Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Ֆրանսիայի Սենատը հաստատի օրինագիծը, այլ եվրոպական երկրներ էլ կհետեւեն Ֆրանսիային

Հունվար 23,2012 18:24

Ֆրանսիայի Սենատը քիչ առաջ սկսել է Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի քննարկումը: Քննարկմանը զուգահեռ՝ Սենատի մոտ ցույցի են դուրս եկել թե՛ հայկական, թե՛ թուրքական կողմի ներկայացուցիչները: Hurriyet Daily News-ի փոխանցմամբ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երդվել է այլեւս Ֆրանսիա չայցելել, եթե Սենատը հաստատի օրինագիծը:

Թուրքագետ Արտակ Շաքարյանի կարծիքով, Սենատի դրական որոշման դեպքում Թուրքիան հակաֆրանսիական հիստերիա կսկսի, ինչպես դեկտեմբերին՝ օրինագծի՝ Ազգային Ժողովում ընդունման ժամանակ: Aravot.am-ի հետ զրույցում թուրքագետը նշեց սակայն, որ խորքային առումով էական կերպով չի ազդի, որովհետեւ թուրք-ֆրանսիական տնտեսական հարաբերություններն այն աստիճանի խորն են ու փոխկապակցված, որ Թուրքիային ձեռնտու չի լինի կապերը խզել այդ երկրի հետ. «Բայց կարող ենք ասել, որ այսպես, թե այնպես թուրք-եվրոպական հարաբերությունները բավականին մեծ անկում են ապրում: Թուրք-ֆրանսիական հարաբերությունների դիտանկյունն այսօր նաեւ Հս. Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում, մասնավորապես Սիրիայում երկու երկրների հարաբերություններն են, որտեղ ընթանում է թուրք-ֆրանսիական սառը պատերազմ, որովհետեւ այդ երկրները նախկինում եղել են Ֆրանսիայի վերահսկողության ներքո, իսկ այսօր Թուրքիան բավականին մեծ ազդեցություն ունի այդ երկրներում, ինչը, բնականաբար, դուր չի գալիս Ֆրանսիային»:

Անդրադառնալով Ֆրանսիայի Սենատի Իրավական հարցերով հանձնաժողովի՝ օրինագծի հակասահմանադրական ճանաչելու որոշմանը եւ հարցին, թե արդյոք այն ի՞նչ անդրադարձ կունենա Սենատի կողմից վերջնական հաստատման վրա, Ա. Շաքարյանը հույս հայտնեց, որ բացասական կերպով չի անդրադառնա որոշման վրա, եւ Սենատը դրական պատասխան կտա. «Քանի որ օրինագիծը քիչ թե շատ խոսքի ազատությանն է վերաբերում, ապա Ֆրանսիայում, որտեղ խոսքի ազատությունը բավականին ծայրահեղ դրսեւորումներ ունի եւ բնականաբար ոչ միանշանակ է ընդունվում: Եվ քանի որ օրինագիծն առաջ է քաշել Սարկոզին, ապա վերջինիս ընդդիմադիր քաղաքական ուժերն այս կամ այն կերպ փորձում են խոչընդոտել իրենց քաղաքական հակառակորդի առաջ քաշած օրինագծին»:

Մեր զրուցակիցը համոզված է, որ եթե Ֆրանսիան էլ, որը հետեւեց Շվեյցարիայի օրինակին, հաստատի օրինագիծը, ապա այդ երկրին կհետեւեն նաեւ Հոլանդիան եւ Բելգիան, ինչպես նաեւ եվրոպական մի շարք երկրներ. «Տեսնում ենք, որ նմանատիպ մի օրինագիծ էլ քննարկման է դրվում նաեւ Գերմանիայում: Հուսով եմ, որ դա դոմինոյի էֆեկտ ստանալով՝ կանցնի նաեւ Արեւմուտքի մի շարք երկրներում»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետը, ինչպես նաեւ հայ որոշ իրավապաշտպաններ մինչ այժմ գտնում են, որ օրինագիծը հակասում է խոսքի ազատությանը եւ մարդու իրավունքներին։ Այս առնչությամբ էլ թուրքագետն ասաց. «Անկախ այդ ինֆորմացիայից, հիմարություն է ասել, որ դա խոսքի ազատության սահմանափակում է, որովհետեւ օրինագիծը չի սահմանափակում մարդու այն արտահայտությունը, թե պարզապես կարծում եմ՝ ցեղասպանություն չի եղել: Այլ քննադատվում, հանցագործություն  է համարվում Հայոց ցեղասպանությունը ժխտելը, հայերի նկատմամբ հերյուրաբար նվաստացուցիչ արտահայտություններ օգտագործելը: Այսինքն եթե ինչ-որ մեկն այսօր Ֆրանսիայում, Գերմանիայում, թե այլուր ասի, թե իբր Հիտլերը լավ էլ արել է՝ հրեաներին կոտորել է, եւ ընդհանրապես հոլոքոստ չի եղել, այլ հրեաներն են հորինել, բնականաբար բոլոր երկրներում այդ մարդը կդատվի: Նույնն էլ Հայոց ցեղասպանությանն է վերաբերում: Եթե որեւէ մեկը, թուրք պատմաբան փորձի ֆրանսիական մամուլում պնդել, թե Հայոց ցեղասպանության հեքիաթն է եւ իրականում հայերն են կոտորել թուրքերին, ա’յ դա կքննադատվի, ոչ թե այն, որ որեւէ մեկն ավտոբուսում ընկերոջ հետ քննարկման ժամանակ ասի՝ չեմ կարծում, թե ցեղասպանություն է եղել, գուցե մի միլիոն չեն կոտորել, 200 հազար են կոտորել, պարզապես օրենքի սխալ ընկալում է»: Ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել նաեւ մեր կայքում:

Watch live streaming video from yerkirmedia at livestream.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031