Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՛Չ՝ ԱՄԲՈԽԱՀԱՃՈՒԹՅԱՆ ՄՈՒՐՃԻՆ

Մարտ 31,2010 00:00

\"\"Բոլոր մայրաքաղաքները բովանդակային համապատասխանության մեջ են իրենց պետականությունների հետ: Ներկա սերնդին է տրված Հայաստանի պետության համար ընտրելու՝ անկա՞խ պետականության բովանդակություն, թե՞ գաղութի կամ ծայրագավառի: Ազատ եւ ինքնիշխան պետության մայրաքաղաքը պետք է նպաստի դրական սելեկցիային, ո՛չ՝ բացասական: Ժողովուրդների բազմությունների համար կա սուրբ Երուսաղեմ, կա երազների Հռոմ, բայց կա նաեւ Բաբելոն՝ «մայր երկրի պոռնիկների եւ գարշելիների» (Յայտնութիւն, 17): Չեմ ուզում, որ իմ մայրաքաղաքը, այսինքն՝ ողջ պետությունը դառնա նոր Բաբելոն, ուր «բոլշենստվոյի»՝ մեծամասնության ռաբիսը կկլլի շարականներից մինչեւ Արմենակ Շահմուրադյան, ուր որքան տգեղ, որքան տգետ՝ այնքան լավ սկզբունքը կիշխի, ուր երկիրը կգնա դեպի աղետ՝ էկոլոգիական, կրթական, քաղաքակրթական, ուր արեւելյան ընդարմության խորքում կխմորվի մի նոր գենոցիդ՝ լինի դա Դեր-Զորում կամ Սիբիրում, ուր ամբոխահաճությամբ եւ մեծամասնականությամբ ազատ կարձակվի ավազակ Բարաբան եւ կխաչվի Աստվածորդին, ազատ կարձակվեն «թիֆլիսցի նեղճակատ կինտոյի» կենդանական բնազդները, իսկ «հերոս» Գայի ձեռքով կգնդակահարվի ռուս մտավորականության եւ հոգեւորականության ծաղիկը:

Հնարավոր չէ, որ լինի կենսունակ, ազատ, մարդկային պետություն եւ չճանաչի ու չհարգի կենսունակության, ազատության, մարդկայնության գլխավոր ցուցիչներից մեկը՝ սեփականության իրավունքը: Միայն մեծամասնականները կարող են գյուղացուց ապօրինաբար խլել հողը, հավատացյալից՝ եկեղեցին, ազգից՝ հայրենիքը: Միայն մեծամասնականները կարող են զոռբայաբար խլվածը զոռբայաբար չվերադարձնել, պաշտպանել ոչ թե սեփականության, այլ խլելու իրավունքը: Հայաստանն այսօր այդ ճամփաբաժնին է՝ ընտրել բոլշեւիկյան ժառանգությունը՝ խլելը, գնդակահարելը, ռաբիսը, կամ ընտրել ազատությունը, մարդու իրավունքները, քաղաքակրթությունն ու օրինականությունը: Թվում է, թե այս ամենը պարզ եւ կրկնելու համար անհարմար ճշմարտություններ են, բայց երբ առարկայական կիրառման պահն է գալիս, ազատությունից, ժողովրդավարությունից, մարդու իրավունքներից, Կոմիտասից, ազգայինից օրնիբուն խոսելով՝ Հայաստանում շատերը դառնում են ամենամոլի ավտորիտարներ, զոռբաներ, արեւելցիներ, ռաբիսներ, թալանի պաշտպան ենիչերի բոլշեւիկներ, լավագույն դեպքում՝ ոչինչ չհասկացած ու չհասկացող ամբոխ:

Այդպիսի մի առարկայացման օրինակ է «Մոսկվա» կինոթատրոնի տեղում Պողոս-Պետրոս եկեղեցին վերականգնելու շահարկվող հարցը: Մի կողմից՝ արդեն իսկ նվաճում է, որ հասարակության մեջ քննարկում կա, սակայն մյուս կողմից էլ՝ ցավալի է, որ քննարկումը կատարվում է ոչ թե քաղաքացիական արժեքների հենքի վրա, այլ ապաքաղաքացիական: Բոլորն են ընդունում, որ բոլշեւիկներն ապօրինաբար են քանդել տաճարը, բայց այսօր դարձյալ մեծամասնությունը համաձայն չէ, որ ապօրինությունը վերացվի: Հայտնվել է սեփականատերը (տվյալ դեպքում, Հայ եկեղեցին եւ նրա հետեւորդների մի հատվածը) եւ պահանջում է իր սեփականությունը, անգամ պատրաստ է վճարել իրենից ապօրինաբար խլվածի մի մասը՝ հողատարածքը ետ ստանալու դիմաց: Մյուս կողմից՝ հասարակության մեծ հատվածն ասում է, թե ինքը ֆիլմեր է ուզում նայել հենց այդտեղ, քանի որ արդեն մի քանի տասնամյակ դրան է վարժվել: Արդյո՞ք սա նույնական չէ այն իրողության հետ, երբ բարաթը ձեռքներիս ասում ենք՝ Արեւմտյան Հայաստանում 1915-1923 թթ. ավերվել են մեր տները, լուծում տվեք այս հարցին: Մեր տները քանդողներն ու այնտեղ ապրողները պնդում են, թե արդեն մի քանի տասնամյակ վարժվել են այնտեղ ապրելուն եւ վերադարձնելու կամ համարժեք փոխհատուցում տալու ցանկություն չունեն: Այսօր հենց նույն՝ թուրքական պատասխանի պե՞ս է պետք վարվել Պողոս-Պետրոսի նախկին սեփականատիրոջ հետ: Մինչդեռ քաղաքակիրթ աշխարհում այդ հարցն այլ կերպ կդրվեր. օրինակները բազմաթիվ են: Կաթոլիկ եկեղեցին ներողություն խնդրեց ինկվիզիցիայի ժամանակ կատարվածի համար, ներողություն խնդրեց ուղղափառ եկեղեցուց եւ պատրաստակամություն հայտնեց փոխհատուցելու, միայն թե տուժյալների օրինական ժառանգները դիմեն: Հռոմը խորհրդանշական գումարով փոխհատուցեց Կարթագենի կործանման համար, թեեւ ուղղակի ժառանգորդներ՝ կարթագենցիներ չկան այսօր:

Խնդիրն ամենեւին այն չէ, որ «Մոսկվա» կինոթատրոնը քանդվի եւ հենց նույն տեղում վերականգնվի տաճարը: Խնդիրը հայկական գիտակցության մեջ է, որով զլանում են ճանաչել սեփականատիրոջ իրավունքը, ինչը սրբազան է համարվում այն քաղաքակիրթ աշխարհի արժեհամակարգում, որի մաս է ձգտում դառնալ Հայաստանը: Խնդիրն այն է, որ արդարամիտ չենք, թեեւ մեր հանդեպ հենց այդ սկզբունքի կիրառումն ենք ակնկալում աշխարհից: Հայաստանի պետությունը, որն իրեն հռչակել է Հայկական ԽՍՀ-ի իրավահաջորդ, պարտավոր է ներողություն խնդրել Հայ եկեղեցուց (ինչպես նաեւ բոլոր անիրավվածներից կամ նրանց ժառանգներից) եւ փոխհատուցել նրան պատճառած վնասը: Այլ բան է, որ այդ փոխհատուցումը, ելնելով բացառապես հանրային շահի գերակայության անխախտելիությունից (ի դեպ, դա արեւմտյան աշխարհում գործում է դեռեւս Վերածննդի քաղաքացիական հումանիզմի ժամանակներից), կարող է համարժեք այլ վայր առաջարկել: Իսկ այլ վայրը որոշողները չեն կարող լինել իրենց կոմունիստական անցյալի կարոտախտից նվաղող առմյաշկաները, ֆորպոստային պնակալեզները, ապոլիտիկ պոլիտիկանները: Բացառված չէ, որ պետությունը գտնի, թե հանրային գերակա շահը պահանջում է, որ մեծամասնականներն իրենց «Նվագախմբի տղաներն» ու «Զանգեզուրը» դիտեն այլ վայրում: Եթե Հայաստանի պետությունը չառաջնորդվի այս տրամաբանությամբ, ապա կկորցնի ոչ միայն բարոյական իրավունքը Հայոց ցեղասպանության մասին բառ անգամ արտասանելուց, այլեւ ինքն իրեն կդատապարտի ամեն իշխանափոխությունից հետո սեփականության վերաբաշխման առջեւ կանգնելու, այսինքն՝ տնտեսությունը կազմալուծելու ու երկրի զարգացումը հերթական անգամ զրոյից սկսելու: Այդպես Հայաստանն աշխարհում ոչ մի գործընկեր չի ունենա, քանի որ ողջամիտ ոչ մի երկիր, ոչ մի ներդրող անհատ չի վստահի սեփական սեփականատիրոջը թալանողին:

Անշուշտ, հանրային գիտակցության մեջ առկա է հետեւյալ մոտեցումը՝ եղածը եղած է, ինչ-որ կետից պետք է սկսել նորից, այսինքն՝ որոշակի պահից սկսած համաներում կիրառել: Այդ դեպքում աղմկարարները պարտավոր են լինելու ընդունել, թե բացարձակ արդարություն է նաեւ, երբ նույն բանն ասում եւ անում է Թուրքիան մեր ցեղասպանության, մեր տարածքները մեծամասնականների՝ բոլշեւիկների հետ օկուպացնելու հետ կապված: Այսպես կկորսվի կամ կայլանդակվի արդարության զգացումը, որն ազգային անհրաժեշտություն լինելուց առաջ՝ նաեւ պետության որակի եւ անվտանգության խնդիր է: Այդպիսի պետություններից քաղաքացիները հեռանում են՝ արդարությունն այլ ափերում փնտրելու համար:

Հայաստանն այսօր քրիստոնեական քաղաքակրթության հարավ-արեւելյան սահմանն է, որից այն կողմ սկսվում է մեկ ուրիշ աշխարհ: Դրա գիտակցումն անհրաժեշտ է ունենալ, այլպես Հայաստանը կդիտվի ոչ թե առաջավոր քաղաքակրթության, այլ կոնկրետ պետությունների համար ֆորպոստ: Հայաստանի քաղաքացին եւ նրա մայրաքաղաք այցելած ցանկացած հյուր առավոտյան արթնանալիս պետք է գիտակցի, որ արթնացել է մի երկրում, որն իր սեփական եւ շատ կարեւոր գույնն ունի: 1988-ից հետո կարծել էի, թե տաճարներ ավերողները հստակ գիտակցել են, որ պարտվել են, եւ իրենց պարտությունը թյուրիմացության արդյունք չէ: Ինքս ներքուստ ներել էի նրանց չարագործությունները: Մինչդեռ հիմա պարզվում է, որ դրանք ընդամենը ծպտվել էին եւ հարմար պահի էին սպասում: Մշակույթի պաշտպանների անվան տակ հանդես եկողների վերջերս հրապարակված ցուցակը ծպտվածների ցուցակ է: Եվ այսօր դատելու են ելել պարտվածները. եւ իրենց դրոշի վրայի մուրճը փոխարինել են ազգի դատավորի մուրճով, եւ այդ մուրճի անունն է ամբոխահաճություն: Նրանք հստակ գիտակցում են, քանի կան իրենց բոլշեւիկյան սիմվոլները, իրենք չեն կորցնում հնարավորությունը ազգային հերոսներին ծաղրող ու մերժող ֆիլմեր նկարելու, չեն կորցնում հնարավորությունը մարդկության առաջավոր նվաճումները խցկել «Արգելված է» գլավլիտային կացնի տակ: Եվ եթե այսօր նորից են «բուլիժնիկները» վերցրել եւ հարձակման պատրաստվել ավերված ու սպանված տաճարի վրա՝ 70-ամյա դիակապտությունը վերսկսելու համար, ապա թող իմանան, որ մեկ անգամ եւս «բուլիժնիկը» ձեռքիս պատրաստ եմ պատասխան տալու, պաշտպանելու պետությանս ինքնությունն ու ինքնիշխանությունը, քաղաքակիրթ ընտանիքի մաս կազմելու թանկ գնով նվաճված իրավունքը՝ մեծամասնական տաճարավերողներից, նրանց լամուկներից եւ զազրելի քարոզչության սարդոստայնում թյուրիմացաբար հայտնվածներից:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել