Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Նոյեմբեր 28,2009 00:00

\"a\"

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ իններորդ

 ԱՄԱՌԱՅԻՆ ԱՌԱՎՈՏՎԱ ԵՐԱԶԸ

Հիմա էսպես հիշելով ու մտածելով՝ սկսում եմ հասկանալ, որ թարգմանական էդ տաժանակրությունն իմ կյանքում էլ էական փոփոխություններ մտցրեց, ու էդ փոփոխություններից ամենաէականն էն էր, որ էդ ժամանակամիջոցում վերստին սկսեցի զարմանազան երազներ տեսնել, եւ էդ երազները տեսնում էի հիմնականում առավոտվա կողմերը, որովհետեւ մինչեւ գիշերվա չորսը թարգմանում ու չորսի կողմերը նոր պառկում էի քնելու, եւ ընդամենը երկու կամ լավագույն դեպքում երեք ժամ էի քնում, իսկ թե ինչու՝ շուտով կիմանաք, եւ չնայած էդքան քիչ՝ շատ խորն էի քնում, ու էդ օրերին տեսածս երազները, գրեթե առանց բացառության, չափազանց բովանդակալից ու չափազանց հետաքրքիր էին, եւ, որ ամենակարեւորն է, էդ օրերին տեսածս լավ ու վատ երազներն անմիջապես կատարվում ու իրականանում էին, եւ դրանցից ամենաշուտ իրականացածն ուզում եմ հիմա ձեզ համար պատմել:

Հին հազարամյակի վերջին տարին էր, եւ ես էդ տարի խելագարի պես «Բլանկոյի այրին» էի թարգմանում, ու էդ սերիալը վերջ չուներ՝ մի գլուխ շարունակվում էր, ու ես ինքս ինձ կեղեքելով՝ խելագարի պես թարգմանում ու թարգմանում էի, որովհետեւ էդ տարիներին ու հատկապես հենց էդ տարի իմ ու ընտանիքիս գոյատեւման հիմնական միջոցը սերիալների թարգմանությունն էր, եւ դա, հասկանալի է, Աստծով էր՝ Աստծո ու անձամբ Բաբայան Սերգուշի կամքով, չնայած իմ ու «Պարադիզի» Ադոյան Մարտինի անձնական ծանոթությունն էլ էր երեւի իր դերը խաղացել, եւ էդ տարիների իմ թարգմանական տաժանակրության հիմնական սփոփանքն էն էր, որ էդ գործի շնորհիվ, փաստորեն, մեր ընտանիքի հացի խնդիրն էր լուծվում, ու նաեւ էն՝ որ իմ ու Տավրոսի թարգմանած էդ սերիալը հայ ժողովրդի մի զգալի մասը մեծ հաճույքով էր նայում, ու նաեւ Հ1-ն էր հաճույքով ցուցադրում էդ սերիալը՝ մանավանդ միտինգների ժամերին:

Այդուհանդերձ, իմ էդ թարգմանական աշխատանքը նյարդերիս վրա շատ ուժեղ էր ազդում, որովհետեւ, ինչպես արդեն ասացի, ես էդ սերիալներն ու մասնավորապես «Բլանկոյի այրին» թարգմանում էի գիշերները՝ տասներկուսից մինչեւ չորսն ու երբեմն նույնիսկ հինգը, երբ մեր տանը բոլորը քնած էին լինում, ու ես, թարգմանական աշխատանքիս զուգահեռ, Կրիվոյի մեր տան շուշաբանդում ազատորեն ծխում, բքում ու սուրճս էի խմում, իսկ ավելի ճիշտ՝ ծխելուս ու սուրճ խմելուս զուգահեռ իմ էդ անվերջանալի սերիալն էի թարգմանում, որովհետեւ, ինչպես երեւի կռահում եք, սերիալի թարգմանությունն առանձնապես մտավոր ճիգեր չէր պահանջում, եւ իմ խնդիրը հիմնականում տեխնիկական էր, իսկ ես էդ գործի տեխնիկային համարյա Տավրոսի չափ տիրապետում էի. այսինքն, արդեն գիտեի՝ ռուսերենից թարգմանված հայերեն տեքստն ինչ երկարության պիտի լինի, որ սերիալի հերոսների բերանների շարժումներին գոնե մի քիչ համընկնի, ու էնպես չլինի, որ թարգմանածս նախադասությունը հանկարծակի պրծնի եւ, ուրեմն, սերիալի հերոսը շարունակի խոսել, իսկ իմ հերոսները թարսի պես մի գլուխ խոսում ու խոսում էին. Դիեգոն Ալիսիային մի գլուխ սեր էր բացատրում, բայց ոչ մի կերպ չէին կարողանում իրար հասկանալ, իսկ Դուվանն ու երկվորյակների մյուս թայը շարունակ ղժղժում ու չաչանակություն էին անում, եւ Իլյումինադան էլ պակաս չաչանակ չէր, իսկ Պերֆեկտան սրանց բոլորի վրա մի գլուխ մուննաթ էր գալիս, եւ երկվորյակների ու Իլյումինադայի չաչանակությունները, ինչպես նաեւ Պերֆեկտայի մուննաթներն ու կանացի մնացած ձայներն իմ ու Տավրոսի հայերենով ու Սաթիկի մշտապես փոփոխվող ձայնով Աստծո ամեն իրիկուն հայ հեռուստադիտողներին ու մանավանդ տնային տնտեսուհիներին էին հասնում, իսկ Դիեգոյի անվերջանալի խոստովանությունները, ծերուկ Բրինյոնի փիլիսոփայական մենախոսություններն ու մյուս բոլոր տղամարդկանց մյուս բոլոր դրսեւորումներն իմ ու Տավրոսի հայերենով ժողովրդին էր հասցնում Բաբայան Սերգուշը, եւ իմ ու Տավրոսի չար բախտից՝ էդ սերիալի երկրորդական դեմքերն ու սրանց աղախիններն էլ էին մի գլուխ շատախոսում, մուննաթ գալիս ու փիլիսոփայում, ու էդ ամենը թարգմանել էր հարկավոր, ընդ որում՝ էնպես պիտի թարգմանեիր, որ դրանց ասածները շատ թե քիչ համապատասխանեին բերանների շարժումներին, եւ միայն Պերֆեկտայի դուստր ու Դիեգոյի քույր Աիդեն էր քչախոս, եւ իմ ու Տավրոսի բախտից՝ Աիդեն ավելի շատ երգում էր, քան՝ խոսում, եւ ես ու Տավրոսը, թաքուն ու հանցավոր համաձայնությամբ, Աիդեի երգերի տեքստերը չէինք թարգմանում, թողնում էինք՝ ինքն իր համար իսպաներեն երգի, եւ Աիդեն երգում էր, մի գլուխ երգում ու երգում էր, եւ իր երգելու ընթացքում Տավրոսն ու ես ահագին հանգստանում ու մեր տառապանքն ահագին կրճատում էինք, եւ, իմ ու Տավրոսի բախտից, Աիդեն երգել շատ էր սիրում ու շատ էլ երգում էր, բայց, իմ ու Տավրոսի չար բախտից, սերիալի կեսերին Աիդեն անսպասելի մեռավ. ավտովթարից մահացավ՝ փչացնելով ժողովրդի ու հատկապես իմ ու Տավրոսի տրամադրությունը, եւ էդպիսով Աիդեի երգն ավարտվեց, ու ինձ մնաց իմ ամենօրյա տաժանակիր աշխատանքը՝ առանց Աիդեի ու առանց երգերի, եւ իմ էդ ամենօրյա տաժանակրությունն սկսվում էր գիշերվա տասներկուսին ու տեւում էր մինչեւ առավոտվա չորսն ու հինգը, բայց փոխարենը՝ ես չորսից ու հինգից հետո շատ խորն էի քնում, ավելի ճիշտ՝ ես լավ ու խորը քնում էի միայն էն բացառիկ առավոտները, երբ Պողոսը Լոսից չէր զանգում, եւ որպեսզի էս Պողոսին չշփոթեք Մետաքսի ու Շերի խմբի իմ ու ձեր իմացած Պողոսիկի հետ, պիտի ասեմ, որ Ղարօղլանյան Պողոսը Մանկավարժականի բանասիրականում իմ համակուրսեցին էր ու Վիլյամ Սարոյանի գերդաստանի տոհմածառի ճյուղերից ամենաերկարն ու ամենաբարակը, եւ երբ երրորդ կուրսում իր խելքից ինստիտուտից դուրս մնաց, բոլորս ապշած էինք, որովհետեւ չէինք պատկերացնում, որ արեւմտահայերեն խոսող մարդը կարող է անխելք լինել, եւ յոթանասունչորսին, բոլորից ու ամեն ինչից նեղացած, Պողոսն Արեշից ընտանյոք գաղթեց Լոս Անջելես՝ Գլենդել, եւ Պողոսը լրջացավ ու խելոքացավ միայն քսան տարի անց, երբ արդեն քառասունն անց տղամարդ էր, եւ քսան տարի անց Պողոսը մի շաբաթով հայրենիք վերադարձավ եւ ընդամենը մի շաբաթ հայրենիքում մնալով՝ հաջողացրեց արեշցի տասնյոթամյա մի աղջնակի իբրեւ կին հետը Գլենդել տանել, եւ Պողոսն իր բացակայության էդ քսան տարիների ընթացքում էնքան էր խելոքացել ու գործերն էլ էնքան էին լավացել, որ ընդամենը վեց ամսում Գլենդել տեղափոխեց նաեւ զոքանչին ու քենուն, բայց, խելոքանալով հանդերձ, մի բան ոչ մի կերպ չէր հասկանում. չէր հասկանում, որ երբ ամեն օր Գլենդելից ինձ զանգում էր, էդ պահին Երեւանում առավոտվա վեցն էր լինում, եւ, ըստ ամենայնի, գործատեղից էր զանգում կամ երեւի էդ ժամերին զանգելու ձրի տեղ էր գտել ու միշտ զանգում էր՝ հատկապես չարաբաստիկ էն օրերին, երբ ես ամբողջ գիշեր էդ «Բլանկոյի այրին» էի թարգմանում եւ առավոտվա կողմ նոր միայն պառկում էի քնելու, ընդ որում՝ Պողոսը հիմնականում առանց որեւէ պատճառի էր զանգում, զանգում ու ասում էր՝ «ո՞նց ես, Արմեն ջան», եւ լավագույն դեպքում զանգում ու ասում էր՝ «Արմեն ջան, քենիս մի քանի օրից Երեւան է գալու, քեզ կզանգահարի ու կհանդիպի, խնդրում եմ Սերո Խանզադյանի «Մխիթար սպարապետը» տաս՝ հետը բերի», եւ հաջորդ առավոտ Պողոսը վերստին ինձ իմ քաղցր քնից կտրելով՝ զանգում ու ասում էր՝ «Արմեն ջան, քենիս որ գա, խնդրում եմ Սիլվա Կապուտիկյանի գրքերից էլ տաս՝ հետը բերի. օտար տեղ է, ուզում եմ երեխաներս հայրենաշունչ ոգով դաստիարակվեն», եւ հաջորդ առավոտ Պողոսը նույն ժամին զանգում ու ապսպրում էր, որ քենու հետ Վիգեն Խեչումյանի գիրքն էլ ուղարկեմ, եւ մյուս առավոտ վերստին զանգում ու տեղեկացնում էր, որ քենու հետ նաեւ իր երգերի նոր սիդին է ուղարկելու ինձ, եւ եթե էդ անպատեհ ու սպանիչ զանգերի պահերին Պողոսը կողքս լիներ, հաստատ մի շառաչուն ապտակ կտայի՝ ինչպես որ մի անգամ արել էի բանասիրականում մեր համատեղ ուսման տարիներին, բայց, ցավոք սրտի, հեռախոսով անհնար էր էդ բանն անել, եւ միակ մխիթարանքս էն էր, որ Պողոսի ապուշ հայացքը հեռախոսով չէր երեւում, ու ես կատաղությունս մի կերպ զսպում էի, ավելի ճիշտ՝ կատաղությունս թափում էի խեղճ մորս վրա, ու ամեն առավոտ մայրս ինձ վերստին բացատրում էր, որ ինքը չի կարող առավոտվա վեցին մարդկանց խաբել ու ասել, թե՝ տանը չեմ, բայց, այդուհանդերձ, մայրս ամեն առավոտ խոստանում էր, որ այլեւս Պողոսի զանգերն ինձ չի փոխանցի, բայց հաջորդ առավոտ վեցի կողմերն ինձ վերստին արթնացնում ու հեռախոսն ինձ էր փոխանցում, ու ես հասկանում էի, որ մայրս հոգու խորքում աղոտ մի հույս էր փայփայում, որ Ամերիկայից եկող էդ անհամար ու անհարմար զանգերից մեկնումեկն ինձ վերջապես կարող էր փրկել թարգմանական էդ կեսգիշերային տաժանակրությունից, որովհետեւ ԱՄՆ-ում ու կոնկրետ Գլենդելում դրանից երկու տարի առաջ արդեն եղել ու հետս էլ ահագին չուլուփալաս էի երեխեքիս ու բոլորիս համար բերել, բայց դրանք բացառապես իմ վաճառած գրքերի շնորհիվ էի առել, ու Պողոսին էնտեղ նույնիսկ չէի էլ տեսել. ավելին. Գլենդելում անցկացրած էդ տասնհինգ օրերն էն եզակի օրերն էին, երբ Պողոսն ինձ ոչ մի անգամ չզանգեց ու չարթնացրեց, ու ես Գլենդելում ամբողջ տասնհինգ օր կուշտ քնում էի, եւ չնայած իր հեռախոսի համարն ունեի, ես էլ իրեն ոչ մի անգամ չզանգեցի, որովհետեւ համոզված էի, որ Պողոսը հաստատ տեղյակ էր Գլենդելում գտնվելուս մասին, մանավանդ որ՝ համարյա ամեն օր տեղի հեռուստաալիքներով խոսում ու արտասանում էի, եւ, բացի այդ, Կալիֆոռնիայի համալսարանի հայկական ամբիոնի կազմակերպած հայոց ժամանակակից գրականության քննարկումներին Պողոսի պես բնածին գրամոլի բացակայությունն ընդհանրապես գլխիս մեջ չէր տեղավորվում, եւ երբ վերադարձա Երեւան ու մերոնց ասացի, որ էնտեղ Պողոսին չեմ հանդիպել, հատկապես մայրս ականջներին չհավատաց եւ ականջներին չհավատալով՝ ահագին ժամանակ շարունակում էր Պողոսի զանգերն ինձ փոխանցել, եւ չնայած Գլենդելից հետո Պողոսի հետ չափազանց չոր էի խոսում, այդուհանդերձ, իր էդ սպանիչ ու կեղեքիչ հեռախոսազանգերը շարունակվում էին, բայց երբ «Բլանկոյի այրու» թարգմանության կեսերին գլխացավերս սկսվեցին, մայրս դադարեց Պողոսի զանգերն ինձ փոխանցել, եւ շուտով էդ զանգերն ընդհանրապես դադարեցին, եւ երբ իր էդ սպանիչ ու կեղեքիչ հեռախոսազանգերը դադարեցին, անմիջապես դադարեցին նաեւ գլխացավերս, որովհետեւ առավոտվա հինգից տասնմեկը ես ոչ միայն կուշտ ու խորն էի քնում, այլեւ հետաքրքիր ու բացառապես գունավոր երազներ էի տեսնում, եւ քանի որ դրանք հիմնականում հաճելի երազներ էին, ես ինձնից կախված ամեն ինչ անում էի, որ չարթնանամ ու երազս չընդհատվի, որովհետեւ, ինչպես արդեն ասացի, էդ շրջանում տեսածս երազները հիմնականում կատարվում էին, ու էս առիթից օգտվելով՝ ուզում եմ ձեզ համար պատմել էդ երազներից մեկը, որը չափազանց շուտ կատարվեց:

Ես էդ առավոտվա երազում Մետաքսի մեր Հակոբ Հակոբյան հատվածում էի, ավելի ճիշտ՝ Տիմոշենկոյի դպրոցի իմ համադասարանցի Հարութենց բակում, իսկ ավելի ճշգրիտ՝ Հարութենց մեծ թթենու կատարին. ես ու Հարութը թութ էինք ուտում, եւ չնայած զգում էի, որ երազիս մեջ ենք, Հարութենց թթի համն ու քաղցրությունն զգում էի ու մատներիս շիրան էլ էի զգում եւ, չնայած երազի մեջ էի, շիրայոտ մատներս որ իրար էի կպցնում, մատներս լավ էլ կպչում էին, ու ծառի կատարից մեկ էլ էն տեսնեմ, որ մի անծանոթ պառավ Հարութենց տնից դուրս գալով՝ երազիս մեջ սկսեց կերակրել Հարութենց հավերին, ու էդ պահին երազիս մեջ Հարութին հարցրի՝ «էս պառավն ո՞վ ա», եւ Հարութը երազիս մեջ պատասխանեց ու ասաց՝ «չգիտեմ. անծանոթ կնիկ ա», եւ երազիս մեջ էդ անծանոթ պառավն իմ ու Հարութի ձայները լսելով՝ նայեց վերեւ ու գոռաց՝ «ա՛յ լակոտ, ձեր տները հազար տարի առաջ ծախել ու ջհանդամվել եք, բայց էլի չես կարո՞ւմ էս ծառից կտրվես», եւ ես Հարութին հարցրի՝ «էդ ինձ ա՞ ասում», եւ Հարութը մի քիչ մտածեց ու ասաց՝ «երեւի ինձ ա ասում», եւ ես հարցրի՝ «խի դուք ձեր էս տները ծախել ե՞ք», եւ Հարութը պատասխանեց ու ասաց՝ «հա», եւ ես զարմացած հարցրի՝ «ե՞րբ եք ծախել», եւ Հարութն ասաց՝ «հազար տարի առաջ», եւ ես երազիս մեջ հարցրի՝ «ո՞ւմ եք ծախել», եւ Հարութը երազիս մեջ մի քիչ մտածեց ու պառավին մատնացույց անելով ասաց՝ «երեւի սրանց», ու հենց էդ պահին երազիս մեջ էդ անծանոթ պառավը ճչաց՝ «իջեք՝ ռադներդ քաշեք» ու էդ ասելով՝ պառավն իր հողաթափերից մեկը հանեց ու շպրտեց մեր կողմ, եւ հողաթափն ինձ կպավ, ու անմիջապես արթնացա:

– Հայրիկ, քեզ են ուզում,- ինձ արթնացնելով ու հեռախոսափողն ինձ տալով ասաց փոքր աղջիկս՝ Օսանը:

– Ո՞վ ա,- հարցրի ես:

– Չգիտեմ,- ասաց աղջիկս.- Սեդա տատիկը հետը խոսեց:

– Ամերիկայից ա, բայց հաստատ Պողոսը չի,- շուշաբանդ մտնելով՝ ասաց մայրս:

– Բա ո՞վ ա,- ափովս հեռախոսափողը փակելով՝ հարցրի ես:

– Չգիտեմ,- ասաց մայրս ու շշնջալով ավելացրեց.- ասում ա՝ Ամերիկայի ընկերներից եմ:

– Ալո՞,- հեռախոսափողն ականջիս դնելով՝ հարցրի ես:

– Արմե՞ն,- հարցրեց ձայնը:

– Հա,- ասացի ես:

– Սարոն ա, Արմեն ջան,- ասաց ձայնը.- Սարո Գյոդակյանն ա:

– Բարեւ, Սարո ջան,- ասացի ես:

– Լոսում ժուռնալ եմ բացել,- ասաց Սարոն:

– Ի՞նչ ժուռնալ,- հարցրի ես:

– Առաջին համարն արդեն տպվել ա,- ասաց Սարոն ու ավելացրեց.- քո բանաստեղծություններից էլ մեջը կան:

– Մերսի, Սարո ջան,- ասացի ես:

– Ե՛ս պիտի քեզ մերսի ասեմ,- ասաց Սարոն.- շատ լավ բանաստեղծություններ են:

– Ի՞նչ բանաստեղծություններ են,- հարցրի ես:

– Հին գրքերիցդ եմ ընտրել,- ասաց Սարոն:

– Մերսի,- ասացի ես:

– Հիմի լսի՝ ինչ եմ ասում,- ասաց Սարոն:

– Ասա, Սարո ջան,- ասացի ես:

– Էդ ժուռնալն ուղարկել եմ, կնոջս բարեկամի տանն ա,- ասաց Սարոն ու ավելացրեց.- ձեր Շիլաչու կողմերն են ապրում:

– Շիլաչի՝ որտե՞ղ,- հարցրի ես:

– Իրանց հեռախոսի համարը կտամ, կզանգես՝ տեղը կբացատրի,- եւ մի պահ լռեց ու ավելացրեց.- համարն ասում եմ, գրի:

– Ասա, գրում եմ,- թուղթ ու գրիչ վերցնելով՝ ասացի ես:

– Իրա անունը Հասմիկ ա, մարդու անունն էլ՝ Վալոդ,- համարը թելադրելուց հետո շարունակեց Սարոն ու ավելացրեց.- կզանգես, կպայմանավորվեք, կգնաս՝ իրանցից էդ ժուռնալը կվերցնես:

– Էղավ, Սարո ջան,- ասացի ես:

– Հա, եթե դժվար չի, էդ թազա գրքիցդ մի օրինակ տուր իրանց՝ ուղարկեն ինձ,- ասաց Սարոն:

– Անպայման կտամ,- ասացի ես:

– Դե հաջող, Արմեն ջան,- ասաց Սարոն,- Աստված որ կամենա՝ մի օր կհանդիպենք. կամ էստեղ, կամ՝ էդտեղ:

– Հաջող, Սարո ջան,- ասացի ես,- մեր ընդհանուր ծանոթներին կբարեւես:

– Դու էլ բարեւի,- ասաց Սարոն:

– Անպայման,- ասացի ես:

– Դե հաջող, Արմեն ջան,- ասաց Սարոն:

– Հաջող,- ասացի ես ու նայեցի ժամացույցին:

Ժամը տասն էր, եւ մայրս ինձ հարցրեց.

– Պողոսը չէր, չէ՞:

– Պողոսն էդքան շնորհք չունի, որ էս նորմալ ժամին զանգի,- ասացի ես՝ Սարոյի տված համարը հավաքելով:

– Ալո՞,- հարցրեց կանացի ձայնը:

– Հասմիկին կարելի՞ է,- ասացի ես:

– Հասմիկն է,- ասաց կանացի ձայնը:

– Սարոն ինձ ասել է, որ ձեզանից ամսագիր վերցնեմ:

– Ձեր անունը կասե՞ք:

– Արմեն,- ասացի ես.- Շեկոյան Արմեն:

– Հա, ձեր անունը կա,- որոշ ընդմիջումից հետո ասաց կանացի ձայնն ու ավելացրեց.- եթե մինչեւ տասնմեկը գաք՝ ես տանն եմ, կամ էլ, եթե հիմա չեք կարող, երեկոյան վեցից հետո եկեք:

– Մինչեւ տասնմեկը կգամ,- ասացի ես.- ձեր հասցեն կասե՞ք:

– Խորենացու չորրորդ փակուղի, բնակարան քսանվեց:

– Մոտավորապես տեղը չե՞ք բացատրի,- հասցեն գրելով՝ խնդրեցի ես:

– ԳՈՒՄ-ի շուկայից որ անցնում եք, «Դրուժբա» հանրախանութ կա,- ասաց կանացի ձայնը:

– Էդ հանրախանութը լավ գիտեմ,- ասացի ես:

– Էդ հանրախանութից մի հարյուր մետր որ անցնում եք, աջից մի հատ նեղ փողոց կա, հենց էդ փողոցն է,- ասաց ձայնը:

– Էդ փողոցը շատ լավ գիտեմ,- ասացի ես ու ավելացրի.- ամենաուշը կես ժամից էդտեղ կլինեմ:

Հեռախոսը դրեցի, ու հազս բռնեց:

– Էս սերիալների պատճառով առողջությունդ լրիվ քայքայեցիր,- ասաց մայրս:

– Էդ սերիալներն ամենից շատ դու ես նայում, Սեդա տատիկ,- ժպտալով ասաց մեծ աղջիկս՝ Սեդան:

– Գոնե ծխելդ պակասացրու,- ասաց կինս.- թոքերդ լրիվ քայքայել ես:

– Թոք մնացել ա՞ որ,- հոգոց հանեց մայրս.- էդ ռենտգենի նկարն ով տեսնում ա՝ սարսափում ա:

Ես արագ հագնվեցի, գրապահարանից մի օրինակ «Անտիպոեզիա» վերցրի ու տնից դուրս թռա: Մի քանի րոպեից արդեն «Դրուժբայի» մոտ էի ու ճանապարհին արդեն հարյուր տոկոսով համոզված էի, որ Մետաքսի մեր ճանապարհով գնում եմ իմ մանկության փողոցը՝ մի քանի րոպե առաջվա երազիս վայրը, որ հիսունականներին ու վաթսունականներին Հակոբ Հակոբյան էր կոչվում, այնուհետեւ՝ Մարքսի չորրորդ փակուղի, իսկ հիմա, ինչպես քիչ առաջ պարզվեց, Խորենացու չորրորդ փակուղի:

Գեղամենց տների մոտ առաջինն իմ համադասարանցի Մարտունին տեսա:

– Արմո՞, էս խեր ըլնի,- ինձ տեսնելով՝ զարմացավ Մարտունը:

– Խեր ա,- ժպտալով ասացի ես ու հարցրի.- քսանվեց համարն ո՞ւմ տունն ա:

– Քսանվեց… քսանվեց… վայ թե Ախպարենց տունն ա,- ասաց Մարտունը:

– Ի՞նչ ախպար,- զարմացա ես:

– Վարուժենց տան կողքի,- ասաց Մարտունը:

– Վարուժենց տան կողքինը Հարութենց տունը չի՞,- հարցրի ես:

– Հիմի ո՞ր թիվն ա,- ապշահար ինձ նայելով՝ հարցրեց Մարտունը:

– Էրկու հազար,- ասացի ես:

– Խելքիդ ձուն գա,- ծիծաղեց Մարտունը.- էս արդեն տասը տարուց ավել ա՝ Հարութենք իրանց տները ծախել՝ քոչել են Ռուսաստան:

– Կարա՞նք իրար հետ գնանք էդ Ախպարենց տուն,- հարցրի ես:

– Հետները գործ ունե՞ս,- հարցրեց Մարտունը:

– Հա,- ասացի ես:

– Հարց չկա,- ասաց Մարտունը.- տանտիրոջ՝ Վալոդի հետ մոտիկ եմ. իրիկուններն իրանց հայաթը բլոտ ենք խաղում:

– Բայց Վալոդն ախպարական անուն չի,- ասացի ես:

– Ինքը Երեւան ա ծնվել, բայց հերնումերը Հունաստանից են,- ասաց Մարտունն ու ավելացրեց.- հերը մի տարի առաջ մեռավ, մերն էլ էս մի քանի ամիս ա՝ գնացել ա Ամերիկա՝ աղջկա մոտ:

– Գնա՞նք,- հարցրի ես:

– Հարց չկա,- ասաց Մարտունը:

Ես Հասմիկից ամսագիրը վերցրի, գրքիս անվանաթերթին Սարոյին մի քանի ջերմ խոսքեր գրեցի, ու էդ ամբողջ ժամանակ աչքս թթի ծառին էր: Գիրքս մակագրելուց հետո կռացա, գետնից մի քանի հատիկ թութ վերցրի. նույն համն էր՝ մանկությանս տարիների ու առավոտվա երազիս թթի նույն համն էր:

– Ուզո՞ւմ եք՝ մի քիչ թութ թափ տանք՝ հետներդ տարեք,- ժպտալով առաջարկեց Հասմիկը:

– Շնորհակալ եմ,- ժպտալով ասացի ես ու ավելացրի.- պարզապես համն էի ստուգում:

– Մեր թութը շատ լավն է,- ժպտաց Հասմիկը:

– Ես ու Արմոն ձեր էս ծառի վրա ենք մեծացել,- ասաց Մարտունը:

– Իսկապե՞ս,- զարմացավ Հասմիկը:

Ես հողոտ ու շիրայոտ մատներս կպցրի, ու մատներս կպան:

– Ուզո՞ւմ եք լվացվել,- հարցրեց Հասմիկը:

– Չէ,- ժպտալով ասացի ես ու էդպես հողոտ ու շիրայոտ ողջագուրվեցի նախ միջնեկ ու կրտսեր քեռիներիս՝ Վարդանի ու Գագոյի հետ, իսկ այնուհետեւ՝ մյուս ազգականներիս ու մանկության ընկերներիս հետ, ովքեր գալստյանս մասին տեղեկանալով՝ գալիս ու լցվում էին առավոտվա երազիս էդ բակը:

Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել