Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՎՈՐԳՅԱՆՑՆԵՐԻ ՏՈՆԸ

Նոյեմբեր 10,2010 00:00

\"\"Մեծ տոն: Սա Վահե Գեւորգյանցի վերջին կարճամետրաժ ֆիլմի անվանումն է: Բացի դրանից մեծ տոնն այն է, ինչ կատարվում էր Կեւորկովների (Գեւորգյանցների) ընտանիքում: Ինչո՞ւ: Արդեն երրորդ սերունդն է մուտք գործում կինոարվեստ: Մի՞թե սա լավ առիթ չէ: Կեւորկովների տոհմի առաջին կինոգործիչն էր նշանավոր Ստեփան Կեւորկովը, ով նկարահանել է ամբողջ Սովետում համբավ ձեռք բերած Կամոյի մասին ֆիլմերը (առաջին երկուսն Էրազմ Քարամյանի, իսկ վերջինը Գրիգոր Մելիք-Ավագյանի հետ համատեղ): Բացի սրանից, նա հիմնել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը, ինչպես նաեւ մի քանի տարի ղեկավարել է «Հայֆիլմ» կինոստուդիան: Նրա երկու որդիները՝ Գեորգին եւ Ռուբենը, շարունակեցին հոր գործն ու հռչակվեցին որպես վավերագրական եւ խաղարկային կինոյի տաղանդավոր ռեժիսորներ: Ռուբենն այժմ վայելում է Հայաստանի թիվ 1 կինովավերագրողի համբավը, ինչպես նաեւ նախագահում է իր հոր ստեղծած Կինոմիությունը: Դե իսկ հիմա իրենց առաջին քայլերն են անում Ռուբենի որդիները: Պետք էր տեսնել, թե ինչպիսի մեծ հպարտությամբ էին փայլում Ռուբեն Գեւորգյանցի աչքերը, երբ իր տղաների՝ Վահե եւ Ստեփան Գեւորգյանցների նոր համատեղ ստեղծագործություններն առաջին անգամ հանձնվեցին հանդիսատեսի դատին: Դա տեղի ունեցավ 2010 թվականի հունիսի 25-ին: Այդ ժամանակ ցուցադրվեց երկու կարճամետրաժ խաղարկային ֆիլմ՝ «30 տարի եւ 3 օրն» ու «Մեծ տոնը»: Գեւորգյանց-հայրը հպարտանալու տեղիք, իրոք, ուներ, քանի որ եթե ոչ առաջին, ապա երկրորդ ֆիլմն ինչ-որ իմաստով նոր խոսք էր հայ կինոյի մեջ ու ժամանակակից հայկական ֆիլմերից տարբերվում էր իր ազնվությամբ եւ նրբությամբ:
Սակայն լավը թողնենք դեսերտի համար:
Սկսենք «30 տարի եւ 3 օր» ֆիլմից: Այն պատմում է մի հայի մասին (նրա դերը կատարում է Ժան Պյեր Նշանյանը), ով 30 տարի առաջ փախել էր ԱՄՆ՝ անտեր թողնելով Հայաստանում իր ծնողներին: Հիմա ինքը հարուստ բիզնեսմեն է եւ վերադարձել է հայրենիք, որպեսզի հոր ու մոր աճյունը տեղափոխի իր մոտ՝ Ամերիկա: Պարզվում է, որ առաջին հայացքից այս պարզ ցանկությունն այդքան էլ հեշտ չէ իրագործել…
Ֆիլմի երեւի ամենալավ կողմն այն է, որ հեղինակները փորձում են հասկանալ սփյուռքահայերի նկատմամբ ժամանակակից հայաստանցիների, այսպես ասած, «չուզողության» պատճառները: Այլազգիների հանդեպ մենք շատ ավելի հյուրասեր ենք: Նշանյանի կերպարն իր գրպանում ունի ժամանակակից աշխարհի ամենաահեղ զենքը՝ փողը: Սակայն նույնիսկ այս զենքը չի կարող օգնել նրան. գերեզմանապահն ընդունում է գումարը, սակայն մատով էլ անգամ չի շարժում բիզնեսմենի ծնողների գերեզմանները գտնելու համար: Չնայած գլխավոր հերոսն այդպիսիների թվին չի պատկանում՝ ֆիլմում շոշափվում է նաեւ որոշ սփյուռքահայերի կեղծ հայրենասիրության թեման: Մահանալուց առաջ նրանց վերջին խնդրանքը Հայաստանում թաղվելն է: Այսպիսով Հայաստանը դառնում է մի մեծ գերեզմանատուն՝ հայրենիքին կարոտ մնացած հայերի համար, որոնք միայն մահից հետո են մտածում հայրենիք վերադառնալու մասին: Ուրիշ բան, որ ժամանակակից Հայաստանը, մեղմ ասած, ոչ բոլորին է գերում…
Ցավոք, երեւի այսքանով ֆիլմի արժանիքները վերջանում են: Մոտ կես ժամ տեւողությամբ այս ժապավենը խիստ զայրացնում է իր պրիմիտիվ սցենարական ու ռեժիսորական լուծումներով, որոնք, ճիշտն ասած, շատ քչով են տարբերվում հայկական սերիալների լուծումներից: Սա շատ ցավալի է, քանի որ այլապես ֆիլմը ոչ միայն մեկ անգամ եւս կհաստատեր իր վերոհիշյալ արժանիքները, այլեւ կստանար նոր երանգներ, նոր խորություններ: Չի ուրախացնում նաեւ դերասանական խաղը: Չնայած Նշանյանն իրոք տաղանդավոր դերասան է՝ այս ֆիլմում նա մի տեսակ անվստահ է խաղում:
Հարկավոր է կրկնել՝ ֆիլմի հիմնական խնդիրը թույլ սցենարն է: Այնպիսի տպավորություն է, որ ֆիլմը սկսել են նկարահանել, երբ սցենարը դեռ սեւագիր էր:
Ինչեւէ… Հիմա արդեն դեսերտի ժամն է:
«Մեծ տոնում» ռեժիսոր էր միայն Վահե Գեւորգյանցը: Համենայնդեպս տիտրերում Ստեփան Գեւորգյանցի անունը չի նշվում:
Այս պատմությունը հայ ու ադրբեջանցի երկու պատանիների մասին է (դերերում՝ Շանթ Բալաբեկյանն ու Կարեն Սահակյանը), որոնք Ղարաբաղում պատերազմական գործողությունների հետեւանքով մնացել են առանց ծնող ու ստիպված են ինքնուրույն հոգալ իրենց ապրուստը: Սկզբում նրանք ատում են միմյանց, սակայն հետո՝ ընկերանում: Ֆիլմում կա եւս մեկ գործող անձ: Դա Փուչոն է՝ անտեր շունը: Նրա համար անհասկանալի են այս բոլոր սպանություններն ու պայթյունները: Նա երբեւիցե այսպիսի բան չի տեսել: Փուչոն միայն մեկ բացատրություն է կարող տալ այս ամենին. ըստ երեւույթին՝ մարդիկ ինչ-որ մեծ տոնի են պատրաստվում…
Ամենասկզբում արդեն ասվեց, որ «Մեծ տոնն» ինչ-որ չափով նոր խոսք է հայ կինոյում: Ֆիլմում լայնորեն օգտագործվում է, այսպես կոչված, սուբյեկտիվ կամերան, այսինքն՝ իրադարձությունը ցույց է տրվում տվյալ պերսոնաժի աչքերով: «Մեծ տոնում» մեր առջեւ երեք անգամ կրկնվում է նույն պատմությունը, սակայն առաջին անգամ հայ պատանու աչքերով, երկրորդ անգամ՝ ադրբեջանցու, իսկ երրորդը՝ Փուչոյի: Ամենայն հավանականությամբ՝ հայ կինոյում դեռ չէր կիրառվել այսպիսի յուրօրինակ պատմելաոճ:
Հայի ու ադրբեջանցու աչքերով տեսածների մեջ հանդիպում են որոշ անհամապատասխանություններ, բայց դա ամենեւին էլ սցենարիստների թերությունը չէ՝ ինչպես սխալմամբ կարծում էր հունիսի 25-ին դահլիճում ներկա գտնվող հանդիսատեսների մի մասը: Ընդհակառակը՝ սա շատ էական լուծում էր, որի բացակայության դեպքում «Մեծ տոնն» ուղղակի անարժան կլիներ վերոհիշյալ գովասանքներին: Պատահական չէ, որ նկարահանման այս մեթոդը կոչվում է սուբյեկտիվ կամերա: Մենք տեսնում ենք այս պատանիների հիշողությունները, տեղի ունեցածի մասին իրենց պատկերացումները, եւ միանգամայն պարզ է, որ մարդ՝ առավելեւս 11-ամյա երեխան, պետք է հիշի ամեն ինչ յուրովի: Օրինակ՝ հայի համար հենց ինքն է ավելի ուժեղ զարկել հակառակորդին, հենց ինքն է ավելի սուր հայհոյանք ասել, եւ ճշմարտությունը հենց իր կողմն էր, քանի որ իրեն վիրավորել էին եւ մի՞թե նա կարող էր պատասխան չտալ: Նույնն էլ, ավելի ճիշտ՝ հակառակն էլ ադրբեջանցու դեպքում է: Երեւիթե ամենաօբյեկտիվ հայացքը Փուչոյինն է: Սակայն տվյալ դեպքում օբյեկտիվությունն այդքան էլ կարեւոր չէ, քանի որ բոլոր երեք հայացքներն էլ միաբան են մեկ հարցում՝ ինչի՞ համար է այս ամենը: Երեք հերոսներից ոչ ոք չի կարող պատասխանել այս հարցին: Ցավալին (կամ գուցե ուրախալին) այն է, որ, ըստ երեւույթին՝ պատասխանը ոչ ոքի պետք չէ…
Հարցն այստեղ այն չէ, թե ով էր ճիշտ, ու ով էր սխալ: Հայը մի բան է ասում, ադրբեջանցին՝ ուրիշ: Ֆիլմը չի բռնում ոչ հայերի, ոչ էլ ադրբեջանցիների կողմը: Այն փորձում է ցույց տալ ցանկացած պատերազմի անհեթեթությունը: Սա պացիֆիստական կինոնկար է:
Ցավոք, «Մեծ տոնը» նույնպես ունի թերություններ: Այս անգամ թերությունը չափազանց էական է: Սա կրկին սցենարիստների մեղավորությունն է: Գրեթե բոլոր երկխոսությունները կեղծ են: Ֆիլմի փոքրիկ հերոսները փիլիսոփայում են այնպիսի թեմաների շուրջ ու այնպիսի խոսքերով, որոնք ուղղակի չեն կարող հնչել 11-ամյա պատանու բերանից. դա ուղղակի ծիծաղելի է: Այդ տարիքում երեխան երբեք չի արտասանի նման նախադասություններ: Իհարկե՝ գոյություն ունի մանկական իմաստություն, սակայն սա այդ դեպքը չէ: Գուցե հեղինակները կասեն, որ պատերազմն է այդպիսի մտքեր մտցրել պատանիների գլուխները: Սակայն ոչ մի պատերազմ չի կարող մարդուն, առավելեւս երեխային, փիլիսոփայական իմաստով ավելի իմաստուն դարձնել:
Շատ ափսոս: Ֆիլմի հիմքում շատ լավ գաղափար էր, սակայն այն մշակված է չափազանց անփութորեն: Պաթետիկ լեզուն կեղիք է մտցնում ու խանգարում է ամբողջ ֆիլմը լուրջ ընկալել: Պետք էր մինչեւ վերջ անկեղծ լինել: Մի խոսքով՝ երկխոսությունները չեն ստացվել:
Ամեն դեպքում, Գեւորգյանցների նոր սերունդը վստահ քայլերով մտնում է կինոաշխարհ: Պարզ երեւում է, որ նրանք համակված չեն (հուսով ենք՝ չեն էլ համակվի) այն եսասիրությամբ ու ինքնահավանությամբ, որն այդքան բնորոշ է ժամանակակից հայկական կինոյի գրեթե բոլոր ներկայացուցիչներին: Չնայած այս երկու ֆիլմերը հեռու են «գերազանց» բնորոշումից՝ նրանք ազնիվ են ու անկեղծ: Դեռ վաղ է խոսել արտասովոր հմտության մասին, բայց կա պոտենցիալ, որը հետագայում կարող է լուրջ արդյունքներ տալ: Գուցե երբ եղբայրները հմտանան իրենց գործում, մեր էկրաններին… ավելի ճիշտ՝ էկրանին… կհայտնվի մի այնպիսի ֆիլմ, որը պատիվ կբերի մեր կինոյին: Սակայն մոտակա ժամանակներում այդպիսի բան դժվար թե լինի: Չնայած… ո՞վ գիտի…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել