Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Մարտ 06,2010 00:00

\"a\"

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ առաջին

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԹՌԻՉՔՆԵՐ

Ես միանգամայն պատահաբար անդրադարձա իմ կյանքի մոսկովյան օրերին, եւ, եթե հիշում եք, էդ անդրադարձիս առիթը խումհար երեւույթն ու մասնավորապես Հրանտ Մաթեւոսյանի «Խումհար» վեպն էին, եւ մոսկովյան օրերիս էսպես պատահականորեն ու էսպես հպանցիկ անդրադառնալով՝ որոշ բաներ հիշեցի ու պատմեցի, բայց հիշածս ու պատմածս ամենեւին էլ էն չէր՝ ինչն ինձնից տարիներ շարունակ Հակոբյան Տիկոն է պահանջելով ակնկալում, եւ, իհարկե, մի օր անպայման իր պահանջն ու ակնկալիքը կփորձեմ կատարել, ընդ որում՝ միանգամայն հանգամանալից ու ամենայն մանրամասնությամբ, բայց մոսկովյան էդ ժամանակին պիտի աստիճանաբար հասնեմ՝ ինչպես որ կյանքում աստիճանաբար էդ օրերին ու էդ ժամանակին հասա, իսկ աստիճանաբար հասնելուց առաջ նախ պիտի աստիճանաբար հետ գնամ ու «Ծիծեռնակի» իմ առաջին օրերից սկսելով՝ բնականորեն ու աստիճանաբար հասնեմ մոսկովյան էդ օրերին՝ ինչպես որ կյանքում աստիճանաբար ու բնականորեն էդ օրերին հասա, եւ որպեսզի մոսկովյան մեր էդ երկու տարիներին մի օր բոլորեքյան անդրադառնամ, հիմա պիտի ավարտին հասցնեմ առաջին մի քանի ամիսների պատկերն ու արձանագրեմ, որ մեր ուսումնառության չորրորդ ամսին արդեն ավարտվեց ալթայցի արձակագիր Ալեքսանդր Ռոդիոնովի միահեծան իշխանությունը Դոբրոլյուբովի մեր էդ հանրակացարանի յոթերորդ ու չորորդ հարկերում, եւ չնայած սպասվող նկարագրություններն ինձանից ահագին ժամանակ ու տարածություն կխլեն, հուսով եմ, ոչ դուք ու ոչ էլ մանավանդ ես առանձնապես շտապելու տեղեր չունենք, եւ նմանապես հուսով եմ, որ ավելի կարեւոր զբաղմունք էլ չունենք, քան՝ կարդալն ու մանավանդ հիշելը, եւ հիմա հիշելով պիտի հիշեմ ու ասեմ, որ չորրորդ հարկի Անդրյուշայի էդ սենյակում էդ իրիկուն ծայր առած մեր խոսակցությունն առանձնապես էական շարունակություն չունեցավ, եւ չնայած էդ երկար ու անկապ խոսակցությունն ընդհուպ գիշերվա մեկը տեւեց, այդուհանդերձ, որեւէ նոր բան որեւէ մեկս չասաց, եւ եթե նույնիսկ ասել ենք էլ, հիմա որեւէ էական բան չեմ հիշում, եւ հիմնականում էականն էն էր, որ էդ օրն ու մանավանդ էդ իրիկուն Դիման ու մանավանդ Կլիմը վերջնականապես էին ազատագրված ալթայցի արձակագիր Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Ռոդիոնովի լծից, եւ չնայած էդ օրվա ու էդ իրիկվա դրությամբ Անդրյուշան դեռեւս էդ լծի տակ էր, էդ օրն ու հատկապես էդ իրիկուն հատկապես Անդրյուշայի համար էր աշխարհը խարխլված ու փլուզված, եւ աշխարհի էդ ավերակների մեջ Անդրյուշան գլուխը լրիվ էր կորցրել, որովհետեւ իր համար էդ իրիկուն արդեն պարզից էլ պարզ էր, որ ալթայցի արձակագիր Ալեքսանդր Ռոդիոնովն այդուհետ ի վիճակի չէր լինելու էդ ավերակների վրա թագավորել, ու էդ իրիկուն Դիմային ու մանավանդ Կլիմին նայելով ու լսելով՝ Անդրյուշան աչքերին ու մանավանդ ականջներին չէր հավատում, եւ իսկապես հավատալու բան չէր, որովհետեւ օրեր ու ամիսներ Սոկոլովից սպասված հարվածը թիկունքից ու յուրայիններից էր հասցված, եւ չնայած էդ ամբողջ իրիկուն ու մինչեւ գիշերվա մեկը թիկունքից հասցվող էդ հարվածներն Անդրյուշան փորձում էր հետ մղել, դրանք չափազանց դիպուկ ու միանգամայն մահացու էին, ու ես դա միանգամայն հստակ էի տեսնում ու հասկանում ու ես էլ Անդրյուշայից պակաս զարմացած չէի, որովհետեւ դեռեւս սակավափորձ մարդ ու բանաստեղծ էի եւ չէի կարող կանխատեսել, որ աշնանային էդ ամենն էդպես էլ պիտի ավարտվեր, եւ մյուսներն էլ ի վիճակի չէին էդ ավարտը կանխագուշակել, եւ նմանապես չէինք կարող կանխագուշակել, որ ձմեռային արձակուրդից հետո ալթայցի արձակագիր Ալեքսանդր Ռոդիոնովը խմելը կթարգի ու կսկսի Սոկոլովի հետ ընկերություն անել, եւ նմանապես չէի կարող կանխագուշակել, որ ձմեռային արձակուրդից շատ չանցած՝ իմ ու Նինայի անսպասելիորեն սկսված հարաբերություններն անսպասելիորեն էլ կավարտվեն, ու էդ ամենին հենց հիմա պիտի անդրադառնամ, որովհետեւ մոսկովյան իմ երկու տարվա կյանքի էդ արարը՝ որ սկսել եմ, հեչ իմաստ չունի կիսատ թողնել, մանավանդ որ՝ էս պահին էդ իմաստով միանգամայն համապատասխան պայմանների մեջ եմ. ինչպես մի քանի անգամ արդեն պատահել է, էս անգամ էլ հերթական հատորս ավարտել ու նորն ահա սկսում եմ Ծաղկաձորի մեր ստեղծագործական տանը, եւ համապատասխան պայմաններ ասելով՝ նկատի ունեմ մեր էս ստեղծագործական տան ու Դոբրոլյուբովի մեր էն հանրակացարանի արտաքին որոշ նմանությունները, ավելի ճիշտ՝ ներքին որոշ նմանությունները, իսկ ավելի ստույգ՝ էն հանրակացարանի իմ էն սենյակի ու Ծաղկաձորի իմ էս սենյակի որոշ նմանությունը, գումարած՝ էնտեղի ու էստեղի միջանցքների նմանությունը, դրան էլ գումարած՝ տնից ու տնեցիներից հեռու գտնվելուս հանգամանքը, որովհետեւ եթե տնից ու տնեցիներից հեռու ես, հեչ նշանակություն չունի՝ քանի կիլոմետր ես հեռու. այսինքն, եթե տնից ու տնեցիներից հեռու ես, հեչ նշանակություն չունի՝ որտեղ ես գտնվում, եւ տարբերությունը ոչ թե տեղին ու տեղանքին է վերաբերում, այլ՝ ժամանակին, եւ ժամանակ ասելով էլ հիմնականում տարիքս նկատի ունեմ, որովհետեւ պատմությունն ու պատմությունները հիմնականում կրկնվում են, եւ մարդկային հարաբերություններն էլ են հիմնականում կրկնվում, եւ շարունակական էս կրկնությունների մեջ անկրկնելին ընդամենը մարդն է, ավելի ճիշտ՝ մարդու տարիքը, իսկ ավելի ճշգրիտ՝ անձամբ իմ տարիքը, եւ անձամբ իմ տարիքն էլ էնքանով է անկրկնելի, որ, ի տարբերություն առաջվա, ամեն ինչի ավարտին ընդհուպ մոտենալս որոշակիորեն եմ զգում, եւ շնչառությունս էլ անհամեմատ հանգիստ է, որովհետեւ առանձնապես շտապելու տեղ չունեմ եւ նույնիսկ տուն չեմ շտապում, որովհետեւ Ծաղկաձորի մեր էս ստեղծագործական տան պայմաններում Կլիմին, Անդրյուշային, Դիմային, Սանյային եւ նույնիսկ Սոկոլովին հիշելս առավել հեշտ ու բնական է ստացվում, եւ մանավանդ իմ ու Նինայի հարաբերությունների վերարտադրությունն է իրական ու բնական ստացվում, եւ հիմա վերստին Նինային ու ինձ հիշելով՝ պիտի ասեմ, որ երբ Անդրյուշայի ծնունդից վերադարձա Նինայի սենյակ, գիշերվա մեկի կողմերն էր, եւ Նինան քնած էր, բայց լույսը վառ էր, եւ չնայած Նինան մտնելս չտեսավ, դեմքին ժպիտ հայտնվեց, եւ չնայած խմիչքն էապես քչություն էր արել, գլուխս ահավոր ծանրացած էր, ու երեւի էդ է պատճառը, որ հիմա դժվարանում եմ հիշել՝ իմ ներս մտնելուց հետո՞ քնած գեղեցկուհու դեմքին ժպիտ հայտնվեց, թե՞ էդ անմոռանալի ժպիտը ներս մտնելուս պահին արդեն կար, եւ Նինայի ու իմ անձնական հարաբերությունների էդ միամսյակին էստեղ՝ Ծաղկաձորում միանգամայն ազատորեն ու հանգիստ խղճով եմ անդրադառնում ոչ միայն էն պատճառով, որ հիմա ու էստեղ էլ եմ տնից ու ընտանիքիցս հեռու, այլեւ էն պատճառով, որ կնոջս խոստացել ու խոստանում եմ էս վեպիս տարածքում անդրադառնալ միայն ու միայն արտամուսնական իմ էն հարաբերություններին, որոնք մեր ամուսնությունից շատ ու շատ առաջ են տեղի ունեցել, ու էդ առումով ասելիքս, հիշելիքս ու նկարագրելիքս ահագին է, որովհետեւ բավական ուշ՝ երեսունն անց եմ ամուսնացել, բայց կնոջիցս ստեղծագործական իրավունքն ու խոսքի ազատությունը գլխանց կորզելով՝ ես էլ իմ կողմից եմ որոշակի պարտավորություններ ու պարտականություններ ստանձնել, այն է՝ հետամուսնական արտամուսնական կապերիս ոչ միայն էս վեպիս մեջ չեմ անդրադառնում, այլեւ կյանքում ու իրականության մեջ էլ էդ տեսակ կապեր չեմ ունենում, ու հիմա էստեղ՝ Ծաղկաձորում էդ խոստումս ու պարտավորությունս հնարավորինս կատարելով՝ մտովի թռիչքներ եմ կատարում մերթ Դոբրոլյուբովի մեր էդ հանրակացարանի չորրորդ հարկ, մերթ Նինայի սենյակ, մերթ էլ մեր յոթերորդ հարկի միջանցք՝ մեր կուրսի ավագ Եմելյան Սոկոլովի սֆաթը քսանհինգ տարի անց վերստին տեսնելու, եւ էս մտովի ու մտավոր թռիչքներս էնքան սլացիկ ու վայրէջքներս էլ էնքան փափուկ են, որ հերթական թռիչքիս պահին, ահա, նույնիսկ մեր կուրսի ավագ Սոկոլովի անունը հիշեցի ու հիմա արդեն զարմանում եմ, որ մինչ էս պահը ոչ մի կերպ չէի կարողանում Սոկոլովի էդ Եմելյան անունը տեղը բերել, մանավանդ որ՝ հեչ սովորական անուն չուներ էդ, ինչպես տղերքն էին ասում, անասունը, ու հետաքրքիրն էն է, որ էս ամենը գրելիս էդ անասունի ազգանունն ու դիմագծերը շատ լավ էի հիշում, բայց անունը ոչ մի կերպ չէի կարողանում հիշել, մինչդեռ հիմա՝ էս ամենավերջին թռիչքիս պահին իր էդ Եմելյան անունն առանց որեւէ ճիգի մտաբերեցի, ու էս ասածս մի ավելորդ անգամ վկայում է, որ մարդկային ուղեղից ավելի հզոր բան բնության մեջ գոյություն չունի, եւ երբ մարդու միտքն ու ուղեղը լիցքավորվում ու ի գործ են մղվում, նույնիսկ ինքնաթիռներից ու արբանյակներից են արագընթաց, եւ եթե ինքնաթիռի ու արբանյակի շնորհիվ մահկանացուներս հիմնականում տարածություններ ենք հաղթահարում, մեր իսկ ուղեղի ու մտքի շնորհիվ ոչ միայն տարածությունն ենք հաղթահարում, այլեւ՝ ժամանակը, եւ դրա անառարկելի ապացույցը հատկապես էս վերջին թռիչքներս են, եւ ինքներդ եք վկա՝ ինչպիսի թեթեւությամբ եմ էս էլ որերորդ անգամ սլանում Մոսկվա ու քառորդ դար հետ եւ, որ ամենակարեւորն է, էս թռիչքներիս վրա առանձնապես ճիգ ու ջանք չեմ գործադրում, եւ հատկապես հիմա՝ էս պահին ճիգ ու ջանք չեմ գործադրում, որովհետեւ Ծաղկաձորի մեր էս ստեղծագործական տունն արտաքուստ ու մանավանդ ներքուստ ահագին նման է Դոբրոլյուբովի մեր էն հանրակացարանին՝ սենյակներով ու մանավանդ միջանցքներով եւ, որ ավելի կարեւոր է, նաեւ բովանդակությամբ. այսինքն, էստեղի բնակիչներն էլ են հիմնականում գրողներ, եւ չնայած Սոկոլովի պես վաղուց որեւէ բան չեն գրել, Սոկոլովի պես սրանք էլ էստեղ են հսկում՝ ով ճաշից, ընթրիքից ու մանավանդ նախաճաշից քանի րոպե ուշացավ, եւ եթե որեւէ գրող որեւէ հակառակ սեռի գրողի սենյակ է մտնում, էս աչալուրջ հսկիչները միջանցքում էնքան են ոտները կախ գցում՝ մինչեւ հակառակ սեռի գրողը հակառակ սեռի գրողի սենյակից դուրս գա, եւ եթե հակառակ սեռի ներկայացուցիչը հակառակ սեռի ներկայացուցչի սենյակում մի քիչ երկար է լռվում, միջանցքի էդ տարեց ու աչալուրջ հսկիչներն աչալրջությունը կորցնելով՝ հենց միջանցքի բազկաթոռին էլ դանթում մնում են, եւ երեկ գիշերվա կողմ մեջներիս ամենատարեցն էդպես դանթելով ու հավասարակշռությունը կորցնելով՝ շրմփացել էր հատակին, եւ շրմփոցի վրա տվյալ հարկի տնտեսուհին գրաֆինկայով ջուրը դատարկել էր ամենատարեցի գլխին, եւ երբ ձայների վրա սենյակիցս դուրս թռա ու տնտեսուհուն հարցրի՝ «ի՞նչ ա պատահել», տնտեսուհին դժգոհելով ականջիս շշնջաց՝ «էս քյոփակը փոխանակ իրա սենյակում քնի, ամեն օր էս միջանցքի բազկաթոռին ա քնում մնում», եւ տնտեսուհու զարմանքը միանգամայն հասկանալի ու բնական էր, որովհետեւ, չիմացողների համար ասեմ, իսկապես միջանցքի ճիշտ էդ բազկաթոռներից սենյակներում էլ կան՝ չհաշված մահճակալները, եւ չիմացողների համար նաեւ ասեմ, որ հաջորդ առավոտ՝ նախաճաշին ամենատարեցն արդեն իր մշտական ու հիմնական մարզավիճակում էր եւ ճաշարանում ինձ տեսնելով՝ ինձ իր մշտական հարցը տվեց՝ «էս խի՞ ես նախաճաշից ուշանում», եւ սրանց էս մշտական հարցերն ինձ համար առանձնապես վտանգ չեն պարունակում՝ ոչ միայն էն պատճառով, որ ստալինյան ժամանակները հիմնականում սրանց փտած ուղեղներում են շարունակվում, այլեւ ու հիմնականում էն պատճառով, որ էստեղ՝ Ծաղկաձորում էլ եմ խոստումս սրբորեն կատարում, այն է՝ անգամ մտովի կնոջս չեմ դավաճանում, ու էս պահին էլ խոստումս հնարավորինս կատարելով՝ հիմա ուզում եմ մտովի վերադառնալ Սոկոլովին ու հատկապես Նինային, եւ իրենց վերադառնալով՝ չեմ կարող չհիշել, որ երբ էդ գիշեր վերջնականապես լքեցի տղերքին ու մեր յոթերորդ հարկ բարձրացա, մեր հարկի միջանցքում ոչ ոք չկար, եւ չնայած Սոկոլովն էս ծաղկաձորյան հսկիչներից անհամեմատ ջահել էր, ինքն էլ մարդ էր ու ինքն էլ հոգնել ուներ, եւ մանավանդ Սանյայի բացակայության էդ օրերին էր շուտ քնում, եւ մեր հարկ բարձրանալով ու Սոկոլովին միջանցքում չտեսնելով՝ աճապարելով գրպանիցս հանեցի Նինայի բանալին եւ զգուշորեն ու անաղմուկ բացեցի Նինայի սենյակի դուռը, եւ քանի որ սենյակի լույսը վառ էր, քնած գեղեցկուհու դեմքի երջանիկ ժպիտը միանգամայն շողշողում էր սենյակի լույսի մեջ, եւ իր էդ անկրկնելի ժպիտը բավական երկար վայելելուց հետո անաղմուկ հանվեցի, լույսը հանգցրի ու պառկեցի իր կողքին, բայց երկար ժամանակ չէի կարողանում քնել, ու էդ ամբողջ ժամանակ ոչ միայն իմ ու Նինայի սկսված հարաբերությունների ու էդ հարաբերությունների հետագա զարգացումների մասին էի մտածում, այլեւ՝ Սանյայի բացակայության շնորհիվ առաջացած միանգամայն նոր ժամանակաշրջանի մասին, ու էդ ամենի մասին մտածելիս՝ Նինայի տաք շնչառությունն էի դեմքիս զգում, ու էդ ամբողջ ժամանակ նաեւ Սոկոլովի մասին էի մտածում, բայց Սոկոլովի ու Սանյայի մասին մտածելով՝ էդ գիշեր չէի էլ կարող ենթադրել, որ Բառնաուլից վերադառնալով՝ Սանյան հետայդու հիմնականում Սոկոլովի հետ է ընկերություն անելու, իսկ Դիմայի ու Կլիմի հետ կապերն ընդհանրապես ու կտրականապես է խզելու, եւ չնայած հետագայում էլ Սանյայի թշնամյաց ցուցակում չհայտնվեցի, Բառնաուլից վերադառնալուց հետո ինքն իր մեքենագրած պատմվածքներն ինձ կարդալ չէր տալիս, այլ միայն Սոկոլովին՝ ոչ միայն էն պատճառով, որ Սոկոլովն արդեն իր հիմնական ու թերեւս միակ ընկերն էր, այլեւ ու առաջին հերթին էն պատճառով, որ Սոկոլովը մեր կուրսեցիներից միակն էր՝ ով միանգամայն սրտանց ու առանց վերապահումների էր հավանել «Լիտգազետայում» տպագրված Սանյայի պատմվածքը, ավելի ճիշտ՝ Սոկոլովն էդ պատմվածքը ոչ թե պարզապես հավանել էր, այլ հիացած էր էդ պատմվածքով եւ իր հիացմունքն ամեն տեղ էր արտահայտում, եւ հիմա, երբ էդ օրերը հիշելով՝ ավելի ու ավելի եմ խորանում էդ օրերի մեջ, սկսում եմ նաեւ հասկանալ, որ Սոկոլովի ու Սանյայի ընկերությունն անձամբ իմ շնորհիվ ծայր առավ ու սկսվեց, որովհետեւ երբ ձմեռային արձակուրդից հետո Երեւանից Մոսկվա վերադարձա, Սանյան արդեն Բառնաուլից վերադարձել էր ու առաջինն ինձանից իմացավ, որ «Լիտգազետայի» իր էդ պատմվածքը Սոկոլովը չափազանց է հավանել, եւ մի քանի օր անց իրենք արդեն անբաժան ընկերներ էին, իսկ մինչ այդ՝ նախքան Սանյայի վերադառնալն ու նախքան Երեւան մեկնելս, Կլիմն ու Դիման ամեն օր իրար հետ էին խմում՝ առանց Անդրյուշայի, եւ ես էլ մի անգամ իրենց ընկերակցեցի, բայց դրանից հետո այլեւս չհրավիրվեցի, որովհետեւ Սանյայի պատմվածքի թեմայով առանձնապես ակտիվություն չէի դրսեւորել, ու էդ նույն պատճառով Անդրյուշան էլ չէր կարող իրենց կողքին լինել, եւ հետաքրքիրն էն էր, որ էդ ամենից հետո Անդրյուշան ընդհանրապես մեկուսացավ, որովհետեւ իր տեղը նաեւ Սանյայի ու Սոկոլովի կողքին չգտավ եւ ցանկության դեպքում էլ չէր կարող գտնել, որովհետեւ Անդրյուշայի համար Սանյայի ու Սոկոլովի անակնկալ մտերմությունն ավելի անհեթեթ էր, քան նույնիսկ՝ Կլիմի ու Դիմայի դավադիր ու նորացված մտերմությունը, եւ չնայած Անդրյուշայի հետ երբեւէ էդ թեմայով չխոսեցի, ամեն իրեն տեսնելիս՝ էս ասածս իր լուսավոր դեմքին հստակորեն գրվում էր, ու էդ ամենը համարյա միաժամանակ էր կատարվում ու տեղի ունենում. այսինքն, իմ ու Նինայի սկսված ու շարունակվող հարաբերությունները, Սանյայի ու Սոկոլովի անակնկալ մտերմությունը, Կլիմի ու Դիմայի նորացված ընկերությունն ու Անդրյուշայի լիակատար ու թախծոտ ինքնամեկուսացումը կատարվում ու տեղի էին ունենում միեւնույն տարածության ու ժամանակի մեջ, ու երեւի էդ է պատճառը, որ հիմա էդ ամենն էսքան համախառն ու էսքան տարերայնորեն եմ հիշում, ու նաեւ հիշում եմ, որ էդ գիշեր Նինայի կողքին պառկած՝ էս նույն բաների մասին էի մտածում, եւ չնայած էդ պահի դրությամբ էս պատմածներիս ընդամենը մի մասն էր եղել ու տեղի ունեցել, այդուհանդերձ, մթության մեջ դժվարանում էի եղածը հասկանալ, եւ չնայած ժամանակ առ ժամանակ Նինային արթնացնելու ու միասին հասկանալու ցանկություն էի ունենում, ինձ զսպում էի, որովհետեւ հասկանում էի, որ իր վիճակն իմինից անհամեմատ բարդ է. ես, բնականաբար, էդ ամենից հետո՝ առավոտյան դասի չէի գնալու, մինչդեռ ինքն առավոտ շուտ պարտավոր էր աշխատանքի ներկայանալ, եւ, հիշում եմ, կոպերս սկսեցին ծանրանալ՝ երբ լուսամուտից լուսաբացն արդեն նշմարվում էր, եւ կոպերիս ծանրանալն ու Նինայի զարթնելը միաժամանակ եղան, եւ Նինան զարթնելով ու աչքերը ճպճպացնելով հարցրեց՝ «էս նոր ե՞ս քնում», եւ ես աչքերս դժվարությամբ բաց պահելով պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Նինան հարցրեց՝ «էս նոր ե՞ս էկել», եւ ես ասացի՝ «շուտ եմ էկել, բայց նոր էի քնում», եւ Նինան ժպտալով հարցրեց՝ «քունդ չէր տանո՞ւմ», եւ ես ասացի՝ «սաղ գիշեր աչք չեմ կպցրել», եւ Նինան ժպտալով հարցրեց՝ «բա ի՞նչ էիր անում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «մտածում էի», եւ Նինան ժպտալով հարցրեց՝ «ինչի՞ մասին էիր մտածում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «ամեն ինչի», եւ Նինան ժպտալով ասաց՝ «կարթնացնեիր՝ միասին կմտածեինք», եւ ես ասացի՝ «մտածեցի՝ առավոտ շուտ աշխատանքի ես» եւ ժպտալով ավելացրի՝ «մտածեցի՝ թող քնի հանգստանա», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ճիշտ ես մտածել» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որ ուզում ես՝ կարողանում ես մտածել», եւ ես ծիծաղելով ասացի՝ «մթության մեջ լավ ա ստացվում», եւ Նինան ժամացույցին նայելով ասաց՝ «դե վեր կաց՝ գնանք», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞ւր գնանք», եւ Նինան ասաց՝ «ես՝ աշխատանքի, դու՝ դասի», եւ ես ժպտալով ասացի՝ «շատ էգոիստն ես», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ աշխարհն էլ շուռ գա, պիտի աշխատանքի գնամ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էս տարիուկեսվա մեջ ոչ մի անգամ աշխատանքից բացակայած չկամ», եւ ես ժպտալով ասացի՝ «անպայման կգնաս», եւ Նինան հարցրեց՝ «բա դո՞ւ», եւ ես ասացի՝ «ես մնամ՝ մի քիչ քնեմ», եւ Նինան հարցրեց՝ «էստեղ ե՞ս քնելու, թե՞ քո սենյակում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ոնց ասես», եւ Նինան մի քիչ մտածեց ու ասաց՝ «զապաս բանալի ունեմ. մեկը հետս կվերցնեմ, մյուսը կմնա քեզ մոտ», եւ ես ժպտալով հարցրի՝ «մնա՞մ», եւ Նինան ժպտալով ասաց՝ «դու ես որոշողը» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էս օջախի գլուխը դու ես», եւ ես ծիծաղելով ասացի՝ «էս օջախի գլուխը շատ ուժեղ ցավում ա», եւ Նինան գլուխս շոյելով ժպտաց ու ասաց՝ «կքնես՝ գլխացավդ կանցնի» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «հո չե՞ս նեղանում», եւ ես զարմացած հարցրի՝ «ինչի՞ց պիտի նեղանամ», եւ Նինան ժպտալով ասաց՝ «որ չեմ մնում՝ քեզ բուժեմ», եւ ես ասացի՝ «տարիուկես աշխատանքից բացակայած չկաս», եւ Նինան ժպտալով ասաց՝ «մի անգամ որ բացակայեմ՝ ձեր ինստիտուտը չի քանդվի», եւ ես ասացի՝ «քո ինստիտուտն ա. էս ինստիտուտն ավարտել ես, հիմի էլ աշխատում ես», եւ Նինան մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «թույլ տալիս ե՞ս գնամ», եւ ես ասացի՝ «չեմ ուզում իմ պատճառով աշխատանքային կենսագրությունդ փչանա», եւ Նինան գլուխս շոյելով ժպտաց ու ասաց՝ «քո թույլտվությամբ, տեր իմ», եւ ես ասացի՝ «Սոկոլովը հաստատ մեր հաշվով գլխի ա ընկել», եւ Նինան ժպտալով ասաց՝ «դրա համար առանձնապես մեծ խելք հարկավոր չի», եւ ես ասացի՝ «մի գլուխ նամյոկներ էր անում», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես էլ Սոկոլովի տեղը լինեի՝ գլխի կընկնեի», եւ ես զարմացած հարցրի՝ «ինչի՞ց պիտի գլխի ընկնեիր», եւ Նինան գլուխս շոյելով ու ժպտալով ասաց՝ «դեմքիդ ամեն ինչ գրված ա», եւ ես հարցրի՝ «ի՞նչ ա գրված», եւ Նինան ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «երջանկություն», եւ ես ժպտալով ասացի՝ «ինձ թվում ա՝ ուրիշ բան ա գրված», եւ Նինան զարմացած հարցրեց՝ «ի՞նչ ա գրված», եւ ես ծիծաղելով պատասխանեցի ու ասացի՝ «անքնություն», եւ Նինան նեղացած հարցրեց՝ «այսինքն, երջանիկ չե՞ս», եւ ես ժպտալով ասացի՝ «երջանիկ եմ, բայց՝ անքուն», եւ Նինան ինձ համբուրելով՝ վեր թռավ, նստեց մահճակալին ու ասաց՝ «կքնես՝ կհանգստանաս» եւ ժպտալով ավելացրեց՝ «անկողինս քո տրամադրության տակ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «բայց հանկարծ ուրիշ մարդ չբերես», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ ուրիշ մարդ», եւ Նինան ժպտալով ասաց՝ «ուզում էի ասել՝ ուրիշ աղջիկ», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ ուրիշ աղջիկ», եւ Նինան ժպտալով ասաց՝ «ուզում էի ասել՝ ուրիշ կին», եւ ես նեղացած ասացի՝ «ինձ ո՞ւմ տեղն ես դրել», եւ Նինան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ինչքան չլինի՝ կովկասցի ես», եւ ես նեղացած հարցրի՝ «քանի՞ հատ կովկասցի ա էս անկողինդ մտել», եւ Նինան շալվարը հագնելով հարցրեց՝ «էդ արդեն անկետա ե՞ս լրացնում», եւ ես ասացի՝ «ընդամենը հարցնում եմ», եւ Նինան մի քիչ մտածեց ու լրջանալով ասաց՝ «ընդամենը վիրավորում ես», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «դու էլ ինձ ես վիրավորում», եւ Նինան բլուզը հագնելով ասաց՝ «ես կատակ էի անում», եւ ես ասացի՝ «ես էլ եմ կատակ անում», եւ Նինան մի քիչ մտածեց ու ինձ համբուրելով ասաց՝ «ես որ քեզանից չեմ նեղանում, դու էլ ինձանից չպիտի նեղանաս», եւ ես իր բլուզը հանելով ասացի՝ «դու որ չնեղանաս, ես էլ չեմ նեղանա», եւ Նինան ժպտալով հարցրեց՝ «բայց բլո՞ւզս ինչի ես հանում», եւ ես ժպտալով ասացի՝ «լույսով իրար կարգին չենք տեսել», եւ Նինան ժամացույցին նայելով ասաց՝ «արդեն ութի կեսն ա» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով հարցրեց՝ «ուզում ես աշխատանքային կենսագրությունս փչացնե՞ս»։

Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել