Լրահոս
Օրվա լրահոսը

Կաթողիկոսն արդարանալու խնդիր չունի

Փետրվար 24,2011 00:00

Եվ դեմ չէ, որ մեղքաթողությունը հենց իրենից սկսվի

Օրերս Հայ առաքելական եկեղեցու հայաստանյայց թեմերի երիտասարդական խորհուրդների ակտիվը հանդիպում ունեցավ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Նախ Համաշխարհային հայ եկեղեցական կազմակերպության նախագահ Կարեն Պետրոսյանը ներկայացրեց հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդաց կազմակերպության առաքելությունը եւ գործունեության նպատակն ու տարվող աշխատանքների գլխավոր ուղղությունները: Այնուհետեւ երիտասարդներին ողջունեց վեհափառը, խոսեց եկեղեցու եւ հայ ժողովրդի առջեւ ծառացած բազում մարտահրավերներից՝ առաջնային համարելով եկեղեցական կյանքի վերակազմակերպումը, «որ մեր երկիրը անխաթար ու անաղարտ պահի իր ազգային նկարագիրը»:
Վեհափառին ուղղված հարցերը բազմաբնույթ էին: Օրինակ՝ առաքելական հավատքից շեղվածների հանդեպ ունեցած վերաբերմունքի մասին կաթողիկոսն ասաց. «Նրանք շեղվել են մեր հայրերի ուղենշած ճանապարհից. հանդիմանությամբ մենք ոչ մի արդյունք չենք ունենա, այլ միայն սիրո եւ այդ սիրո մեջ պիտի ապահովության զգացում ունենանք, պիտի ձեր սիրով կարողանաք առաջնորդել դեպի ճշմարիտ հավատ»:
«Ժողովրդավարություն հանուն զարգացման» հ/կ-ի նախագահ Արմեն Գրիգորյանը հետաքրքրվեց, թե արդյոք եկեղեցին օգտագործո՞ւմ է ցանցային հնարավորությունների միջոցով նոր արժեհամակարգի ձեւավորմանը մասնակցելու հնարավորությունը: «Տեխնիկական հնարավորությունները փորձում ենք առավելագույնս օգտագործել. չեմ ասել բոլոր հնարավորություններից հայ եկեղեցին օգտվում է. պետք ունենք ձեր պես աջակից ուժերի, որ կարողանանք այդ առաքելությունը կատարել: Մեր եկեղեցին ազգային լայնախոհ եկեղեցի է, մերժողական չէ, օգտվում ենք այդ հնարավորություններից, փորձում ներգրավված լինել, բայց սակավ են մեր ուժերն ու հնարավորությունները, միջոցները, կարող եմ ասել՝ անբավարար են: Սփյուռքում մեր եկեղեցական կյանքը հիմնված է կամավորական սկզբունքի վրա, աշխատանքներն իրականացվում է կամավորապես, ամեն մարդ իր միջոցներից մասնահանում է կատարում եկեղեցու կարիքների համար: Այդ գիտակցությունը պիտի կարողանանք կերտել նաեւ հայրենիքում ապրող զավակների մեջ»,- պատասխանեց Գարեգին Բ-ն:
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը վերջերս եկեղեցին «մաքրելու» մասին հայտարարություն էր արել: Ներկաներից մեկը խնդրեց կաթողիկոսի մեկնաբանությունը: «Ես միանշանակ համաձայն եմ՝ կաթողիկոսից պետք է սկսել,- ասաց Վեհափառը,- մաքրման աշխատանքի կարիք բոլորս ունենք. մեղքաթողության հարցը պետք է սկսենք մեզնից եւ եթե Վարդան Ղուկասյանը կարող է օգնել, մենք միայն շնորհակալ կլինենք: Անշուշտ՝ հասկանում եմ, որ մաքրելը այլ իմաստ ունի, եւ եթե նկատի ունի փոխել, դա իր իրավասության մեջ չէ. դա այլ իշխանության է վերապահված իրականացնել այդ աշխատանքը»:
Հարցեր եղան Ադրբեջանում եւ Վրաստանում քանդվող եւ մզկիթների վերածվող հայկական եկեղեցիների ճակատագրի վերաբերյալ, ինչպես նաեւ Վրաստանում հայոց թեմի լինելիության հարցի շուրջ: «Ադրբեջանում քանդվող եկեղեցիների հարցի վերաբերյալ մենք համապատասխան գրություններ ենք ուղարկում համաշխարհային ազդեցիկ կազմակերպություններին: Անշուշտ՝ քիչ հաջողություններ ունենք, որովհետեւ ավերը տեղ է գտնում նրանց գործողություններում: Բաքվի հայկական եկեղեցում ես ժամանակին (70-ականներին) ծառայել եմ որպես աբեղա: Իմ վերջին այցելության ժամանակ Բաքու՝ եկեղեցու շինությունը պահպանված էր, վերածված էր գրադարանի, ծեփը վայր նետված, Սուրբ խորան գոյություն չունի: Մենք Ռուսիո պատրիարքի միջնորդությամբ հանդիպում ենք Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի հետ եւ փորձում մի մթնոլորտ ձեւավորել, որ հանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները եւ քննարկեն ղարաբաղյան կարգավորման հիմնախնդիրը: Բաքու կատարած այցի ժամանակ հանդիպեցի նաեւ Ադրբեջանի նախագահին եւ այդ զրույցի ընթացքում տեսակետ արտահայտվեց, որ նա այսօր չի կարող տեսնել անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»,- պատասխանեց Վեհափառը:
Վրաստան կատարվելիք այցի հետաձգումն էլ պատճառաբանեց վրաց պատրիարքի վատառողջ լինելով եւ ասաց, որ իրենք քրիստոնեաբար երկու անգամ ընդառաջել են, եւ հուսով է, որ առաջիկայում այցը կկազմակերպվի եւ պատրիարքը իրեն կընդունի: Թեեւ նշեց, որ անկախ վրաց պատրիարքի՝ Թբիլիսիում ընդունելությունից, ինքն անպայման կայցելի Ջավախք՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով: Վիրահայոց թեմի շուրջ առաջացած խնդրի մասով էլ ասաց. «Պահանջ են դնում, որ թեմը գրանցվի որպես առեւտրային կազմակերպություն: Հարցը բարձրացրել է նաեւ մեր նախագահը վերջերս վրաց նախագահի՝ Հայաստան այցի ժամանակ: Առաջիկա ամիսներին թեմը կգրանցվի, որի շուրջ բանակցային գործընթաց է տարվում»:
Կոնսերվատորիայի դասախոս, Լոնդոնի արքայական ակադեմիայում ուսում ստացած դաշնակահար Արամ Ավետյանը, օրինակ բերելով արտասահմանի փորձը, Վեհափառից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է մեր եկեղեցիներում, բացի հոգեւոր դասականից, այլ համերգներ էլ լինեն: «Նախ ասենք, որ մեր եկեղեցիներն ավելի մարդաշատ են, համերգներ կազմակերպվում են եւ միայն հոգեւոր երաժշտություն է հնչում: Այսօր մեր հավատացյալը պատրաստ չէ սիմֆոնիկ կամ այլ երաժշտության համերգ լսել եկեղեցում. դրա համար, փառք Աստծո, ունենք այլ դահլիճներ, հայորդաց տներ: Եկեղեցում պիտի լինի միայն հոգեւոր երաժշտության համերգ. Եվրոպայում եկեղեցիները դատարկ են, լքված աղոթքից, եւ անհատները գնում են, վերաձեւում եւ ծառայեցնում այլ նպատակի»,- ասաց Վեհափառը: Մոմերի գների ավելացման առիթով էլ հայտնեց, որ գները սահմանում է Մայր աթոռի ֆինանսական բաժինը՝ կատարելով համպատասխան վերլուծություն, հավելեց նաեւ, թե մոմերի եւ այլ իրերի վաճառքից ստացված եկամուտը կազմում է Մայր աթոռի ծախսերի ընդամենը 17,5%-ը եւ դա հավատացյալի՝ եկեղեցական կյանքին մասնակցելու ձեւ է:
Հարց հնչեց մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ կաթողիկոսի՝ հրապարակավ դիրքորոշում չհայտնելու մասին: Ամենայն հայոց կաթողիկոսը նախ ասաց, որ դա շատ է շահարկվել մամուլում, ապա խոստացավ մեկ այլ առիթով խոսել այդ մասին՝ պատճառաբանելով, թե չի ուզում հանդիպումը տխուր նոտայով ավարտել. «Ինքնարդարանալու ոչ մի խնդիր չունեմ, Աստծո եւ իմ ժողովրդի առջեւ բարձր գիտակցումով եմ կատարում իմ պարտքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել