Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՄԻՐԱՄԻ ԲԱՐԴՈՒՅԹ

Մարտ 03,2010 00:00

Կամ իգական կաննիբալիզմ

Ըստ Վին-Էդվարդսի տեսության, կենդանական յուրաքանչյուր տեսակ ձգտում է վերարտադրել իրեն այնպիսի քանակությամբ, որպեսզի լրիվ զբաղեցնի իր բնակատեղին՝ առանց գերբնակեցման: Համաձայնելով այս տեսության հետ՝ նկատենք, որ վերարտադրման գործընթացում եթե արուները նախ՝ կենսատարածքին տիրանալու, ապա՝ էգին բեղմնավորելու համար մեկը մյուսին անմիջականորեն վնասում են կամ խժռում, ապա էգերի մոտ, որպես օրինաչափություն, բացակայում է անմիջական ներսեռային պայքարը:

Սոցիալական կազմակերպվածության հոմեոստատիկ տեսությունը բացատրում է պոպուլյացիայի պահպանման մեխանիզմը, ըստ որի՝ կենդանիների սոցիալական կյանքի բոլոր ձեւերն առաջ են եկել որպես միջոցներ՝ իրենց տեսակի տեղաբաշխման խնդիրը լուծելու համար: Բնական է ենթադրել, որ մարդու՝ որպես կենսաբանական տեսակի, վարքում որոշակի իրավիճակներում դրսեւորվում են բնազդային հիմքով պայմանավորված ֆիզիկական եւ հոգեկան ագրեսիայի դեպքեր: Մարդկային ագրեսիվ վարքագիծը՝ պայմանավորված բազմացման գործոններով, մարդիկ նկարագրել ու քննարկել են անհիշելի ժամանակներում: Այդպիսով, նման իրադարձությունները, երեւույթները մտել են առասպելներ, հեքիաթներ, պատմվածքներ, դրամաներ եւ արտահայտվել մշակութային այլ դրսեւորումներում: Կին-երեխա-տղամարդ հարաբերությունները Հին աշխարհում արտացոլվել են Միջագետքում, Արարատում, Հին Եգիպտոսում, Հելլադայում: Որպես խնդրո առարկա կամ նախապատմություն, պահպանված ստեղծագործություններից կերպարների գունեղությամբ առանձնանում է հատկապես Ասորեստանի թագուհի Շամիրամի անվան հետ կապված առասպելը: Պետք է նշել, որ տվյալ կերպարը հավաքական է եւ սերտորեն առնչվում է սենաարցիների (շումերներ) եւ արարատցիների առասպելների ու պատմական դեպքերի հետ: Ըստ «Գիլգամեշ» էպոսի, Իշտար աստվածուհին սիրահարվում է իր ազգական Դումուզ (Թումուզ) գեղեցկատես երիտասարդին ու ամուսնանում նրա հետ: Հետո դավաճանում է Դումուզին եւ նրան ուղարկում հանդերձյալ աշխարհ: Հետագայում սկսում է սիրահետել Ուրուկ (Արեկ) քաղաքի թագավոր, մարդաստված Գիլգամեշին: Իր սերը մերժած Գիլգամեշին Իշտարը փորձում է սպանել տալ Էնկիդու անտառամարդու միջոցով: Մահափորձը չի ստացվում: Էնկիդուն ու Գիլգամեշը, տուրք տալով բանականությանը, եղբայրանում են: Իշտարը որոշում է երկուսին էլ սպանել: Այդ նպատակով հոր օգնությամբ Երկիր է ուղարկում Երկնային ցուլին: Եղբայրները սպանում են ցուլին, սակայն ծանր վիրավորված Էնկիդուն զոհվում է: Գիլգամեշը որոշում է ոչ թե վրեժխնդիր լինել Իշտարից, այլ հաղորդակցվել նախնիների իմաստնությանն ու Նոյ-Ուտնափիշտիմից իմանալ անմահության գաղտնիքը: Հետագայում Նինվեում Իշտարը նույնացվեց գեղեցկուհի Շամիրամի հետ: Շամիրամն ամուսնանում է Նինվեի արքա Նինոսի հետ եւ որդի ունենում: Նրան կոչում են Նինուաս: Շամիրամը սպանում է ամուսնուն եւ տիրանում գահին: Որդին հեռանում է տնից, Շամիրամը սիրո եւ ամուսնության առաջարկ է անում Հայոց Արա Գեղեցիկ արքային: Արան Շամիրամին հայտնում է, որ ինքը չի դավաճանի կնոջն ու մերժում է առաջարկը: Մերժված Շամիրամը որոշում է բռնությամբ տիրանալ Արային եւ արշավում է Հայաստան: Նախնիների բարքերն ու իր ընտանիքը պաշտպանող Արա Գեղեցիկը ճակատամարտում զոհվում է: Շամիրամը փորձում է կենդանացնել Արա Գեղեցիկի դիակը, որպեսզի բավարարի իր մարմնական ցանկությունը: Նինվեում ապստամբում է ու գահին տիրանում Նինուասը: Իսկ հարազատ որդուց հալածվող Շամիրամը վերածվում է աղավնու, համբարձվում երկինք, դառնում աստվածուհի: Այս առասպելում առկա է կնոջ կողմից տղամարդու ոչնչացմանն ուղղված ցանկություն եւ իրականացման փորձ:

Շարունակելի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել