Լրահոս
Օրվա լրահոսը

Սեռական ցանկությունը սեռական օրիենտացիա չէ

Փետրվար 03,2010 00:00

Սեռական ցանկության ուժգնությունր փոփոխվում է տարիքի հետ եւ ունի զարգացման սեռային տարբերություններ։ Երեխաների էրոտիկ զգացողությունները երեւան են գալիս նրանց սեռական օրգաններին դիպչելիս։ Այսպես, լողացնելու կամ հագուստը փոխելու ժամանակ երեխաների սեռական օրգանը շոշափելիս նա արտահայտում է հաճույքի զգացում՝ ժպտալով կամ ղունղունալով։ Հաճույքի այս զգացողությունները երեխաների մեջ առաջացնում են դրանք վերապրելու պահանջմունք, հաճախ այս տարիքում երեխաները զբաղվում են ձեռնաշարժությամբ, իսկ ավելի ուշ՝ խաղում այնպիսի խաղեր, որոնց ընթացքում հնարավորություն ունեն նայելու եւ շոշափելու միմյանց սեռական օրգանները։ Սեռական հասունացման տարիքում դիտվում է սեռական ցանկության զգալի աճ։ Սա պայմանավորված է մի կողմից սեռական վարքի համար պատասխանատու ուղեղային կենտրոնների հասունացմամբ, մյուս կողմից՝ սեռական գեղձերի ակտիվացման շնորհիվ տեստոստերոնի մակարդակի բարձրացմամբ, որը խթանում է ուղեղային այդ կենտրոնները։
Տղամարդկանց սեռական ցանկությունը մնում է իր բարձունքին մոտավորապես 20 տարի շարունակ եւ այնուհետեւ սկսում է դանդաղ նվազել։ Սեռապես առողջ, հասուն տղամարդը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում սեռական կյանքի հանդեպ, հեշտությամբ գրգռվում է եւ զուգընկերուհու բացակայության դեպքում զբաղվում է ձեռնաշարժությամբ՝ երեւակայելով սեռական տեսարաններ: Եթե տղամարդու սեռական զարգացումը ընթացել է առանց սեռական ցանկության պուբերտատային աճի, որն արտահայտվում է ակտիվ ձեռնաշարժության, հարուստ սեռական երեւակայության կամ կենակցումների տեսքով, ապա կարելի է մտածել սեռական զարգացման խանգարման մասին։ Տղամարդու սեռական հակման ուժգնությունը աստիճանաբար նվազում է երիտասարդության տարիներից հետո։ Միջին տարիքում նա թեեւ պահպանում է սեռական ցանկությունը, բայց կարող է վերապրել սեռական ձեռնպահությունը համեմատաբար հանգիստ, առանց ֆրուստրացիայի։ Սակայն որոշակի պայմաններում նրա սեռական ցանկությունը կարող է տատանվել՝ գրանցելով աճի եւ նվազման ժամանակավոր հատվածներ։ Կանայք նույնպես ունենում են լիբիդոյի աճ պուբերտատի րնթացքում։ Սակայն, ի տարբերություն տղամարդկանց, լիբիդոյի ուժգնությունը նրանց մոտ ավելի պակաս է։ Աղջիկներն այս տարիքում ավելի հեշտությամբ են ձեռնպահ մնում սեռական ինքնադրսեւորումից, քան տղաները։ Այդ պատճառով պուբերտատային ձեռնաշարժության բացակայությունը աղջիկների մոտ չունի սեռական արգելակման այն կլինիկական նշանակությունը, ինչ՝ տղաների մոտ։ Կանանց սեռական հակումը չի նվազում երիտասարդ տարիներից հետո, ընդհակառակը, դանդաղորեն աճում է եւ հասնում իր գագաթնակետին մոտավորապես 40 տարեկան հասակում։ Կյանքի ընթացքում առողջ անհատը սեռական ցանկություն է ունենում թե ինքնաբուխ կերպով, թե զուգընկերոջ կողմից գրգռվելով։ Երբ սեռական հակումը ուժեղ է, ցանկության վերապրումները եւ սեռական գրգռումը ի հայտ են գալիս լայն շրջանի գրգիռների ազդեցությամբ։ Իսկ երբ հակման ուժգնությունը նվազում է, գրգիռների շրջանակը, որ կարող է հարուցել սեռական քաղց, նեղանում է, եւ արդյունքում ավելի ուժգին հոգեկան եւ ֆիզիկական գրգիռներ են պահանջվում սեռական պատասխան առաջացնելու։ Բացի տարիքից՝ կան ուրիշ գործոններ եւս, որոնք ազդում են սեռական հակման ուժգնության վրա։ Տրամադրությունը, ընդհանուր ֆիզիկական առողջությունը սեռական վարքի որոշիչներից են։ Երկու սեռերն էլ վերապրում են սեռական ցանկության բարձրացում, երբ սիրահարված են, եւ հակառակը՝ սեռական ցանկությունը նվազում է, երբ առկա է հոգեկան լարվածություն։
Սեռական կյանքի սովորական ռիթմի խախտման դեպքում, հատկապես դրա կտրուկ ընդհատման ժամանակ սեքսուալ-էրոտիկ հիշողությունները օրեցօր ավելի վառ երանգ են ձեռք բերում, սեռական ցանկություն է առաջանում ամենաչնչին առիթի դեպքում, հաճախանում են սպոնտան էրեկցիաները, գիշերային երազախաբությունները։ Վերջինները, սակայն, միայն մասամբ են վերացնում սեռական ձեռնպահության առաջացրած տհաճ զգացողությունները։ Աստիճանաբար սեռական երեւակայությունները դառնում են հազվադեպ, կորցնում են իրենց նախնական գունավորումը, նվազում է սպոնտան էրեկցիաների, գիշերային երազախաբությունների հաճախականությունը։
Ըստ doctors.am-ի՝ սեռական ցանկությունը սեռական օրիենտացիա չէ։ Պետք չէ շփոթել այս երկու բոլորովին տարբեր սեքսուալ դրսեւորումները։ Սեռական կողմնորոշումը՝ սեքսուալ օրիենտացիան, կարող է հանդես գալ հետերոսեքսուալ, հոմոսեքսուալ եւ բիսեքսուալ տարբերակներով, եւ յուրաքանչյուր դեպքում սեռական ցանկությունը ինքնուրույն դրսեւորում է՝ իր ձեւավորման, զարգացման օրինաչափություններով եւ խանգարման տարբերակներով։ Սեռական ցանկությունը պետք չէ շփոթել նաեւ սեռական նախընտրության հետ։ Սեռական նախընտրությունը սեռական ցանկության բավարարման ձեւն է։ Դրա խանգարումները պարաֆիլիաներն են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել