Լրահոս
Օրվա լրահոսը

ԾՐԱԳԻՐԸ ԳՆԵՐԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ՞ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈՒ

Փետրվար 27,2010 00:00

\"\"«Երբ արդեն վաղը չէ մյուս օրը գները թանկացած կլինեն՝ քանի՞ կոպեկ արժե այդ ծրագիրը, որը որեւէ կերպ չի օգնելու բնակչին»,- կառավարությանը հարցնում է ընդդիմադիր պատգամավորը:

Մեր Սահմանադրության 1-ին հոդվածում նշված է. «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»: Մեր երկրի ժողովրդավարական եւ իրավական լինելը, մեղմ ասած, վիճահարույց է շատերի համար: Սակայն ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը վերջերս հրապարակավ վիճարկեց նաեւ Հայաստանի սոցիալական պետություն լինելը՝ հաշվի առնելով այն, որ գազի թանկացման հիմնական բեռն ընկնելու է շարքային քաղաքացիների վրա եւ ոչ՝ ձեռնարկությունների. «Սա սոցիալական պետության հետ որեւէ կապ չունեցող հանգամանք է»:
Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ վերջերս ասուլիսում անդրադառնալով այն փաստին, որ տարբերակված մոտեցում է ցուցաբերվում քաղաքացու եւ գազ խոշոր սպառողների նկատմամբ՝ նշել էր. «Շատ երկրներ գոնե հավասար են դնում, իսկ որպես կանոն՝ աշխարհում ավելի հաճախ ենք հանդիպում, երբ մեծի հաշվին մասշտաբի էֆեկտ կա, տարիֆը նրա համար նույնիսկ ավելի բարձր է, քան թե մանրածախի»:
Երեկ խորհրդարանական ուժերին ճեպազրույցի ընթացքում խնդրում էինք մեկնաբանել՝ արդյոք տարբերակված այս մոտեցումը վկայո՞ւմ է Հայաստանի սոցիալական պետություն լինելու մասին: Գուցե նման խտրականությունն արդարացվա՞ծ է՝ հաշվի առնելով այն, որ խոշոր սպառողների համար ավելի բարձր սակագին առաջարկելը կարող է հանգեցնել էլեկտրաէներգիայի եւ արդյունաբերության ոլորտի ընկերությունների արտադրանքի գների բարձրացման: Նկատենք, որ հարցադրման այս մասին չանդրադարձավ ոչ ոք:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյան. «Էներգակիրների վերաբերյալ մեր քաղաքականությունը ոչ մի ձեւով չի տեղավորվում կառավարության այն հայտարարությունների մեջ, թե պետք է դիվերսիֆիկացնել աղբյուրները: Եվ կարծես թե մոնոպոլիաներն այս դեպքում էլ են դառնում գերակա ուղղություն: Գնագոյացումն արդարացված չեմ համարում, եւ այն պարզաբանումը, թե իբր դա դրամ-դոլար հարաբերակցությամբ է պայմանավորված՝ կարծում եմ, տեղին չէ, որովհետեւ քաջ հայտնի է՝ երբ դրամը արժեւորվում էր երկարաժամկետ կտրվածքով, գնի որեւէ նվազում գոյություն չուներ: Դրան գումարած՝ խիստ բացասական եմ գնահատում այդ տարանջատումը՝ բնակիչ սպառողների եւ խոշոր տնտեսվարողների միջեւ»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյան. «Հատկապես վերջին տարվա ընթացքում «Ժառանգությունը» բազմիցս բարձրաձայնել է պահանջը՝ օրենսդրություն մշակելիս հաշվի առնել ՀՀ Սահմանադրության համաձայն՝ սոցիալական արդարության արտացոլվածությունը տվյալ օրինագծում: Ճիշտն ասած՝ մի զավեշտալի իրավիճակ է ստեղծվել, եւ, ինչպես նշեցի կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ միգուցե օրե՞նք պիտի ընդունենք ու սահմանենք սոցիալական պետության չափանիշները, որ կարողանանք գնահատել, թե ինչի մասին է խոսքը… Եվ միգուցե հեգնանք կար վարչապետին ուղղված իմ հարցում, թե չտեսանք մի օր, որ խոշոր ձեռնարկատերերն անձամբ` իրենց ընտանիքներով միտինգներ անեն: Բայց անընդհատ տեսնում ենք` աղքատ, ընչազուրկ, ունեզրկված, մի կերպ գոյություն պահպանող մարդիկ ամեն օր բողոքում են կառավարության շենքի առջեւ: Սա ուղղակի անթաքույց է երեւում բոլոր օրինագծերի ժամանակ, որ ձեռնարկատերերի, արտադրողների շահերը պետք է պաշտպանվեն: Եվ այն խեղճուկրակ ժողովրդի համար, որի կենսամակարդակն ուղղակի արդեն անթույլատրելի սահմանագծից ներքեւ է հասնում՝ որեւէ մի քայլ չի արվում: Եվ ի պատասխան գազի գների հետ կապված իմ հարցի՝ վարչապետն ասաց, թե մտածում ենք, ծրագիր ենք մշակում: Ե՞րբ: Երբ արդեն վաղը չէ մյուս օրը գները թանկացած կլինեն՝ քանի՞ կոպեկ արժե այդ ծրագիրը, որը որեւէ կերպ չի օգնելու բնակչին ու քաղաքացուն այս ահռելի թանկացումներին դիմակայելու համար»:
«Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյան. «Բնականաբար, անկախ սակագների բարձրացման չափից՝ այդ թանկացումը ազդելու է ե՛ւ արտադրության վրա, ե՛ւ մյուս ապրանքատեսակների գնի վրա, եւ բնականաբար՝ մեր ժողովրդի վրա… Ինչ վերաբերում է Սահմանադրության այդ հոդվածին՝ յուրաքանչյուր երկրում էլ իրենց հիմնական օրենքում նշված է, թե սոցիալական պետություն է տվյալ երկիրը, սակայն լինում են գների տատանումներ, բայց ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ: Եվ մեր կառավարությունն էլ է մշակում ծրագիր, որ կարողանանք գների հետ կապված սոցիալական առավել խոցելի խմբերին հատուցումներ տալ»:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյան. «Մենք ուսումնասիրել ենք «ՀայՌուսգազարդ»-ի ներկայացրած հայտը եւ այնտեղ տեսնում ենք ռեսուրսներ՝ սակագինը նվազեցնելու ոչ միայն շարքային սպառողների, այլ նաեւ խոշոր սպառողների համար: Բացի տարբերակումից՝ եկեք հարցն արծարծենք այսպես, թե արդյոք ընդհանրապես ռեսուրս չունե՞նք այդ գինը նվազեցնելու: Սակայն քանի որ Հայաստանում մտածելակերպը պտտվում է միայն դրամ վաստակելու շուրջ՝ ես համոզված եմ, որ այս թանկացումը վերջինը չի լինելու: Անընդհատ մենք թանկացման ենք գնալու: Թանկացման բեռը միշտ դնում են ամենափոքր, թույլ օղակի վրա… Մինչեւ տարվա վերջ էլեկտրաէներգիան կբարձրանա, ջուրը կթանկացվի, տրանսպորտը կթանկացվի: Ամեն մեկն առանձին-առանձին մեզ կհամոզեն, եւ այդպես անընդհատ կշարունակվի: Եվ կգնա հերթական գործընթացը՝ գումարների կուտակումը մի խումբ մարդկանց ձեռքին: Մենք պետք է հասկանանք, որ այս մտածելակերպով, տնտեսական գաղափարախոսությամբ միշտ ունենալու ենք այս վիճակը, որովհետեւ առաջնայինը ոչ թե պետություն կառուցելն է, ազգային տնտեսություն կառուցելը, ազգային պետականությունը հզորացնելը, այլ` փող վաստակելը: Այս արժեքային համակարգով մենք միշտ ունենալու ենք այս մրցապայքարը, որն արտահայտվում է նաեւ գների թանկացման մեջ»:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյան. «Խնդիրը կապված չէ Սահմանադրության հետ, որովհետեւ, ըստ էության, գազը մենք գնում ենք: Ինչպես ամբողջ աշխարհն է ապրում, այնպես էլ մենք պետք է սովորենք: Ես կարծում եմ, որ բոլոր հիմքերը կան, որ սոցիալապես անապահով խավին փոխհատուցումներ կլինեն: Այնպես որ, նպաստառուները որեւէ խնդիր չեն ունենա այդ կապակցությամբ: (Եվ արձագանքելով՝ «Իսկ միջի՞ն խավը» հարցին՝ ասաց.- Ա. Ի.): Իհարկե, շատ լավ կլիներ, որ Սահմանադրության մեջ գրվածը՝ լրիվ անվճար լիներ, բայց որտեղի՞ց լիներ անվճար: Մենք գազը գնում ենք այլ երկրից եւ աշխարհի կանոններով էլ շարժվում ենք: Ոչ թե այստեղ պիտի խոսենք՝ միջին խավն ի՜նչ պետք է անի, գազը թանկանո՜ւմ է, այլ մեր պետությունն ամեն ինչ պետք է անի, որ ժամ առաջ դուրս գա ճգնաժամային գործընթացից, որպեսզի հնարավորինս կարողանա ապահովել նաեւ միջին խավին՝ աշխատավարձերի տեսքով, որպեսզի հնարավոր լինի հաղթահարելի դարձնել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել