
Մասնագիտությամբ ծրագրավորող Արմեն Մկրտչյանն իր բլոգը ստեղծել է 2010թ. – ի հունիսին: Ցանակնում էր ստեղծել մի կայք ու այնտեղ տեղադրել իր հեղինակային ծրագրերն ու խաղերը: Սկզբնական շրջանում այդպես էլ անում էր, սակայն հետագայում տեսնելով բլոգի առաջընթացը` որոշում է չսահմանափակվել միայն դրանով և սկսում է տեղադրել տարբեր հնարքներ ու գաղտնիքներ, գրել իր կարծիքը այս կամ այն թեմայի վերաբերյալ: «Թեմաների մեծամասնությունը IT ոլորտի մասին է, այսինքն Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող այն իրադարձությունների, որոնք կապ ունեն ինտերնետի և համակարգիչների հետ», – ասում է նա: Բլոգում փորձում է գրել այնպիսի նյութեր, որոնք դժվարությամբ են հանդիպում հայկական ինտերնետում: Բլոգերի խոսքով` հայկական բլոգների մեծ մասը քաղաքականությունից են խոսում, քննարկում կամ քննադատում այս կամ այն երևույթը, իսկ ինքը փորձում է զերծ մնալ քաղաքական ուղղվածության նյութերից: Ամենակարդացվածը Արթուր Պողոսյանի մասին նյութն է եղել` «Հայ ազգի զավակը որոշել է հայկական խորոված անել մարսի վրա» վերնագրով: Այն ունեցել է 16.000 դիտում: Բլոգը եկամուտի աղբյուր չի համարում, ասում է. «Առաջնային նպատակ չունեմ գումար աշխատել բլոգի միջոցով` չհաշված, որ եղել են մի քանի դեպքեր, երբ բլոգը որոշակի եկամուտ է բերել»: Արմեն Մկրտչյանն անկեղծանում է նաև, որ եղել են պահեր, երբ հոգնելով բազմաթիվ հարցերից ու նամակներից` որոշել է ջնջել բլոգը, սակայն այցելուների քանակը տեսնելով և դրական գնահատականներ ստանալով` ետ է կանգնել իր որոշումից:
Տիգրանուհի Թասլակյան


















































