Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Տեսահոլովակի սցենար

Փետրվար 11,2012 12:47

Երեկ հայտնի դարձավ, որ դատախազությունը պատրաստվում է լայն հասարակայնությանը ներկայացնել տեսահոլովակներ, որոնք նվիրված կլինեն ընտրախախտումներին: Դա, անշուշտ, գովելի նախաձեռնություն է եւ մեծ դաստիարակիչ ու կանխարգելիչ նշանակություն կունենա: Ես չգիտեմ՝ արդյոք այդ տեսահոլովակների սցենարները պատրա՞ստ են: Եթե ոչ՝ ուզում եմ առաջարկել իմ տարբերակը:

…Երեւան, Հարավ-Արեւմտյան թաղամաս, ժամը 18.00: Տեղամասային հանձնաժողովի «անկուսակցական» նախագահը զանգահարում է իր կուսակցության շրջանային շտաբ եւ հայտնում, որ «գործերը լավ չեն»: Այնտեղից ասում են, որ նա սպասի հետագա հրահանգների: Տասը րոպե հետո տեղամաս է ներխուժում Բանգլադեշի Համոն՝ իր թիկնապահներով: Բարեբախտաբար, նրան հերթական անգամ ազատ են արձակել, եւ մերօրյա այդ հերոսին կարելի է խնդրել, որ նա նկարահանվի այդ տեսահոլովակում: Խոշոր պլանով ցուցադրվում է Համոյի առնական դեմքը: Գլխավոր հերոսը վճռական շարժումներով իր ծոցագրպանից հանում է քվեաթերթիկների մի տրցակ եւ լցնում է քվեատուփի մեջ: Ընդդիմադիր կուսակցություններից մեկի վստահված անձը՝ 20-25 տարեկան բարալիկ մի աղջիկ, փորձում է դրա դեմ ընդվզել: Համոն հանգիստ, բայց հաստատակամ եղանակով դիմում է տեղամասային հանձնաժողովի նախագահին՝ «ռադ արա էդ լրբին»: Հանձնաժողովի արհեստավարժ նախագահը վազում է փողոց, որտեղ տեղամասից 50 մետրի վրա (ինչպես եւ օրենքն է պահանջում) գտնվում է ոստիկանության մեքենան: Կադրում հայտնվում են ցմփոր լեյտենանտը եւ երկու սերժանտներ: Նրանք մտնում են տեղամաս եւ հարգալից բարեւում են Համոյին ու նրա թիկնապահներին: Լեյտենանտը դիմում է նիհար աղջկան. «Ոստիկանության մեր բաժանմունքը ահազանգ է ստացել, որ դուք խոչընդոտում եք ընտրական պրոցեսին: Խնդրում եմ մեզ հետ անցնել բաժին՝ գործի հանգամանքների մասին գրավոր բացատրություն տալու նպատակով»: Աղջիկը, բնականաբար, փորձում է առարկել, բայց այդ բոլոր փորձերը վճռականորեն կանխվում են լեյտենանտի կողմից՝ «դե-դե, լեզվիդ մի՛ տուր», որից հետո սերժանտները վերցնում են աղջկան թեւերի տակ ու դուրս բերում տեղամասից: Բայց աղջիկը դրանից առաջ հասցնում է զանգահարել լրագրողներին, եւ դրանցից մեկը գալիս է տեղամաս ու փորձում նկարահանել: Համոն կանխում է նաեւ այդ փորձը՝ «հեսա էս ապարատը կտամ գլխովդ» խրոխտ բացականչությամբ: Սակայն այդ սպառնալիքը չի իրականանում՝ պարզապես թիկնապահները խլում են լրագրողի ձեռքից նկարահանող սարքը, որից հետո իրենց շեֆի գլխավորությամբ դուրս են գալիս տեղամասից: Կես ժամ հետո գալիս է «Հայլուրի» նկարահանող խումբը եւ ռեպորտաժ է պատրաստում տեղամասից: «Ամեն ինչ ընթանում է հանգիստ, օրենքի սահմաններում»,- իր հարցազրույցում ասում է տեղամասային հանձնաժողովի նախագահը, իսկ «Հայլուրի» լրագրողն էլ իր կողմից ավելացնում է. «Որոշ կայքերում լրատվություն է տեղադրվել՝ իբր այդ տեղամասում տեղի են ունեցել խախտումներ, սակայն մենք դիմեցինք ԿԸՀ, որտեղից մեզ հայտնեցին, որ ահազանգը կեղծ էր»:

Եթե իմ սցենարի նախագիծը դուր է եկել դատախազությանը, ես կարող եմ մի քանի հատ էլ առաջարկել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829