Լրահոս
Օրվա լրահոսը

«ՇԱՏԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՂՂԱԿԻ ՉԻ ՀԵՐԻՔԻ»

Փետրվար 01,2011 00:00

Վստահ է ՆԱՏՕ-Ի ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանը

– Վերջերս շատ է խոսվում կուսակցությունների խոշորացման, մանրերի՝ խոշորների մեջ ինտեգրվելու մասին, ինչպե՞ս եք վերաբերվում այս հարցին, այս գործընթացները իրո՞ք միտում ունեն կուսակցությունների խոշորացման, թե՞ պարզապես մանրերը իրականում անելիք չունեն, եւ սա իրենց համար փրկօղակ է՝ իրենց մասին հիշեցնելու եւ ինչ-ինչ հարցեր լուծելու համար:
– Միանշանակ է, որ կուսակցությունների խոշորացում պետք է, քանի որ մեր հանրապետությունում կուսակցությունների թիվը շատ մեծ է, եւ իրականում այդքան մեծ թվով կուսակցության կարիք էլ չկա ներքաղաքական կյանքի ծրագրերը կյանքի կոչելու համար: Այսօր, ինքնին, կուսակցությունների թիվը որոշակի զարգացումները «խոչընդոտող» կարելի է համարել: Փոքրերը պետք է մտնեն մեծերի մեջ կամ ուղղակի պետք է լուծարվեն, քանի որ պարտադիր չէ, որ դրանք անպայման ինչ-որ կուսակցության մեջ մտնեն, եթե անելիք չունեն, կարող են եւ լուծարվել: Որովհետեւ մենք ինքներս էլ ենք տեսնում, որ շատ կուսակցություններ կան, որոնց մասին ոչ մի ինֆորմացիա չկա, անգամ հայտնի չեն տվյալ կուսակցության «լիդերները»: Իսկ ինչ վերաբերում է Ձեր հարցի երկրորդ մասին, ապա ասեմ՝ եթե նկատի ունեք առաջադիմական եւ երիտասարդական կուսակցությունների միացումը ԲՀԿ-ին, ապա բոլորդ էլ շատ լավ գիտեք եւ հիշում եք թե առաջադիմական կուսակցության ղեկավարի կենսագրությունը, թե երիտասարդականի ղեկավարի կենսագրությունը եւ թե նրանց անցած ճանապարհը: Ինքս մեկնաբանությունները թողնում եմ այն մարդկանց, որոնք շատ լավ ճանաչում են այդ երկու կառույցների ղեկավարներին: Իրականում նրանք մարդիկ են, որ որոնողական-ինքնափրկողական աշխատանքների մեջ են, եւ տա Աստված, որ գոնե այս անգամ իրենք գտնեն իրենց տեղը:
– ՀՀԿ-ն, ըստ ամենայնի, դժվարին վիճակում է, որովհետեւ նախ՝ ընդդիմության դաշտն է համալրվում նորանոր ուժերով, ընդդիմության ճամբարը մի տեսակ բարգավաճում է, իսկ կոալիցիոն երկու ուժերը՝ ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, ակտիվորեն նոր անդամներ են ընդգրկում իրենց շարքերը՝ հայտնի գործարարներից, թաղային հեղինակություններից սկսած մինչեւ մանրիկ կուսակցություններ, Հանրապետականը անհանգստություն չի՞ զգում ուրիշների այս բարգավաճումից:
– Իրականում նման խնդիր մենք չունենք: Հանրապետականը ընտրություններում հաղթած այն միակ կուսակցությունն է, որը միանշանակ կարող էր ձեւավորել կառավարություն առանց որեւէ այլ ուժի, սակայն ՀՀԿ-ն գնաց կոալիցիա ստեղծելու ճանապարհով: Մինչդեռ Հանրապետականը եւ երեկ, եւ այսօր անհամեմատ մեծ ռեսուրս ունի, եւ իր ռեսուրսով կարողանում է իրականացնել այն քաղաքականությունը, որը դրված է իր ուսերին, Հանրապետականի նախագահը, երկրի նախագահը հստակ կյանքի է կոչում պետության առջեւ դրված խնդիրները՝ հանուն Հայաստանի Հանրապետության: Մի բան հստակ է, եւ դա ոմանք պետք է քաջ գիտակցեն՝ շատ կուսակցությունների քաղաքական շնչառությունը ուղղակի չի հերիքի Հանրապետականի հետ պայքարում ֆինիշի հասնելու համար:
Այդպես էր նախորդ ընտրություններում, այդպես կլինի նաեւ 2012-ին եւ 2013-ին նույնպես:
– Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե Ռոբերտ Քոչարյանը եթե ուզեր, կարող էր դառնալ ՀՀԿ նախագահ կամ պատվավոր նախագահ:
– Ով կարող էր եւ ով պիտի լիներ, արդեն դարձել է ՀՀԿ եւ երկրի նախագահ, եւ ՀՀԿ-ն, ի տարբերություն շատ այլ կուսակցությունների, ինչպես 2007-ի ընտրություններում, այնպես էլ հատկապես 2012-ի ընտրություններին գործելու է ազատ, ինքնուրույն եւ անկաշկանդ:
– Ինչպե՞ս եք գնահատում ընդդիմադիր դաշտի տրամադրությունները, Տիգրան Կարապետիչի ակտիվացումը ընդդիմության մեջ մի տեսակ խանդ է առաջացրել, եւ Կարապետիչին փորձում են ներկայացնել որպես իշխանական պրոյեկտ: Ըստ Ձեզ, այսօր ընդդիմադիր դաշտում կա՞ ուժ, որն աշխատում է իշխանությունների համար։
– Եթե մեկը իշխանությունների համար է աշխատում, ինչպե՞ս կարող է կոչվել ընդդիմադիր: Իսկ եթե ընդդիմադիր քաղաքականություն ներկայացնող եւ իրականացնող կուսակցություններ են, բնականաբար իրենք իրենց ասելիքն ունեն, եւ այդ ասելիքի համար հնարավորություն է տրվում օրենքի սահմաններոմ, որպեսզի կարողանան թե իրենց միտինգներն անել, թե արտահայտվել եւ այլն: Իսկ ինչ վերաբերում է խանդին, ապա, իհարկե, որոշ ընդդիմադիրներ պետք է որ խանդով վերաբերվեն, որովհետեւ իրենք էլ շատ լավ տեսնում են, որ Կարապետիչը շատ ավելի մարդ է հավաքում, քան մի ուժ, որտեղ ընդգրկված են բազմաթիվ քաղաքական կառույցներ: Իհարկե, սա իրենց մոտ պետք է խանդ առաջացնի:
– Ընդդիմության որոշ ներկայացուցիչներ առաջարկում են սոցիալական հարցերի համար փողոց դուրս եկածներին, մասնավորապես՝ քաղաքապետի հայտնի որոշման դեմ բողոքողներին՝ փողոցային առեւտրի դադարեցման դեմ, իրենց բողոքները քաղաքականացնել: Որպես իշխանության ներկայացուցիչ՝ չունե՞ք մտավախություն, անհանգստություն, որ, այո, հնարավոր է սոցիալական խնդիրները դառնան նաեւ քաղաքական:
– Ոչ, անհանգստություն չկա, քանի որ այդ մարդիկ գործազուրկ չեն դարձել, նրանց աշխատելու համար համապատասխան տարածքներ են հատկացված: Ես հետաքրքրվել եմ եւ գիտեմ, որ քաղաքապետարանը աշխատանքներ է իրականացնում Երեւանը ավելի բարեկեցիկ եւ մաքուր դարձնելու ուղղությամբ: Եթե դուք գիտեք 10 մարդու, որոնք այսօր դժգոհ են քաղաքապետի այդ որոշումից, ապա հաստատ կգտնեք դրա դեմ 1000 մարդու, որ գոհ են այս նույն որոշումից, քանի որ դա ծրագիր է, որը իրականացվում է քաղաքը մաքուր եւ գեղեցիկ դարձնելու համար:
– Որպես ՀՀԿ երիտասարդական կառույցի նախագահ՝ չե՞ք կարծում, որ այսօր մեր երիտասարդությունը չափազանց քաղաքականացված է:
– Այդպես չէ, համամիտ չեմ, բայց մյուս կողմից էլ երիտասարդները թիրախ են դարձել այս կամ այն ուժի համար, եւ ամեն ուժ փորձում է երիտասարդներին օգտագործել, վատ իմաստով նկատի ունեմ, եւ, ցավոք, դրանից հետո այդ երիտասարդների ճակատագրով չեն էլ հետաքրքրվում:
Իսկ մեր կառույցը՝ ՀՀԿ երիտասարդականը, համոզված է եւ հենց այդպես էլ աշխատում է, որ երիտասարդներին պետք է ինքնադրսեւորվելու հնարավորություն տրվի: Հանրապետականը այն բացառիկ քաղաքական ուժերից է, որը մշտապես տալիս է այդ հնարավորությունը երիտասարդներին: Մեր երիտասարդական կազմակերպությունը պատասխանատվություն է կրել իր կողմից իրականացվող ծրագրերի հանդեպ եւ արժանացել է մեծ վստահության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել