Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔԸ ԹԵՐԻ Է

Հունիս 15,2010 00:00

Իսկ «Հնագիտության մասին» օրենքի ընդունումը կարծես փակուղի է մտել

«Հնագիտության մասին» օրենքը օդի պես անհրաժեշտ է»,- երեկ «Հայացք» ակումբում այս կարծիքն արտահայտեցին ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն ու Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը: Մասնագիտական խումբը լուրջ աշխատանք է տարել այս օրենքի նախագծի վրա, ու մինչեւ անցյալ տարվա վերջ այն շրջանառության մեջ էր, սակայն այժմ օրենքի ընդունումը մտել է փակուղի, քանի որ օրենսդիր մարմիններում դրա  շրջանառությունը կարծես թե դադարել է: «Առավոտը» պարոն Գյուրջյանից հետաքրքրվեց, գուցե այդ օրենքի ընդունումը ձեռնտու չէ՞, քանի որ օրենքի ընդունումով կարծես իրենք իրենց են սահմանափակելու ինչ-ինչ շինարարություններ իրականացնել: Գ. Գյուրջյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ օրենքի ընդունումը փակուղային վիճակում է, ավելի շատ՝ այստեղ ուշադրությունից դուրս մնալու խնդիր կա»: Այն հարցին, թե Շենգավիթի հնավայրի տարածքում սուպերմարկետ են կառուցում, ինչո՞ւ դա չկասեցվեց, պարոն Գյուրջյանն այսպես պատասխանեց. «Ունենք Երեւանի քաղաքապետի կողմից պաշտոնապես հաստատված Շենգավիթի սահմանները: Հնարավոր է՝ խոսքը ոչ թե հնավայրի տարածքին է վերաբերում, այլ պահպանական գոտուն, որտեղ կարող են լինել շինություններ»:
Պ. Ավետիսյանն էլ ներկայացրեց շուրջ 6000 տարվա հնություն ունեցող ոտնամանների պատմությունը. «Դեռ 2007-ից մենք փնտրում էինք այն միջանցքը, որով նախամարդը կարող էր տեղաշարժվել: Սյունիքի եւ Արփայի հովտի երկրաբանական նստվածքներն այդ ժամանակվա հնություն ունեն, ուստի 2007-ին այդ տարածքի քարայրներում ստուգողական ուսումնասիրություններ կատարելիս պարզեցինք, որ բացում ենք պղնձի, քարեդարի ժամանակաշրջանի հուշարձան, որի օրգանական մնացորդները բացառիկ պահպանվածության էին: Առաջին տարում հայտնաբերեցինք խաղողի չանչը՝ չամիչը վրան, մարդկային մնացորդներ: Բայց հայտարարությունների համար պիտի անալիզների ընթացք անցնեինք: Օքսֆորդի եւ Կալիֆոռնիայի համալսարաններում անալիզներից հետո էլ պարզվեց, որ ոտնամանները մ.թ.ա. 3600-3500-ական թվականների են՝ 5500 տարվա: Փաստորեն, Արենիի քարայրում հայտնաբերվել է հին աշխարհի հնագույն կոշիկներից մեկը»: Քանի որ հայ հնագետների հետ համատեղ աշխատել են նաեւ իռլանդացի եւ ամերիկացի մասնագետներ, «Առավոտը» հետաքրքրվեց, ի՞նչ պայմաններ են դրվել նրանց առաջ, արդյո՞ք Հայաստանն ունի այդ գտածոների նկատմամբ սեփականության իրավունք, ի՞նչ ճակատագիր է սպասվում դրանց: Պարոն Ավետիսյանը պատասխանեց. «Ոտնամաններն արդեն գտնվում են Պատմության պետական թանգարանում, 3-4 օրից ցուցադրությունում դրանք կարելի է տեսնել: Բայց մենք դեռ չգիտենք ինչպես այն պահել, ոտնամանն արդեն սկսում է չորանալ: Ուստի կարող է խնդրենք երկրի ղեկավարությանը՝ դրանք տանել որեւէ լաբորատորիա, ներարկել համապատասխան նյութեր, նորից բերել Հայաստան, քանի որ ոչ մի ամբողջական մշակութային արժեք Հայաստանից չի կարող դուրս գալ, դա պետության սեփականությունն է»:
«Առավոտը» պարոն Ավետիսյանին հիշեցրեց, որ ժամանակին, երբ իրենք հայտարարեցին, թե մարդկային ուղեղ են հայտնաբերել, որոշ մասնագետներ դա որակեցին որպես «զուտ սենսացիոն, ոչ թե փաստերի վրա հիմնված հայտարարություն»: Հարցրինք՝ մտավախություն չունի՞, որ նույնը կլինի նաեւ ոտնամանների դեպքում: Պ. Ավետիսյանը պատասխանեց. «Եթե իմ երեւակայություններով ինչ-ինչ հայտարարություններ անեմ, շատ մարդիկ կարող են թերահավատ լինել: Բայց երբ արդեն բազում լաբորատորիաների անալիզները հաստատում են, ու կրկին ինչ-որ մեկը թերահավատություն ունենա, դա կլինի իր խնդիրը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել