Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են սոցիալական կայքերից օգտվողները գրում լատինատառ

Փետրվար 02,2012 18:58

Գրենք հայերեն, գրենք հայատառ. չի կարելի թույլ տալ, որպեսզի տեխնիկան գերիշխի լեզվի վրա, «Ռադիոլուրին» տված հարցազրույցում ահազանգում է գրող, թարգմանիչ, հրատարակիչ, խմբագիր Վաչագան Սարգսյանը: Այն լեզուն, որով գրում են համացանցում, շատ հեռու է անգամ խոսակցականից, ասում է նա։

Սոցիալական կայքերից օգտվելու և իրավիճակը գնահատելու համար նա բազմաթիվ առիթներ է ունեցել, սակայն, գրանցվելով «Ֆեյսբուք» սոցիալական կայքում և տեսնելով բարբարոսությունը սեփական լեզվի նկատմամբ, այլևս չկարողացավ անտարբեր մնալ: Փոքրիկ ուսումնասիրությունից հետո Վաչագան Սարգսյանն ի վերջո պարզեց, թե ինչու են սոցիալական կայքերից օգտվողները գրում լատինատառ: Պատճառները թե օբյեկտիվ են, թե սուբյեկտիվ։

Օբյեկտիվ պատճառները, օրինակ, տեխնիկական բնույթ ունեն, և Վաչագան Սարգսյանը համացանցից օգտվողների այս խմբին չի մեղադրում: «Օբյեկտիվ պատճառներից մեկը նա է, որ շատ հաճախ օգտագործողներն օգտվում են հեռախոսներից կոնկրետ «Ֆեյսբուք» մտնելու համար, իսկ հեռախոսների մեջ ցավոք սրտի, մլթոներեն էլ կան, աֆրիկյան ցանկացած լեզու էլ կա, բայց հայերեն չկա: Սա մեր կառավարության խնդիրն է, որ համապատասխան գործակալությանը պիտի դիմեն, որպեսզի նրանք հեռախոսների մեջ էլ դնեն հայերեն: Թե չէ Մայր Աթոռը Սուրբ Ծնունդը կամ մյուս տոները շնորհավորում է լատինատառ: Դա առնվազն ծիծաղելի է: Չի կարելի թույլ տալ, որ տեխնիկան գերիշխի լեզվի վրա»:

Բայց պարզվում է, որ տեխնիկական խնդիրները չարյաց փոքրագույնն են, քանի որ բջջայինով ինտերնետից օգտվում է հասարակության չնչին տոկոսը: Վաչագան Սարգսյանին շատ ավելի զարմացրել և նույնիսկ զայրացրել է հետևյալ բացատրությունը. «Ասում են, թե հայերենը առանձնապես գրելու բան չի, տառերը գեղեցիկ չեն, մենք ավելի լավ ենք կարդում լատիներեն և ավելի հեշտ ենք գրում լատինատառ, քան՝ հայերեն: Սա առնվազն զարմանալի էր և զայրացուցիչ»:

Բացի այն, որ Վաչագան Սարգսյանը լատինատառ գրութությունները սկզբունքորեն չի կարդում, ու բացի այն, որ հայերենի հնչյունական համակարգը չի համապատասխանում լատիներենին, նա, ի վերջո, չի կարողանում հասկանալ, թե ինչու են համացանցից օգտվողները նախընտրում օրինակ «dzez»- ը «ձեզ»- ից:

«Մատաղ սերունդը, պատանիները, ովքեր օգտվում են համացանցից, նրանք պարզապես հայերեն գրելը մոռանում են: Շատ եմ խոսել երեխաների հետ, նրանք խոստովանում են, որ «ձեզ» գրելու փոխարեն արդեն գրում են «դզեզ»։

Վաչագան Սարգսյանը կարծում է, որ այս միտումը շատ վտանգավոր է և կարող է ուղղագրության իսպառ մոռացության բերել: Բայց նրան միայն պատանիները չեն, որ մտահոգում են։

«Լինեն գրականագետներ, բանաստեղծներ, քաղաքական գործիչներ, ամեն ինչի մասին հիվանդագին մոտեցում են ցույց տալիս, կարող են կրծքով պաշտպանել ամեն ինչ, բացի՝ լեզվից: Գրում են ամենագռեհիկ լեզվով, ամենափողոցային ժարգոնով և համատարած «ա»- ագրությամբ: Այդ դեպքում պետք է համապատասխան հրովարտակ ընդունի Լեզվի պետական տեսչությունը, որ «է» տառը հանենք մեր այբուբենից, որովհետև այն այլևս գործածության որևէ ոլորտ չունի»:

Հիասթափությունն էլ ավելի է մեծանում, երբ գիտակցում ես, որ այդ ամենի նկատմամբ չկա և ոչ մի վերահսկողություն։ «Կարդում ես «Ֆեյսբուք»- ում գրածների 99 տոկոսը, պարզապես սրտխառնոց ես զգում առանց չափազանցության, որովհետև որևէ վերահսկողություն չկա և մարդ իր ներսում ինչքան ատելություն ունի մեր լեզվի նկատմամբ, լեզվի վրա է կիրառում»:

Վաչագան Սարգսյանը տեղեկացրեց, որ անձամբ ինքը բազմիցս է դիմել համապատասխան մարմինների, բայց արձագանք դեռևս չի ստացել: Իր հոդվածներով նա դիմել է թե Լեզվի պետական տեսչությանը և թե կառավարությանը:

«Ռադիոլուր»- ն իր հերթին զրուցեց Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանի հետ և փորձեց պարզել, թե ինչ- որ քայլեր ձեռնարկվո՞ւմ են այս ուղղությամբ: Պարզվեց, որ այս բնագավառով Լեզվի տեսչությունը չի զբաղվում, իր իրավասության սահմաններում էլ չէ։

«Գիտեք, անկասկած այստեղ հայացման խնդիր կա, որը ավելի շատ տեխնիկական դժվարություններ ունի և երևի թե այդ պարագայում դա Լեզվի պետական տեսչության խնդիրը չէ. Մեր ամբողջ գործունեությունն իրականացվում է «Լեզվի մասին» օրենքի համաձայն և մենք վերահսկողության այդ ոլորտը այս պահին չունենք: Մենք կարող ենք այս և նման ոլորտների հետ կապված դիտարկումներ իրականացնել, ոչ ավելին»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829