Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՊ-ից հնչող հայտարարություններից երևում է, որ իրենց համար սարսափելին ոչ թե առկա անկայուն խաղաղության խաթարումը կամ հնարավոր պատերազմն է, այլ իրենց իշխանազրկումը». Արտակ Զաքարյան

Մարտ 19,2026 21:35 Share

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նիկոլ Փաշինյանն, առանց անուններ տալու ու առանց կոնկրետ փաստեր բերելու, մեղադրում է որոշ ընդդիմադիրների՝ քաղաքականությունից բան չհասկանալու և իրենց հայտարարություններով (ընտրություններում հաղթելու դեպքում)՝ աշնանը «պատերազմ հրահրելու մեջ»։

Նա, գուցե, այդ կերպ ցանկանում է անկեղծորեն խոստովանել, որ ինքն էլ այդ «անիծյալ քաղաքականությունից» բան չի հասկացել։ Դրա համար էր անում հայտարարություններ ու քայլեր, որոնք ակամայից Արցախին ու Հայաստանին «մտցրեցին» տարբեր պատերազմների ու աղետալի կորուստների մեջ։

Մի փոքր զբաղվենք ընտրական գործընթացների «ռևիզիոնիզմով»։

2018 թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ քաղաքացիների մեծ մասն ընտրեց ՔՊ-ին։ Կարճ ժամանակ հետո եղավ աղետալի 44-օրյա պատերազմը, և մենք կորցրեցինք հազարավոր երիտասարդ կյանքեր ու մոտ 7800 ք/կմ տարածք։

2021թ. հունիսի 20-ին ՀՀ քաղաքացիների, իբրև թե, մեծ մասը նորից գնաց ու, իբրև թե, ընտրեց ՔՊ-ին։ Որոշ ժամանակ հետո եղան մի քանի կարճատև պատերազմական գործողություններ, որտեղ մենք կորցրեցինք հարյուրավոր կյանքեր, ամբողջ Արցախը և Հայաստանի՝ 220 ք/կմ տարածքը։

Այս իրողություններից հետո Նիկոլ Փաշինյանը կրկին ասում է մոտավորապես հետևյալը, որ եթե ՔՊ-ին չընտրեք՝ մինչև սեպտեմբեր պատերազմ կլինի։

Իսկ գուցե ճշմարտությունը հակառակո՞ւմ է․ եթե երրորդ անգամ ՀՀ քաղաքացին ընտրի ՔՊ-ին՝ գուցե մեծ է հավանականությունը, որ որոշ ժամանակ հետո ազգովի հայտնվենք հաջորդ սպառնալիքի առջև։

Իսկ գուցե ընդդիմության հավաքական հաղթանակի և համազգային համախմբման դեպքում կա հավանականություն, որ հաստատվի իրական խաղաղություն, և Հայաստանը դադարի գործիք լինել այլոց մեծապետական քաղաքականության համար։

ՔՊ-ից հնչող հայտարարություններից երևում է, որ իրենց համար սարսափելին ոչ թե առկա անկայուն խաղաղության խաթարումը կամ հնարավոր պատերազմն է, այլ իրենց իշխանազրկումը։

Հ.Գ.

Ավելի լավ չէ՞, որ ՔՊ-ն վարչական և ընտրական օրենսգրքերում նոր հոդվածներ ավելացնի, առ այն, որ եթե ՀՀ քաղաքացին քվեարկում է ոչ ՔՊ օգտին, ապա նա համարվում է «խաղաղության դեմ գործող անձ» և տուգանվում է նվազագույն աշխատավարձի՝ օրինակ հազարապատիկի չափով։ Երկրորդ անգամ (հաջորդ խորհրդարանական ընտրություններում) նույն արարքը կրկնելու դեպքում քաղաքացին զրկվում է ընտրական իրավունքից։ Երրորդ անգամ, երբ ՔՊ-ի ղեկավարած ինքնիշխան Հայաստանից բան չմնա, արդարացվում է»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031