Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՆԴԻՆ «ԲՈՒԺՈՒՄ» ԿԱ

Նոյեմբեր 28,2009 00:00

Հոգեբանի խորհրդով, երկրորդ երեխայի ծնվելու առիթով առաջնեկին նվեր գնեք, որպեսզի նորածնի նկատմամբ խանդը հեշտ հաղթահարի:

Ընտանիքներում երկրորդ կամ երրորդ երեխայի ծնունդը հաճախ առաջնեկների մոտ խանդ է առաջացնում: Նույնիսկ պատահում է, խանդից դրդված, նորածին քույրիկին կամ եղբորը առաջնեկները ուզում են վնաս պատճառել՝ խեղդել բարձով, պատուհանից դուրս նետել կամ աղբամանը գցել: Երեխաների խանդը, մասնագետների կարծիքով, շատ տարածված է եւ ինչ-որ տեղ՝ նաեւ նորմալ: Սակայն նորածնին վնաս հասցնելու ցանկությունը լուրջ խնդիր է եւ դրանից միանգամայն կարելի է խուսափել:

«Առավոտի» հետ զրույցում մանկական հոգեբան Մարինա Թոզալաքյանը նշեց, որ երեխաները կարող են իրենց նորածին քույրիկին կամ եղբորը խանդել, բայց ցույց չտալ. «Դա թաքնված խանդ է: Այսինքն, երեխաները ցերեկը ցույց չեն տալիս, բայց գիշերը անհանգիստ են քնում: Իմ հաճախորդ ծնողների պատմելով, իրենք նախապես զգուշացրել էին, որ փոքրիկ են ունենալու: Առաջնեկը ուրախանում էր, սպասում էր, բայց միեւնույն ժամանակ գիշերը անհանգիստ էր քնում: Երբ հետաքրքրվեցինք, պարզվեց, որ անհանգիստ քնելու եւ նորածնին տուն բերելու ժամկետը համընկնում էր: Այսինքն, երեխայի խանդը այս ձեւով էր դրսեւորվում»:

Մ. Թոզալաքյանի ներկայացմամբ՝ շատ կարեւոր է, հաջորդ երեխայի ծնվելուց առաջ, նախապատրաստել առաջնեկին. «Երբ հղիության լուրը իմացվում է, հաճախ ծնողները մտածում են՝ երեխան չի հասկանում, ծնվի՝ նոր կասենք: Դա այնքան էլ ճիշտ չէ: Երեխան տան անդամ է ու ավելին է հասկանում, քան ծնողներին թվում է»: Հոգեբանի վստահեցմամբ՝ պետք է երեխային նախապատրաստել նորածնի լույս աշխարհ գալուն, եւ որպեսզի փոքրիկը չխանդի կամ չնեղվի, պետք է նրան բացատրել, որ քույրիկ կամ եղբայր է ունենալու. «Նաեւ ասեք՝ մենք բոլորս միասին պետք է փորձենք իրեն սիրել, խնամել եւ մեծացնել, ինքն էլ է մեր տան անդամը լինելու: Մենք քեզ, միեւնույն է, շատ ենք սիրում»: Փոքրիկներին նախապատրաստելու եւ խանդը վերացնելու շատ լավ միջոց է առաջարկում հոգեբանը: Ըստ նրա, կարելի է փոքրիկի հետ միասին նորածնի համար իր կամ հագուստ գնել, երեխային մասնակից դարձնել այդ գործընթացին: Մ. Թոզալաքյանի պատմելով՝ «Ծնողներից մեկն այսպիսի հնարք էր արել. երկրորդ երեխայի ծնված օրը, առաջնեկին փոքրիկ նվեր էր մատուցել: Այդ երեխան իր քույրիկի ծնված օրը հիշում էր՝ որպես տոն, որպես վառ հիշողություն, այդ օրվանից սկսած՝ իր քրոջ ներկայությունը տոն էր այդ 3 տարեկան երեխայի համար»:

Իհարկե, նորածնի հայտնվելուց հետո մայրերը ֆիզիկապես ավելի շատ ուշադրություն են դարձնում նրան, քան առաջնեկին: Բայց սա էլ կարելի է երեխաներին բացատրել, որպեսզի երեխան իրեն լքված չզգա: Ըստ հոգեբանի, «Անհրաժեշտ է երեխային ասել. քույրիկին պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել, քանի որ ինքը քեզանից փոքր է, քեզ պես չի կարող քայլել, ուտել, նստել կամ խոսել, չունի քո խաղալիքներից եւ այլն, բայցեւայնպես, առաջնեկի նկատմամբ երբեք ուշադրությունը պետք է չպակասի: Գրկեք նրան, շոյեք, ասեք, որ իրեն շատ եք սիրում: Փորձը ցույց է տալիս, որ նման վերաբերմունքից հետո խանդը երեխաների մեջ վերանում է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել