Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Սեպտեմբեր 25,2010 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ երկրորդ

ՄԵԾԵՐԸ ԵՎ ՄԵՆՔ

Սովետի փլուզման օրերին, երբ Ճարտարապետների տանը Նավասարդյան Աշոտի հետ ծանոթացրին, իր մասին դեռեւս ոչինչ չգիտեի, մինչդեռ ինքը ոչ միայն ինձ, այլեւ բանաստեղծություններս գիտեր, ընդ որում՝ դրանցից մեկն անգիր գիտեր ու արտասանեց, եւ երբ իր հիշողության հետ կապված զարմանքս արտահայտեցի, ինքը ժպտալով ասաց՝ «էդ ոտանավորը մի հազար անգամ կարդացել եմ» եւ ժպտալով ավելացրեց՝ «կարդալու ուրիշ բան չկար» եւ մի քիչ մտածեց ու ասաց՝ «ռուսերեն շատ գրքեր կային, բայց հայերեն մենակ «Գարուն» ու «Գրական թերթ» էինք ստանում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մենք էինք մեր հարազատներին խնդրում, որ էդ ամսագիրն ու էդ թերթն ուղարկեն» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «հո «Սովետական Հայաստան» չէինք ուզի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բանաստեղծներից ամենից շատ քո ու Միլիտոսյանի գրածներն էի հավանում», եւ, հիշում եմ, երբ Ճարտարապետների տանն Աշոտն էդ բանն ասաց, ես շատ գոհացա կյանքից, ինձնից ու բանաստեղծի իմ ճակատագրից, որովհետեւ Աշոտն անհայտությունից հանկարծակի հայտնվելով՝ կարճ ժամանակում էդ ժամանակի ամենաընդունելի մարդն ու հերոսն էր դարձել, եւ էդ օրերին հատկապես էր սիրված, եւ չափազանց սիրված լինելով՝ արդեն Ճարտարապետների տունն իրենով էր արել եւ Հանրապետական կուսակցությունն ու Անկախության բանակն էլ արդեն հիմնադրել ու ստեղծել էր, որովհետեւ սահմանների պաշտպանությունն արդեն սկսվել էր, եւ երբ ոտանավորս անգիր արտասանեց, էդ պահին ինքն արդեն զորավարի պես բան էր, եւ իր զորավարությունն էդ օրերին ամենաբարձր պաշտոնից բարձր բան էր, եւ երբ Ճարտարապետների միության նախագահի կաբինետն իրենով արած Նավասարդյան Աշոտն էդ կաբինետում իմ էդ բանաստեղծությունն անգիր արտասանեց, էդ պահին էդ կաբինետում մի քանի կամուֆլյաժավորներ կային, որոնք Աշոտի արտասանության պահերին զարմացած մեկ ինձ էին նայում, մեկ՝ իրենց առաջնորդին ու զորավարին, եւ Աշոտի էդ օրվա էդ անսպասելի ասմունքը հիշելով՝ ուզում եմ կրկնել, որ չնայած պապլավոկյան սուտի դիսիդենտները բանաստեղծություն գրելս չէին հանդուրժում, իսկական դիսիդենտներն աքսորավայրերում ոտանավորներս լավ էլ հանդուրժում ու ազատության մեջ լավ էլ արտասանում էին, եւ սուտի հայրենասերներն էլ Սովետի օրոք ու հետո էլ ու հիմի էլ իմ գրելը չեն հանդուրժել ու չեն հանդուրժում, համարելով, որ գրողը ոչ թե գրելով պիտի զբաղվի, այլ՝ մշտապես օրհասի մեջ գտնվող իր հայրենիքի խնդիրներով, եւ չնայած իմ ոտանավորների մեջ հայրենասիրականներ էլ կային, միեւնույն է, գրելս չէր հանդուրժվում, եւ հատկապես էս անկախության ժամանակներում չի հանդուրժվում, եւ հիմա էս ասածիս շուրջ ավելի ու ավելի մտածելով՝ վերստին չեմ կարողանում հասկանալ հետեւյալը. ինչի՞ց է, որ հայ հասարակությունը հայ հացթուխի հաց թխելը հանդուրժում է, հայ կոշկակարի կոշիկ կարելը հանդուրժում է, հայ առեւտրականի առեւտուր անելը հանդուրժում է, հայ երգչի երգելը հանդուրժում է, հայ նկարչի նկարելը հանդուրժում է, բայց հայ գրողի գրելը ոչ մի կերպ չի կարողանում հանդուրժել. ավելին. եթե դեպքերի բերումով որեւէ հայ գրող հացթուխությամբ, կոշկակարությամբ, առեւտրով, երգելով կամ, ասենք, նկարչությամբ է զբաղվում, հայ հասարակությունն էդ գրողի էդ կողմնակի գործերով զբաղվելն ավելի խելքին մոտ է համարում, քան՝ էդ նույն գրողի գրելը, եւ եթե մենք մեր գրականության դասականներին դեռեւս ընդունում ու սիրում ենք, ապա՝ միայն ու հիմնականում էն պատճառով, որ գրականության մեր դասականներն ավելի շատ քաղաքական ու հասարակական հարցերով են զբաղվել, քան՝ գրելով, բայց հայ գրողի համար գրելը թողնելն ու քաղաքականությամբ զբաղվելն էլ փրկություն չի, որովհետեւ էս դեպքում էլ ասում են՝ փոխանակ իրենց գործով զբաղվեն, քթներն իրենց չվերաբերող բաների մեջ են խոթում, բայց էս տարբերակը վատթարագույնը չի, որովհետեւ քաղաքականությամբ զբաղվող գրողն ընդամենը քաղաքական հակառակորդներից է հարվածներ ստանում, մինչդեռ գրելով զբաղվող գրողն աջուձախից ու բոլոր կողմերից է հարվածներ ուտում, եւ եթե էսօրվա դրությամբ Թումանյանին, Չարենցին, Սեւակին, Հրանտին ու էլի մի քանիսին իրենց գրածների համար ենք սիրում, դա դեռ չի նշանակում, թե էդ խեղճերին իրենց կյանքի օրոք էլ ենք սիրել, եւ եթե ասեմ, որ մեր մեծերը բոլորն էլ դառնացած են հեռացել կյանքից ու մեզանից, առանձնապես նոր ու արտառոց բան ասած չեմ լինի, բայց եթե հիմիկվա իմ վիճակն էդ մեծ խեղճերի վիճակների հետ համեմատեմ, միանգամայն նոր ու արտառոց բան ասած կլինեմ, որովհետեւ հայ հասարակությունը հայ գժերին Նապոլեոնի հետ համեմատվելու իրավունք տվել ու տալիս է, բայց հայ գրողին իր նախորդների հետ համեմատվելու իրավունք չի տվել ու չի տալիս, բայց քանի որ հայ գրողներից ամենաանամոթն ու ամենապնդաճակատն եմ, պիտի նախորդներիս հետ համեմատվելով ասեմ, որ նստակյաց անձնավորություն չլինելով՝ իմ բոլոր նախորդներից մի քանի անգամ շատ եմ գրել, եւ քանի որ հայ գրողներից ամենաանամոթն ու ամենապնդաճակատն եմ, անամոթաբար կպել սիրածս էս գործին ու անամոթաբար պոկ չեմ գալիս, եւ արդեն ինձնից ավելի անամոթ եւ ինձնից ավելի անպատկառ որոշ ու որոշակի գրականագետներին ու գրաքննադատներին խոսելու տեղ չեմ թողել, որովհետեւ էդ անամոթներն էս պահի դրությամբ իմ հասցեին ընդամենը կարող են ասել թե՝ վատ եմ գրում, բայց էդ անամոթներից ամենաանամոթն անգամ չի կարող հերքել ու ասել թե՝ էս վեպս ոչ թե տասը հատոր է, այլ՝ ութ, եւ էս անամոթների դժբախտությունն էն է, որ, այնուամենայնիվ, թվաբանությունն անհամեմատ ճշգրիտ գիտություն է, քան՝ գրականագիտությունը, բայց իրենց ամենամեծ դժբախտությունն էն է, որ մինչեւ հիմա չեն հասկացել եւ համառորեն շարունակում են չհասկանալ, որ նույնիսկ իրենցից եմ ավելի անամոթ ու անպատկառ, եւ եթե նույնիսկ իմ էս ռեկորդաթիվ վեպով չհաջողացնեմ հայրենի գրականություն սողոսկել, ապա հայրենի գրականության պատմություն հեշտուհանգիստ կսողոսկեմ՝ որպես մի գրող, որը գրականագետներին ու գրաքննադատներին ավելի շատ է քննադատել, քան գրականագետներն ու գրաքննադատները՝ իրեն. ահա եւս մի ռեկորդ, որին նույնպես որեւէ վտանգ չի սպառնում, որովհետեւ մեր գրողները մեր գրականագետներից ու գրաքննադատներից մշտապես հուշտ եղած են՝ ինչպես թուրքը խոզի մսից, եւ, դրանից էլ բացի, մեր գրողներից որեւէ ուրիշը չի կարող մեր գրականագետներին ու գրաքննադատներին իմ չափ քննադատել, որովհետեւ իմ չափ քննադատելու համար նախ պիտի իմ չափ գրեն, բայց իմ չափ չեն կարող գրել, որովհետեւ մեր հասարակությունը մեր գրողի գրելն ու մանավանդ մեր գրողի շատ գրելը չի հանդուրժում ու երբեւէ չի հանդուրժելու, ինչպես որ չի հանդուրժում ու երբեւէ չի հանդուրժելու մեր գրողի՝ իր նախորդների հետ համեմատվելը, եւ սա ավելի քան տարօրինակ է, որովհետեւ, եթե ըստ էության մտածենք, պիտի համաձայնվենք, որ եթե մեր գժերի Նապոլեոնի եւ այլ մեծությունների հետ համեմատվելը հանդուրժում ենք, պիտի հանդուրժենք նաեւ, որ էսօրվա գրողներից մեկն էլ իրեն եթե ոչ Չարենցի, գոնե Ատրպետի կամ, ասենք, Քրիստափոր Թափալցյանի հետ համեմատի, եւ եթե մեր գժերին էդ իրավունքը մեծահոգաբար ու լիուլի տալիս ենք, մեր գրողներին ու մանավանդ մեր բանաստեղծներին պիտի տանք ու տանք, որովհետեւ մեր գրողներն ու մանավանդ մեր բանաստեղծները շատ հաճախ սովորական ու նորմալ մարդկանցից ավելի են տարբերվում, քան նույնիսկ՝ սովորական գժերը, եւ ահա հայ հասարակությունն էս աննորմալներիս շարունակում է հորդորելով պարտադրել, որ գրելն անմիջապես թողնենք եւ անմիջապես առաջնորդենք մեր էս տարաբախտ ազգին, եւ աննորմալներիցս ամենաաննորմալներն անմիջապես համաձայնվում ու առաջնորդում են՝ ոչ միայն էն պատճառով, որ սրանք էլ սովորական գժերի պես ոչ թե Թափալցյանի հետ են սովոր համեմատվել, այլ հիմնականում՝ Նապոլեոնի, այլեւ էն պատճառով, որ սրանք առանց հոնորարի գրելուն սովոր չեն եւ առիթ են փնտրում՝ գրիչը դեն նետելու եւ ազգի առաջնորդությամբ զբաղվելու, մինչդեռ նվաստս անվրդով շարունակում է գրել ու հոնորար ստանալ, ու նաեւ շարունակական էս հոնորարներս են հիմնավոր պատճառ հանդիսացել, որ առ էսօր գրիչս դեն չեմ նետել ու ազգիս չեմ առաջնորդել, եւ եթե ինձ չհաջողվի հատորներիս քանակության ու քննադատներին քննադատելու շնորհիվ մեր գրականության պատմություն սողոսկել, հոնորարներիս շնորհիվ հաստատ կսողոսկեմ, որովհետեւ ես մեր գրողներից միակն եմ՝ ով անկախության էս անհոնորար ժամանակներում ոչ միայն շարունակաբար հոնորար ստացավ, այլեւ Արամին ու Նիկոլին կարողացավ համոզելով հավատացնել, որ հայ գրողն էլ հայ հացթուխին ու հայ կոշկակարին հավասար հաց ուտելու իրավունք ու ախորժակ ունի, եւ չնայած ինձանից հետո ուրիշ հոնորար ստացողներ էլ եղան, եւ չնայած էդ ուրիշներն առ էսօր չեն հասկացել, որ ես իրենց էդ հոնորարների ճամփեն բացողն եմ եղել, այդուհանդերձ, հավատացած եմ, որ սերունդները կհասկանան ու կգնահատեն, ինչպես որ էսօրվա շախմատիստներն են խոհեմաբար հասկանում, որ ժամանակին Ֆիշերը ստիպեց, որ շախմատիստների հոնորարներն էականորեն բարձրացվեն, եւ ահա ինքս ինձ Ֆիշերի հետ համեմատելուց հետո՝ հիմա սկսում եմ հասկանալ, որ սովորական գժերի պես արդեն չափս ահագին անցնում եմ, ու էս էլ է ինչ-որ չափով ու ինչ-որ իմաստով բնական, որովհետեւ սովորական գժերի եւ գրամոլների ու հատկապես բանաստեղծների տարբերությունն էն է, որ, ի տարբերություն սովորական գժերի, գրողներն ու հատկապես բանաստեղծները ոչ թե ասում են՝ ես Նապոլեոնն եմ, այլ ընդամենը ասում են՝ ես Նապոլեոնին հավասար եմ, ընդ որում՝ միանգամայն անկեղծորեն ու հավատով են ասում, ու հիմնականում էդ սպեցիֆիկ հավատն ու անկեղծությունն են պատճառ հանդիսանում, որ գրողներն ու հատկապես բանաստեղծներն են անմիջապես համաձայնվում առաջնորդել ազգին, եւ եթե նման առաջարկություն լինում է, հատկապես բանաստեղծներն են առանց երկարբարակ մտածելու համաձայնվում՝ ոչ միայն էն պատճառով, որ մեր օրերում բանաստեղծներին բանաստեղծության համար հոնորար տվող չկա, այլեւ էն պատճառով, որ բանաստեղծները, ի տարբերություն արձակագիրների, գրելու վրա չափազանց քիչ ժամանակ են ծախսում եւ, փաստորեն, ազգին առաջնորդելու համար ահագին ազատ ժամանակ ունեն, ու էս ասածս միանգամայն վստահաբար եմ ասում, որովհետեւ մի ժամանակ ինքս էլ եմ բանաստեղծ եղել ու անսահմանափակ ազատ ժամանակ ունեցել, ընդ որում՝ բավական հաջողակ բանաստեղծ եմ եղել. է՛ն աստիճանի հաջողակ, որ մի քանի կամուֆլյաժավորների ներկայությամբ Նավասարդյան Աշոտը բանաստեղծություններիցս մեկն անգիր արտասանեց, եւ չնայած հիմա չեմ հիշում՝ ինչ բանաստեղծություն էր, շատ լավ հիշում եմ, որ Աշոտը մեր պրոֆեսիոնալ ասմունքողների պես սխալ ու չափազանցված պաթոսով էր արտասանում՝ կամայականորեն որոշ բառեր փոխելով եւ առոգանությունն իրեն հարմարեցնելով, եւ հիմա որ Աշոտի էդ ասմունքը հիշեցի, հիշեցի նաեւ, որ բանաստեղծություններիցս մեկն էլ Հրանտն էր անգիր հիշում ու արտասանում. այո, սխալ չլսեցիք. ինքը՝ Հրանտ Մաթեւոսյանն իմ «Լրտեսական կրքեր» բանաստեղծությունը նույնիսկ իմ բացակայությամբ է մի քանի անգամ արտասանել, եւ երբ էդ մասին ինձ առաջին անգամ ասացին, մտածեցի՝ ձեռ են առնում, բայց հետո, երբ մի գեղեցիկ օր գրողների նախագահի իր կաբինետում էդ բանաստեղծությունն արտասանեց, արդեն աչքերիս ու մանավանդ ականջներիս հավատացի, որովհետեւ Հրանտը, ի տարբերություն Աշոտի ու մեր պրոֆեսիոնալ ասմունքողների, առանց պաթոսի ու չափազանց հանգիստ էր արտասանում, եւ երբ հաջորդ անգամ՝ արդեն Զուլալի ներկայությամբ ռեստորանում էդ նույնն արտասանեց, Զուլալը կենացս առաջարկելով ինձ ասաց՝ «դու պիտի հպարտ ըլլաս, որ Հրանտի պես մեծություն մը գրվածքդ կհիշի ու կարտասանի», եւ ես, իհարկե, հպարտ էի, ու հիմա էդ օրվա հպարտությունս վերհիշելով՝ վերստին եմ համոզվում, որ միանգամայն արժանի եմ Հրանտ Մաթեւոսյանի անվան էդ, ուրեմն, գրական մրցանակին, ու էս հարցում երկրորդ կարծիք լինել չի կարող, որովհետեւ Հրանտին ոչ ոք չէր ստիպել էդ բանաստեղծությունս անգիր արտասանել, եւ Հրանտն էլ էն մարդը չէր, որ ուրիշի ստիպելով որեւէ բան աներ, ու դպրոցական փորձիցս նաեւ գիտեմ, որ եթե տվյալ ոտանավորը սրտիդ հետ չի խոսում, ուսուցչիդ ու անգամ ծնողներիդ խաթեր չես կարող անգիր անել, բայց էս ասածս ամենեւին չի նշանակում, թե՝ էդ բանաստեղծությունը Հրանտի սրտի հետ խոսել էր, որովհետեւ էդ բանաստեղծությունս չափազանց անսիրտ մի բան է, որին բանաստեղծություն ասելն արդեն իսկ շռայլություն է, բայց ոտանավոր էլ չեմ կարող ասել, որովհետեւ ոտքերից էլ է զուրկ, եւ որպեսզի ձեզ համար պարզ դառնա՝ ինչի մասին է խոսքը, հիմա հիշելով, ավելի ճիշտ՝ «Անտիպոեզիա» գրքիցս արտագրելով կմեջբերեմ էդ, ուրեմն, աննախադեպ անհեթեթությունը.
Նրանք ՀՅԴ-ում ՀՀՇ-ին են ծառայում,
Նրանք ՀՀՇ-ում ՀՅԴ-ին են ծառայում,
Նրանք Երեւանում Մոսկվային են
        ծառայում,
Նրանք Մոսկվայում Վաշինգտոնին են         ծառայում,
Նրանք Վաշինգտոնում Իսրայելին են          ծառայում,
Նրանք Իսրայելում սատանային են          ծառայում,
Եվ միակը,
Միակը,
Միակը,
Ում նրանք չեն ծառայում,
Իրենց Հայրենիքն է:
Ահա էս անհեթեթությունս էր Հրանտն անգիր հիշում եւ մի քանի անգամ ուրիշների ու երկու անգամ իմ ներկայությամբ արտասանել է, ու էդ անբնական տեքստն էնքան բնական ու էնքան հանգիստ էր արտասանում՝ ասես ինքը գրած լիներ, եւ չնայած արդեն դուք էլ համոզվեցիք, որ էդ կարգի անհեթեթություն Հրանտը չէր կարող գրել, փաստը մնում է փաստ, որ մի քանի անգամ ուրիշների ու երկու անգամ էլ իմ ներկայությամբ անգիր ու անկաշկանդ արտասանել է, եւ չնայած էդ անհեթեթությանս մասին ինքը գովեստի որեւէ խոսք չի ասել, վստահաբար ենթադրում եմ, որ ինքն էդ անհեթեթությունս լավ էլ հավանել էր, որովհետեւ, եթե չհավաներ, դժվար թե մտահապեր ու անգիր արտասաներ, եւ հիմա որ էս հանգամանքի շուրջ ավելի երկար եմ մտածում, սկսում եմ նաեւ հասկանալ, որ մարդն ու հատկապես գրողը հատկապես էն գրվածքներն է հավանում, որոնք ինքը ոչ մի դեպքում չէր գրի, եւ վստահ եմ, որ եթե էսօր Հրանտը մեր կողքին լիներ, էլի տեղին ու անտեղի արտասանելու էր էդ, ուրեմն, անհեթեթությունս, որովհետեւ համոզված եմ, որ մարդ արարածն ի վիճակի չի մոռանալ մի անգամ արդեն հիշածն ու չմոռացածը, եւ եթե նույնիսկ շատ ցանկանա՝ էլի չի կարող մոռանալ, ու երեւի նաեւ էդ է պատճառը, որ էս վեպս էսքան երկարում է, որովհետեւ ես իմ ու ձեր կյանքից շարունակում եմ հիշել միայն ու միայն էն բաները, որոնք ոչ մի կերպ չեմ կարողանում մոռանալ, եւ եթե էսքան հիշելով՝ չկարողացա ձեզ համոզել, որ ես իսկապես արժանի եմ Հրանտ Մաթեւոսյանի անվան գրական մրցանակին, ուրեմն՝ իսկապես արժանի չեմ, բայց ես չէի կարող լռել ու էդ մրցանակից չխոսել, որովհետեւ եթե էսպես ու էս ոգով շարունակվի, շուտով Հայաստանում էդ մրցանակից կունենան բոլորը՝ ինձանից բացի, եւ իսկապես չէի կարող լռել ու չահազանգել, որովհետեւ ես էն կարծիքին չեմ, թե՝ էդ մրցանակին Հայաստանում բոլորն են արժանի՝ ինձանից բացի, եւ լավատեսությունս չկորցնելով՝ պիտի նաեւ հուսամ, որ ես մի գեղեցիկ օր անպայման կարժանանամ էդ մրցանակին: Վանոյից հետո, իհարկե: Իսկ մինչ այդ հետեւողականորեն կշարունակեմ հիշել հատկապես ու առանձնապես էն բաները, որոնք ոչ մի կերպ չեմ կարողանում մոռանալ, չնայած, այսուհանդերձ, գրական մրցանակների խնդիրն ինձ համար գերխնդիր չի, եւ կոնկրետ Հրանտ Մաթեւոսյանի անվան գրական մրցանակին էս երկարբարակ անդրադարձս կարող է արդարացվել ընդամենը նրանով, որ էդ մրցանակին անդրադառնալով՝ եւս մեկ անգամ մեր լուսահոգի մեծ տղերքին՝ Հրանտին ու Աշոտին անդրադառնալու հրաշալի առիթն ունեցա, եւ չնայած իրենց ու իրենց ասմունքն իմ իսկ շահերից բխեցնելով հիշեցի, այդուհանդերձ, էդ ձեւով հիշելս էլ է, կարծում եմ, արդարացի ու արդարացված, որովհետեւ մենք մեր մեծերին ամեն առիթով պիտի հիշենք, քանի որ մեր էս երկարուձիգ ճանապարհին հանդիպածների մեջ մեծեր առանձնապես շատ չեն եղել, եւ քանի որ մեր էս երկարուձիգ ընթացքում իրենց մեծ լինելը հիմնականում չենք հասկացել ու գիտակցել, հասկանալուց ու գիտակցելուց հետո՝ գոնե հետին թվով պիտի ջանանք հասկանալ նրանց, եւ եթե ջանանք, կհասկանանք ու կգիտակցենք նաեւ, որ հիմա էլ մեջներս ու կողքներս որոշ մեծություններ կան, եւ եթե ամեն քայլափոխի նրանց չենք տեսնում ու չենք նկատում, էդ նրանից է, որ իրենք իրենց շարունակ անթույլատրելի մոտիկության վրա են պահում, եւ չնայած իրենց հեռանալուց հետո իրենց մեծ լինելն անմիջապես հասկանում ու գիտակցում ենք, այդուհանդերձ, դրանից հետո էլ մյուս մոտիկների մեծություն լինելը չենք հասկանում ու գիտակցում, ու էդ է պատճառը, որ Հավատացյալ Խորենի մեծությունն էլ բավական ուշացումով՝ իր հեռանալուց հետո միայն հասկացա, եւ որպեսզի էսպես մշտապես չուշանանք, պիտի ավելի ու ավելի ուշադիր նայենք մեր կողքիններին ու մանավանդ մոտիկներին, եւ եթե շատ ուշադիր նայենք, նույնիսկ Հրանտ Մաթեւոսյանի անվան գրական մրցանակ չստացածների շարքերում կարող ենք մեծություններ հայտնաբերել, եւ հիմա, իհարկե, վերստին իմ մասին կասեք՝ «էս մարդու հանաքն ու լուրջն արդեն իրարից չեն տարբերվում», եւ եթե էդպես մտածեք ու ասեք, առանձնապես սխալված չեք լինի, որովհետեւ վաղուց արդեն ի՛նքս իմ կատակն ու լուրջը չեմ տարբերում, եւ դա էլ է միանգամայն բնական, որովհետեւ մեր էս երկարուձիգ կյանքում շատ հաճախ զավեշտականն ու լուրջն իրար զուգահեռ ու կողք-կողքի են հանդես գալիս, եւ ժողովուրդն իզուր չի ասում՝ «էլ ի՞նչ հանաք, որի կեսը լուրջ չըլնի», եւ նույն ժողովուրդը նաեւ ասում է՝ «ճիշտ խոսքը հանաքով են ասում», բայց ես որ ասում եմ՝ Հրանտ Մաթեւոսյանի անվան էդ գրական մրցանակը չստացածների մեջ էլ լիքը մեծություններ կան, ամենեւին կատակ չեմ անում, որովհետեւ Նարեկացին, Թումանյանն ու էլի ուրիշներ էդ մրցանակը չեն ստացել՝ էն պարզ ու հարգելի պատճառով, որ իրենց կյանքի օրոք էդ մրցանակը գոյություն չի ունեցել, իսկ ինչ վերաբերում է ինձ, իմ առումով զավեշտականն էն կլինի, եթե էսքանից հետո ինձ կանչեն ու էդ մրցանակը տան, եւ առավել զավեշտական կլինի, եթե ինձ էդ մրցանակն ու էդ մրցանակը մարմնավորող հազար դոլարը տան՝ նախքան էս հատվածի տպվելը, եւ դա միանգամայն հնարավոր է, որովհետեւ էս գրածս «Առավոտում» տպագրվում է գրելուցս տարիուկես հետո միայն, եւ եթե էդպիսի բան տեղի ունենա, էդ մրցանակը գրկաբաց կընդունեմ, որովհետեւ էդ մրցանակն ինձ համար ավելի կարեւոր է, քան մյուս բոլոր մրցանակներն իրար գումարած՝ ներառյալ Նոբելյանը, բայց էս ասածս ամենեւին չի նշանակում, թե Նոբելյանը Հրանտի մրցանակից ցածր եմ դասում, այլ ընդամենը նշանակում է, որ ես, ի տարբերություն Շենգավիթցի Ռաֆոյի, Ջավախյանի եւ ուրիշների, Նոբելյանի մասին առանձնապես չեմ մտածում, որովհետեւ հասկանում եմ, որ Նոբելյանից առաջ նախ Հրանտի անվան մրցանակն է հարկավոր ստանալ, ու էդ ուղղությամբ հարկավոր է շտապել, որովհետեւ ինչպես Նոբելյանը, Հրանտի մրցանակն էլ է կենդանի ու ապրող գրողներին շնորհվում, եւ էս երկու մրցանակները եւս մի ընդհանրություն ունեն. ե՛ւ Նոբելյանին, ե՛ւ Հրանտի անվան մրցանակին չարժանացած գրողների մեջ լիքը մեծություններ կան, եւ եթե էդ մեծություններին անուն առ անուն թվարկեմ, հիմի էլ պիտի ասեն, թե՝ արհեստականորեն մեծացնում եմ առանց էդ էլ մեծ էս վեպս, եւ եթե Նարեկացին, Քուչակն ու Շեքսպիրը Նոբելյանին միանգամայն հարգելի ու հասկանալի պատճառներով չեն արժանացել, ապա նույն Հրանտը, Թումանյանը, Չարենցը, Սարոյանը, Բուլգակովը, Դոստոեւսկին, Տոլստոյն ու շատ ուրիշներ Նոբելյանին չեն արժանացել միանգամայն անհասկանալի պատճառներով, եւ հիմա որ էս ուղղությամբ ավելի ու ավելի եմ մտածում, սկսում եմ հասկանալ, որ իրականում ոչ թե էս թվարկածներս Նոբելյանին չեն արժանացել, այլ, ընդհակառակը, Նոբելյանը էս թվարկվածներին չի արժանացել, եւ հիմա, երբ էս ուղղությամբ մտածելով՝ ավելի ու ավելի եմ խորանում, սկսում եմ նաեւ հասկանալ, որ թվարկածս ու չթվարկածս մեծություններից ամենամեծն, այնուամենայնիվ, Լեւ Նիկոլաեւիչ Տոլստոյն է՝ թեկուզեւ էն պատճառով, որ ինքն առ էսօր միակ գրողն է, որ հրաժարվել է նույն էդ Նոբելյանից, որովհետեւ էդ մրցանակից հրաժարվելու պահին միանգամայն հստակ հասկացել է, որ արդեն ինքն էդ մրցանակին ավելի է հարկավոր, քան էդ մրցանակը՝ իրեն:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել