Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԹԵ ԵՐԱԶՈՒՄ ՏԵՍԵԼ ԵՔ…

Հոկտեմբեր 16,2009 00:00

Փնտրեք ձեր երազները www.erazahan.com-ում

Տեսել եք երազ, որը ձեզ հանգիստ չի՞ տալիս, ոչ մի կերպ չի՞ հաջողվում պարզել դրա իմաստը. այցելեք www.erazahan.com կայքէջը: «NG studio development company»-ի նախաձեռնությամբ արդեն մեկ տարի գործում է ժամանցային երիտասարդական այս կայքէջը, որի մասին մանրամասներ իմանալու կապակցությամբ «Առավոտը» զրուցեց կազմակերպության հիմնադիր տնօրեն, կայքի պատասխանատու Հովհաննես Հովհաննիսյանի հետ: Նրա փոխանցմամբ, երազահանը՝ կայքը, իրենց անդրանիկ աշխատանքն է: Հիմնադրման առաջին ամիսներին www. erazahan.com-ը բավականին համեստ բովանդակություն ուներ, միայն վերջերս կայքէջի պատասխանատուները սկսեցին հետեւողականորեն թարմացնել կայքը եւ ընդլայնել բովանդակային բազան: Հ. Հովհաննիսյանի տեղեկացմամբ, կայքը դարձավ երաժշտական, էջը վերակարգվեց սիրված մուլտֆիլմի՝ «Գտնված երազի» մոտիվներով: «Այժմ կայքի այցելուներն արդեն կարող են ծանոթանալ վերջին շաբաթներին ամենատարածված 10 երազներին: Իսկ ամենատարածված երազները կազմում ենք՝ ըստ մեր այցելուների ամենաշատ կարդացած երազների մեկնություններից կամ նրանց ամենաշատ որոնած երազների ցանկից»,- ասաց Հ. Հովհաննիսյանը: Նույն դասավորությամբ են ընտրվում նաեւ «Այսօր տեսել են» բաժնի երազները: Մեր զրուցակիցն այստեղ առանձնացրեց հայերի մենտալիտետին, բնավորությանը հատուկ երազների շարք, որոնք, նրա կարծիքով, հաստատ չեն տեսնի այլազգիները: «Մեր erazahan.com-ի նման շատ ռուսական եւ ամերիկյան կայքեր կան, բայց եթե ուսումնասիրենք կամ համեմատենք հայերի ու օտարերկրացիների երազները, կնկատենք հայերին բնորոշ երազներ: Օրինակ, միայն հայը կարող է երազում լավաշ տեսնել, իսկ ամերիկացիներից շատերը, ովքեր չեն տեսել, թե ինչպես են կով կթում, երազում հաստատ կով չեն տեսնի, կամ էլ նրանց մոտ նման երազները շատ հազվադեպ կլինեն: Հայերը ամենատարբեր ու չսպասված երազներ կարող են տեսնել, ինչպես, օրինակ, էշ, կով, ծիրան, ցախ, եւ այդ շարքը անվերջ կարող եմ թվարկել»,- ասում է Հ. Հովհաննիսյանը: Կայքի պատասխանատուի փոխանցմամբ, erazahan.com-ում երազները բաժանված են ոլորտների՝ զվարճանքի, բնության, կրոնի եւ այլն. «Փորձել ենք համակարգել երազները տարբեր ոլորտներում, մտածել ենք ու կազմել, թե այդ ոլորտներում ինչ է հնարավոր տեսնել»: Երազների մեկնություններն էլ, Հ. Հովհաննիսյանի խոսքով, հիմնականում վերցված են Միլլերի եւ Վանգայի երազահաններից. «Փորձել ենք նաեւ այլ երազահաններից ընդգրկել այնպիսի երազներ, որոնք զուտ հայկական են, իսկ այս հարցում մեզ օգնում են նաեւ մեր տատիկներն ու մայրիկները, ովքեր քաջատեղյակ են երազահանությանը: Ներկայումս կայքում մոտ 3000 երազի մեկնություն կա, առաջիկայում նախատեսվում է եւս այդքանով կրկնապատկել»: Հ. Հովհաննիսյանի խոսքով, erazahan.com շատ են հաճախում նաեւ սփյուռքահայերը. հենց նրանց համար էլ կայքի պատասխանատուները որոշեցին կազմել որոնման այբբենական ձեւը: «Հաճախ էին մեզ նամակներ ուղարկում՝ հարցնելով, թե ինչու չեն կարողանում որոնել, օրինակ, գաբիկ բառը: Սկզբում մենք էլ էինք մի քիչ զարմանում, հետո հասկացանք, որ խոսքը կապիկի մասին է. որպեսզի նրանք տառասխալներ չանեն ու նրանց գործը չդժվարանա, որոշեցինք այբբենական կարգը գործի դնել»,- պատմում է կայքի հեղինակը: Նա նաեւ շեշտեց իրենց կայքի առանձնահատկությունը՝ փաստելով, որ արտասահմանյան նման կայքերը անվճար ծառայություններ չեն մատուցում եւ հիմնականում լսարանին գրավելու համար հիմնվում են միայն երազների մեկնության վրա. «Այստեղ մենք փորձել ենք պահպանել նաեւ հայկական կոլորիտը: Հաստատ կնկատեք հայկական մտածողություն: Նշեմ նաեւ, որ փորձել ենք ընդգրկել օգտակար տեղեկատվություն՝ քնի եւ երազների մասին»:

Նորարարություններից մեկն էլ լսարանի հետ կապ պահելու՝ հարցումների բաժինն է. ամեն անգամ, երբ կայքի հեղինակները որոշում են նորություն մտցնել, անպայման հարցում են անցկացնում եւ հաշվի առնում լսարանի կարծիքը: Հ. Հովհաննիսյանը պատմեց, որ նախատեսել էին կայքի ռուսերեն տարբերակն էլ գործի դնել, բայց լսարանի գերակշռող մասը դեմ է եղել, ինչն էլ հաշվի առնելով՝ կայքի հեղինակներն էլ նախագծի իրականացումը հետաձգել են: «Կցանկանայի՞ք մեր կայքում տեսնել հորոսկոպ» հարցին լսարանը դրական է արձագանքել. ուրեմն առաջիկայում կայքում սպասեք հորոսկոպին, խոստացավ Հ. Հովհաննիսյանը. «Այն լինելու է ամենօրյա, անձնական, գործնական, ընտանեկան հարաբերությունների եւ այլնի մասին»: Հ. Հովհաննիսյանը հավելեց նաեւ, որ կայքի հանդեպ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում հատկապես աղջիկները: Իրենց վիճակագրության համաձայն, օրական մոտ 300 այցելուների 70%-ը աղջիկներ են: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ erazahan.com- ի մշտական այցելուներին կայքի հեղինակները անակնկալ են պատրաստել՝ հավաքվելու են, որ միասին տոնեն կայքի հաջողությունները: Նշենք, որ «NG studio development» կազմակերպությունը մինչեւ տարեվերջ կներկայացնի նաեւ այլ նախագծեր. արդեն պատրաստ է նրանց 2-րդ նախագիծը, ինչն էլ բիզնես պորտալ է՝ Հայաստանում բոլոր բիզնես ընկերությունների մասին տվյալներ պարունակող. այն սկզբում լինելու է պարզապես տեղեկատու, իսկ հետո on-line բիզնես համակարգ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել