Լրահոս
Օրվա լրահոսը

Գետահունի փոփոխությունը լուրջ խնդիրներ կբերի

Հուլիս 17,2010 00:00

Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանության տեսչության կողմից ժամանակավորապես կասեցվել են «Զանգեզուր էքսիմպ» ՍՊԸ-ի կողմից Արգիճի գետի տարածքում ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները: Մինչ կազմակերպության ղեկավարությունը պնդում է, թե նպատակ ունի միայն ՀԷԿ կառուցել, Մարտունու բնակչությունն էլ համոզված է, որ կազմակերպությունը որոշել է փոխել Արգիճի գետի հունը եւ ջրերը դեպի Վայոց ձորի մարզ ուղղել: Այս առիթով երեկ իրենց մտահոգություններն էին ներկայացնում ՄԱԿ-ի փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը եւ գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի գլխավոր մասնագետ Գեորգի Գեւորգյանը:
«Ոչ միայն Արգիճի գետի գործող համակարգն է խախտվում եւ նրա կենսաբազմազանության խնդիրը կա, սա նաեւ Սեւանի խնդիրն է, Արգիճի գետը ամենաջրառատ գետն է, որ սնում է մեր Սեւանը: Մտավախությունն այն է, որ շինարարության վերսկսումը կնպաստի Արգիճի գետի ջրազրկմանը, իսկ հարակից տարածքների բնակչությունը ստիպված կլինի լքել այդ տարածքները»,- հայտարարեց Քնարիկ Հովհաննիսյանը: Ըստ նրա, այս տարածքում են գտնվում գետից մեծ քանակությամբ ջուր տեղափոխող խողովակներ՝ 500 միլիմետր տրամագծով. «Այսինքն՝ ՀԷԿ-ի հզորությունն ավելի մեծ է, քան նրանց լիցենզիան է թույլ տալիս»: Բանախոսը վստահեցրեց, որ այդ մասին տեղյակ չեն նաեւ Սեւանի հիմնահարցերի հանձնաժողովում:
Պարոն Գեւորգյանն էլ նկատեց, որ Արգիճի գետը սնում է Սեւանը, բայց Սեւանից չի սնվում. «եթե Արգիճի գետի վերին հոսանքներում ջրի հունը փոխենք՝ կխախտենք ստորգետնյա ջրերի պաշարները, որը բավականին վտանգավոր է այդ տարածքի համար»: Նրա տեղեկություններով, Մադինա գյուղից վերեւ նախատեսված էր ջրամբար կառուցել, որի ջրերով ինքնահոս կոռոգվեին Լիճքից մինչեւ Երանոս գյուղերի հողերը. «Վերին հոսանքների հունի փոփոխության դեպքում վտանգի տակ ենք դնում նաեւ ջրամբարի հարցը, էլ չեմ ասում, որ գետահունի փոփոխության դեպքում ամբողջ էկոլոգիան կփոխվի: Չմոռանանք, որ Սեւանի ձկնատեսակների գարնանային ձվադրումը հիմնականում Արգիճի գետում է արվում, եթե խախտենք հունը, լուրջ խնդիր կունենանք նաեւ կենդանական աշխարհում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել