը բոլորի համար չի գործում, կան բազմաթիվ մարդիկ, որոնք օրենքից բարձր են գտնվում. Հայաստանում խաղաղության նախապայմանները բացակայում են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել