Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ-ԻՏԱԼԱԿԱՆ «ԱԻԴԱ»

Փետրվար 26,2010 00:00

\"\"Իտալացի բեմադրիչ Մարիո Կորրադին Ազգային օպերային թատրոնում կիրականացնի Վերդիի գլուխգործոցը

Վերդիի «Աիդա» օպերային հայաստանցի երաժշտասերը ծանոթ է 1940-ականների սկզբներից մեծանուն դիրիժոր Միքայել Թավրիզյանի եւ ռեժիսոր Արմեն Գուլակյանի բեմադրությունից, հայ բեմի նշանավոր երգիչներ Եվգենիա Խաչիկյանի, Տաթեւիկ Սազանդարյանի, Գոհար Գալաչյանի, Պավել Լիսիցյանի, Շարա Տալյանի հրաշալի կատարումներից: Այս բեմադրությունն ապրեց մինչեւ 1980-ականների սկզբները՝ մեր դիրիժորական արվեստի գրեթե բոլոր վարպետների մեկնություններով:

1871թ. Սուեզի ջրանցքի առիթով գրված Վերդիի գլուխգործոցն այսօր էլ բարդագույններից մեկն է աշխարհում՝ պարտիտուրի առանձնահատկություններով, եգիպտական կոլորիտի յուրատիպությամբ:

Հունիսին Երեւանում տեղի կունենա օպերայի նոր բեմադրության առաջնախաղը, որի համար հրավիրվել է հիրավի համաշխարհային ճանաչում ու հռչակ վայելող օպերային բեմադրիչ Մարիո Կորրադին՝ հզոր անհատականություն, ով աշխարհի տարբեր բեմերում իրականացրել է դասական օպերաների շուրջ 40 բեմադրություն՝ այդ թվում «Բոհեմ», «Կարմեն», «Աիդա», «Նորմա», «Օթելլո», «Ռիգոլետտո», «Տոսկա» եւ այլն: «Առավոտի» զրույցը բեմադրիչի հետ սկսեցինք հարցից, որի մասին երաժշտական աշխարհում շատ է խոսվում, այն է՝ արդյո՞ք իրեն Հայաստան է հրավիրել ճանաչված օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը: Մեր զրուցակիցը նշեց, որ բարձր է գնահատում համաշխարհային ճանաչում ունեցող երգչուհու արվեստը, սակայն հրավերը միջպետական համաձայնագրի արդյունքն է: «2009 թվականի հուլիսին, երբ Երեւանում էի «Աիդայի» նախապատրաստական աշխատանքների առիթով, հենց ձեր օպերային թատրոնում հանդիպեցի Հասմիկին ու բացականչեցի՝ ահա իմ Աիդան»,- հայտնեց բեմադրիչը: Իսկ թե երեւանյան բեմադրությունը դասակա՞ն, թե՞ ժամանակակից մոտեցմամբ է իրականացնելու, Մ. Կորրադին ասաց. «Իմ բեմադրական աշխատանքներում իմպրովիզացիա չկա, փոխարենը կա ֆանտազիա, բայց այն պետք է «իրացվի» շատ զգույշ»: Նշեց նաեւ, որ սիրով է ընդունել Երեւանում բեմադրություն անելու հրավերը ու ցանկացել, որ սիրելի օպերան հայաստանցիներին էլ ներկայացնի Վերդիի աչքերով:

Հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է ի՛նքը ընտրում մեներգիչներին, արդյո՞ք չի վստահում տեղացի մասնագետներին: Մ. Կորրադին, չհայտնելով որեւէ անուն, ասաց, որ Երեւանի օպերային թատրոնն ունի մեներգիչների մի խումբ, որոնք աշխարհի ցանկացած առաջնակարգ բեմ կարող են զարդարել: Հետո էլ ավելացրեց՝ «Օպերան թատրոն է երաժշտության մեջ, իսկ ես, քանի որ նաեւ դաշնակահար եմ, այն էլ բավականին լավ (ծիծաղում է – Ս. Դ.), աշխատում եմ պարտիտուրով՝ հավատարիմ մնալով այս կամ այն երկի ոգուն: Ոչ թե չեմ վստահում կոլեգաներիս, այլ խնդիրը փոքր-ինչ այլ է, ցանկացած օպերա՝ իտալական, թե ֆրանսիական, պահանջում է կատարման եւ դպրոցի յուրահատկություններ: Օրինակ, այլ կերպ է երգեցողությունը իտալական օպերայում, այլ՝ ֆրանսիականում: Էլ չխոսեմ խոսքի արտաբերման մասին»:

Բեմադրիչը նշեց նաեւ, որ երկար աշխատել է համապատասխան մասնագետների հետ ու թեեւ դարձյալ անուններ չնշեց, մեզ հաջողվեց երկու անուն կորզել՝ բեմադրության դեկորների ու զգեստների հեղինակ Ավետիս Բարսեղյան եւ բեմադրիչ դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան: Պարզեցինք նաեւ, որ ինչպես «Սպարտակի» բեմադրության ժամանակ են օգնության հասել համապատասխան ուժեր, այնպես էլ «Աիդայի» դեպքում են դրանք հարկավոր, այս դեպքում բեմադրությանը ձեռք կմեկնի նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությունը: «Աիդայի» մասսայական տեսարաններից մեկում, օրինակ՝ «Հաղթական քայլերգի» ժամանակ, անհրաժեշտ է շուրջ 250 հոգու ներկայություն բեմում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել