Լրահոս
Օրվա լրահոսը

«Կասես՝ երեխան ռուս տղամարդուց է, թե չէ խայտառակ կլինենք»

Փետրվար 27,2010 00:00

Ստեփանակերտցին ամուսնացավ ադրբեջանցու հետ

\"\"

1995 թվականն էր: Արցախյան պատերազմից հետո շատերի նման Նելլի Ստեփանյանի (հերոսուհու անունը փոխված է) ընտանիքը իր օրվա հացը վաստակելու համար կատարում էր ցանկացած աշխատանք: Թեեւ Նելլին ընդամենը 17 տարեկան էր, նա որոշեց ծնողների հոգսը թեթեւացնելու համար մեկնել Ուկրաինա, որտեղ բնակվում էր իր տատը. «Ծնողներս երկար ժամանակ համառում էին, բայց, ի վերջո, հասկացան, որ այդ պարագայում դա լավագույն լուծումն էր»:
2 ամիս անց Նելլին մեկնեց Խարկով: Կրթություն չունենալու պատճառով խանութում վաճառող էր աշխատում. «Գործերս վատ չէին. կարողանում էի գումար խնայել եւ ուղարկել Ստեփանակերտ՝ ծնողներիս: Մթերքի եւ տան համար, բնականաբար, չէի վճարում, որովհետեւ տատիս հետ էի ապրում, բայց փոխարենը գրեթե ամեն օր վիճում էինք: Մի քանի ամիս միասին ապրելուց հետո հասկացա, որ այլեւս չեմ կարող իր հետ տանիք կիսել»:
 Նելլին արդեն հասկացել էր, որ պետք է իր համար մեկ այլ բնակարան գտներ, երբ ծնողներից իմացավ, որ իրենց հարազատներից շատերը տեղափոխվել են Ռուսաստան: Նա որոշեց իր բախտն էլ փորձել եւ մեկնել Մոսկվա: Կարճ ժամանակ անց արդեն Մոսկվայում էր: Թեեւ շատ բարեկամներ ուներ այնտեղ, սակայն չէր կարող նրանցից ապաստան խնդրել: Խարկովում ապրած ամիսների ընթացքում գումար էր տնտեսել եւ հենց այդ գումարով էլ մեկսենյականոց բնակարան վարձակալեց եւ գնաց տան մոտակայքում գտնվող խանութում աշխատանքի ընդունվելու. «Աշխատանքի ընդունվելիս խանութի տիրոջ՝ մոտ 30 տարեկան տղամարդու կովկասյան արտաքինը ինձ շատ ուրախացրեց, նույնիսկ մտածեցի, որ հայ է: Դե, եթե նույնիսկ վրացի լիներ, էլի գոհ կլինեի, որովհետեւ ամեն դեպքում վրացիները իրենց խառնվածքով մեզ մոտ են, սակայն իր ազգության մասին ոչինչ չհարցրի: Իմ անուն-ազգանունը իմանալուց հետո անմիջապես ընդհատեց ինձ եւ հարցրեց՝ հա՞յ ես, ասացի, որ հայ եմ եւ եկել եմ Ստեփանակերտից: Մոտ 2-3 րոպե լռելուց հետո ասաց, որ ինքն էլ Ադրբեջանից է եկել, սակայն ես իրեն դուր եմ եկել, եւ նա կմոռանա մեր ազգերի միջեւ եղած տարաձայնությունները եւ ինձ աշխատանքի կընդունի»:
Նելլին առանց ժամանակ կորցնելու անցավ գործի: Աշխատանքից գոհ էր, նորմալ վճարում էին, իսկ տիրոջ հետ հարաբերությունները գնալով լավանում էին. «Իլյան ու ես (թեեւ իրական անունն ամենեւին էլ Իլյա չէր, պարզապես Մոսկվայում նա բոլորին այդպես էր ներկայանում) մտերմացել էինք, միմյանց պատմում էինք մեր ընտանիքներից, նա ինձ հայտնեց, որ Ադրբեջանի գյուղերից մեկում թողել է իր կնոջն ու երեխային ու թեեւ պաշտոնապես ամուսնալուծված չեն, բայց արդեն երկար ժամանակ է՝ ինչ դադարել են ամուսիններ լինել, պարզապես ինքը նրանց ֆինանսապես է օգնում: Հասկանում էի, որ այդ ամենը Իլյան ինձ հենց այնպես չէր պատմում: Մեր միջեւ սիրավեպ սկսվեց եւ որոշ ժամանակ անց ես տեղափոխվեցի Իլյայի բնակարան, որտեղ, իրենից բացի, բնակվում էին նաեւ նրա 2 եղբայրները»:
Նելլիի խոսքերով, ամուսնու եղբայրները մտածում էին, որ ինքը Իլյայի հերթական սիրավեպերից է, եւ իրեն ամենեւին լուրջ չէին վերաբերվում: Որքան էլ Նելլին խնդրում էր Իլյային առանձնանալ, միեւնույն է, Իլյան չէր համաձայնում՝ ասելով, որ այդպես ծախսերը կրկնապատկվելու են:  Ամեն ինչ փոխվեց, երբ Նելլին հղիացավ: Նա չգիտեր՝ ինչպես հայտնել ծնողներին, որ երեխայի է սպասում մի տղամարդուց, ով ամուսնացած է եւ ավելին՝ Ադրբեջանից է: Ի զարմանս Նելլիի, Իլյան լուրը, ի տարբերություն իր եղբայրների, ընդունեց ուրախությամբ, խոստացավ ընդունել հայրությունը. միակ խնդիրն այն էր, որ Իլյան չէր ցանկանում ամուսնալուծվել՝ ասելով, որ իրեն ավելորդ խնդիրներ պետք չեն, միաժամանակ նա համարում էր, որ իր կինը հենց Նելլին է: Հասկանալով, որ այլեւս ոչինչ թաքցնելու իմաստ չկա, Նելլին ամեն ինչ պատմեց ծնողներին. «Մայրս համեմատաբար ավելի նորմալ ընդունեց, հնարավոր է դա նրանից է, որ մայրս կիսով չափ ուկրաինուհի է, իսկ հայրս շարունակ կրկնում էր, որ ամբողջ Ստեփանակերտով խայտառակ եղանք, կատարվածի մեջ մեղադրում էր իրեն, իսկ զրույցի վերջում ասաց, որ երբ գնամ իրենց այցելության՝ բոլորին ասեմ, որ ամուսնացել եմ ռուս տղամարդու հետ, հակառակ դեպքում ինքը չի կարող մարդկանց աչքերի մեջ նայել»:
Երեխայի ծնվելուց հետո էլ Իլյայի եղբայրների վերաբերմունքը չփոխվեց, նրանք շարունակում էին Նելլիին որպես թշնամի ընդունել, իսկ նոր վեճի առիթ էր դարձել երեխայի թլպատման հարցը. «Թեեւ գիտակցում էի, որ մահմեդական օրենքների համաձայն՝ բոլոր տղա երեխաներին պետք է թլպատեն, բայց, միեւնույն է, որպես քրիստոնյա դա ինձ համար անընդունելի էր, սակայն նրանք հաղթեցին…»: Երեխայի թլպատումից հետո Իլյան, ի վերջո, տեղի տվեց եւ նրանք տեղափոխվեցին մեկ այլ բնակարան. «Ընդհանուր առմամբ հիմա իմ եւ Իլյայի եղբայրների միջեւ տեղի ունեցող ազգային բախումները դադարել են, Իլյան թեեւ չի ամուսնալուծվել, բայց զգում եմ, որ ինձ շատ է սիրում, իսկ երբ գնում եմ ծնողներիս այցի, որդուս իրական ծննդյան վկայականի փոխարեն ներկայացնում եմ մեկ այլ ծննդական, որտեղ ես ձեւակերպված եմ որպես միայնակ մայր, հակառակ դեպքում իմ մուտքը Արցախ՝ արգելված կլինի: Բնականաբար, քաղաքում որոշակի բամբասանքներ ծնողներս լսում են, սակայն քանի դեռ ապացույցներ չկան, որեւէ մեկը ինձ չի մեղադրում: Հայրս էլ որդուս շատ է սիրում, թեեւ զգում եմ, որ հոգու խորքում չի կարողանում ներել իրեն՝ ինձ մենակ արտերկիր ուղարկելու համար, իսկ ես էլ իմ հերթին ինձ չեմ կարողանում ներել, որովհետեւ լինելով քրիստոնյա՝ ես մեծացնում եմ ապագա մահմեդականի, չգիտեմ, Աստված այդ մեղքիս համար կների՞ ինձ, թե՞ ոչ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել