Լրահոս
Օրվա լրահոսը

МЭСИ-Ն ՉԻ՞ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ՀԵՌԱՎԱՐ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Հուլիս 23,2010 00:00

ՀՀ օրենսդրական դաշտը դեռ այդ հնարավորությունը չի տալիս

Հեռավար (դիստանցիոն) կրթությունը ՀՀ բուհերի համար դեռ «շռայլություն» է: Դրա պատճառը համապատասխան տեխնոլոգիական բազայի, կադրերի, թիրախային լսարանի պակասն է: Ուսումնասիրությունների համաձայն՝ վերջին տարիներին հեռավար կրթության պահանջը մեծացել է: Ուստի 2010-ի փետրվարին ՀՀ կառավարությունը հաստատեց հեռավար ուսուցման կարգը: «Առավոտի» հետ զրույցում ԿԳՆ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը տեղեկացրեց. «ԿԳ նախարարությունը եռամսյա ժամկետում մշակեց այն մասնագիտությունների ցանկը, որոնցով չի թույլատրվում իրականացնել հեռավար կրթություն եւ հեռավար ուսուցման կազմակերպման մեթոդական ուղեցույցը: Ներկայումս իրավական ակտերը մշակված են, դրանք եւ հեռավար ուսուցման մեթոդական ուղեցույցը ներկայացված են արդարադատության նախարարին, չթույլատրվող մասնագիտությունների ցանկը գտնվում է կառավարությունում: Արդեն սեպտեմբերից իրավական դաշտը բուհերին հնարավորություն կտա իրականացնել հեռավար ուսուցում, բայց չեմ կարծում, որ բուհերը դա միանգամից կանեն, քանի որ դրա համար պետք է բավարարել անհրաժեշտ պայմաններին»: Հեռավար ուսուցում հիմնականում կիրականացվի հումանիտար եւ տնտեսագիտական մասնագիտությունների գծով, չթույլատրվող մասնագիտությունների շարքում են արվեստի բնագավառի մասնագիտությունները, ֆիզիկամաթեմատիկական, գյուղատնտեսական, բժշկական եւ այլ բլոկի մասնագիտությունները:

Չնայած օրենսդրական դաշտն այս պահին բուհերին դեռ հնարավորություն չի տալիս իրականացնել հեռավար կրթություն, սակայն «Առավոտը» հեռավար կրթությամբ հետաքրքրված որոշ ծնողներից տեղեկացավ, որ Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության եւ ինֆորմատիկայի պետական համալսարանում տեղեկացրել են, թե նշված բուհում իրենց երեխաները կարող են սովորել նաեւ հեռավար ուսուցմամբ: Ռ. Սուքիասյանն այս առիթով ասաց. «Որեւէ բուհ այս պահին չի կարող իրականացնել հեռավար կրթություն. դեռ օրենսդրական դաշտն է թերի, այդպիսի գործունեության համար բուհը պիտի լիցենզիա ստանա, սահմանված կարգով կազմակերպի ուսուցումը»: «Առավոտն» այս կապակցությամբ փորձեց պարզաբանումներ ստանալ նաեւ МЭСИ-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Սեդրակ Վարդանյանից: Պարզաբանում բառը լսելով՝ երիտասարդ տնօրենը փոքր-ինչ վրդովվեց, ինչի պատճառով զրույցի սկզբում նա ասաց, թե հրաժարվում է, որ իր խոսքը ձայնագրեմ, հետո չգիտես ինչու որոշեց, որ ես լավ չեմ սովորել դպրոցում, հետո սպառնաց. «Եթե հանկարծ ինչ-որ սխալ բան տպվեց թերթում, ես դատարանի ամենաբարձր ատյանով ձեզ պատասխանատվության կենթարկեմ» եւ այլն: Ավելի ուշ կրքերը հանդարտվեցին եւ առաջին հայացքից, մեղմ ասած, ոչ սիրալիր տնօրենը վերջում քաղաքավարի ճանապարհեց ու չմոռացավ ասել. «Մեր համալսարանի մասին լավ բան կգրեք, հա»:

Այնուամենայնիվ, նրանից հաջողվեց որոշ պարզաբանումներ ստանալ: Ս. Վարդանյանի խոսքերով. «Մենք ուսումնական ծառայություններ ենք մատուցում ընդամենը ԿԳՆ-ի եւ ՌԴ համապատասխան կառույցի կողմից տրամադրված լիցենզիայի շրջանակներում: Ֆինանսներ եւ վարկ, հակաճգնաժամային կառավարում, կիրառական ինֆորմատիկան տնտեսագիտության մեջ, կիրառական ինֆորմատիկան ուսուցման մեջ մասնագիտությունների գծով իրականացնում ենք առկա եւ հեռակա ուսուցում: Հեռավար կրթություն՝ որպես այդպիսին, չունենք: Այլ բան է, որ կիրառում ենք խառը ուսուցման մեթոդը, այսինքն՝ առկա ու հեռակա ուսուցման ձեւերում օգտագործում ենք ինֆորմացիոն տեխնոլոգիաները: Ունենք էլեկտրոնային գրադարան, էլեկտրոնային կոնֆերանսներ անցկացնելու ծրագիր, էլեկտրոնային ուսուցման համակարգ: Ուսումնական ծրագրերը տեղադրված են ինտերնետում, որպեսզի ուսանողները վերցնեն ու ծանոթանան: Մեզ մոտ կրթությունն իրականացվում է ռուսերեն, քանի որ այստեղ սովորում են մեծամասամբ ՌԴ քաղաքացիները»: Պարոն Վարդանյանը անդրադարձավ նաեւ էլեկտրոնային կրթության իրականացման ճանապարհին առաջացող խնդիրներին. «Կարծում եմ, Հայաստանում այդ խնդիրների մասին մտածում են, բայց, ցավոք, առանձին-առանձին եւ քիչ-քիչ: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը մեծ գործ է անում, սակայն դրա եւ բուհերի միջեւ համագործակցությունը պիտի ավելի սերտ լինի, պիտի լինի կոնկրետ ռեալ ծրագիր, համակարգված աշխատանք, քանի որ բոլոր բուհերն էլ ցանկանում են զարգացնել կրթության այդ ձեւը: Հայաստանում հեռավար կրթությունը հրատապ է նաեւ այն պատճառով, որ մենք ունենք մեծ Սփյուռք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել