Լրահոս
Օրվա լրահոսը

47. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Սեպտեմբեր 10,2010 00:00

\"\"
«Սպարտակ» մարզադաշտի երբեմնի տրիբունաները:

\"\"
Մարզադպրոցի տնօրեն եւ մարզիչ Սուսաննա Մարտիրոսյանը՝ թեթեւատլետ մարզիկների հետ:

\"\"
100 մ վազքի ՀՀ ռեկորդակիր Արման Անդրիասյանը իր մարզչի՝ Էրիկ Մարտիրոսյանի հետ:

Ագաթանգեղոսի փողոցի «ֆայլաբազարի» մայթից թեքվեցի «Սպարտակ» մարզադաշտի տարածք, որի մարզչական կոլեկտիվը բողոքել է Երեւանի քաղաքապետարանին, պահանջելով հարեւան «ֆայլաբազարը» այլ տեղ տեղափոխել, որպեսզի վարձու բանվորների բուռն խոսակցությունները չլսեն մարզադպրոցների պատանի սաները։

Մարզադաշտի խոտածածկը չորացել էր, իսկ վազքուղիների անկանոն շարված ռետինե սալիկները արդեն վտանգավոր էին մարզիկների համար։ Նստելատեղերի մասին ավելորդ է խոսել, քանի որ այն գոյություն չունի։ Իսկ տասնամյակներ առաջ այս մարզադաշտը ոչ միայն հազարավոր մարզիկների, այլեւ մարզասերների սիրելի վայրերից էր։ Այստեղ տեղի էին ունենում ատլետիկական, ֆուտբոլի հանրապետական մրցումներ։ Տեղադրված լինելով մայրաքաղաքի կենտրոնում, կենտրոնական հրապարակից երեք հարյուր մետր հեռավորության վրա, այն հրաշալի մարզավայր էր բնակչության համար։ Սակայն վերջին քսան տարիներին ընդհանուր անտարբերությունը բնակչության ֆիզիկական պատրաստվածության եւ առողջության նկատմամբ տարեցտարի ավերել է հրաշալի մարզադաշտը։ Ֆուտբոլի դաշտում վերացել է խոտածածկը, ու ֆուտբոլիստների փոխարեն այստեղ տիրություն են անում մրջյունները, որոնք բազում մրջնաբներ են բացել։

Ֆուտբոլի դարպասի հետեւի տարածքում հովհարով մարզիչը՝ Տատյանա Սիմաշովան խորհուրդներ է տալիս մարզիկներին՝ ինչպես նետել սկավառակը։ Մարզիկներից Ազատ Էլբակյանը դիրք գրավեց վազքուղում ու մարզիչի հրահանգով պոկվեց տեղից։

– Ի՞նչ արդյունք ցույց տվեց թեթեւ ատլետը։

– Հարյուր մետրը՝ 12,6 վայրկյան։ Նա պատրաստվում է «Ալֆա» խումբ ընդունվել, որի համար վատ արդյունք չէ։ Բայց վազքուղին վտանգավոր է նման վազքի համար։

– Իսկ մարզուհի՞ն…

– Մարի Պետրոսյանը 2007 թ. հանրապետության չեմպիոնն է, սակայն լավ մարզավիճակում չէ ու առայժմ հեռու է սկավառակի նետման ու գնդի հրման իր լավագույն ցուցանիշներից։

– Իսկ այս պայմաններում հնարավո՞ր է միջազգային ասպարեզ դուրս գալ,- հարցրի ես։

– Ոչ, իհարկե,- պատասխանեց իր ժամանակի ԽՍՀՄ լավագույն թեթեւատլետներից մեկը,- մեր հանրապետությունը աշխարհում միակ երկիրն է, որտեղ թեթեւատլետիկական մարզադաշտ չկա։ Պարապմունքը ձրի է, բայց ասես թե երիտասարդությունը չի ուզում առողջ լինել։ Աղջիկները գերադասում են այլ բաներով զբաղվել։

– Կներեք,- կրկին դիմեցի մարզչուհուն,- ի՞նչ աշխատավարձ եք ստանում։

– Քառասուն հազար դրամ…

Մարզադաշտի հետ կապված ավելի ստույգ տեղեկություններ ստանալու համար հանդիպեցի մարզադաշտի տնօրեն Հայկարամ Բոյաջյանին։

– Մի՞թե մարզադաշտը չի ջրվում,- հարցրի ես։

– Խորհրդային տարիներին ջրվում էր, պայմաններ կային։ Չորս տարի է, ինչ դաշտը չի ջրվում։ Երբ անձրեւ է լինում, ուրախանում ենք։ Քառասուն մետր խորությունից էինք արտեզյան ջուր մղում վեր, ջրում։ Ջրելու համար ամիսը 72 հազար դրամ էլեկտրաէներգիայի վարձ է պահանջվում։ Իսկ դա մեզ համար չափազանց մեծ գումար է։ Պոմպի նորոգումը եւս ծախս է պահանջում։ Իսկ նոր պոմպը 300 հազար դրամ արժե։ Պետական այրերին ավելի շատ մարզիկների շահած մեդալներն են կարեւոր, իսկ ժողովրդի առողջությունը, որն անմիջականորեն կապված է ֆիզիկական մշակույթի հետ, շա՛տ ավելի կարեւոր է։

– Երբեք մարզադաշտի նորոգման խնդիր չի՞ դրվել։

– Երկրի երկրորդ նախագահն էր մի անգամ այցելել, խոստացել նորոգման հարցում օգնել։ Մարզասրահը նորոգեցին, իսկ մարզադաշտը մնաց։

Մարզադաշտի տնօրենը առաջարկեց հանդիպել «Հայաստան» մարզական միության փոխնախագահ, անցյալում մարզական լրագրող Հենրիկ Մոկացյանին։

Մինչ փոխնախագահին հանդիպելը՝ կրկին մարզադաշտ մտա։ Ֆիզկուլտուրայի ինստիտուտի ավագ դասախոս, ատլետիկայի մարզիչ Էրիկ Մարտիրոսյանը սպասում էր իր սաների հավաքվելուն։

– Միշտ կես ժամ ուշանում են,- ժամացույցին նայելով՝ դժգոհ ասաց նա։

– Դրա պատճառով էլ «Բոլտեր», «Բոստոններ» չեն հայտնվում Հայաստանում,- ասացի ես։

– Բայց Էրիկը երկրի ռեկորդակիր սան է պատրաստել,- ասաց մարզահամալիրի դռնապանը,- ահա եւ նա՝ հարյուր մետրի երկրի չեմպոնը՝ Արման Անդրիասյանը։

– Ի՞նչ արդյունքի է հասել Արմանը։

– 10,41 վայրկյան,- պատասխանեց մարզիչը։- Եղել եմ հարեւան Թուրքիայի ատլետիկական մարզաբազաներում, որոնք հասու են բնակչությանը։ Ինձ, որպես դասախոսի ու մարզչի, հետաքրքրում է բնակչության ներգրավվածությունը։ Մեզ մոտ ծնողները հաճախ թույլ չեն տալիս, որ երեխան վազի, թռչի, վարժանք կատարի։ Զորակոչի հավաքին շատերը չեն կարողանում ձգվել։ Այսօրվա սերունդը ամենեւին էլ առողջ չէ։

Մարզիկները հավաքվեցին եւ մարզադպրոցի տնօրեն եւ մարզիչ Սուսաննա Մարտիրոսյանի ու Էրիկի ուղեկցությամբ մարզադաշտի վազքուղիներում հայտնվեցին։ Մարզադպրոցը հինգ հարյուր սան ունի։ Այստեղ պարապմունքներն անվճար են։

– Հարմա՞ր է այս վազքուղով վազելը,- հարցրի հանրապետության ռեկորդակիր Արման Անդրիասյանին։

– Ոչ, իհարկե, յոթ ուղիներից ընտրում եմ շատ թե քիչ անվտանգը, սակայն մի անգամ վազքուղում ոտքս ռետինե սալերի ճեղքվածքում հայտնվեց, վնասվեց ու երկու ամիս ստիպված էի դադար առնել։

– Մի քանի տարի առաջ Իսրայելի ատլետիկայի ֆեդերացիայի նախագահն էր այստեղ,- ասաց մարզիչը,- տեսավ վազքուղին, թե՝ ի՞նչ են սրանք: Ռետինե սալիկներ՝ պատասխանեցի։ Մարզիկների ծնողները ձեզ դեռ դատի չե՞ն տվել՝ հարցրեց իսրայելցի մարզական ղեկավարը։

Քիչ անց հայտնվեցի մարզական միության փոխնախագահ Հենրիկ Մոկացյանի գրասենյակում։

– Ինձ առաջին հերթին հետաքրքրում է ոչ թե մարզիկների ցուցանիշները կամ զանազան առաջնություններում շահած մրցանակային տեղերը,- ասացի ես,- այլ երկրի բնակչության, լայն զանգվածների ֆիզիկական կուլտուրայի, պարապմունքների մեջ ընդգրկվածությունը, հասարակության ընդհանուր առողջությունը։

– Այդ տեսանկյունից մեր երկրի բնակչությունը, իրոք, ծանր կացության մեջ է հայտնվել,- համաձայնեց պարոն Մոկացյանը։- Իհարկե, բնակչության առողջության խնդիրը համակարգային ու մշակութային խնդիր է, որը սկսվում է մանկապարտեզից, անցնում դպրոցներին, քոլեջներին, բուհերին, համայնքներին, թաղերին, գյուղերին, քաղաքներին։ Իսկ ֆիզկուլտուրայից հասարակության հեռու մնալը խիստ վտանգավոր է։

– Ես կարծում եմ, որ այն նախ սեփական մշակույթից կտրվելու, դրա պատճառով էլ՝ բարոյական անկման հետեւանք է,- ասացի ես։

– Միանգամայն համաձայն եմ։ Ազգային ժողովը օրենք է ընդունել, բայց այն չի հարգվում, չի կենսագործվում։ Ասել, թե նման իրավիճակից դուրս գալու ոչ մի փորձ չենք անում, սխալ կլինի։ Կրթության եւ գիտության նախարարության ու «Հայաստան» մարզական միության նախաձեռնությամբ արդեն տասնմեկ տարի է, ինչ անց են կացվում երկրի ուսանողական մարզական խաղեր։ Այն այսօր ամենամասսայական մարզական միջոցառումն է երկրում։ Հետաքրքիր է, որ մարզական արդյունքները աստիճանաբար բարելավվում են։ Սակայն լուրջ հաջողություններ դեռ չունենք։ Երկրում մոռացվել են խաղային մարզաձեւերը՝ բասկետբոլն ու վոլեյբոլը, որոնք մի ժամանակ զանգվածային բնույթ ունեին։ Խաղում էին բոլորը։ Այժմ հիմնական ուշադրությունն ուղղված է դեպի ծանրամարտն ու բռնցքամարտը, միջազգային ասպարեզներում շահած մեդալներն ու ցուցանիշները։

– Բայց մրցումներում շահած մեդալները կամ որեւէ այլ երկրի անունից մասնակցելն ու չեմպիոն հռչակվելը, ընդհանրապես պրոֆեսիոնալ սպորտը կարո՞ղ է փոխարինել բնակչության համընդհանուր ֆիզիկական պատրաստվածությանն ու առողջությանը։

– Ոչ մի դեպքում։ Դրանք իրար հետ կապ չունեն ու տարբեր նպատակներ ունեն։ Պրոֆեսիոնալ սպորտը այլ բան է, ժողովրդական լայն զանգվածներին ֆիզիկական մշակույթի մեջ ընդգրկելը՝ այլ։ Երկրի համար անհամեմատ երկրորդն է կարեւոր։

– Ի՞նչ տարբերություն եք տեսնում Օլիմպիական կոմիտեի եւ սպորտի նախարարության միջեւ։

– Դժվար հարց տվեցիք։ Սպորտի նախարարությունում բնակչության առողջության հետ կապված բազմաթիվ բաժիններ կան, որոնք անգործության են մատնված։ Նախարարության առաջնահերթ խնդիրը բնակչության ֆիզիկական դաստիարակությունն է։ Անցյալ տարի նախարարությունը անցկացրեց երկրի մասշտաբով ֆիզկուլտուրայի մակարդակի հետ կապված մոնիտորինգ՝ մանկապարտեզից մինչեւ բուհ։ Ստեղծվեց հանձնաժողով։ Սակայն անսպասելիորեն այն մարեց, իսկ մոնիտորինգի արդյունքներն այդպես էլ չուսումնասիրվեցին, չամփոփվեցին։ Նախարարությունը մի կողմ թողեց այն։ Մանկապարտեզներում ֆիզիկական դաստիարակություն գոյություն չունի։ Դպրոցներում ֆիզկուլտուրայի դասերը ձեւական բնույթ ունեն։ Պետական բուհերում ֆիզկուլտուրայի ամբիոնները փակվում են։ Միայն երեք բուհերում շատ թե քիչ հարմար բազաներ կան։ Իսկ մասնավոր բուհերից ոչ մեկում ֆիզկուլտուրայի ամբիոններ չկան։ Դրա արդյունքում տասնյակ հազարավոր ուսանողներ բառիս բուն իմաստով հաշմանդամ են դառնում։

– Պարոն Մոկացյան, կարծեմ Իշխան Զաքարյանի՝ սպորտի նախարար լինելու տարիներին էր, երբ մարզադպրոցները կրթության նախարարությունից անջատեցին եւ հանձնեցին սպորտի նախարարությանը։ Դա ի՞նչ արդյունք տվեց։ Իհարկե, ես այս հարցը տալիս եմ ձեզ նաեւ որպես մարզական մեկնաբանի։

– Հենց դա էլ առիթ հանդիսացավ, որ քանդվի գոյություն ունեցող ֆիզկուլտուրայի համակարգը։ Մենք իրոք լուրջ կորուստներ ունեցանք։ Մարզադպրոցները պետք է համապատասխան մարզաբազաներ ունենան։ Խաղային մարզաձեւերի գծով երկրում անկումը մարզադպրոցների անգործությունով է բացատրվում։ Քաղաքի կենտրոնում է «Սպարտակ» մարզադաշտը, անցյալում մարզասերների հանգստի սիրելի վայրերից մեկը։ 1972- 1990 թթ. ՀԱՄԽ- ի ֆիզկուլտուրայի եւ սպորտի բաժնի վարիչն էի, հսկում էի բոլոր մարզական ընկերությունների աշխատանքը։ Մարզիկներին մարզահագուստ էինք տալիս, մարզիկ երեխաներին սնունդ էինք հատկացնում, լավագույն 250 մարզիկներին օրական 5 ռ. 60 կոպեկի սնունդ էինք հատկացնում, իսկ այսօր մարզիկ երեխան գալիս է պարապմունքի, վազում ու սովից ընկնում… Երեխաները վանաձորյան մրցումների պետք է մեկնեն։ Ծնողներն են ճանապարհի եւ սննդի գումար հավաքում։ Նախանցյալ տարի ուսանողական սպարտակիադայում նախարար Արմեն Գրիգորյանը, տեսնելով մարզիկների խայտաբղետ հանդերձանքը, ասաց՝ սա բոմժերի՞ սպարտակիադա է…։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել