Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԱՅԻԿ ԲԱՂԴԱԴՅԱՆ, «ՄԻՆՉԵՎ ԼՈՆԴՈՆ՝ ԾԱՆՐ ՃԱՆԱՊԱՐՀ ԿԱ ԱՆՑՆԵԼՈՒ»

Փետրվար 23,2011 00:00

Ազատ ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը շաբաթ օրը մեկնեց Թբիլիսի, որտեղ համատեղ ուսումնամարզական հավաք եւ ընկերական հանդիպումներ է անցկացնելու Վրաստանի ընտրանու հետ:

Մեկնելուց մի քանի ժամ առաջ «Առավոտը» զրուցեց հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի հետ:

– Մրցաշրջան 2011-ում մեր ուժեղագույն ըմբիշների առաջին պաշտոնական մրցումը Ստամբուլում կայացած «Golden Grand Prix»-ն էր, որտեղից տուն վերադարձաք մեկական 1-ին, 2-րդ եւ 3-րդ մրցանակներով: Մասնակցությունը հաջողվա՞ծ եք համարում:

– Ընդհանուր առմամբ՝ այո ու նաեւ՝ շատ օգտակար: Դա արձակուրդից հետո նոր մրցաշրջանում արտագնա առաջին լուրջ մեկնարկն էր: Այն ցույց տվեց, որ տղաները ֆիզիկապես վատ վիճակում չեն եւ տանը մարզվել են նորմալ: Իսկ ահա տակտիկական հարցերում անելիքներ ունենք: Մանավանդ որ՝ տարվա երկու գլխավոր մեկնարկներից առաջինին՝ Եվրոպայի առաջնությանը դեռ մեկուկես ամիս կա: Թող զարմանալի չթվա, եթե ասեմ, որ մի կողմից էլ լավ էր, որ նրանք լավագույն մարզավիճակում չէին: Մարզավիճակի գագաթին պետք է հասնել մարտի վերջին կայանալիք Եվրոպայի առաջնության օրերին, ինչը մտնում է մեր ծրագրի մեջ: Մրցաշարը մարզիչներիս համար նաեւ ճանաչողական էր: Մենք պետք է տեսնեինք յուրաքանչյուրի ուժեղ եւ թույլ կողմերը, որպեսզի հետագա աշխատանքները ճիշտ ու նպատակային կազմակերպենք:

– Եվ ի՞նչ տեսաք:

– Ստամբուլում մրցագորգ մտել էին 22 ազգային ֆեդերացիաների 240 ըմբիշներ, գրեթե բոլորն էլ լավագույններն իրենց երկրներում՝ Թուրքիայում, Ռուսաստանում, Իրանում, Ուկրաինայում, Վրաստանում, Ադրբեջանում, Բուլղարիայում, Ղազախստանում… Որոշ քաշային կարգերում 30-35 մասնակից կար: Եվրոպայում, սովորաբար, դրա կեսն է լինում: Մեր տղաներից գրեթե ոչ ոք մարտի ժամանակ չհոգնեց ու պայքարեց մինչեւ վերջ:

– Այդ դեպքում ինչո՞վ կբացատրեք, որ տղաների մեծ մասը ժամանակից շուտ դուրս մնաց պայքարից:

– Նրանք պարտվեցին հավասար պայքարում, երբ հիմնական մրցափուլերի ավարտին հաշիվը հավասար էր: Այլ բան է, որ որոշ դեպքերում վիճակահանությունը ժպտաց մրցակիցներին, իսկ մերոնցից էլ չկարողացան օգտվել բռնվածքն իրականացնելու իրենց ընձեռված հնարավորությունից: Ավելին ասեմ, ըմբիշ եղավ, որ պարտվեց իր իսկ սխալ տակտիկայի պատճառով: Օրինակ, գոտեմարտի ավարտին մնում էր մի քանի վայրկյան եւ նա հաղթում էր: Այդ ժամանակ փոխանակ ակտիվ պաշտպանությամբ այդ վայրկյանները սպառելու, էլի միավոր վաստակելու համար՝ չնախապատրաստված գնաց առաջ ու ինքը հնարքի տակ ընկավ:

– Ստամբուլում երեք մրցանակներից երկուսը նվաճեցին մեր լեգեոներականները:

– Այդ թեման հաճախ է շոշափվում մեր լրատվամիջոցներում: Դա սխալ մոտեցում է եւ բացասաբար է անդրադառնում թե լեգեոներականների, թե տեղացի տղաների եւ թե ընդհանուր թիմի հոգեբանության վրա: Ի՞նչ նշանակություն ունի, թե ով է հաղթում: Հրավիրված մարզիկներն էլ ներկայացնում են Հայաստանը եւ բարձրացնում մեր եռագույնը, հնչեցնում մեր օրհներգը: Կարծում եմ, դա է կարեւորը:

– ԶԼՄ-ները խնդրին անդրադառնում են, որովհետեւ մտահոգված են Հայաստանում մարզաձեւի զարգացման խնդիրներով:

– Ժամանակին դրսից ըմբիշներ հրավիրվել են այն քաշային կարգերում, որտեղ չունեինք միջազգային ասպարեզում պատշաճ ներկայանալի մարզիկ: Իսկ հիմա միանգամայն այլ է: Մինչեւ 84 կգ-ն ներառյալ, յուրաքանչյուր քաշային կարգում ունենք առնվազն երկու մոտավորապես հավասարազոր ըմբիշ: Եվ առաջատարներն արդեն թիկունքում զգում են երիտասարդների շունչը: Դա հավաքականում տեղ ունենալու մրցակցություն է առաջ բերել: Առաջատարները, այդ թվում նաեւ լեգեոներականները, այլեւս չեն մտածում, թե անփոխարինելի են, իսկ եկողները նրանց շրջանցելու նպատակ են դրել իրենց առջեւ:

– Եվրոպայի առաջնություն, որը վարկանիշային չէ, մեկնողների անունները մոտավորապես գիտե՞ք:

– Դեռ ոչ: Վրաստան մեկնում ենք ուժեղագույն ըմբիշներով: Այնտեղ նաեւ ստուգողական գոտեմարտեր են լինելու: Վերադառնալուց հետո Երեւանում էլ մեկշաբաթյա հավաք է նախատեսված: Միայն դրանից հետո վերջնական որոշում կկայացվի: Եվրոպա կմեկնեն միայն ամենաարժանիները:

– Այդպես վարվելու եք նաեւ սեպտեմբերին նշանակված աշխարհի առաջնությա՞ն ժամանակ, որտեղ, բացի մեդալներից, յուրաքանչյուր քաշային կարգում օլիմպիական ուղեգրեր են խաղարկվելու:

– Անպայման: Եվրոպայից հետո կսկսվի նախապատրաստության երկրորդ փուլը: Կրկին հավաքներ՝ բոլոր լավագույնների մասնակցությամբ, առնվազն երկու բարձրակարգ միջազգային մրցաշար: Ով պատրաստ կլինի, նրան էլ կվստահենք:

– Աշխարհի առաջնություն: Մեդալներ եւ օլիմպիական ուղեգրեր: Երկուսն էլ կարեւոր են: Բայց որի՞ն եք նախապատվություն տալիս:

– Կավելացնեի նաեւ Եվրոպայի առաջնությունը: Մեդալը ֆեդերացիայի, հավաքականի, անձնական մարզիչների եւ մարզիկի՝ տարվա ընթացքում կատարած աշխատանքի գնահատականն է, իսկ օլիմպիական ուղեգիրը՝ նաեւ մեր ու ֆեդերացիայի գերակա խնդիրը: Այնպես որ, երկուսն էլ հավասարապես կարեւոր են:

– Անդրադարձաք անձնական մարզիչների աշխատանքին: Հայաստանի առաջնության ժամանակ մարզիչների եւ մրցավարների միջեւ տհաճ միջադեպեր եղան: Դրանք ֆեդերացիայում համապատասխան գնահատանքի արժանացե՞լ են:

– Հիմա նման երեւույթները ՖԻԼԱ-ի կանոնների համապատասխան կանխարգելելու միջոցառումներ են մշակվում: Իսկ կատարվածի համար մեղավոր համարում եմ նախ եւ առաջ անձնական մարզիչներին: Կան մարզիչներ, որոնց համար մրցավարի վճիռը եթե կասկածելի է թվում, դրա մեջ միտում են փնտրում, անգամ մրցավարական հաձնաժողովի վերջնական որոշման հետ հաշվի չեն նստում: Եվ լարվածությունն էլ փոխանցվում է նրանց սաներին: Մեղավորության իրենց բաժնն ունեն նաեւ այն մրցավարները, որոնք տեր չեն կանգնում իրենց վճռին, չեն փորձում ապացուցել իրենց արդարացիությունն ու ճշմարտացիությունը եւ պատրաստ են հեշտությամբ փոխել սեփական որոշումը:

– Կարգազանց ըմբիշներ ունե՞նք: Եթե այո, նրանց կարգի հրավիրելու ի՞նչ լծակներ կան:

– Ցավոք, նման բաների հանդիպում ենք: Բարեբախտաբար, դրանք եզակի երեւույթներ են: Օրինակ, Ստամբուլում մարզիկին ոչ վայել վարքագծի համար մեր առաջատար ըմբիշներից մեկը (անունն այս անգամ չեմ տա) պատժվել է եւ չի ընդգրկվել Վրաստան մեկնող հավաքականի կազմ: Հիմա մնացածը իրենից է կախված. եթե տեսնենք, որ գիտակցել է սխալը եւ անհրաժեշտ հետեւություններ արել, կրկին կհրավիրենք հավաքական: Իսկ եթե ոչ՝ Աստված նրա հետ: Տիտղոսները մեզ համար նշանակություն չունեն:

– Վերջին հարցը: Օլիմպիական քանի՞ ուղեգիրը ձեզ կգոհացնի:

– Անկեղծ ասեմ. բոլորն էլ վարկանիշ ձեռք բերելու պոտենցիալ հնարավորություն ունեն: Բայց մեր մարզաձեւում, հավատացեք, շատ բան կախված է վիճակահանությունից, մրցավարությունից: Մեր տղաները կաղում են հիմնականում հոգեբանական պատրաստվածությունից: Անում ենք հնարավորինը՝ նրանց միջից այդ բարդույթն էլ հանելու համար: Խոստումներ տալ չեմ ուզում, բայց եթե կարողանանք դա էլ անել, կարծում եմ, վեց-յոթ ուղեգիր կնվաճենք: Համենայնդեպս, ես ձգտում եմ դրան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել