Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՐԱՆՔ ԷԼ ԵՆ ԴԱՍԻՑ ՓԱԽԵԼ ՈՒ ԵՐԿՈՒՍ ՍՏԱՑԵԼ

Սեպտեմբեր 08,2011 00:00

Հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների դպրոցական հիշողությունները

\"\"
\"\"\"\"
\"\"

Դպրոցական տարիքում չարաճճիություններ անելը բնորոշ է յուրաքանչյուրին: Դրանք մասնավորապես կախված են որեւէ ուսուցչի հանդեպ աշակերտների ունեցած համակրանքից, ինչու չէ՝ նաեւ հակակրանքից: Գուցե մեզանից շատերը ուսուցչին սիրելով են սովորել ֆիզիկա, լուծել հանրահաշվի խնդիրները: Ինչպես բոլորը, հայ «աստղերը» եւս ունեցել են սիրելի եւ ոչ սիրելի ուսուցիչներ, դասերին գլուխ են պահել կամ փախել: «Առավոտի» խնդրանքով հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները մտովի վերադարձան դպրոց:
Ճանաչված երգչուհի Նադեժդա Սարգսյանը իր ուսուցիչներից մեկի խոսքը դարձրել է սահմանում, որով այսօր կրթում է իր սաներին: Երգչուհին 1971 թվին ավարտել է Երեւանի թիվ 28 ռուսական դպրոցը. «Դպրոցական տարիքում խելոք երեխա եմ եղել, լավ եմ սովորել: Չէի սիրում ֆիզիկա եւ մաթեմատիկա առարկաները, բայց հավանում էի այդ առարկաների ուսուցիչներին՝ Ռաիսա Վասիլեւնային եւ Աիդա Տիմոֆեեւնային: Ռաիսա Վասիլեւնայից մինչեւ հիմա մի նախադասություն եմ հիշում, որն ինձ համար ճակատագրական է եղել: Երբ չէի կարողանում մաթեմատիկայի խնդիրները լուծել, անընդհատ ասում էի՝ չեմ կարող: Մի անգամ զայրացավ եւ ասաց՝ հիշիր, Նադյա, գոյություն չունի «չեմ կարող» նախադասությունը, գոյություն ունի «չեմ ուզում»-ը: Սա դարձավ ինձ համար ուղղորդող միտք, որը ես օգտագործում եմ կյանքիս ամենադժվարին պահերին»: Տիկին Նադյան հավելեց. «Շատ եմ սիրել պատմության ուսուցչուհուս, բայց անունը չեմ կարողանում հիշել. ամո՛թ ինձ: Ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների մեջ միշտ գնահատել եմ ընկերական հարաբերությունները: Շատ կապված եմ եղել դասղեկիս՝ Յուլյա Պետրովնայի հետ, ով աշխարհագրություն էր դասավանդում»:
Դերասան Հրանտ Թոխատյանը ավարտել է Երեւանի թիվ 109 դպրոցը՝ 36 տարի առաջ: Դպրոցական տարիների մասին միայն ժպիտով է խոսում. «Շատ եմ սիրել իմ առաջին ուսուցչուհուն՝ Ռաիսա Եպիսկոպոսյանին: Նրանից հետո ինձ դասղեկություն են արել Ռոզա Մագաուզյանը, Արփիկ Անտոնյանը: Սիրելիների շարքում մեծ տեղ ունի նաեւ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհիս՝ Կլարա Խաչիկովնա Մարգարյանը: Այն, որ ես այսպես տիրապետում եմ լեզվին, դա Կլարա Խաչիկովնայի շնորհքն է: Մինչեւ օրս նա զանգում է եւ ուղղում ինձ, եթե եթերից ոչ ճիշտ արտահայտություն է լսում: Դրանից երբեք չեմ ընկճվում, եւ նրա ամեն մի նկատողությունը ընդունում եմ: Իմ դպրոցը այն ժամանակվա ամենալավ դպրոցներից մեկն էր: Իմ աշակերտելու տարիներին պետք է անվանակոչվեր «Ժողովուրդների բարեկամության դպրոց», բայց այդպես էլ չկոչվեց: Ինձ համարում եմ երջանիկներից մեկը, ով ունեցել է լավագույն դպրոցը, աշակերտել լավագույն ուսուցիչներին»:
Անկարգությունների պատճառով շատ է պատժվել թիվ 62 ռուսական դպրոցի շրջանավարտ՝ երգչուհի Ջուսը: Նրա փոխանցմամբ, դասերի մեծ մասը անցկացրել է դասասենյակից դուրս՝ միջանցքում. «Հայերեն մտքերս ճիշտ արտահայտելու առումով միշտ խնդիրներ եմ ունեցել: Ոչ բոլոր ուսուցիչներիս եմ հիշում, շատերն ինձ «նեղում» էին: Միայն հայոց լեզվիս ուսուցիչ Վարդան Հարությունովիչն էր ինձ օգնում ճիշտ խոսել, ճիշտ կազմել նախադասություն: Նա երբեք ինձ չէր ծաղրում եւ ողջ դասարանի առաջ չէր զայրանում վրաս: Նրանից շատ բան եմ սովորել եւ յուրացրել, գլխավոր ձեռքբերումս նրանից՝ բարությունն է»: Ջուսը խոստովանեց, որ չի սիրել իր պատմության ուսուցչուհուն. «Նա միշտ ինձ իր դասերից դուրս էր անում: Նրա դասերին բոլորը անկարգություններ էին անում, միայն ես չէի, ու ով ինչ անում էր, նա հատկապես ի՛նձ էր պատժում: Մի անգամ դասարանցիներից մեկը կազմակերպեց՝ պատմության դասից փախանք: Դա եղավ նաեւ իմ վրեժը: Հաջորդ օրը «կուժուկուլան ջարդվեց» իմ գլխին: Այդ ուսուցչուհին տնօրենին բողոքել էր, թե իբր ես եմ կազմակերպել փախուստը, բայց ես ընդամենը միացել էի մյուսներին: Ի տարբերություն պատմության ուսուցչի, սիրել եմ նկարչության, ֆիզկուլտուրայի ուսուցիչներին, որովհետեւ այդ առարկաներից լավ էի: Երգեցողություն դասավանդողին էլ էի սիրում, բայց մի անգամ «2» ստացա Լենինի մասին երգը չերգելու համար: Մյուս առարկաներից էլ գլուխ չեմ հանել, առանձնապես չեմ էլ սովորել: Մինչեւ հիմա մաթեմատիկայից զզվում եմ, ֆիզիկայից, քիմիայից ընդհանրապես բան չեմ հասկանում… Ահավոր էր, մի կերպ ավարտեցի… Ուսուցիչներն էլ մի բան չէին…»:
Կիրովի անվան N12 միջնակարգ դպրոցի շրջանավարտ, «Armenoids» խմբի հիմնադիր եւ ղեկավար Էդգար Ռոստոմյանը իր ուսուցիչների մասին խոսելիս առաջինը հիշատակում է ազգությամբ հույն առաջին ուսուցչուհուն՝ Սվետլանա Նիկոլաեւնային: «Նա իմ կյանքում մեծ հետք է թողել, մեծ ազդեցություն է ունեցել ինձ վրա՝ իր մարդ տեսակով, մտածելակերպով, աշխարհայացքով: Մարդու կյանքում ամենատպավորվողը դպրոցական տարիներն են, որտեղ երեխան կարողանում է ոգեւորվել, տպավորվել, ապա դրսեւորել իր ունակությունները: Նրա շնորհիվ ես կարողացել եմ առաջին քայլերս ճիշտ եւ մտածված անել: Հանգիստ երեխա եմ եղել եւ չարությամբ աչքի չեմ ընկել: Միակ խնդիրը, որ ունեի՝ Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց չհաճախելու ցանկությունս էր: Ծնողներիս հարկադրանքով էի այնտեղ հաճախում: Երբ ավարտեցի երաժշտական դպրոցը, կանգնեցի շենքի մոտ եւ բարձրաձայն ասացի՝ կյանքում երաժշտությամբ չեմ զբաղվելու, ու փախա այդտեղից: Բայց, ինչպես տեսնում եք, առանց երաժշտության կյանք չունեմ»,- ասում է Ռոստոմյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել