
«Երկիր» օրաթերթի լրագրող Ագնեսսա Խամոյանն էլ նշում է՝ չնայած Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի առկայությանը, այսօր լրագրողի թիվ 1 խնդիրը տեղեկատվություն ստանալն է. «Կարծում եմ` մեր մասնագիտությունը այն մասնագիտությունն է, որտեղ իրավունքները ամենաշատն են խախտվում և հիմնականում տեղեկատվություն ստանալու իրավունքը: Ես լուաբանում եմ քաղաքական ոլորտը և շատ դժվարությունների եմ հանդիպում: Վերջերս զանգահարել էի Սեւանի քաղաքապետին, սակայն վերջինս ոչ միայն չպատասխանեց իմ հարցին, այլ նաև վիրավորեց, ասելով` «ես զզվում եմ ձեզանից» և հեռախոսը անջատեց»:
Եթե լրագրողների դեպքում խախտվում են կոնկրետ իրավունքներ, ապա առողջապահական ոլորտում բժիշկները ավելի շատ դժգոհում են պատիվը արատավորող երևույթներից: «Ամբողջ աշխարհում բժշկի աշխատանքը ամենահարգված ու գնահատված աշխատանքներից է, որովհետև ամենապատասխանատու մասնագիտությունն է, իսկ մեզ մոտ այդպես չէ: Վերջերս կոռուպցիայի դեմ պայքարի պլակատի վրա նկատեցի, որ պատկերված էր բժիշկ և գրված էր. «Պայքարենք կոռուպցիայի դեմ»: Մի քանիսի անբարեխիղճ գործունեությունը չի կարելի վերագրել բոլորին»,- նշում է բժիշկ Ավագյանը:
Իրավունքների խախտման բազմաթիվ ու բազմաբնույթ դեպքեր են պատմում հատկապես ուսանողները: 19-ամյա Անին (ով չցանկացավ նշել բուհի անվանումը) մեզ հետ զրույցում պատմեց, որ իր դասախոսներից մեկը քննական շրջանում սակարկել է գնահատականի արժեքը, իսկ նրանք, ովքեր հրաժարվել են գումար վճարել և ցանկություն են հայտնել պատասխանել «բավարար» գնահատականից բարձր չեն ստացել: «Ես նույնպես բավարարվեցի «բավարար» գնահատականով: Ուսանողի համար մի քիչ դժվար է իր իրավունքը այս պարագայում պաշտպանելը, որովհետև ամեն դեպքում դիմացդ մասնագետ է, ով կարող է այնպիսի հարցեր տալ, որ թերանաս: Ես էլ որոշեցի պաշտպանել իր «պատասխանելու» իրավունքը»:
Նմանատիպ դեպքերից խուսափելու համար իրավապաշտպանները խորհուրդ են տալիս առաջին հերթին ծանոթ լինել սեփական իրավունքներին ու պարտականություններին: « «Լինել տեղեկացված նշանակում է լինել պաշտպանված» արտահայտություը մեզ հուշում է, որ առաջինը մենք պետք է պաշտպանենք մեր իրավունքները»,-նշում է Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանողուհի Նարեն:
Հերմինե Աղաջանյան


















































