Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահը պարգեւատրեց Քրեյգ Բարեթին

Հունիս 29,2010 00:00

Երեկ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային մեծ ներդրման համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր անվամբ մրցանակը հանձնեց «Intel» կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Քրեյգ Բարեթին: Շնորհավորելով նրան՝ Ս. Սարգսյանն ասաց, որ ուրախ է Հայաստանում ողջունել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային մեծ ներդրում ունեցած գիտնականին: Ըստ նրա, այս մրցանակը ՀՀ համեստ ներդրումն է համաշխարհային մակարդակով տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործում. «Սրանով մենք պատվում ենք դոկտոր Բարեթին, եւ գնահատում «Ինտել» կորպորացիայի ներդրումը՝ բարձր տեխնոլոգիաներն ու գիտելիքն աշխարհի բոլոր կողմերը հասցնելու գործում»: Երկրի ղեկավարն ընդգծեց, որ մրցանակի ստեղծման ամենակարեւոր նպատակը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ Հայաստանի երիտասարդության ուշադրությունը հրավիրելն է:
Պարոն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նաեւ «Սինոփսիս» ընկերությանը, որը, նրա ներկայացմամբ, այս մրցանակի մտահղացման առաջին իսկ վայրկյանից աշխուժորեն ներգրավվեց այն իրականություն դարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Նախագահական նստավայրում մրցանակի հանձնման արարողությունից հետո մրցանակակրին սպասում էին «Սինոփսիս» գիտաարտադրական կենտրոնում: Այստեղ նրան դիմավորեցին ոչ միայն կենտրոնի ղեկավարությունն ու աշխատակիցները, այլեւ այս մրցանակի գաղափարի, ինչպես նաեւ ընդհանրապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ֆինանսավորող «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ղեկավար Ռալֆ Յիրիկյանը եւ մրցանակի համահեղինակ «Համահայկական հիմնադրամի» ղեկավարությունը: Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի ողջույնի եւ շնորհավորական խոսքերից հետո ելույթ ունեցավ հենց ինքը՝ մրցանակակիր Քրեյգ Բարեթը: Նախ նա ասաց, որ ուրախ է գտնվել մեր երկրում եւ արժանանալ նման բարձրակարգ մրցանակի, ապա անցավ այն թեմային, թե Հայաստանն ինչ առաջընթաց պիտի ապահովի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում. «Աշխարհում ավելի շատ աշխատատեղեր են ստեղծվում փոքր եւ միջին ձեռնարկություններում, քան խոշորներում, այդ իսկ պատճառով պետք է նոր կազմակերպություններին հնարավորություն տալ աշխատելու եւ զարգանալու: Իմ ասածը բոլորովին չի նշանակում, որ խոշոր ընկերությունները զարգանալու տեղ չունեն: Պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել բարձր կրթական մակարդակ ապահովելուն: Պետք է խելացի հասարակություն ունենալ, որպեսզի տնտեսապես ճիշտ միջավայր ստեղծվի: Պայծառ գաղափարները ողջունվեն, օրինակ՝ կառավարության կամ խոշոր ընկերությունների կողմից: Խոշոր ընկերությունները պետք է նաեւ գիտահետազոտական աշխատանքներ կատարեն, որոնք հիմնականում ավելի շատ կլինեն կիրառական: Ի՞նչն է պատճառը, որ շատ երկրներում խելացի մարդիկ հաջողության չեն կարողանում հասնել, որովհետեւ տվյալ երկրներում շատ հաճախ ոտնահարվում է մտավոր սեփականությունը, միջավայրն է անհամապատասխան լինում: Ընդհանրապես բիզնեսում հաջողության հասնելու համար պետք է նշաձող սահմանեն համաշխարհային չափանիշները, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը երկրներում պետք են գալիս բոլոր գործարարներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել