Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՂՄ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԵՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ»

Մարտ 30,2011 00:00

ԼՂ-ի զորամասերից մեկում ծեծի հետեւանքով մահացած վանաձորցի

\"\"Գեւորգ Կոծինյանի հարազատները պնդում են, որ քննչական մարմինը պետք է գործ հարուցեր սպանության հատկանիշներով:

19-ամյա վանաձորցի Գեւորգ Կոծինյանի դիակի դատաբժշկական փորձաքննությունից պարզ է դառնում, որ նա մահացել է սրտի ռեֆլեկտոր կանգից, որն էլ կրծքավանդակի փակ, բութ վնասվածքի արդյունք է:

\"\"Դատաբժշկական փորձաքննությունից երեւում է նաեւ, որ Գեւորգը գործնականում առողջ է եղել: Այդ են վկայում նաեւ Գեւորգի հարազատները:

«Սարի պես երեխա եմ բանակ ուղարկել, էսօր ի՞նչ բերեցին իմ տուն: Դրա պատասխանը ո՞վ պիտի տա: Գազանաբար հարձակվել են երեխուս վրա, էդ աստիճանի հասցրել: Նա չուստերով, իրենք զինվորական բատինկեքով ոտի տակ են գցել, ծեծել: Եվ օրենքն էլ ուզում ա դրանց մե՞ղմ վերաբերվի: Դրանք ապրելու իրավունք չունեն. կամ պիտի ցմահ բանտարկեն դրանց, կամ էլ բերեն իմ երեխուն ինձ տան»,- բողոքում էր մայրը՝ Մարգարիտա Ադամյանը:

\"\"Ծեծի հետեւանքով Գեւորգ Կոծինյանը ստացել էր կրծքավանդակի փակ, բութ վնասվածք, ձախ փորոքի արյունազեղումներ, սրտի սալջարդ: «Սիրտը ներսից սպիտակել էր, իրականում կարմիր պիտի լիներ, հարվածներից սալջարդ է առաջացել»,- ասում է Գեւորգի մորեղբայրը՝ Բորիս Ադամյանը, ով ներկա է եղել փորձաքննությանը: Նա նաեւ Գեւորգի իրավահաջորդն է:

Նշենք, որ, ըստ մորեղբոր, Գեւորգին ծեծել են սիգարետ վառելու պատճառով, «Ալկոհոլի ազդեցության տակ զինծառայողները Գեւորգին դիտողություն են արել, թե այստեղ մի ծխիր: Չնայած նա ենթարկվել է նրանց պահանջներին, բայց դա չի խանգարել՝ 4 հոգով այնքան ծեծեն, որ հենց զորամասում էլ զինվորը մահացել է»:

Վանաձորցի երիտասարդը մահացել էր այս տարվա փետրվարի 6-ին, Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում՝ դաժանորեն ծեծի ենթարկվելով իր զինվոր ընկերների կողմից:

Համաձայն հարուցված քրեական գործի՝ շարքայիններ Տարոն Սուվարյանը եւ Վահե Աղաջանյանը, կրտսեր սերժանտ Մարգար Դավթյանը, ավագ լեյտենանտ Արմեն Ռաֆայելյանը զինծառայողին այն աստիճան էին ծեծել, որ նա տեղում մահացել էր:

Վերջիններս կալանավորված են եւ գտնվում են Շուշիի մեկուսարանում: Շարքայիններ Տարոն Սուվարյանի եւ Վահե Աղաջանյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ «զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից», ինչպես նաեւ 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 9-րդ եւ 14-րդ կետերով՝ «դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով՝ անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահը»:

Նույն գործով կալանավորված կրտսեր սերժանտ Մարգար Դավթյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, նաեւ 38-359 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ նշված հանցագործությանը օժանդակելը, 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 9-րդ, 14-րդ կետերով եւ 375 հոդվածի առաջին մասով՝ «իշխանության չարաշահումը եւ իշխանության անգործությունը»:

Կալանավորված ավագ լեյտենանտ Արմեն Ռաֆայելյանին էլ մեղադրանք է առաջադրվել 375 հոդվածի 1-ին մասով:

19-ամյա զինծառայողի ընտանիքի անդամները համաձայն չեն վերոնշյալ հոդվածների հետ, համարում են, որ «մարդասպանների» համար մեղմ հոդվածներ են «դրել»: «Նախաքննությունը ճիշտ ուղու վրա չէ, 104-րդ հոդվածը պիտի դնեին: Ո՞նց ա լինում մտածված սպանությունը: Եթե ջարդում են, ամբողջ օրգանիզմում մի նորմալ օրգան չի մնում, էլ ո՞րն ա: Անփութությունը էն կլիներ, որ, ասենք, 2 անգամ խփեին, ընկներ, ոտքը կոտրեր կամ գլուխը ճղվեր: Բայց տրամադրված դրել են ոտի տակ՝ ջարդել, մինչեւ որ մահանա: Չեն հանգստացել, վերջին անգամ էլ, որ երեխեն վազել ա, որ շունչ քաշի, Մարգար Դավթյանը չի հանգստացել, հետեւից ոտով էլի խփել ա, երեխու ուշքը գնացել ա, ընկել ա ու էլ վեր չի կացել: Պարտադիր պիտի դանակո՞վ խփեին, որ դիտավորյալ սպանություն լիներ: Նրան էն աստիճանի են ծեծել, որ էլ արյունը վերեւ չի բարձրացել: Մտածված ծեծել են, մինչեւ որ մահանա»,- պատմում է Գեւորգ Կոծինյանի իրավահաջորդը՝ մորեղբայր Բորիս Ադամյանը:

Նշենք, որ Բորիս Ադամյանը դիմել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ իր իրավունքները պաշտպանելու: Պարզվում է, որ մինչ օրս Բորիս Ադամյանը տվյալ քրեական գործով նախաքննություն իրականացնող մարմնից չի ստացել կայացրած ոչ մի որոշում: Իսկ առանց դրա՝ քաղաքացին չի կարող տվյալ որոշումները գնահատել ու բողոքարկել:

«Նախաքննություն իրականացնող մարմինը իրավահաջորդին չի տրամադրել այն բոլոր որոշումների պատճենները, որոնք կայացվել են, այդ թվում՝ քրեական գործի հարուցման, մեղադրյալներ ներգրավելու մասին որոշումների, նաեւ քննչական մարմնի եզրակացությունները, ինչը պարտավոր էր անել»,- պարզաբանում է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» իրավապաշտպան կազմակերպության Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը:

Բորիս Ադամյանը նաեւ նամակ է ուղարկել պաշտպանության նախարարության քննչական ծառայություն՝ պահանջելով ապահովել իր լիարժեք մասնակցությունը նախաքննությանը: Զինծառայողի իրավահաջորդը պնդում է, թե քննչական մարմինն իրեն չի ներգրավում գործի քննությանը, ինքը հեռախոսով է միայն տեղեկանում նախաքննության ընթացքին:

«Բացի դիակի դատաբժշկական փորձաքննությունից, ոչինչ չեն տվել»,- ասում է իրավահաջորդը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել