Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդրում եմ տնօրինէք

Հոկտեմբեր 05,2011 00:00

             ՀՀ  նախագահ Սերժ Սարգսեանին 

 Պատերազմի մէջ գտնւող Հայաստանի պետական հիմնարկի ղեկավարը մերժում է հաստատել Հայաստանից բռնագրաւուած տարածքները արձանագրող Վուդրո Վիլսոնի միջազգային Իրաւարար վճիռ-քարտէզը ուսումնասիրելու գիտական թէման, որը միաձայնութեամբ հաստատել էր ՀՀ ԳԱԱ Պատմութեան հաստատութեան Գիտական խորհուրդը: Աւելին` քարտէզ-փաստաթղթի ուսումնասիրութիւնը կամայականօրէն մերժելուց յետոյ, 2011 թ. յունուարի 1-ին նշուած թէմայի ղեկավարին աշխատանքից ազատում են: 16 գրքերի եւ մօտ  500 գիտական յօդուածների հեղինակ գիտնա-կանին ու հանրային գործչին Հայաստանի Հանրապետութիւնում աշխատավարձից զրկում են այն բանի համար, որ նա հայ իրակա-նութեան մէջ դեռեւս 1988 թուականից  զբաղւելով Փարիզի ու Սան Ռէմոյի խորհրդաժողովների եւ Սեւրի դաշնագրի հանրայնացումով, 2000 թուականին մեզանում սկզբնաւորեց նաեւ Վուդրո Վիլսոնի Իրաւարար վճիռ-քարտէզի` միջազգային այդ վաւերագրի  քարոզչութիւնն ու գիտական ուսումնասիրութիւնը: Հայաստանի պետական պաշտօնեան երկու տարի շարունակ ձգձգում է ռազմավարական նշանակութեան թէմայի գիտական ուսումնասիրութիւնը ՀՀ ԳԱ ակադեմիայում, ռազմավարական պատմագիտութեամբ զբաղւող գիտնականին արտօնութիւն չի տալիս աշխատավարձ վճարել, երբ մեզ հետ պատերազմի մէջ գտնւող պետութիւնը  վիթխարի գումարներ  է վատնում Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմութիւնը  խեղաթիւրելու-ջնջելու վրայ…                 
Հակիրճ ներկայացնեմ այս ամօթալի իրողութեան էական մանրամասները:    
ՀՀ ԳԱԱ Պատմութեան հաստատութեան Գիտխորհրդի 2010 թ. դեկտեմբերի նիստը միաձայն հաստատեց իմ ներկայացրած`«Վուդրո Վիլսոնի Իրաւարար վճիռ-քարտէզի պատմաիրաւական արժէքը» գիտական  թէման եւ պաշտօնապէս դիմեց ՀՀ Գիտութեան եւ կրթութեան նախարարութեան Գիտութեան պետական կոմիտէ` յայտը դրամաւորելու առաջարկով: Հիմնարկի նախագահն իր 2011 թ. յունուարի 10-ի պաշտօնական գրութեամբ տեղեկացրեց, որ  թէման «չի տրամադրուելու գիտական փորձաքննութեան»: Այսինքն` նշուած կառոյցի ղեկավարը  առանց յայտը քննարկման դնելու, միանձնեայ վճիռով կամայականօրէն արգելել է փորձաքննութեան ներկայացնել դիմում-յայտը, որը հաստատել է հանրապետութեան տասնեակ նշանաւոր գիտնականներից կազմուած Գիտխորհուրդը: Թէման քննարկման չդնելուն օրինական տեսք տալու համար նամակում նշւում է, թէ յայտում «անհրաժեշտ քանակով» գիտական յօդուածներ չկան: Մինչդեռ յայտի մէջ թէմայի ռազմավարական եւ գիտական բացառիկ կարեւորութիւնը  բազմակողմանի հիմնաւորելուց զատ՝ անհրաժեշտ 3-ի փոխարէն բերել էի տպագրուած 17 յօդուածի եւ իմ մէկ մենագրութեան վերնագրերը, որոնք կապ ունեն թէմային: Բացի այդ` եթէ նոյնիսկ յայտում նշուած թէմայով գիտական ոչ մի յօդուած էլ չ’լինէր, ապա մերժումը պէտք է կատարէր ոչ թէ այդ հիմնարկի ղեկավարը, այլ յայտը քննարկած հիմնարկի պատկան յանձնախումբը: Անկասկած` եթէ յայտը դրուած լինէր անաչառ քննարկման, պատկան յանձնախումբն այն ոչ թէ կը մերժէր, այլ հեղինակի մասնակցութեամբ կը յանձնէր գիտական փորձաքննութեան: Պիտի յանձնուէր փորձաքննութեան, քանի որ, ինչպէս հիմնաւորապէս ապացուցում եմ յայտում,  հարցի ուսումնասիրումը սովետական ժամանակներում արգելուած, իսկ մեր օրերում անտեսուած լինելու պատճառով հայալեզու պատմագրութեան մէջ  մինչեւ 2007 թ. զուտ Վուդրո Վիլսոնի Իրաւարար վճիռ-քարտէզի մասին գիտական յօդուած  կամ աշխատութիւն չի տպագրուել: Իրեն եւ ՀՀ  ղեկավարութեանն ուղղուած մեր գրաւոր եւ բանաւոր տարակուսանքներին ի պատասխան, յիշեալ պաշտօնեան մեզ յայտնեց, թէ 2010 թ. հնարաւոր չէ հարցը քննարկել, առաջարկեց  2011 թ. աշնանը հայտը նորից ներկայացնենք, որպէսզի քննարկուի  2012 թ. համար: Սակայն երբ ս.թ. սեպտեմբերի 16-ին ՀՀ ԳԱԱ Պատմութեան հաստատութեան տնօրէնի հետ պաշտօնեային առաջարկեցինք թեման դարձեալ դնել քննարկման, նա ասաց. «Տուեալ թէման այս տարի հնարաւոր չէ դնել քննարկման, հաստատման ներկայացրէք 2012 թ., կ’քննարկենք 2013 թուականին ֆինանսաւորելու հարցը»:    
Այժմ, երբ մեր հետ պատե-րազ-մող թշնամին քարոզչական ճակատում նոր մարտահրաւէրների է մղում մեզ, աշխարհի աւելի քան տասը պետութիւնների առաջարկով Վուդրո Վիլսոնի կազմած Իրաւարար վճիռ-քարտէզն այսօր  դառնում է ՀՀ արտաքին քաղաքականութեան ԱՌԱՆՑՔԱՅԻՆ խնդիրը: 1919-1920 թթ. Փարիզի ու Սան Ռէմոյի խորհրդաժողովներն ու Սեւրի միջազգային դաշնագիրը ստորագրած 10-ից աւելի պետութիւնների հաստատած ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի  ՄԻՋԱԶԳԱՅԻՆ այդ անբեկանելի Վճիռը մեր դեմ սանձազերծուած քարոզչական պատե-րազմում թշնամուն ջախջախելու ամենաարդիւնաւէտ զէնքն է մեր ձեռքին: Չ’օգտուել դրանից, կնշանակի քարոզչական ճակատում աջակցել հակառակորդին, ինչը եւ փաստօրէն անում է պետական այդ պաշտօնեան:  Աշխարհի այդ ո՞ր երկիրը պէտք է դրամաւորի հայոց Հայրենատիրութիւնն ու հայերիս ցեղասպանութեան փաստը միջազգայնօրէն հաստատող փաստաթուղթ-վաւերագրերի գիտական ուսումնասիրութիւնը, եթէ ոչ Հայաստանի Հանրապետ-ութիւնը…     

 Հարկ եմ համարում յաւելել, որ պաշտօնեան հրաժարուել է հաստատել նաեւ ակադ.Հրաչիկ Սիմոնեանի, դոկտոր-պրոֆէսոր Էդիկ Մինասեանի եւ մեր ուրիշ յայտնի գիտնականների պատմագիտական կենսական  թէմաները` դրանց փոխարէն մեծամասամբ հաստատել տալով երկրորդական նշանակութեան թեմաներ…         

  ՀՀ պետական պաշտօնեան խոչընդոտում է Հայաստանում ուսումնասիրել-տարածել մի փաստաթուղթ, որի հաստատման 90-ամեակը իմ նախաձեռնութեամբ եւ գործուն մասնակցութեամբ նշեցին ՀՀ ԳԱ ակադեմիան, Երեւանի պետական համալսարանը, Գրողների, Ճարտարապետների, Նկարիչների եւ Կինեմատոգրաֆիստների միութիւնները եւ Սփիւռքի բազմաթիւ կառոյցներ: Եւ վերջապէս փաստաթուղթ, որի կարեւորութեանը  2010 թ. նոյեմբերի 23-ի պատմական յայտարարութեամբ արձագանքեցիք նաեւ Դուք: Պատմական, քանի որ 1921 թ. ի վեր Հայաստանի որեւէ բարձրագոյն ղեկավար վիլսոնեան Իրաւարար Վճիռ-քարտէզի մասին երբեք որեւէ խօսք չէր ասել կամ գրել…        

   Նշուած եզակի փաստաթուղթ-քարտէզի հանդէպ ՀՀ Գիտութեան պետական կոմիտէի  նախագահի սոյն արարքը փաստօրէն միջազգային այդ գերկարեւոր քարտէզ-փաստաթղթի ուսումնասիրութեան արգելանք է  Հայաստանում,  առնուազն աջակցութիւն մեր երկրի դէմ պատերազմ սանձազերծած թուրք-թաթարների հակահայ քարոզարշաւին: Հետեւաբար` նշուած  պաշտօնեայի վարմունքը պատերազմի մէջ գտնւող երկրի քարոզչութիւնը կազմալուծող-քայքայող խափանարարութիւն է, ինչի համար նմանները, իբրեւ հակառակորդից հաւաքագրուածներ, պատերազմների ժամանակ խստագոյնս պատժւում են…  Խնդրում եմ տնօրինէք, որպէսզի պետական այդ կառոյցը ՀՀ ԳԱԱ Պատմութեան հաստատութեան գիտխորհրդի որոշմամբ ներկայացուած` պատերազմական վիճակում գտնւող մեր երկրի համար բացառիկ անհրաժեշտ այդ թէմայի ուսումնասիրութիւնը ներկայացնի պատկան յանձնախմբի գիտական անաչառ փորձաքննութեանը, իսկ կառոյցի ղեկավարը օրինամերժ գործողութիւնների համար ենթարկւի խստագոյն պատասխանատուութեան: Նամակիս կցում եմ պաշտօնեայի մերժող գրութիւնը եւ ներկայացրածս յայտում նշած յօդուածներիս ցանկը, որը անտեսելով, պաշտօնեան կամայականօրէն թոյլ չի տուել յայտը  ներկայացուի փորձաքննութեան :                                                                                                  
                                               
 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել