Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Նոյեմբեր 14,2009 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ յոթերորդ

ԻՈՍԻՖԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ

Հետագայում, երբ Ղարաբաղյան շարժումն ավարտվեց, եւ «Ղարաբաղ» կոմիտեն իշխանության եկավ, իրիկունները հավաքվում էինք Իոսիֆի կաբինետում, ուր նարդի կամ բլոտ էինք խաղում, եւ մի իրիկուն, երբ պատերազմն արդեն սկսվել էր, Իոսիֆն առաջարկեց Poker խաղալ։ Ես էի, նկարիչներ Տոլիկն ու Կարոն էին, բանաստեղծ ու երգիչ Էդոներն էին, ինչպես նաեւ՝ Ղուկասը։ Սովետն արդեն չկար, բայց «Սովետսկայա կուլտուրան» ու Իոսիֆի կաբինետը դեռեւս մնում էին, ու մենք ամեն իրիկուն Իոսիֆի կաբինետում Poker էինք խաղում, ավելի ճիշտ՝ մենք չորսս Poker էինք խաղում, իսկ Էդոներն ու Ղուկասը՝ նարդի ու շախմատ։
Էդպես մեր սիրողական Poker-ն սկսվեց ու երկու տարի շարունակվեց։ Սիրողական եմ ասում, որովհետեւ մենք չիպերի փոխարեն նարդու ու շախմատի քարեր էինք օգտագործում կամ էլ նաղդ փող էինք սեղանին դնում, բայց, այդուհանդերձ, մոմի լույսի տակ սկսված ու ամեն իրիկուն շարունակվող էդ Poker-ն անհամեմատելի էր երկրային որեւէ այլ հաճույքի հետ։ Էդպես երկու տարի համարյա ամեն օր խաղացինք, եւ մի օր մեր կամպանիան պառակտվեց. Էդոներից երգիչն Ավստրալիա գնաց, բանաստեղծը՝ պաշտոնի, Ղուկասը՝ Պաշտպանության նախարարություն, իսկ Կարոն հանկարծակի ու անսպասելի հրաժեշտ տվեց երկրային կյանքին։ Հետո իմացա, որ Իոսիֆին ու Տոլիկին էլ ինֆարկտն է խփել. էդ մասին ինձ Տոլիկն ասաց՝ ժպտալով ավելացնելով, որ հեչ պետքն էլ չի ու առաջվա պես շարունակում է խմել ու ծխել։ Իոսիֆն ինձ իր ինֆարկտի մասին բառ անգամ չասաց, բայց ասաց, որ ծխելը թարգել է։ «Սովետսկայա կուլտուրայի» իր պաշտոնն արդեն գոյություն չուներ, եւ Իոսիֆը, հավանաբար մոսկովյան իր շրջապատի աջակցությամբ, Երեւանում ռուսերեն «Ուրարտու» շաբաթաթերթն էր հրատարակում, եւ երբ քաղաքում պատահաբար իրար տեսնում էինք, էլի քիչ էր խոսում. ընդամենը բարեւում էր, եւ եթե ծխելիս էի լինում, խղճահարությամբ նայում ինձ ու ասում էր. «Էդ զիբիլը չես կարո՞ւմ թարգես։ Մեղքդ չես գալի՞ս»։
Իոսիֆի արտաքին տեսքը, համենայնդեպս, ինֆարկտն ի զորու չէր եղել փչացնել, եւ, փաստորեն, Իոսիֆն ինֆարկտի խլածը շարունակաբար չծխելով էր հետ բերում ու էդ շրջանում իրենից հատկապես էդ առումով էր գոհ, եւ արտաքինից նույն՝ քսան տարի առաջվա սիրուն ու հպարտ Իոսիֆն էր, եւ եթե դուք երբեւէ չեք տեսել նրան, հեշտությամբ կարող եք պատկերացնել՝ ընթերցելով կամ վերընթերցելով «Եվգենի Օնեգինի»՝ առանց իլյուստրացիաների տարբերակը, եւ, ի դեմս Եվգենի Օնեգինի, դուք ստիպված կլինեք պատկերացնել հենց Վերդյան Իոսիֆին, որովհետեւ Իոսիֆից տարբեր Եվգենի Օնեգին չափազանց դժվար է պատկերացնել: Արտաքին իմաստով, իհարկե: Մինչդեռ բնավորությամբ ու էությամբ Իոսիֆը ոչ միայն Օնեգինից, այլեւ բոլորից էր տարբեր:
Չափազանց մեծ շրջապատ ունենալով հանդերձ, Իոսիֆն անընկեր ու մենակյաց մարդ էր: Նա պաշտոնյաներին չէր սիրում, որովհետեւ նրանց բոլորին կարիերիստներ էր համարում: Պաշտոն չունեցողներին արհամարհում էր, որովհետեւ գտնում էր, որ սրանք նույնպես պոտենցիալ կարիերիստներ են, պարզապես անհաջողակ են եւ իրենց անբախտության ու անբաշարության պատճառով են անպաշտոն մնացել: Իոսիֆը հատուկենտ մարդկանց էր ընդունում ու հարգում. էդ հատուկենտները նախ պիտի անհատականություն լինեին, նաեւ՝ անպայման հասարակության մեջ որոշակի անուն պիտի ունենային, ինչպես նաեւ՝ որոշ դոզայով դիսիդենտական հակումներ ու համարում: Իոսիֆը չափազանց հպարտ ու ինքնահավան լինելով՝ կարող էր օրերով զանգահարել Հրանտ Մաթեւոսյանին կամ, ասենք, Փելեշյանին եւ թախանձագին խնդրել, որ հարցազրույց տան: Տիկին Սիլվայի ու Զորի Բալայանի հետ էլ էր հաճախ հարցազրույցներ անում՝ վերջիններիս ռուսական դպրոցների ու ատոմակայանի դեմ խոսեցնելով, եւ շատ էր հպարտանում, երբ Մոսկվայից նկատողություն ու մանավանդ խիստ նկատողություն էր ստանում իր համարձակ հոդվածների ու հարցազրույցների համար, որովհետեւ անձամբ իր գլխավոր խմբագրի կողմից չափազանց էր սիրված ու հասկանում էր, որ պերմանենտ էդ նկատողությունները զուտ ձեւական բնույթ ունեն, եւ իր պաշտոնին էլ բացարձակապես վտանգ չի սպառնում, ու էդպես տարիներ շարունակ Իոսիֆն արժանապատվորեն ու ազատորեն ճախրում էր ազատության՝ իր իսկ պատկերացրած ու գծած սահմաններում, ու էդ սահմաններից անդին Իոսիֆի համար ազատություն գոյություն չուներ, եւ Մոսկվայի շնորհիվ Իոսիֆը տեւականորեն Երեւանի իշխանություններից հնարավորինս անկախ էր, եւ Երեւանի էն ժամանակվա հզորներ Վարդգես Պետրոսյանն ու Հրաչյա Ղափլանյանը չերեզ Մոսկվա էին դասավորում, որ Իոսիֆն իրենց հետ հարցազրույց անի, եւ Իոսիֆը ծանրացնելով ու դժվարացնելով անում էր՝ ավելորդ չհամարելով մեզ բացատրություն տալ. «Շեֆս շատ խնդրեց, որ իրանց հետ հարցազրույց անեմ»:
Իոսիֆը երեք հայրենիք ուներ՝ Կիրովաբադը, Մոսկվան ու Երեւանը: Ինքը Երեւանում էր ապրում, բայց իր սիրտը հիմնականում Մոսկվայում էր: Երբ Ղարաբաղյան շարժումն սկսվեց, իր սիրտն անմիջապես տեղափոխվեց Կիրովաբադ, բայց շուտով իր ազգականների ու մանկության ընկերների հետ ընդմիշտ վերադարձավ Երեւան ու Հայաստան:
Իննսունութին, երբ Իոսիֆն ինձ զանգահարեց ու առաջարկեց հարցազրույց տալ իր «Ուրարտու» շաբաթաթերթին, իր հայրենիքն արդեն վերջնականապես Հայաստանն էր: Երբ մտա խմբագրություն, քարտուղարուհին ասաց, որ Իոսիֆը զանգահարել, ներողություն է խնդրել ու ասել է, որ կես ժամ կուշանա: Անկյունում «Սովետսկայա կուլտուրայի» կապոցներն էին, եւ յուրաքանչյուր կապոցի վրա նշված էր համապատասխան թվականը, ու էդ համարները թերթելով՝ շուտով հասկացա, որ կապոցներն ընդգրկում էին բացառապես էն համարները, որոնցում Իոսիֆը հոդված կամ հարցազրույց ուներ Հայաստանի մշակույթի վերաբերյալ: Մինչ քարտուղարուհին ինձ համար սուրճ էր եփում, ուղեղս փայլատակեց, ու ես սկսեցի տնտղել է՛ն կապոցը, որի վրա գրված էր՝ 1983, եւ փնտրածս չգտնելով՝ հիշեցի, որ ես ու Իոսիֆն առաջին անգամ Մեժիրովի ամառանոցում հանդիպեցինք 83-ի դեկտեմբերի սկզբներին, ու էդ հանգամանքը հիշելով՝ սկսեցի տնտղել էն կապոցը, որի վրա գրված էր՝ 1984, եւ առաջին համարներից մեկում գտա Նարեկացու վերաբերյալ Մեժիրովի հարցազրույցը, ավելի ճիշտ՝ դա հարցազրույց էր իմ ու Մեժիրովի հետ հավասարապես, եւ թերթի ամբողջ էջը գրաված էդ նյութը վերնագրված էր՝ «Նարեկացու հետնորդները բիլիարդի սեղանի շուրջ»: Ես չէի հիշում, որ հարցազրույցի ու բիլիարդի էդ օրը Իոսիֆի մոտ լուսանկարչական ապարատ եղած լիներ, բայց փաստ էր, որ դույն հարցազրույցի ամենավերեւում իմ ու Մեժիրովի լուսանկարներն էին՝ բիլիարդի կիերը ձեռքներիս. ես կռացած հարվածում էի աջ անկյուն, իսկ Պետրովիչը խորամանկ ժպտալով ինձ էր նայում: Շատ հետաքրքիր հարցազրույց էր, ուր Իոսիֆը Նարեկացու մասին ոչ միայն իր ու Մեժիրովի մտքերն էր գրի առել, այլեւ գրի էր առել Նարեկացու մասին իմ մտքերը, որ հենց էնպես ասել էի խաղալու ընթացքում: Էն թվերին դիկտոֆոն չկար, եւ, փաստորեն, Իոսիֆը հենց տեղում գրի էր առել Նարեկացու մասին համարյա բոլոր ասածներս, բայց ամենաուշագրավը նախաբանն էր, ուր Իոսիֆն ազնվորեն նշել էր, որ ես էդ իրիկուն բիլիարդով հաղթել էի ե՛ւ իրեն, ե՛ւ Մեժիրովին:
Ես մի քանի անգամ կարդացի էդ հարցազրույցը եւ էդ ընթացքում մտածում ու չէի կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս է եղել, որ ոչ Պետրովիչը եւ ոչ էլ Իոսիֆն ինձ չեն տեղեկացրել էդ տպագրված հարցազրույցի մասին:
Քիչ անց Իոսիֆը զանգահարեց, քարտուղարուհու միջոցով մի անգամ եւս ներողություն խնդրեց ինձանից, հետո, երբ ինքս վերցրի լսափողը, ասաց, որ Մոսկվայից ժուռնալիստ է եկել, եւ ինքն էդ ժուռնալիստին պիտի Հրանտ Մաթեւոսյանի հետ հանդիպեցնի: Ես Իոսիֆին ասացի, որ հանգիստ իր գործերով զբաղվի, եւ մի տեսակ թեթեւացա, որովհետեւ հեչ տրամադրված չէի մեր էդ հարցազրույցին եւ չէի պատկերացնում՝ ինչ պիտի խոսեմ, եւ, բացի այդ, էդ կիրակի օրով, նույն էդ մամուլի շենքում՝ Իոսիֆի խմբագրությունից մի քանի հարկ վերեւ, առավոտից արդեն սկսվել էր տղերքի Poker-ը, ու ես մտքով վաղուց էնտեղ էի, եւ Իոսիֆի զբաղված լինելը հրաշալի առիթ էր, որպեսզի ընդամենը մի քանի րոպեից հայտնվեի այնտեղ, որտեղ անխտիր բոլոր կիրակիներս էի մսխում:
Ես «Ուրարտուին» հարցազրույց տվի հաջորդ իսկ օրը, ու ինձ հետ էդ հարցազրույցն անցկացրեց Իոսիֆի սիրունատես լրագրողուհիներից մեկը՝ Նորա անունով, եւ չնայած Նորան հեչ չէր պատկերացնում, թե ինձ ինչ հարցեր պիտի տա, եւ քանի որ երկուսս էլ չգիտեինք՝ ինչ խոսենք, մանրակրկիտ ու հանգամանորեն խոսեցինք այն մասին, թե՝ որտեղից ենք եկել եւ ուր ենք, ուրեմն, գնում:
Իոսիֆին եւս մի քանի անգամ պատահաբար հանդիպեցի քաղաքում, եւ միշտ ձեռքիս ծխախոտ տեսնելով՝ ասում էր. «Էդ զիբիլը չկարեցա՞ր ռադ անես: Չեք հասկանո՞ւմ, որ ինքնասպանություն եք գործում»:
Մի անգամ էլ Իոսիֆին տեսա «Էրեբունի» հյուրանոցի դիմացի «Եվրոֆուտբոլի» տարածքում: Էլի հետն ինչ-որ ռուս ժուռնալիստ էր, որը խաղադրույք էր դնում «Չելսի»-«Բեշիկթաշ» խաղի վրա: Ինձ էդ ռուս ժուռնալիստի հետ ծանոթացնելով՝ Իոսիֆը ժուռնալիստին ասաց՝ «Արմեն տվոյ կոլեգա, Վասյա»: «Օն տո՞ժե ժուռնալիստ»,- Իոսիֆին հարցրեց Վասյան: «Նետ»,- ժպտալով պատասխանեց ու ասաց՝ Իոսիֆը: «Պոնյըլ. օն տոժե ազարտնիկ»,- խաղադրույքիս բլանկին նայելով՝ ասաց Վասյան: «Վի կոլեգի, պատամուշտո վի օբը զանիմայծեսՖ սամաուբիյստվոմ»,- իմ ու Վասյայի սիգարետներին նայելով՝ ասաց Իոսիֆը:
Ես ու Վասյան «Չելսիի» վրա պրյամոյ մեկ դրինք, Վասյան՝ քսան հազար դրամ, ես՝ հինգ հազար, եւ դա «Չելսիում» Աբրամովիչի առաջին սեզոնն էր, եւ էդ օրը «Չելսին» սեփական հարկի տակ պարտվեց «Բեշիկթաշին», եւ իրազեկներն ասում էին, որ Աբրամովիչն էդ խաղը ծախել է՝ երկու ժամվա մեջ հետ բերելով «Չելսիի» վրա ծախսած իր բոլոր փողերը:
Իոսիֆին վերջին անգամ տեսա պրոսպեկտի ծածկած շուկայի մոտ: Զզվանքով նայեց ձեռքիս ծխախոտին ու ասաց.
– Էլի քեզ թունավորում ե՞ս:
– Չեմ կարում թարգեմ,- արդարացա ես:
– Ինձ նայի՝ քեզ խղճա,- ժպտաց Իոսիֆը:
– Ի՞նչ իմաստով,- հարցրի ես:
– Էն իմաստով, որ չնայած քեզնից տասը տարով մեծ եմ, բայց էս անցորդներին որ հարցնենք, ոչ մեկը չի ասի, որ ինձնից տարիքով փոքր ես:
– Հեշտ թարգեցի՞ր,- հարցրի ես:
– Միանգամից,- ասաց Իոսիֆը.- միանգամից որոշեցի ու թարգեցի: Որ որոշեցի, սիգարետի պաչկեն գրպանումս էր: Սուտ ա, որ ասում են, թե պիտի պաչկեն ճխլես կամ շպրտես: Էդ «Մարլբորոյի» պաչկեն մինչեւ հիմի էլ տանն ա. մեջից մի հատիկ չի պակասել:
– Զարմանալի ա, որ էդքան հեշտ ես թարգել,- ասացի ես:
– Սկզբում մեջս որոշ չափով լարվածություն կար, բայց էֆեկտն էնքան մեծ էր, որ լարվածությունս շատ հեշտ հաղթահարեցի: Վրես գույն էր էկել. ով որ տեսնում էր, ասում էր, որ տեսքս շատ ա փոխվել ու լավացել:
– Ոնց որ քսան տարի առաջվա Իոսիֆն ըլնես,- ասացի ես ու ժպտալով ավելացրի.- հիշո՞ւմ ես Մեժիրովի դաչայի բիլիարդը:
– Poker-ն էլ եմ հիշում,- ժպտալով ասաց Իոսիֆն ու ավելացրեց.- լա՜վ օրեր էին:
– Չգիտեի, որ Նարեկացու մասին էն հարցազրույցը տպվել ա:
– Պետրովիչը քեզ չի ասե՞լ: Ինքը կարդացել էր ու առանձնապես հիացած չէր: Երեւի նեղացել էր, որ քեզ ու իրան հավասար եմ դասել:
– Հեչ էլ հավասար չէիր դասել,- ծիծաղելով ասացի ես.- գրել էիր, որ քեզ ու իրան բիլիարդով կրել եմ:
– Միշտ էդ նյութն ուզում էի քեզ ցույց տամ, բայց մոռանում էի: Փաստորեն, կարդացել ես:
– Էն օրը, որ ձեր խմբագրությունում քեզ էի սպասում, պադշիվկեքի մեջ կարդացի:
– Էդ օրը Հրանտենց տանն էինք: Օղորմի Հրանտին: Ինքն էլ էր շատ անխիղճ ծխում: Օրական էրկուսուկես պաչկա «Ռոթմանս» էր ծխում. ամենաթունդ սիգարետն ա,- ասաց Իոսիֆը:
– Հա,- ասացի ես:
– Հրանտին էլ եմ հազար անգամ խնդրել, որ թարգի: Էրեկ էլ Սոսի մոտ էի: Սոսն էլ ա ահավոր շատ ծխում: Մեղք եք, Արմո ջան. ըսենց հերթով ժամանակից շուտ գնալու եք,- ասաց Իոսիֆն ու մի քիչ մտածելուց հետո ավելացրեց.- ինձնից ընդամենը խորհուրդ տալ ա հասնում՝ տալիս եմ:
– Շատ հետաքրքիր հարցազրույց էր,- խոսակցությունը փոխեցի ես:
– Ես էլ շատ զարմացա, որ Նորան հաջողացրել ա քեզ էդքան հետաքրքիր խոսացնի: Երեւի ես անեի՝ էդքան լավ չստացվեր:
– Նորայինը չեմ ասում,- ասացի ես.- Մեժիրովի դաչայի հարցազրույցն եմ ասում:
– Անցած հազարամյակի բաներ ես հիշում,- ասաց Իոսիֆն ու ծիծաղելով ավելացրեց.- ես մենակ էն եմ հիշում, որ Պետրովիչին ու իրա հարեւաններին Poker-ով շատ ուժեղ դաս տվիր:
– Էդ օրը կարտս ուղղակի երգում էր: Մեժիրովը մտածում էր, որ բեխեր ոտ ունես. մի գլուխ նամյոկ էր անում, որ գնաս:
– Ես իրան շատ եմ հարգում, բայց իրանց էդ եվրեյսկի զամաշկեքը հեչ չեմ սիրում. ուզում էր բան ասեր՝ թող տղամարդավարի ու քյասար ասեր,- ասաց Իոսիֆն ու մի քիչ մտածելուց հետո ավելացրեց.- Պետրովիչն էլ էր շատ ուժեղ ծխող. երեւի ինքն էլ շատ չձգի:
– Մեր Poker-ի կամպանիան էլ ցրվեց,- դարձյալ խոսքը փոխեցի ես:
– Խեղճ Կարոն ջահել-ջահել գնաց,- ասաց Իոսիֆն ու հոգոց հանելով ավելացրեց.- Կարոն էլ էր շատ անխիղճ ծխող. էրկու սեանսը մեկ մի պաչկա դատարկում էր: Էն վախտ, ճիշտ ա, ես էլ էի ծխում, բայց Կարոյի հետ ոչ մեկս չենք կարա համեմատվենք:
– Հա,- ասացի ես:
– Էլի «Եվրոֆուտբոլ» գնում ե՞ս,- հարցրեց Իոսիֆը:
– Հազարից մեկ,- ասացի ես:
– Ֆուտբոլի բալեշչիկ մարդ ես. ֆուտբոլի լեզվով որ ասեմ, երեւի ավելի լավ հասկանաս:
– Ասա,- ժպտալով ասացի ես:
– Մենք արդեն տարիքներս առել ենք, Արմո ջան,- ասաց Իոսիֆն ու ժպտալով ավելացրեց.- ֆուտբոլի լեզվով ասած՝ արդեն մեր լրացուցիչ տայմն ա գնում. մեզ պիտի լավ նայենք, որ էս լրացուցիչ տայմին դիմանանք:
– Բայց լրացուցիչ տայմում խփած գոլը ոսկե գոլ ա համարվում,- ժպտալով ասացի ես:
– Ֆուտբոլի բալեշչիկ մարդ ես. բա չգիտե՞ս, որ ՈՒԵՖԱ-ն էդ ոսկե գոլի օրենքը վերացրել ա,- ծիծաղեց Իոսիֆը:
– Գիտեմ,- ժպտալով ասացի ես, ու բաժանվեցինք:
Հաջորդ օրը գնացի Սուրբ Սարգիս ու մոմ վառեցի: Որոշել էի ծխելս թարգելու վերաբերյալ Բարձրյալին երդում տամ, բայց վճռականությունս չհերիքեց: Մտքիս մեջ «Հայր մերը» շշնջացի ու հետ-հետ գնալով՝ դուրս եկա եկեղեցուց, մի քանի ոտ տեղ էր՝ մտա կողքի բարձրահարկն ու լիֆտով բարձրացա Վարուժի արվեստանոց: Սիգարետի տուփը գրպանումս էր, բայց առավոտից ոչ մի հատիկ չէի ծխել: Դուռը բաց էր, հրեցի ու ներս մտա: Վարուժը, սովորության համաձայն, հեռախոսով խոսում էր, եւ երբ չափազանց երկար խոսակցությունն ավարտեց, հարցրի.
– Էդ ո՞ւմ հետ էիր էդքան երկար խոսում:
– Տոլիկն էր զանգել. ասեց, որ Իոսիֆը մահացել ա:
– Ի՞նչ Իոսիֆ,- ապշահար հարցրի ես:
– Էս քաղաքում քանի՞ հատ Իոսիֆ կա. էն՝ որ մի վախտ «Սովետսկայա կուլտուրայի» սոբկոռն էր: Էսօր առավոտ ինֆարկտը խփել ա: Ինքը մի անգամ էլ էր ինֆարկտ տարել, բայց էս անգամ չեն հասցրել փրկեն:
Վարուժի արվեստանոցում օդն անսովոր ծանր ու ճնշող էր, եւ ես առանց որեւէ բան ասելու դուրս եկա պատշգամբ, բայց պատշգամբում էլ էր օդն ահավոր ծանր ու ճնշող, եւ ծխախոտիս ծուխը գումարվելով քաղաքի ծանր ու ճնշող օդին՝ առավել ծանր ու առավել ճնշող էր դարձնում այն:
Ես Իոսիֆի էս ողբերգական պատմությունը հիշեցի՝ իմ ու Հախվերդյան Հովիկի պանթեոնյան խոսակցության առիթով եւ իմ ու Հովիկի էդ խոսակցությունն ընդմիջելով, եւ երբ Հովիկն ինձ ասաց՝ «Սոսը քեզնից բեթար ա ծխում», ես ծիծաղելով ասացի՝ «էս նեղմաջալին չծխող հովանավոր ո՞նց ճարենք», եւ Հովիկը լրջանալով ինձ ասաց՝ «կամաց հռհռա. կաթողիկոսն ա խոսում», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «հասկանում եմ», եւ Հովիկը հարցրեց՝ «ի՞նչն ես հասկանում», եւ ես ժպտալով ասացի՝ «հասկանում եմ, որ վերջին հույսդ կաթողիկոսն ա», եւ Հովիկը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ իմաստով ա վերջին հույսս», եւ ես ասացի՝ «ձեր էդ սերիալի իմաստով», եւ Հովիկը հարցրեց՝ «ինքն ի՞նչ կարա անի», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «կարա ձեր ֆիլմի համար փող ճարի», եւ Հովիկը զարմացած հարցրեց՝ «խի՞ պիտի ճարի», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «պարտավոր ա», եւ Հովիկը զարմացած հարցրեց՝ «խի՞ ա պարտավոր», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «որովհետեւ ձեր էդ «Մատենադարան» ֆիլմն ազգային ու հոգեւոր արժեք ա» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «Մատենադարանի ձեռագրերի մեծ մասն Աստվածաշնչի ու Ավետարանի հետ են կապված», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մանրանկարիչների ու ծաղկողների նկարներն ու ձեւավորումներն էլ են Աստվածաշնչի ու Ավետարանի հետ կապված», եւ ես ասացի՝ «իմ ասածն ես հաստատում», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «լավ պրոդյուսեր կըլնեիր», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ պրոդյուսեր», եւ Հովիկը ժպտալով ասաց՝ «իմ ֆիլմի պրոդյուսերը», եւ ես հարցրի՝ «պրոդյուսերի անելիքը ո՞րն ա», եւ Հովիկն ասաց՝ «կազմակերպչական սաղ հարցերով պրոդյուսերն ա զբաղվում», եւ ես ժպտալով հարցրի՝ «որ պրոդյուսեր ըլնեմ՝ էդ ֆիլմից ինձ փող կհասնի՞», եւ Հովիկը ծիծաղելով ասաց՝ «ա՛յ խելոք, պրոդյուսերի հիմնական գործը փող ճարելն ու էդ փողերը ծախսելն ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «դո՛ւ ես որոշելու՝ ում ինչքան փող տաս», եւ ես ժպտալով ասացի՝ «իսկական իմ գործն ա», եւ Հովիկը ժպտալով հարցրեց՝ «այսինքն, համաձա՞յն ես», եւ ես ժպտալով ասացի՝ «նայած թե՝ ինչքան փող կտաս», եւ Հովիկը ձեռքը թափ տալով ասաց՝ «քեզնից պրոդյուսեր դուս չի գա», եւ ես հարցրի՝ «խի՞», եւ Հովիկն ասաց՝ «էսքան բացատրեցի, բայց էլի չհասկացար, որ պրոդյուսերն ա փող ճարողն ու բաժանողը» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ինչքան շատ փող ճարես՝ էնքան շատ կստանաս», եւ ես ժպտալով ասացի՝ «պարզ ա», եւ Հովիկը հարցրեց՝ «ի՞նչն ա պարզ», եւ ես ասացի՝ «հիմի հասկացա՝ պրոդյուսերը որն ա», եւ Հովիկը հարցրեց՝ «ո՞րն ա», եւ ես ժպտալով ասացի՝ «պրոդյուսերն էն մարդն ա, որը պիտի քո փոխարեն մուրացկանությամբ զբաղվի», եւ Հովիկը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ մուրացկանություն», եւ ես ժպտալով ասացի՝ «նոր դու չէիր ասո՞ւմ, որ հարուստներից փող ուզելը մուրացկանություն ա», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մուրացկանությունն էն կըլնի, որ էդ փողը ես ուզեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բայց քո ուզելը լրիվ ուրիշ ա», եւ ես հարցրի՝ «ի՞նչ տարբերություն», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «տարբերությունը շատ մեծ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ես իմ համար եմ ուզելու, դու՝ ուրիշի», եւ ես ժպտալով ասացի՝ «բա նոր ասում էիր, որ էդ փողից ինձ էլ ա փայ հասնում», եւ Հովիկն ասաց՝ «էլի եմ ասում», եւ ես ժպտալով ասացի՝ «այսինքն, ստացվում ա, որ ես էլ եմ իմ համար ուզելու», եւ Հովիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դու էլ ես քո համար ուզելու, բայց էդ հովանավորը գլխի չի ընկնի, որ քո համար ես ուզում», եւ ես հարցրի՝ «ո՞նց գլխի չի ընկնի», եւ Հովիկը պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ փող ուզելուց ոչ թե քեզ ես գովելու, այլ՝ ինձ», եւ ես հարցրի՝ «քեզ ո՞նց եմ գովելու», եւ Հովիկը ժպտալով հարցրեց՝ «նոր ո՞նց էիր գովում», եւ ես հարցրի՝ «ո՞նց էի գովում», եւ Հովիկը ժպտալով ասաց՝ «նոր դու չէիր ասո՞ւմ, որ իմ էդ ֆիլմն ազգային ու հոգեւոր արժեք ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «էլի եմ ասում», եւ Հովիկը ժպտալով ասաց՝ «հովանավորի՛ն պիտի էդ բանն ասես», եւ ես հարցրի՝ «բայց հովանավորն ո՞վ ա», եւ Հովիկը ժպտալով ասաց՝ «հովանավորները շա՜տ են», եւ ես հարցրի՝ «ձերն ո՞վ ա», եւ Հովիկը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «ում որ կարենաս համոզես՝ էն էլ կդառնա մեր հովանավորը», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «փաստորեն, ամեն ինչ ինձնից ա կախված», եւ Հովիկը ժպտալով ասաց՝ «փաստորեն, ըտենց ա ստացվում», եւ ես ժպտալով հարցրի՝ «բա դո՞ւ ինչ պիտի անես», եւ Հովիկը ծիծաղելով ասաց՝ «ես պիտի էդ ազգային ու հոգեւոր արժեքը նկարեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել