Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«ԱՐԳԵԼԵ՛Լ ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԳԱԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»

Նոյեմբեր 12,2010 00:00

\"\"Առաջարկում է ՀՀ գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի հիմնադիր նախագահ Հարություն Կարապետյանը:

– Շատերի կողմից արդեն կարծիքներ են հնչում, որ թեմատիկ ֆինանսավորման մրցույթի պայմանները, մեղմ ասած, թերի են, իսկ ֆինանսավորման ենթակա հնարավոր թեմաների թիվը՝ շատ սահմանափակ։

– Նախ ուրախ եմ, որ թեմատիկը դիմացավ նաեւ այս հերթական մեծ պատուհաս-փորձությանը, քանի որ ԳՊԿ-ի դե յուրե ղեկավարն արդեն իսկ քարոզարշավ էր սկսել թեմատիկի ընդհանրապես վերացման նպատակով։ Իրեն յուրահատուկ պաթոսով եւ ամպագոռգոռ հայտարարություններով թեմատիկը փոխարինվում էր իբր թե «գրանտայինով»։ Թե որն էր դրանց տարբերությունը, չէր մեկնաբանվում։ Ճիշտ է, ՀՀ վարչապետի եւ ՀՀ ԿԳՆ նախարարի թողտվությամբ, իհարկե, նրան հաջողվեց անցած տարվա համեմատ կիսել այս ծրագրի առանց այն էլ չնչին բյուջետային միջոցները, բայց ելնելով իրավիճակից՝ գերադասվեց առայժմ պահպանել։ Կարծում եմ, այստեղ մեծ եւ որոշիչ դեր ունեցան ՀՀ ԳԱԱ առաջիկա ընտրություններն ու այդ ընտրություններում ՀՀ ԿԳՆ ԳՊԿ ղեկավարի համար ԳԱԱ նախագահության կողմից նախատեսված որոշակի տեղը՝ «Մոլեկուլյար կենսաբանություն, կենսաֆիզիկա» մասնագիտությամբ։ Գրեթե համոզված եմ, որ սա է պատճառը, որ նախ պահպանվեց թեմատիկը որպես ԳԱԱ ընտրությունների վրա ազդելու լծակ, եւ հետո շրջանառության մեջ դրվեցին նաեւ ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ի ոսկե մեդալով պարգեւատրումները։ Կարծում եմ, ոսկե մեդալների տեղատարափին դեռեւս կարող ենք ականատես լինել։ Ինչ վերաբերում է հայտարարված մրցույթի՝ «աջաբսանդալ» հիշեցնող պայմաններին, իհարկե՝ այն թերի կարելի է համարել։ Բայց դե, այլ խնդիրներ են դրված եղել, որոնցից հիմնականը, իհարկե, ՀՀ ԳԱԱ առաջիկա ընտրություններն են, որի դեպքում ֆինանսավորման ենթակա թեմաների փոքրաթիվությունը կամ, այսպես ասած, արհեստական դեֆիցիտը ավելի է բարձրացնում դրանց գինը։

– Ավելի կոնկրետ այս մրցույթի պայմանների մասին ի՞նչ կասեք՝ որպես գիտական մրցույթների փորձառու անձ։

– Ցանկացած գիտական գործունեությանը աջակցող մրցույթ ունի իր հիմնական նպատակը, որի իրականացման համար մշակվում է յուրահատուկ պայմանների խումբը։ Տվյալ դեպքում, մրցույթն իրականացվում է ՀՀ պետբյուջեի միջոցների, այսինքն՝ ՀՀ հարկատուների հաշվին եւ, դատելով վերնագրից, այն ունի հետազոտական գործունեության աջակցության ընդհանուր բնույթ։ Այս հիմքի վրա պետք է դիտարկել ԳՊԿ-ի եւ նրա կողմից պետբյուջեի հաշվին ստեղծված «ԳԻՏԱԿ»–ի մոտ 80 հաստիքանոց (ի դեպ, գիտաշխատողների համեմատ շատ ավելի բարձր վարձատրվող), կառույցների կողմից հանրությանը ներկայացրած՝ «Հրավեր» կոչված փաստաթուղթը, որը ըստ պատշաճի հաստատվել է նաեւ ՀՀ ԿԳ նախարարի հրամանով: Մի կողմ թողնելով տեխնիկական բնույթի թերությունները, որը, ինչ խոսք, անհարիր է պետական կառույցի համար, դիտարկենք հայտարարված պայմանների մի քանի կարեւոր դրույթներ, որոնք, փաստորեն, ձեւակերպվել են քաղաքացիական ծառայության բարձրագույն, ինչպեu նաեւ գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբի պաշտոնների նշանակված անձնակազմի կողմից։

Այսպես, մինչ պարզունակության աստիճանի մանրամասն նկարագրված են փորձաքննության վերջնական գնահատականի՝ միջին թվաբանականի ձեւավորման մտքի մարզանք հիշեցնող սկզբունքները ու ԳՊԿ-ի նախագահի միանձնյա դերը, անգրագիտության աստիճանի թերի է մրցույթի հնարավոր մասնակիցների իրավաբանական կարգավիճակի հարցը։ Այս հարցը պետք է սահմաներ այն շրջանակը, թե որտե՞ղ կամ ո՞ւմ են ուղղվելու ՀՀ պետբյուջեի, այսինքն՝ հարկատուների միջոցները։ Կա ընդամենը մի լղոզված կետ՝ 4-րդը, որտեղ նշված է. «Խմբի բոլոր անդամները պետք է հանդիսանան ՀՀ մշտական բնակիչներ, ինչպես նաեւ դրամաշնորհի իրականացման ընթացքում պետք է բնակվեն ՀՀ-ում»։ Ընդգծենք, որ «ՀՀ մշտական բնակիչներ» եւ ոչ թե «ՀՀ քաղաքացիներ» եւ տեսնենք, թե ի՞նչ կստացվի։ Կստացվի այն, որ դրամաշնորհի իրականացման ընթացքում ՀՀ-ում բնակվող, ասենք, Վրաստանի քաղաքացիները իրավունք ունեն միջոցներ ստանալ ՀՀ հարկատուների միջոցներից գոյացած ՀՀ պետբյուջեից։ Բացարձակապես բացակայում է կազմակերպությունների իրավաբանական կարգավիճակի հարցը, որի մասին խոսվել է մեր նախորդ հարցազրույցներից մեկի ժամանակ (Առավոտ, 10.08. 10թ.)։ Այսինքն, ըստ «Հրավեր»-ի, հարկատուների միջոցներից գոյացած ՀՀ պետբյուջեի գումարները նորից կարող են ուղղվել մասնավոր սեկտորին, հ/կ-ներին եւ պետական կառավարման մարմիններին։ Կարծում եմ, որ ՀՀ ԿԳՆ նախարարն ու ԳՊԿ-ի ղեկավարը կայացրել են համապատասխան որոշում այս սողանցքի մասին, բայց միգուցե եւ ոչ պատահականորեն, մոռացել են «Հրավեր»-ում հատուկ նշել։ Ինչ խոսք, նման պայմաններում ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ի աշխատակազմը կարող է, ինչպես եւ եղել է մինչ այսօր, կամայականորեն մեկին մերժել, իսկ մյուսին միջոցներ հատկացնել, քանի որ, ըստ «Հրավեր»-ի, վերջնական որոշումները գրեթե միանձնյա կայացվում է ԳՊԿ-ի ղեկավարի կողմից։ Կարելի էր, իհարկե, անդրադառնալ նաեւ երիտասարդների մասնակցության տարօրինակ դրույթներին՝ կետ 5 եւ 6, եւ մեկնաբանել, թե ի՞նչ նպատակներ է հետապնդել հատկապես կետ 5-ը, բայց դա այլ խոսակցություն է եւ քանի որ ԶԼՄ-ներում արդեն կա որոշակի արձագանք այս հարցի կապակցությամբ, սահմանափակվենք Գ. Բարսեղյանի կարծիքով (lragir.am, 30.10.2010թ.)։ Անդրադառնանք եւս մեկ «աշխարհացունց» մտքի՝ նորամուծության, որը ԳՊԿ-ի գիտունիկները կարծես թե լսել են, բայց չեն տեսել։ Խոսքը վերաբերում է ամսագրերի «ազդեցության գործակցին» (impact factor), մասնավորապես՝ դրանց վերջին տասը տարիների գումարային արժեքի պայմանին՝ գիտական աստիճան չունեցող հայտատուների համար (կետ 3)։ Նախ, չի հստակեցված, թե ամսագրերի որ «ազդեցության գործակցի» մասին է խոսքը՝ Web of Science-ի IF-ի, թե՞ Elsevier-ի, SJR կամ SNIP գործակիցների։

– Ի՞նչ կարծիքի եք ՀՀ ԳԱԱ ընտրությունների մասին։ Շատերի մոտ առկա է այն կարծիքը, թե այս ընտրությունների արդյունքներն արդեն հայտնի են։

– ՀՀ ԳԱԱ-ի այս ընտրությունները ոչ մի սկզբունքային տարբերություն չունեն նախորդ ընտրությունների համեմատությամբ։ Երբ ընտրությունները հայտարարվում են ըստ մասնագիտությունների ցանկի, ապա մեծ խելք պետք չէ՝ հասկանալու համար, որ այդ ցանկն արդեն հնարավորինս հարմարեցված է նախատեսվող հաղթողների ցանկի հետ։ Պատկերացրեք, թե ինչ վիճակ կստեղծվեր, եթե առանց մասնագիտությունները նշելու հայտարարվեր մրցույթ՝ 6 ակադեմիկոսների հնարավոր տեղերի համար, իսկապես պահպանելով «միջազգային ճանաչում ստացած աշխատանքներով» գիտությունը հարստացրած լինելու պայմանը։ Ավելի լավ է չփորձել պատկերացնել, քանի որ այդ դեպքում հայկական գիտությունը պարզապես կորբանար։ Բայց նաեւ պարզ է, որ մասնագիտությունների ցանկն արդեն որոշակի երաշխավորվածության աստիճանի հովանավորչություն է՝ «ընտրյալ» թեկնածուների համար։ Չեմ կարծում, որ որեւէ մեկը՝ այն էլ խանգարումներից զուրկ, կարող է ենթադրել, որ Հայաստանում կան իրավագիտության եւ տնտեսագիտության բնագավառների այնպիսի գիտաշխատողներ, որոնք բավարարում են հայտարարված ընտրությունների (եւ ոչ մրցույթի) պայմաններին, մասնավորապես՝ «գիտությունը հարստացրել են առաջնակարգ գիտական նշանակություն ունեցող եւ միջազգային ճանաչում ստացած աշխատանքներով»։ Կամ թե, կգտնվի մեկը, որը կասկածի, թե ո՞ւմ համար է նախատեսված «մոլեկուլյար կենսաբանություն, կենսաֆիզիկա» թղթակից անդամի տեղը։ Արդյո՞ք պատահական է, որ «մոլեկուլյար կենսաբանություն, կենսաքիմիա» չի հայտարարվել։ Իհարկե, ո՜չ։ Այդ տեղը նախատեսված է շատ որոշակի՝ «մի քիչ մոլեկուլյար կենսաբան» եւ «մի քիչ ֆիզիկոսի» համար, որը, բացի այդ «մի քիչներից», տվյալ պահին ունի նաեւ ազդեցություն, իրենց լեզվով ասած՝ բարձր Impact factor։ Բայց դե, այս ամենը սառցաբեկորի միայն տեսանելի մասն է։ Համոզված եմ, որ արդյունքում ականատես կլինենք նաեւ այլ չինովնիկ-«գիտնականների» տիտղոսավորմանը։ Ավելի զավեշտալի դեպքեր կան մեր անցյալից։ Օրինակ, ընտրության փաթեթավորմամբ հովանավորյալի անցողիկության երաշխավորվածությունը 120%-ով ապահովելու նպատակով մոտ 20 տարի առաջ Հայաստանում հորինվել է նոր գիտական մասնագիտություն՝ ակուստաֆիզիկա, որը չի եղել եւ առ այսօր էլ չկա ոչ մի տեղ աշխարհում։ Իսկ Հայաստանն ունի ակուստաֆիզիկոս մասնագիտությամբ ակադեմիկոս, լավ չէ՞, համ էլ շատ յուրօրինակ ու ազգովի հպարտանալու հերթական առիթ՝ ակադեմիկոս ունենք՝ աշխարհը չունի սկզբունքով։

– Կա՞ այս ամենից ձերբազատվելու եւ գիտության բնագավառը համեմատաբար գիտական պահելու ճանապարհ։

– Ցանկության դեպքում կան ուղիներ՝ հեղափոխականից մինչեւ համեմատաբար փափուկները։ Եկեք չքննարկենք ամենաճիշտ ու ամենապարզ ճանապարհը, որը տիտղոսների եւ, հատկապես, աշխատանքի արդյունքով չպայմանավորված տիտղոսավճարների վերացումն է։ Սա այսօր իրատեսական չէ Հայաստանում։ Ստեղծված իրավիճակում ունեմ երկու մեղմ առաջարկ, որոնք, կարծում եմ, կնպաստեն գիտության բնագավառում հարաբերականորեն ավելի արդարացի գիտական միջավայր ստանալուն. ա) ՀՀ նախագահն ու ՀՀ վարչապետը հորդորում կամ, նույնիսկ, վարչականորեն արգելում են բոլոր պետական չինովնիկներին մասնակցել (ամառային հանգստի օրինակով) առաջիկա ՀՀ ԳԱԱ ընտրություններին, բ) հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ԳԱԱ առաջիկա ընտրությունները պահանջում են նաեւ բյուջետային լրացուցիչ ծախսեր, ընտրությունների արդյունքները հաստատել ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ՝ հիմք ընդունելով ընտրությունների «առաջնակարգ գիտական նշանակություն ունեցող եւ միջազգային ճանաչում ստացած աշխատանքներով» գիտությունը հարստացնելու պայմանը։

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930