Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՎԱՏՈՒՄ ԷՐ ԱՍՏԾՈՒՆ՝ ՏԱՐԱՆ ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆ

Հունիս 30,2010 00:00

\"\"Խորհրդային Հայաստանի անարդարությունների զոհը արդարություն չի գտնում նաեւ 21-րդ դարի Հայաստանում:

Նրա նկատմամբ ու նրա կողքով որեւէ մեկն անտարբեր չի անցնում: Կանաչ հանդերձով, դեղին գլխաշորով, մեծ խաչը վզից կախ տարեց կինը փողոցում հայտնվում է թե չէ՝ իրեն է գամում բոլորի ուշադրությունը: 84-ամյա էջմիածինցի Լուսիկ Օհանջանյանն է: Չնայած առաջացած տարիքին՝ սլացիկ ու չկորացած հասակ, բարձր ճակատ ու երիտասարդին հատուկ ճկուն շարժուձեւ ունի: Կնճիռներն անգամ մի կերպ են թաքցնում տիկնոջ երբեմնի գեղեցկությունը: «Ժամանակին Էջմիածնի ամենասիրուն աղջիկն եմ եղել»,- հիշեց Լուսիկ Օհանջանյանն ու ցավ ապրեց, որ բնատուր գեղեցկությունն այդպես էլ որեւէ դրական դերակատարում չունեցավ իր չկայացած կյանքում:

Աստծո պատվիրաններով ապրող Լուսիկը դեռ երիտասարդ տարիքից ստիպված է եղել պայքարել մեծ աշխարհում իր փոքրիկ անկյունն ունենալու համար: Ի՞նչ իմանար, որ ապրելու սեփական իրավունքները պաշտպանելու համար խորհրդային չինովնիկներն իրեն մի քանի անգամ հոգեբուժարան էին «գործուղելու»:

Լուսիկ Օհանջանյանի ոդիսականը սկսվեց դեռատի տարիքից, այն օրվանից, երբ եղբայրը՝ Մելքուշ Օհանջանյանը, քրոջը հայրական տնից զրկելով՝ նետեց փողոց: «Հավատացյալ ա, ամեն օր ժամ ա գնում, աղոթք անում»,- ասել էր եղբայրն ու քրոջը գժի պիտակավորում տալով դիմել տեղի իշխանություններին՝ իրեն ազատելու քրոջ ներկայությունից: «Երբ մտա Էջմիածնի քաղխորհրդի քարտուղարի մոտ՝ խնդրելու, որ օգնի վերադարձնել հայրական տան իմ հասանելիք մասը, որտեղից եղբայրս ինձ վռնդել էր, քարտուղարը մի զանգով իր մոտ կանչեց միլիցապետին եւ կարգադրեց, որ ինձ տանեն հոգեբուժարան: Աչքերիս առաջ մթնեց: Լացիս ու աղաչանքներիս վրա ոչ ոք ուշադրություն չդարձրեց: Հենց քարտուղարի կաբինետից ինձ տարան Երեւանի հոգեբուժարան: Գլխավոր հոգեբույժը մարդկային գտնվեց. մի քանի օր հետս զրուցելուց հետո եզրակացրեց, որ հիվանդ չեմ եւ ասաց, որ առողջ մարդուն հոգեբուժարանում փակելու պատասխանատվություն իր վրա չի վերցնի: Ինձ չընդունեց»,- պատմում է Լուսիկ տատը:

Լուսիկի՝ Էջմիածնում նորից հայտնվելը նոր գլխացավանք էր թե՛ տեղի իշխանությունների հետ ապօրինի գործարքի մեջ մտած եղբոր, թե՛ հենց իշխանությունների համար, որոնց լուռ համաձայնությամբ էր Մելքուշ Օհանջանյանը Լուսիկին բռնի ուժով զրկել հայրական տնից:

30-ամյա գեղեցկուհուն երկրորդ, այնուհետեւ՝ երրորդ «աքսորն» էր սպասվում. այս անգամ՝ Սեւանի հոգեբուժարան: Չորս տարի Սեւանում «ապրելուց» հետո Լուսիկը նորից է հայտնվում քաղաքում: Կնոջ պայքարն այս անգամ երկու ուղղություն ուներ. նախ շարունակում է ետ պահանջել իրենից ապօրինաբար զավթած բնակարանը, ապա՝ խորհրդային իշխանությունից փորձում ստանալ իրեն հոգեբուժարան նետելու հիմնավորումները:

Հնարավոր բոլոր դռները թակելուց եւ անպատասխան մնալուց հետո, երիտասարդ կինը ստիպված դիմում է բոլոր նրանց, ում խոսքը երկրի այն ժամանակվա տերերի մոտ արժեք ուներ: Դիմում է Հովհաննես Շիրազին: Անտուն մնացած կնոջը Շիրազը մի քանի օր ապաստան է տալիս իր հարկի տակ: Հետո մի քանի նամակներով դիմում է Էջմիածնի քաղխորհրդի քարտուղարին, «Սովետական Հայաստան» եւ «Ավանգարդ» թերթերի խմբագիրներին՝ իր ունեցածը վերադարձնելու հարցում կնոջը օգնելու խնդրանքով: «Շատ եմ խնդրում այս գործով ավելի սրտագին զբաղվեք: Մարդու բախտի աստղիկն այնքան է թեքվել դեպի անդունդ, որ ամենքին է դիմում, մինչեւ անգամ՝ նվաստիս: Ուստի, խնդրում եմ մեծ մարդասիրությամբ կպչեք գործին, այնպես, որ մարդն անտուն ու անօգնական չմնա»,- գրել էր Շիրազը: Բանաստեղծի ձեռագրերը տիկին Լուսիկը մասունքի պես պահում է մինչեւ այսօր:

Լուսիկին օգնելու համար Շիրազը հեռախոսազրույց է ունենում նաեւ Հայաստանի առողջապահության մինիստր Նարիմանովի հետ: Մինիստրը բանաստեղծին ասել է, թե կինը հոգեկան խանգարում ունի եւ ասածը հիմնավորել է տիկնոջ հավատացյալ լինելու հանգամանքով: «Է, թող էս մեկն էլ հավատացյալ լինի: Ի՞նչ է, դրանից ծառերը պտուղ չե՞ն տա»,- պատասխանել է Շիրազը:

Սակայն մեծ բանաստեղծի միջամտությունն անգամ չի օգնում Լուսիկ Օհանջանյանին՝ ստանալու իրենից խլած բնակարանն ու փաստացի հիմնավորումները՝ հոգեբուժարաններում հանիրավի կորցրած իր տարիների համար:

50 տարուց էլ շատ է անցել, բայց տիկին Լուսիկը չի նահանջում, շարունակում է պայքարել կորցրածը ետ բերելու համար: Խորհրդային Հայաստանի պետական ատյաններից մինչեւ անկախ Հայաստանի դատաիրավական համակարգ դիմել ու շարունակում է դիմել: Վերջին պաշտոնական գրությունը ՀՀ գլխավոր դատախազին հղած իր նամակի պատասխանն է, որը ստացել է 1997 թվականին Արմավիրի դատախազությունից: «Նամակում նշված հանգամանքները կրում են քաղաքացիաիրավական բնույթ, որը պետք է լուծվի դատական կարգով, իսկ ինչ վերաբերում է հոգեբուժարանում լինելու հետեւանքով պատճառած բարոյահոգեբանական վնասին, դա եւս կրում է քաղաքացիաիրավական բնույթ, որը նույնպես պետք է լուծվի դատական կարգով»,- նշված է գրության մեջ:

Ծանոթ-բարեկամների տներում գոյությունը մի կերպ պահպանելով է ապրել Լուսիկ Օհանջանյանը: 84-ամյա կինը հիմա բնակվում է ավերակների կույտ դարձած Էջմիածնի երբեմնի հյուրանոցում, որտեղ, փլուզման ենթակա պատերից բացի, ուրիշ ոչինչ չկա: Փաստաթղթերի տրցակը թեւի տակ՝ հաճախ է տնից դուրս գալիս՝ այս կամ այն չինովնիկի բարեգթությունը ստանալու հույսով: Հավատում է, որ գոնե մի օր արշալույսը կդիմավորի սեփական տանիքի տակ: Հավատում է ու սպասում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել