Լրահոս
Օրվա լրահոսը

Իրան-Հայաստանը թա՞նկ հաճույք է

Հունիս 29,2010 00:00

Արդեն խոսակցություններ են շրջանառվում, որ այդ երկաթգիծը հնարավոր է՝ չկառուցվի

«Երկաթգծի կառուցման անհրաժեշտությունը տեսնում ենք: Ընդամենը տեխնիկական զեկույց կա, որտեղ խոսք է գնում $4 միլիարդի մասին: Բայց նշեմ, որ դա եվրոպական մասնագետների ստանդարտներով է հաշվարկված, որտեղ բանվորը ստանում է 5-7 հազար եվրո աշխատավարձ, ինժեներն էլ՝ էլ չեմ ասում: Այդ թիվը բավականին կիջնի: Մեր ինստիտուտի նախագծային հաշվարկներով դա կկազմի շուրջ $1,7-1,8 միլիարդի կարգի»,- երեկ կառավարությունում, պատասխանելով «Առավոտի» հարցին, թե հնարավո՞ր է, որ չիրագործվի Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը, քանի որ արդեն տեղեկություններ են շրջանառվում, թե հաշվարկներից հետո պարզ է դարձել, որ այն շատ թանկարժեք նախագիծ է եւ մեր գրպանին հասու չէ, ասաց տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը:
Պարոն Վարդանյանի՝ լրագրողների հետ հանդիպումը նրա պաշտոնավարման 100 օրը լրանալու առիթով էր: Դատելով նախարարի ներկայացրած նյութից, ոլորտը ղեկավարող նախկին նախարար Գուրգեն Սարգսյանից Մանուկ Վարդանյանին բաժին են հասել բավականին շատ խնդիրներ: Մասնավորապես, ինչպես նախարարը նշեց, անելիքներ կան ճանապարհաշինության մասով: Այս տարի տեղացած հորդ անձրեւներն ու հեղեղները վիճակն էլ ավելի են վատթարացրել. այսօր շուրջ 40 միջպետական ճանապարհներ վթարային վիճակում են: Լրագրողների հետ հանդիպման գալուց ընդամենը կես ժամ առաջ էր Մ. Վարդանյանին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել հնարավորինս կարճ ժամկետներում ճանապարհները կարգի բերել: Այդ գործի համար 3,5 միլիարդ դրամ է հատկացվել: Գումարները ճիշտ ծախսելու պատասխանատվությունն էլ նախագահի որոշմամբ հենց Մանուկ Վարդանյանի վրա է դրվել: Նախարարը նաեւ ասաց, որ անցած տարին ճանապարհաշինության ոլորտում աննախադեպ է եղել: Ընդհանուր առմամբ, իրականացվել են 411 կմ հիմնանորոգման եւ վերանորոգման աշխատանքներ՝ 41 միլիարդ դրամ արժողությամբ: Այդուհանդերձ, այս ոլորտում օրենսդրական դաշտի եւ նորմատիվ փաստաթղթերի ուսումնասիրման ժամանակ նախարարը հայտնաբերել է որոշակի բացթողումներ: Ըստ նրա, կլինեն լուրջ բարեփոխումներ մասնավորապես՝ նախագծողի, փորձաքննություն, տեխնիկական վերահսկողություն իրականացնողների եւ շինարարների գործողությունների մեջ:
Վերջերս էլ նախարարության եւ «Հարավկովկասյան երկաթուղիների» տնօրինության ջրերը մի առվով չեն հոսում. նախարարը գտնում է, որ կան բացված երթուղիներ, որոնք մեր պետությանն այնքան էլ ձեռնտու չեն, քանի որ այդ ուղղություններով փոխադրումներ գրեթե չեն կատարվում: «Ավելի լավ է՝ մենք ավտոբուսներով կազմակերպենք այդ ուղղություններով փոխադրումները, քան պետությունը դրանց դիմաց սուբսիդավորում հատկացնի»,- ասաց Մ. Վարդանյանը: Ըստ նրա՝ այդ հարցն առայժմ քննարկման փուլում է:
Նախարարը հորդորեց նաեւ փոխել այն կարծիքը, թե հայկական երկաթգիծն ընդմիշտ հանձնված է ռուսներին. «Երկաթգիծը մերն է, ընդամենը 90 տարով հավատարմագրային կառավարման ենք փոխանցել Ռուսաստանին»:
Ըստ նախարարի, մտահոգիչ է նաեւ Վերին Լարսի ճանապարհահատվածը, ինչը բեռնափոխադրողների համար լուրջ վտանգ է ներկայացնում: Օրերս այցելելով նշյալ հատված, պարոն Վարդանյանը վրացական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ այդ ճանապարհը վերանորոգելու:
«Առավոտը» Մ. Վարդանյանից նաեւ հետաքրքրվեց, թե մինչ օրս գործունեություն ծավալող սպիտակ պետհամարանիշներով որոշ տաքսիներ ե՞րբ են օրենքի դաշտ բերվելու: Նկատենք, որ արդեն մի քանի ամիս է՝ լիցենզավորված, այսինքն՝ դեղին պետհամարանիշով տաքսիների վարորդները բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ դժգոհելով, որ իրենց համար անհավասար պայմաններ են ստեղծվում: Մեր հարցին ի պատասխան՝ նախարարն ասաց. «Այն խոսակցությունները, թե 4-5 հազար չլիցենզավորված տաքսիստ կա՝ այդպես չէ: Ես երեւի մի 4 անգամ երկու կողմերի հետ առանձին-առանձին հանդիպել եմ եւ քննարկել: Կամ պետք է օրենքի տառը պահենք, կամ պետք է որոշակի բացատրական աշխատանք տանելով՝ նրանց բերենք օրենքի դաշտ: Նշեմ, որ շուրջ 50-60 մարդ արդեն դիմել էն եւ ստացել դեղին պետհամարանիշ: Միանշանակ անօրինական գործունեություն չպետք է ծավալվի, եւ բոլորն էլ պետք է օրենքի սահմաններում գործեն»: Նախարարն այդպես էլ չհստակեցրեց, թե կոնկրետ՝ երբվանից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել