
Այս հոկտեմբերին եւ նոյեմբերին նույն ծրագրով նույն երկրներ էին գնացել կոմպոզիտոր Արա Գեւորգյանը, երգիչներ Արմինկան, Զարուհի Բաբայանը, Սեւակ Ամրոյանն ու ջութակահար Վարազդան Խաչումյանը: Այսօր Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հարավային Ամերիկայից նոր վերադարձած արտիստներն ասացին այն, ինչ ասել էին անցած տարի նրանց գործընկերները: Բրազիլիայում,Արգենտինայում, Ուրուգվայում հայերը սիրում են ամեն հայկականը, իրենց դիմավորում եւ ճանապարհում են արցունքն աչքերին, սպասում են հայ արտիստների այցերին, համերգներին դահլիճներում ազատ տեղ չի լինում, սակայն ուծացում-ձուլումը շարունակվում է, Բրազիլիայի Սան-Պաուլո քաղաքում հայկականությունն այնքան է նվազել, որ համայնքը որոշել է վաճառել հայկական դպրոցի շենքը: Սրանով հանդերձ, ըստ Զարուհի Բաբայանի, այնտեղ կան նվիրյալ հայեր:
Այդ ինչպե՞ս է, որ նվիրյալների պարագայում նվազում է հայկական դպրոցների հայ աշակերտների թիվն ու հայերեն խոսող հայերի թիվը, Aravot.am-ի այս հարցին ի պատասխան՝ Արա Գեւորգյանն ասաց, որ տեղի հայկական ակումբները հայ երիտասարդների համար գրավիչ ու հետաքրքիր չեն, այնտեղ տարիքավորներն են: Արա Գեւորգյանը Լատինական Ամերիկայի հայերին առաջարկել է աշխատել «Հայի ազգային վարկանիշը բարձրացնել, իրենց երիտասարդները հաճախ գան Հայաստան, այստեղից մասնագետ ուղարկեն, որ այնտեղ դասախոսություն կարդա, ոչ թե հայերը գնան այլ ակումբեր, ուրիշներով հրապուրվեն, այլ՝ օտարներին բերեն մեր ակումբներ: Հայկական ակումբները դարձնենք հետաքրքիր»:
Արտիստներն ասացին, որ իրենց համերգներին ներկա են եղել նաեւ վերջին 20 տարում Հայաստանից հեռացածներ, որոնց հետ համերգից հետո ջերմ զրուցել են: Ինչո՞ւ են հեռացել, ի՞նչ էին ասում, մեր հարցերը Զարուհի Բաբայանը նախ որակեց քաղաքականությանը խառնելու փորձ, ասաց, որ նման հարցեր չեն քննարկել, քիչ անց ավելացրեց, որ զրույցներից պարզ դարձավ, որ հեռացողները տնտեսական խնդիրներից են հեռացել: «Մի քիչ աչքաթող է արված երիտասարդությունը թե մեր, թե համայնքի կողմից: Համայնքի մեղքը ավելի քիչ է, միջավայրը իրենց ճնշում է, եթե մենք ավելի ակտիվ լինենք, ավելի շատ օգնենք…ծնողները ունեն ցանկություն, որ երեխաները հայերեն գրեն-կարդան: Ինչպես ողջ աշխարհում, մեզ բոլորը հարգում-սիրում են, բայց մենք քիչ բան ենք անում այդ սերն ու հարգանքը պահելու համար»,- ասաց Զարուհի Բաբայանը:
Կարդացեք նաև
Արամ ԶԱՔԱՐՅԱՆ


















































