Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԶԱՐԲԱԵՎԸ, ՄԵԿ Է՝ ՀԱՎԵՐԺ ՆԱԽԱԳԱՀ Է. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆԻՄԱՍՏ ԵՆ

Դեկտեմբեր 24,2010 00:00

Ղազախստանի նախագահ, 70-ամյա Նուրսուլթան Նազարբաեւը, որի լիազորությունները 2012թ.-ին սպառվում են, կարող է եւս 10 տարի՝ մինչեւ 2020թ.-ն մնալ իր պաշտոնում եւ կառավարել այդ երկիրը: Նախաձեռնող խումբը մտադիր է դա անել առանց նոր ընտրություններ անցկացնելու: Այդպիսի առաջարկ է հնչել Ուստ-Կամենոգորսկում տարբեր մակարդակի 850 պատգամավորների, նաեւ քաղաքական եւ հասարակական գործիչների մասնակցությամբ տեղի ունեցած ժողովի ժամանակ:
Ֆորումի մասնակիցները, որոնք էլ ընդգրկված են նախաձեռնող խմբի կազմում, մտադիր են Նազարբաեւի լիազորությունները երկարաձգելու հարցով առաջ քաշել հանրապետական հանրաքվե անցկացնելու գաղափարը: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»: Նախաձեռնող խմբի անդամներից մեկը՝ Ղազախստանում հայտնի հասարակական-քաղաքական գործիչ Օլժաս Սուլեյմանովը, հայտարարել է, թե նախագահական ընտրությունները կայանալու են 2012-ին, եւ որ անհրաժեշտ է այդ երկու տարին խնայել. «Ղազախստանը հիմա վերելք է ապրում, ու չարժե նախագահական ողջ թիմին եւ հենց նախագահին շեղել երկրի առաջ կանգնած կարեւորագույն խնդիրների լուծումից: Հանրաքվեն կարող է օգտակար լինել երկու տարի տնտեսելու համար, առավել եւս, որ ընտրությունների արդյունքը, միեւնույն է՝ հայտնի է: Բայց հանուն դրա հարյուրավոր միլիոններ ծախսել ընտրությունների նախապատրաստման համար՝ դժվար թե իմաստ ունի»:
Ղազախստանում, անշուշտ, տեղյակ են, որ այդ նախաձեռնությունը արտաքին ուժերի, օրինակ՝ ԵԱՀԿ-ի կողմից քննադատության կենթարկվի: «Բայց ես այդ հանրաքվեում «կողմ» կքվեարկեմ»,- նախաձեռնող խմբի ժողովում հայտարարել է Սուլեյմանովը՝ արժանանալով պատվիրակների բուռն ծափահարություններին: Հիշեցնենք, որ հանրաքվեով երկրի նախագահի լիազորությունների ժամկետը երկարաձգելու փորձ Ղազախստանն արդեն ունի: Այդպես եղել է 1995թ.-ին: Իսկ ընդհանրապես Նազարբաեւը Ղազախստանի նախագահի պաշտոնում է 1991 թվականից ի վեր, եւ մի քանի անգամ այդ պաշտոնում վերընտրվել է ուղիղ ընտրությունների արդյունքում:
Այդ երկրում նախագահի լիազորությունների ժամկետը 7 տարի է:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին Ղազախստանում սկսել է գործել Նուրսուլթան Նազարբաեւին «ազգի առաջնորդ» կարգավիճակ շնորհած օրենքը, որը, ի դեպ, առաջինն է, որը վավերացվել է ոչ թե երկրի նախագահի, այլ խորհրդարանի երկու պալատների խոսնակների եւ կառավարության ղեկավարի կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել