Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հոկտեմբեր 24,2009 00:00

\"a\"

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ չորրորդ

 ԲԱՑ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ

 Այնպես որ, էսօրվա մեր պատմաբաններն ու պատմության դասագրքերի հեղինակները նույնիսկ կարող են գլուխ գովել ու հպարտանալ, որ իրենք մեր պատմիչների արժանավոր հետնորդներն ու իրավահաջորդներն են եւ հետեւելով իրենց հանճարեղ նախորդների օրինակին՝ մեր ժողովրդի պատմությունը հարմարեցրել են թագավորների, կառավարիչների եւ, ինչու չէ, նաեւ հոգեւոր կառավարիչների քիմքին, մանավանդ որ՝ մեր պատմիչների մեծ մասը հոգեւոր դասի ներկայացուցիչներ էին, եւ այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետեւ էն ժամանակների Հայաստանում պարտուս չկար, եւ միայն մեր հոգեւորականներն ու կառավարիչներն էին տառաճանաչ, եւ, փաստորեն, մեր հոգեւորականները մեր պատմությունը գրում էին, իսկ կառավարիչներն էլ կարդում էին, եւ բուն ժողովուրդը տեղյակ էլ չէր՝ ինչ է գրվում ու ինչ է կարդացվում, եւ ընդունելության քննություններ էլ չկային, եւ մեր ժողովրդի պատմության պատճառով որեւէ պարմանու կամ պարմանուհու վճարովի կրթություն չէր սպառնում, եւ մեր կառավարիչները մեր պատմության գործը մեր պատմիչներին պատվիրում էին, ու մեր պատմիչներն էլ էդ պատվերը բարեխղճորեն կատարում էին հիմնականում գալիք սերունդների համար, եւ էս պահի դրությամբ՝ գալիք սերունդներից մեկը մենք ենք, մյուսը՝ մեր երեխեքը, եւ մեր պատմաբանների ու պատմիչների գրած պատմությունները կարդալով՝ ոչ թե քննադատում ենք, որ իշխանավորների պատվերն են կատարել, այլ, ընդհակառակը, փառաբանում ու պանծացնում ենք, որ մեզ, այնուամենայնիվ, առանց պատմության չեն թողել, որովհետեւ շատ ավելի լավ է պատվիրովի պատմություն ունենալ, քան՝ առանց պատմության մնալ, եւ պատվիրովի պատմության մյուս դրական կողմն էլ էն է, որ պատվիրովի պատմության մեջ հաղթանակներն ավելի պերմանենտ բնույթ են կրում, քան՝ պարտությունները, ու հիմնականում էդ է պատճառը, որ մեր ժողովրդի պատմության դասագրքերում պարտություններ գրեթե չկան, մինչդեռ հաղթանակներ՝ ինչքան ուզեք, եւ հատկապես ու առանձնապես բարոյական հաղթանակներն են գերակշռողը, իսկ ինչ վերաբերում է մեր պարտություններին, դրանց մասին մենք առանձնապես շատ բան չգիտենք, եւ դա միանգամայն հասկանալի եւ նույնիսկ բնական էլ է, որովհետեւ ցանկացած մարդ ու ցանկացած ժողովուրդ միայն ու միայն իր հաղթանակներով է պարծենում ու հպարտանում եւ ոչ թե՝ պարտություններով, եւ պարսիկների պատմության գրքերում էլ Ավարայրն ու Տղմուտ գետը չկան. այսինքն, պարսիկ պատմիչներն ու պատմաբաններն էլ իրենց պարտություններն ու հատկապես բարոյական պարտություններն են իրենց գալիք սերունդներից թաքցրել, բայց, ցավոք սրտի, Տղմուտ գետն ու Ավարայրի դաշտավայրը ոչ միայն Իրանի պատմության գրքերից ու դասագրքերից են բացակայում, այլեւ՝ քարտեզներից, ընդ որում՝ Տղմուտն ու Ավարայրի դաշտավայրը ոչ միայն Իրանում տպագրված քարտեզներից են բացակայում, այլեւ՝ Հայաստանում տպվածներից, եւ էս հանգամանքն առաջին հերթին մեր անհետեւողականության ու անսկզբունքայնության մասին է խոսում, որովհետեւ եթե հետեւողականորեն ու սկզբունքորեն որոշել ես, որ 451 թվականին Ավարայրի դաշտում ու Տղմուտ գետի ափին բարոյական հաղթանակ ես տարել, պիտի բարի լինես ու էդ բարոյական հաղթանակիցդ որոշակի իրադարձություններ ու կարեւորագույն մանրամասներ նկարագրես, եւ եթե էդ էլ չես անում, գոնե քարտեզներիդ վրա էդ հաղթական Տղմուտ գետը պիտի գծել ու նկարել տաս, եւ ինչքան էլ էդ գետն անջուր ու տղմոտ եղած լինի, պիտի կարմիր թելի պես անցնի անխտիր բոլոր քարտեզներիդ միջով, եւ, բացի այդ, էդ Տղմուտի կողքերն էլ պիտի կանաչով ներկել տաս ու վրան էլ մեծամեծ տառերով գրել տաս՝ Ավարայրի դաշտավայր, եւ դա բնավ էլ կեղծիք չի համարվի ու մեկին մեկ կհամապատասխանի Եղիշեի ու մանավանդ Դերենիկ Դեմիրճյանի գրածին ու նկարագրածին, որովհետեւ մեր էդ բարոյական գերագույն հաղթանակի մանրամասներն ավելի շատ Դերենիկ Դեմիրճյանի շնորհիվ գիտենք, քան՝ Եղիշեի, բայց, չար լեզուների ասելով, Դեմիրճյանի «Վարդանանքի» զակազչիկն էլ ժողովուրդների հայր Ստալինն է եղել, ընդ որում՝ Ստալինն էդ զակազը ոչ թե անձամբ Դեմիրճյանին է տվել, այլ սովետական ժողովուրդների բոլոր պատմավիպասաններին անխտիր, որպեսզի էդ եղանակով է՛լ ավելի ամրապնդվի Հայրենական մեծ պատերազմին մասնակցող մեր զինվորների ու հրամկազմի մարտական ոգին, եւ, փաստորեն, ստացվում է, որ եթե Ստալինի էդ հրահանգը չլիներ, մենք էսօրվա դրությամբ չափազանց քիչ տեղեկություն կունենայինք մեր էդ գլխավոր բարոյական հաղթանակի մասին, որովհետեւ մենք մեզ մշակութային ու հնագույն ազգ համարելով՝ մեզ նեղություն չենք տալիս ու մեր պատմիչների գրածները նորմալ չենք էլ թերթում՝ ո՛չ թե էն պատճառով, որ նորմալ չենք տիրապետում մեր պատմիչների գրաբարին, ոչ թե էն պատճառով, որ դրանց թարգմանություններն էլ են վիճակագրական միջին հայերիս համար չափազանց խրթին, այլ հիմնականում էն պատճառով, որ Խորենացու «Ողբին» ու մեր մյուս պատմիչների ողբերին անմիջականորեն հաղորդակցվելով՝ ավելի շուտ մեր էս նորագույն ու ներկա ժամանակներ ենք մտովի տեղափոխվում, քան՝ հին ու հնագույն ժամանակներ, որովհետեւ Խորենացու ու մեր մյուս պատմիչների ողբերն էս մեր նորագույն ժամանակներին ավելի են առնչվում, քան՝ բոլորիս ու հատկապես մեր դիմորդ երեխեքի գլխին պատուհաս դառած մեր էս նորագույն շրջանի դասագրքերը, որոնք ժամանակ առ ժամանակ թերթելով՝ ավելի շատ մեր հնագույն ժամանակների մասին ենք կարծիք կազմում, քան՝ մեր ապրած էս վերջին ժամանակների, եւ, ընդհակառակը, մենք մեր էս ժամանակների մասին ավելի շատ մեր հնագույն պատմիչների գրածներից ենք տեղեկանում, որովհետեւ չնայած մեր պատմիչներն էլ էին իրենց պատմությունները կառավարիչների պատվերով գրում, այդուհանդերձ, չէին զլանում երբեմն նաեւ մեր կաշառակեր պաշտոնյաների ու հատկապես կաշառակեր դատավորների մասին գրել, եւ բնականաբար սկսում ենք ենթադրել, որ շատ դարեր առաջ հին Հայաստանում դատական իշխանություններն իշխանության առաջին դեմքերից ավելի անկախ են եղել, քան հիմա՝ մեր օրերում, եւ մյուս կաշառակեր պաշտոնյաներին էլ անկաշկանդ ու հերթով անդրադառնալով՝ մեր պատմիչները մեզ համոզում են, որ մեր թագավորներն ու կառավարիչներն ստեղծագործական ահագին ազատություն են տվել մեր պատմության շարադրության գործն ստանձնածներին, եւ եթե իրենց էդ ստեղծագործական ազատությունը չլիներ, մենք էսօրվա օրով առանց պատմության կմնայինք եւ հնագույն ազգ լինելով՝ ընդհանրապես մեր անցյալից անտեղյակ կլինեինք, ինչպես որ հիմա՝ էս պահին մեր ներկայից ենք անտեղյակ, եւ չնայած մենք մեր պատմիչների գրաբարին անհաղորդ ենք եւ չնայած գրաբարից թարգմանություններին էլ ենք համարյա անհաղորդ, այդուհանդերձ, մենք մեր հնագույն ժամանակների առումով ահագին տեղեկացված ենք եւ նույնիսկ մեր պատմիչների համեմատ ենք ավելի տեղեկացված, որովհետեւ Րաֆֆին, Մուրացանն ու մանավանդ խորհրդային շրջանի մեր պատմավիպասանները ոչ միայն մեկին մեկ ու մատչելի լեզվով արտագրել են մեր հնագույն պատմիչների պատմածներն ու գրածները, այլեւ ահագին բան էլ իրենցից են հորինել՝ գումարելով մեր պատմիչների պատմածներին ու գրածներին, ու էդպիսով մեր հերոսական անցյալն ավելի են հերոսականացրել՝ մեր հաղթանակները հնարավորինս ավելացնելով ու մեր պարտությունները հնարավորինս պակասեցնելով, եւ մեր պատմավիպասանները մեր պատմիչների պատմածներն ու գրածներն էնպիսի կարեւորագույն մանրամասներով են համեմել, որ շատ դեպքերում մեր պատմավիպասանների պատմածներն ու գրածներն ավելի հավաստի են ներկայանում, քան՝ մեր պատմիչներինը, եւ չնայած մեր գրականագետները մեր պատմավիպասաններից Րաֆֆուն ու Ծերենցին են ռոմանտիզմի ներկայացուցիչներ համարում, իրականում մեր բոլոր պատմավիպասաններն էլ երդվյալ ու անուղղելի ռոմանտիկներ են՝ ներառյալ խորհրդահայ պատմավիպասաններն ու այսօրվանները, եւ չնայած խորհրդային գրականությունը սոցռեալիզմից բացի այլ իրավունքներ ու իրավասություններ չուներ, խորհրդային ու մանավանդ խորհրդահայ պատմավիպասանները շարունակում էին տուրք տալ ռոմանտիզմին ու անձամբ իրենց երեւակայությանը՝ սոցռեալիզմի որոշ տարրեր, իհարկե, ներարկելով, եւ, պարզվում էր, պրոլետարիատի հեգեմոնիան ոչ թե Վլադիմիր Իլյիչի օրոք է երեւակվել ու իրեն զգացնել տվել, այլ զգալի ու նկատելի է եղել դեռեւս Տիգրան Մեծի օրոք, եւ, փառք Աստծո, մեր խորհրդահայ պատմավիպասաններն էդքանով բավարարվում ու սահմանափակվում էին, այլապես մերոնցից որեւէ Գոռ կամ Գնել կարող էին նաեւ Սպարտակ հեղափոխականի դափնիներին հավակնել, եւ եթե հավակնեին էլ, խորհրդահայ մեր պատմավիպասաններին որեւէ մեկը ռիսկ չէր անի չոռ ասել. ավելին. էդ դեպքում մեր խորհրդահայ պատմավիպասաններն էլ որոշակի դափնիների կարժանանային, մինչդեռ մեր խորհրդահայ պատմավիպասանները սոցռեալիզմին մինիմալ չափով տուրք տալով՝ էդքանով սահմանափակվում ու ավելորդ դափնիների չէին ձգտում, որովհետեւ իրենց էությամբ ու իրենց բնույթով ազգային էին, ընդ որում՝ էն աստիճանի ազգային էին, որ նույնիսկ մեր պատմիչներին էին հնարավորինս ազգայնացնում՝ պատմիչների ներկայացրած ողբերն ու պարտությունները հնարավորինս պակասեցնելով եւ հաղթական ու հերոսական դրվագները հնարավորինս ավելացնելով, եւ, բնականաբար, մեր ժողովուրդը նախապատվությունը մեր պատմավիպասաններին է տվել ու տալիս, որովհետեւ մեր պատմավիպասանների պատմածներն ու գրածները մանրամասներով անհամեմատ հարուստ են, քան՝ պատմիչներինը, եւ եթե նույնիսկ էդ մանրամասները հիմնականում հորինովի են, հայ ընթերցողը մշտապես մեծահոգություն ու ներողամտություն է հանդես բերում հայ պատմավիպասանի հանդեպ, որովհետեւ հայ պատմավիպասանի հորինած մանրամասները, որպես կանոն, ի շահ ազգի են, եւ մեր ընթեցասեր ժողովուրդը ոչ միայն ներողամտորեն ու ըմբռնումով է վերաբերվում մեր պատմավիպասանների բստրածին, այլեւ, հարկ եղած դեպքերում, մի քանի բան էլ իրենից է բստրելով ավելացնում, եւ, ըստ դրանցից մեկի, Ավարայրի ճակատամարտի հաջորդ իսկ առավոտ Վարդանի տան դուռը շատ ուժեղ ծեծում են, եւ երբ քնատ վեր է կենում ու դուռը բացում է, տեսնում է՝ պարսիկների փղերն են, եւ երբ զարմացած Վարդանը հարցնում է՝ «ի՞նչ կա», ամոթից կարմրած փղերը գլուխները կախում են, եւ ամոթից կարմրած գլխավոր փիղը գլուխը բարձրացնելով ու ամոթից ավելի կարմրելով ասում է. «Կներես, Վարդան ջան. էրեկ հարբած ենք էղել ու, ասում են, ավելորդ բաներ ենք արել»:

Մեր ընթերցասեր ժողովուրդը, որ միշտ ներողամտորեն է վերաբերվել ու վերաբերվում մեր պատմավիպասանների բստրած մանրամասներին, ինձ հաստատ չի ների էս անեկդոտը գրավոր հիշատակելու համար՝ առանց խորամուխ լինելու, որ էս անեկդոտի հեղինակը ոչ թե ես եմ, այլ ինքը՝ ժողովուրդը, եւ փոխանակ իր իսկ հորինած անեկդոտի հեղինակային իրավունքն ինձնից պաշտպանելու՝ իր իսկ հորինածի պատասխանատվությունն է ինձ վրա բարդելու, եւ սա էլ է բնական, որովհետեւ մեր ընթերցասեր ժողովուրդը գրավոր խոսքի հանդեպ հատուկ պատկառանք ունի եւ անեկդոտ հորինողներին խոսքի ազատությունից օգտվելու շատ ավելի մեծ իրավունքներ է շնորհում, քան՝ մեր գրողներին, եւ հիմնականում դա է պատճառը, որ մեր անեկդոտներն ավելի հետաքրքիր են, քան՝ մեր գրողների գրած գրքերը, եւ, որ ամենակարեւորն է, մեր անեկդոտներն ավելի ազատ ու անկաշկանդ են, քան՝ մեր գրողների գրած գրքերը, որովհետեւ մեր ընթերցասեր ժողովուրդն անեկդոտ հնարողներին ու պատմողներին անսահման ազատություն ու իրավունքներ շնորհելով՝ նույն էդ ազատությունից ու իրավունքներից կտրականապես զրկում է հայ գրողին, համարելով, որ բանավոր խոսքում ամեն ինչ կարելի է հորինել ու բստրել, մինչդեռ գրավոր խոսքում հորինվածքն ու սուտն անպայման պիտի մեր ազգային գաղափարախոսությունից ու ազգային շահերից բխեն, ու էսպես կարծելով՝ մեր ընթերցասեր ժողովրդի մտքով հեչ չի էլ անցնում, որ ազգային գաղափարախոսության ու ազգային շահերի տեսանկյունից անեկդոտներն անհամեմատ վտանգավոր են եւ հատկապես մեր օրերում են վտանգավոր, որովհետեւ անեկդոտները հազարավոր մարդիկ են լսում, մինչդեռ գրողների ու մանավանդ էսօրվա գրողներիս գրած գրքերը հատուկենտ մարդիկ են կարդում, եթե, իհարկե, կարդում են, եւ եթե կարդում են, մշտապես չափազանց խիստ ու անզիջում վերաբերմունք են հանդես բերում, որովհետեւ, էլի եմ ասում, մենք գրավոր խոսքի նկատմամբ առանձնահատուկ պատկառանք ունենք եւ գրավոր խոսքի հանդեպ չափից ավելի զգոն ենք, ու էս ասածս անխտիր բոլորիս է վերաբերում, ու ես էլ, որ մշտապես խոսքի ազատություն եմ մուրում, եթե ժամանակակիցներիս գրքերը կարդալու հնարավորություն ու ժամանակ ունենայի, հաստատ նույն կերպ էի վարվելու. այսինքն, ես էլ խոշորացույցով զինվելով ու գրչակիցներիս գրածները տառ առ տառ տնտղելով՝ վրդովված բացականչելու էի՝ «բա եղա՞վ. ինչպե՞ս կարելի է», ու հենց էս բառերն էի աղաղակելու՝ եթե Վարդանի ու փղերի էդ անեկդոտը գրչակիցներիցս որեւէ մեկի վեպում վերապատմված տեսնեի, եւ եթե տեսնեի, հաստատ սրբապղծություն կհամարեի, մանավանդ որ՝ Մամիկոնեից Վարդանը վաղուց ի վեր մեր սրբերի շարքերն է համալրում եւ առաջինն ի՛նքն է բացականչել՝ «ազատություն կամ մահ», այլ ոչ թե՝ որեւէ դաշնակցական, եւ չնայած էդ կարգախոսը մեր էս նոր համաժողովրդական շարժման կարգախոսներում չկա, ըստ էության՝ էս նոր շարժման էությունն էլ է Վարդանի էդ կարգախոսին մեկին մեկ համապատասխանում, եւ որ մեր ժողովուրդը գրավոր խոսքն ամեն ինչից վեր է դասում, հենց երեկ մի ավելորդ անգամ ապացուցվեց Հյուսիսային պողոտայում, ուր հանկարծակի ազատության մեջ հայտնված Բանուչյան Արշակին նստացույցի մասնակիցներն էնպիսի շուքով դիմավորեցին, ինչպես չէին դիմավորել խափանման միջոցի փոփոխման շնորհիվ ազատության մեջ հայտնված նախորդ քաղբանտարկյալներին, եւ սա նմանապես մեր ժողովրդի՝ գրավոր խոսքի հանդեպ մշտական պատկառանքի դրսեւորում էր, որովհետեւ Բանուչյան Արշակը, ամեն ինչից բացի, նաեւ փոխտնօրենն է աշխարհում միակ Մատենադարանի, որտեղ, ինչպես գիտեք, ոչ միայն հանրահավաքներ են անցկացվում, այլեւ աչքի լույսի պես պահվում ու պահպանվում են մեր հնամենի ձեռագրերն ու զարմանազան գրավոր մասունքները, եւ աշխարհում միակ էդ ձեռագրապահոցի գոյությունն էլ է ինձ հիմք տալիս կարծելու, որ մենք մեր գրավոր խոսքն ավելի ենք պաշտում, քան՝ այլ ազգերը, եւ մեր էդ պաշտամունքի արդյունքն է մեր Մատենադարանը, որի գոյության իմաստը մինչեւ վերջ ոչ միայն օտարները չեն հասկանում, այլեւ՝ ինքներս. ավելին. օտարներին Մատենադարանի գոյության իմաստն ավելի հասկանալի է, քան մեզ՝ ոչ միայն էն պատճառով, որ իրենք չափահաս տարիքում են Մատենադարան ոտք դնում, իսկ մենք՝ հիմնականում դպրոցական տարիքում, այլեւ էն պատճառով, որ իրենց Մատենադարան այցելությունը մշտապես ուղեկցվում է էքսկուրսավարների ու բացատրողների առկայությամբ, մինչդեռ հայերս բացատրողների կարիք երբեւէ չենք զգում, որովհետեւ համարում ենք, որ էն գլխից ամեն ինչ գիտենք Մատենադարանի ու մեր ամեն ինչի մասին, ու նաեւ էդ է պատճառը, որ մենք դպրոցական տարիքում մեկական անգամ Մատենադարան, պատկերասրահ ու մեր մյուս թանգարաններն այցելելով՝ հետագայում այլեւս ոտք չենք դնում էդ դիտարժան վայրերը, համարելով, որ արդեն էդ տեղերում եղել ենք, իսկ ինչ վերաբերում է կոնկրետ Մատենադարանին, մենք գերադասում ենք Մատենադարանի մասին Հախվերդյան Հովիկի ֆիլմերից տեղեկանալ եւ ոչ թե Մատենադարանի աստիճանները հաղթահարելով՝ մի անգամ էլ չափահաս տարիքում հաղորդակցվել էդ սրբազան ու բարձրարժեք մասունքներին եւ չափահաս տարիքում նույնիսկ Թումանյանի թանգարանի փոքրաթիվ աստիճաններն ենք ալարում հաղթահարել՝ համարելով, որ մեծ լոռեցու վերաբերյալ ամեն ինչ գիտենք, մինչդեռ իրականում նույնիսկ չգիտենք, որ էդ թանգարանի աստիճանները հիսունչորս հատ են, այսինքն՝ ճիշտ էնքան, ինչքան որ մեծ լոռեցին է էս երկրային կյանքում ապրել, բայց, ի տարբերություն ձեզ, Երեւանի Թումանյանի թանգարանի աստիճանների քանակությունը ես ճշգրիտ գիտեմ, որովհետեւ, ի տարբերություն ձեզ, ես նաեւ չափահաս տարիքում եմ էդ թանգարան այցելել, քանի որ, ի տարբերություն ձեզ, ուղիղ վեց տարի էդ թանգարանի տնօրենն եմ եղել, ու էդ է պատճառը, որ ես Թումանյանի մասին ավելի շատ բան գիտեմ, քան՝ մեր գրագետներից ու նույնիսկ գրականագետներից շատերը, ընդ որում՝ ոչ միայն Հովհաննես Թումանյանի մասին, այլեւ Ռոստոմ, Մուշեղ, Արտիկ, Համլիկ, Արտաշես, Օլգա, Թամար, Իրմա, Արմիկ, Մարիամ եւ բոլոր մյուս Թումանյանների մասին, եւ ավելին կարող էի իմանալ, եթե գոնե մի անգամ լսեի էդ թանգարանի էքսկուրսավար Գոհարի բացատրությունները, բայց ոչ մի անգամ իր բացատրությունները չեմ լսել, որովհետեւ, ուղիղ վեց տարի էդ թանգարանի տնօրենը լինելով, ինձ էնպես էի պահում՝ իբր էդ թանգարանի ու Թումանյանի մասին ամեն ինչ գիտեմ, եւ, բացի այդ, ես Գոհարի էքսկուրսիաներից ինձ հեռու էի պահում, որովհետեւ ցուրտ ու մութ տարիներն էին, եւ կյանքը կտրուկ վատացել էր, ու էդ պայմաններում այցելուների մեջ երբեմն պատահում էին մարդիկ ու հատկապես սփյուռքահայեր, որոնք Գոհարին ու թանգարանի հսկիչներին խրախուսական ինչ-որ նվերներ էին տալիս, ու հիմնականում էդ էր պատճառը, որ ինձ հեռու էի պահում Գոհարի ու մյուսների էդ էքսկուրսիաներից, ու Գոհարն էլ իր հերթին ժամանակ առ ժամանակ հնարավորություն էր ընձեռում, որ թանգարանի հսկիչներն էլ մեկումեջ էլսկուրսիաներ վարեն, ու ես էլ չէի արգելում՝ ոչ միայն էն պատճառով, որ դժվարին տարիներ էին, ու էդ մանրմունր նվերների կարիքը հսկիչներն էլ ունեին, այլեւ ու հիմնականում էն պատճառով, որ մեր թանգարանի հսկիչները Թումանյանի մասին իրենց իմացությամբ Գոհարին առանձնապես չէին զիջում, ու էդ առումով Գոհարին ու մյուսներին ակնհայտորեն զիջողը ես էի, չնայած, այդուհանդերձ, իմ տնօրինության էդ վեց տարիների ընթացքում Թումանյանի ու Թումանյանների մասին ահագին բան իմացա, որովհետեւ, ինչքան էլ ինձ հեռու պահեի, օրվա մեջ մի քանի ժամ թանգարանում էի լինում ու ականջիս պոչով լսում էի Գոհարի ու մյուսների ձայները, ու էդ թանգարանում բոլոր խոսակցություններն ու նույնիսկ բամբասանքները թումանյանական բովանդակություն ու բնույթ ունեին, ու էդ թանգարանում վեց տարի տնօրեն աշխատելով՝ հասկացա նաեւ, որ մյուս թանգարաններն էլ միանգամայն ա՛յլ սպեցիֆիկ գաղտնիքներ են պարունակում, բայց, ցավոք սրտի, յուրաքանչյուրիս ընդամենը մի կյանք է տրված, ու մենք Մատենադարանում ու մյուս թանգարաններում աշխատելու հնարավորություն չունենք, որպեսզի էդ բոլորի մասին գոնե նվազագույն պատկերացում ունենանք, եւ եթե նախանցած տարի Փարիզում չլինեի ու չիմանայի, որ գեղեցկուհի Էլենն ու իր նշանած Ժանը ոչ մի անգամ Լուվրում չեն եղել, պիտի մտածեի, որ տեղական արժեքներին անհաղորդ լինելը միայն հայերիս է հատուկ, մինչդեռ նախանցած աշուն Փարիզում լինելով՝ իմացա, որ փարիզցի հեռուստալրագրողներ Էլենն ու Ժանը երբեւէ ոչ միայն Լուվրում չեն եղել, այլեւ՝ Պոմպիդուի թանգարանում, մինչդեռ Պետրոսյան Մարինեն Երեւան վերադառնալիս՝ ինքնաթիռի մեջ ինձ խստագույնս կշտամբում էր՝ երկրորդ անգամ Փարիզում լինելուս ու էդ երկու թանգարանները չայցելելուս համար, ու հիմա էս թեմայի մեջ էսքան խորանալով՝ արդեն սկսում եմ մտածել, որ Մարինեն մի քանի անգամ Փարիզում լինելով ու էդ երկու եւ Փարիզի մյուս թանգարանները ծայրեծայր ու խորագույնս ուսումնասիրելով՝ մեր Մատենադարանի տարածքում հիմնականում հանրահավաքների առիթով է եղել, իսկ Թումանյանի թանգարանում՝ իր վերջին գրքի գինեձոնի առիթով, ինչպես նաեւ՝ իր առաջին գրքի տպագրության առիթով, որովհետեւ իր առաջին գրքի խմբագիրն էի, ու էդ առիթով, հիշում եմ, ինքը մի քանի անգամ թանգարան եկավ, եւ եթե Մարինեի վերաբերյալ էս ասածներս սուտ ու սխալ լինեն, եւ եթե հանկարծ պարզվի, որ Մարինեն ոչ միայն Փարիզի թանգարաններն անգիր գիտի, այլեւ Մատենադարանից ու մեր մյուս թանգարաններից էլ է խորապես տեղյակ, ասածներիցս հետ չեմ կանգնի, որովհետեւ Մարինեն միանգամայն հատուկ ու առանձնահատուկ դեպք է, եւ Մատենադարանից ու մեր այլեւայլ թանգարաններից իր խորապես տեղյակ լինելը մյուսներիս վրա ամենեւին չի տարածվում, ու վերստին բնական եմ համարում, որ Հախվերդյան Հովիկն իր «Մատենադարան» սերիալի համար իբրեւ սցենարիստ հենց օտարազգի Կիմ Բակշիին պիտի նախընտրեր՝ ոչ միայն էն պատճառով, որ էդ ժամանակ Մարինեն դեռեւս դպրոցական էր, այլեւ ու հիմնականում էն պատճառով, որ Հովիկը դեռեւս էն ժամանակ էր հասկացել այն՝ ինչը ես նոր-նոր եմ սկսում հասկանալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել