Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԸ ՉԳԻՏԵՆ՝ ԳԼԽՆԵՐԻՆ ԻՆՉ Է ԳԱԼՈՒ»

Սեպտեմբեր 30,2010 00:00

Ուսանողներն էլ կբռնեն գաղթի ճամփա՞ն

Ներկայումս կենսաթոշակային ոլորտի բարեփոխումներին նվիրված մի քանի օրինագծեր են քննարկվում, որոնցից ամեն մեկն ունի իր վիճելի կողմերը: Քննարկվող օրենքի նախագծերից ամենամտահոգիչը կենսաթոշակային ոլորտի բարեփոխումների այն ծրագիրն է, որի հեղինակը կառավարությունն է, որովհետեւ կասկած չկա, որ շուտով ուժի մեջ է մտնելու հենց այդ օրինագիծը: Ինչպես գիտենք, ներկայումս մեր երկրում գործում է կենսաթոշակային բաշխողական համակարգը, երբ աշխատող բնակչության ու գործատուների վճարումների հաշվին ձեւավորվում է կենսաթոշակային ֆոնդը: Քանի որ մեր հասարակությունը ծերացման է գնում, թոշակառուները գնալով ավելանում են, ու աշխատող քաղաքացիներն այլեւս չեն հասցնում կենսաթոշակառուների խնդիրը լուծել՝ անհրաժեշտություն է առաջացել փոխել ողջ համակարգը եւ անցնել կուտակայինի:
«Առավոտի» հետ զրույցում ՀՀ բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանն իր մտահոգությունները հայտնեց, որ կառավարության հեղինակած օրինագիծը հասարակական պահանջ չունի. «Իմ կարծիքով, այդ օրենքի մեխն այն է, որ միայն պետության ֆինանսական կայունության պահպանման խնդիրն է լուծում, իսկ հասարակության խոցելի խմբին՝ թոշակառուներին գցում է ռիսկային գոտու մեջ: Բացի այդ, ես, որպես բուհերի հետ կապ ունեցող մարդ, մեծ մտավախություն ունեմ, որ այդ օրենքի ընդունումից հետո մեր հասարակությունն ավելի շատ է գնալու ծերացման: Գաղտնիք չէ, որ գործատուները շատերին չեն գրանցում, նոր ավարտած ու աշխատանք փնտրող ուսանողները ստիպված լքելու են երկիրը, որովհետեւ այստեղ այդ պարագայում անգամ կենսաթոշակ ստանալու հույս չեն կարող ունենալ: Եթե այսօր 555 հազարից ավելի թոշակառու կա Հայաստանում, այն ժամանակ մեր հասարակությունը կազմված է լինելու բացառապես միայն ծերերից»: Պարոն Վաղարշակյանը մասնակցել է կենսաթոշակային բարեփոխումներին նվիրված կառավարության բոլոր քննարկումներին ու ապշել է, երբ հասկացել է, որ մեր պես փոքր երկրի գլխին կառավարությունն այդ օրենքով փորձարկումներ է անում. «Ինտերնետից տարբեր երկրների օրենքները կարդացել են, արտատպել ու հիմա դրանց հիման վրա բարեփոխումներ են անում: Երբ հարցնում ենք՝ ո՞ր երկիրն է օգտագործում այդ տարբերակը, որպեսզի մենք հասկանանք՝ կաշխատի՞ այն Հայաստանում, թե՞ ոչ, պատասխանում են, թե միջազգային փորձից ծաղկաքաղ են արել: Ավելի լավ էր Մոզամբիկի փորձը բերեին, քան ամեն տեղից մի բան արտագրեին, դա օրենք չէ ու չի աշխատի: Ասում են, որ հիմնական դրույթները Էստոնիայի, Ռուսաստանի ու Ղազախստանի օրենքներից են: Էստոնիան ԵՄ անդամ երկիր է, եւ եթե այդ երկրի տնտեսությունն ինսուլտ ստանա՝ ԵՄ երկրները կփրկեն նրան, իսկ Հայաստանն իրավունք չունի նման փորձեր անել, որովհետեւ, եթե կաթվածահար լինի՝ ոչ ոք չի հասնի: Ռուսաստանի ու Ղազախստանի հետ էլ չենք կարող համեմատվել, որովհետեւ մեկը գերտերություն է, մյուսը՝ անհամեմատ լուրջ պոտենցիալ ունեցող երկիր»:
Ըստ կառավարության ծրագրի, կուտակային ֆոնդերի համար պետք է ընտրվեն ակտիվների կառավարիչներ: Պարոն Վաղարշակյանի խոսքերով՝ «Նախ, կասկածելի է, որ դա ապաքաղաքական պաշտոն է: Որեւէ երաշխիք չկա, որ եթե մի կառավարիչ այն չեղավ՝ ինչ է լինելու հազարավոր թոշակառուների թոշակի հետ: Ասում են՝ պետությունը երաշխավոր է, բայց «Հայխնայբանկի» ավանդների համար էլ էր պետությունը երաշխավոր: Կառավարիչը կարող է լուծարման տանել ֆոնդը, իսկ պետությունը կփոխհատուցի այնպես, ինչպես ավանդատուներին: Կասեն՝ սրտանց ուզում ենք օգնել, բայց գումար չկա, ցուցակ կկազմեն՝ տարիներով փողերը չեն տա: Թոշակառուի հետ չի կարելի խաղ անել: Դա ամենախոցելի խավն է, այն մարդն է, որն ավելի շատ է հիվանդանում եւ ավելի մեծ ուշադրության կարիք ունի: Մարդիկ կան՝ 40-50 տարի աշխատել են, եւ հիմա պետք է վայելեն, բայց պետության այս խաղերից՝ ժամանակ էլ չեն ունենա վայելելու: Ճիշտ է, վիճակագրության համաձայն Հայաստանում կյանքի միջին տեւողությունը իբր թե 72 տարեկան է, բայց պարզ է, որ մարդիկ անգամ թոշակային տարիքի չեն հասնում»:
Նշենք, որ երբ Ֆրանսիայում թոշակի անցնելու տարիքը երկու տարով բարձրացվեց՝ ողջ հասարակությունը զանգվածային ցույցերի դուրս եկավ, իսկ մեզ մոտ, երբ քննարկվում է ազգաբնակչության համար կենսական նշանակություն ունեցող այս օրինագիծը, հասարակությունը, ըստ Գառնիկ Վաղարշակյանի, պասիվություն է դրսեւորում. «Պատճառն այն է, որ լավ տեղեկացված չեն, կառավարությունը պարզ չի բացատրում, թե ինչ է գալու թոշակառուների գլխին, իսկ 65 տարեկան մարդը դժվարանում է հասկանալ նրանց տերմինները: Սա այն օրինագիծն է, որը պետք է քննարկվի առողջապահության, մայրության հանձնաժողովներում, Մարդու իրավունքների պաշտպանի հետ, խոշոր հիմնարկների, գործատուների հետ, ինչը դիտավորյալ չի արվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել