Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԵՐՔԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 24,2010 00:00

Կապանցի Կարինե Աթոյանը իշխանություններին կոչ է անում աշխատել, բոլորին՝ արթնանալ

Հայոց ցեղասպանությունից 95 տարի անց էլ անգամ չի մարել ցավը: Ապրիլի 24-ին՝ Մեծ եղեռնի 95-րդ տարելիցի օրը, ինչպես ողջ հանրապետությունում, այնպես էլ Սյունիքի մարզկենտրոն Կապանում միջոցառումներ են կազմակերպվելու: Շատ երկրներ են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց դեռեւս անելիքներ շատ կան: Կապանցի հաշմանդամ Կարինե Աթոյանին, բացի այդ ուղղությամբ ընթացող աշխատանքներից, այլ հարց է շատ հուզում: Խնդիր, որ Կարինեն «ներքին ցեղասպանություն» է անվանում: «Մեր ազգային արժեքները, մեր լավ սովորույթները, մեր հայեցի դաստիարակությունը, պատվախնդրությունը, ինքնասիրությունը, հոգեբանությունը գնալով մարում ու սպանվում են, հօդս են ցնդում: Գյուղերը, քաղաքները դատարկվել եւ շարունակում են դատարկվել, ամենուր փակ դռներ, մարդիկ ապրուստը հոգալու, աշխատանք փնտրելու նպատակով լքում են Հայաստանը: Հայաստանից հոսքը դեպի արտերկրներ՝ չի դադարում: Այսպես որ շարունակվի՝ Հայաստանը կմնա առանց հայի: Այդ դեպքում Հայաստան կմնա՞, մի՞թե դա ցեղասպանություն չէ, մեր ներսում իրոք ցեղասպանություն է կատարվում: Ինչո՞ւ չեն դրա մասին մտածում, այս կարեւորագույն հարցը անտեսվում է, ոչ ոք ընդհանուրի մասին չի մտածում, ամեն մեկն իր սեփական «ես»-ի մասին է մտածում, իր գրպանի պարունակության, որ մի քանի դրամ ունենա ու իրեն բարձր խավի մարդ համարեն, արիստոկրատի տեղ դնեն: Բոլորի ուղեղները թմրել է, ոչ մեկը չի մտածում հայրենիքի մասին, ասում են՝ հայրենիքս ո՞րն է, որտեղ լավ է՝ դա է մեր հայրենիքը: Մարդիկ անբանացել են, նախկինի պես ձգտում չկա, կարծես ինչ-որ մի բան սառեցրել ու բթացրել է նրանց ուղեղները, իսկ նախկինում առանց նամուսի, առանց խղճի եւ առանց մրցակցության չէր լինում: Հիմա մրցույթը վերածվել է իրար կոխկրտելու, իրար գետնին գցելով հաջողության հասնելու «մրցավազքի»: Սա ցեղասպանություն չի՞»,- իր մտահոգությունն է կիսում Կարինե Աթոյանը:
Ըստ Կարինեի՝ պետք է քայլեր ձեռնարկել այս, մեղմ ասած, արատավոր երեւույթների դեմն առնելու համար. մարդկանց աշխատանք տալ, կանգնեցնել արտագաղթը, ԶԼՄ-ներով հեռարձակել ու տպագրել դաստիարակչական ու կրթող հաղորդումներ, հոդվածներ: Կարինե Աթոյանին հատկապես մտահոգում է երիտասարդությունը, երիտասարդների մեջ իշխող ալարկոտությունն ու անբանությունը: «Արդյո՞ք անգործությունից, անբանությունից չէ, որ այսօր թմրամոլների թիվը երիտասարդության շրջանում աճում է, նրանք արդեն անպիտան են դառնում շատ հարցերում, արդյո՞ք նրանցից նորմալ ու լավ սերունդ կծնվի: Նման բանի կարելի՞ է սպասել, իհարկե՝ ոչ: Իսկ մի՞թե դա ցեղասպանություն չէ, որ գիտենք՝ ինչ սերունդ է մեզ փոխարինելու: Չեմ ասում բոլորը վատն են, լավերն էլ կան, բայց ոչ մեկն ընդհանուրի մասին չի մտահոգվում, ցավը, հոգսը ուրիշի նկատմամբ, ուշադրությունը կարծես վերացել են, մարդկային հատկանիշները շատ են փոխվել, մեկը մյուսի հաջողությունով ուրախանալու փոխարեն՝ տխրում է: Նախկինում ծերանոց չկար Կապանում եւ հպարտ էինք այդ փաստով՝ մեր ծնողների հոգսը հաճույքով էինք հոգում: Իսկ այսօր՝ ծերանոց ստեղծվելու օրից այնտեղ հաստատվել ցանկացողների թիվը գնալով մեծանում է: Ի՞նչ է կատարվում մարդկանց հետ, նրանց արթնացնել է պետք, սոցիալական վատ պայմանները նրանց կուրացրել, վերափոխել են: Արթնացե՛ք, ի վերջո»,- բոլորին սթափվելու կոչ է անում կապանցի հաշմանդամը:
Կարինե Աթոյանը սրտի խորքում համոզված է եւ հույսը չի կտրում, որ կգա իր հայրենիքի այնքան երազած ու ցանկալի նոր ապագան, ինչի համար այսօրվա կառավարիչները անելիք ունեն. «Եթե ուզում են հայությունը մնա՝ պետք է պայքարեն, աշխատանքով ապահովեն, հայրենասիրական ծրագրեր մշակեն: Մարդիկ ցանկանում են մի գործ ձեռնարկել, չգիտեն ում դիմեն, ո՛չ պաշտոնյաների, ո՛չ հարեւանի, ո՛չ բարեկամի: Հերոսներ չես գտնի մեր օրերում, էսօրվա ղեկավարներն էլ հերոսի բնութագիր չունեն, կարող ես միայն ասել՝ այսքան տուն, այսքան հարստություն ունեն: Զարմանում եմ, ինչպե՞ս են նրանք օգտագործում «հայրենիք», «հայրենասիրություն», «հանուն ժողովրդի» եւ նման այլ բառեր, եթե առանց ցավ զգալու դեպի կործանման են տանում երկիրը: Ամեն օր խոսում ու քննադատում են հարեւան երկրներին, թող իրենց երկրին նայեն, ի՞նչ է մնացել Հայաստանից, ի՞նչ: Ի՞նչ օրի են հասցրել, մի՞թե նույնիսկ աննշան ցավ չեն զգում: Սիրտս կծկվում է, մենք գնում ենք դեպի կործանման…»:
Մեր զրուցակիցը վստահ է, որ ելքը մեկն է. «Մենք մի բուռ ենք դարձել, բոլորս պետք է համախմբվենք եւ արթնանանք: Մեր երկիրը շատ ճոխ է, ճիշտ է՝ գազ, նավթ չունի, բայց ունի լավ բնություն, վառ արեւ, լավ հայություն, որն այսօր եթե արթնանա՝ Հայոց երկիրը կործանման չի գնա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել