Լրահոս
Օրվա լրահոսը

Ես ձայն եմ տվել ընդդիմությանը մեկ պատճառով

Հունիս 11,2026 10:00 Share

Բնականաբար, առանձին խորը վերլուծությունների կարիք կա՝ պարզելու, թե անցած ընտրություններին ինչու է տվյալ քաղաքացին ընտրել այս կամ այն կուսակցությունը կամ դաշինքը: Հնարավոր չէ ընդհանրացնել՝ «կես միլիոնն ընտրել է իշխանությանն այսինչ պատճառով, իսկ մյուս կես միլիոնը քվեարկել է ընդդիմությանն այնինչ պատճառով»: Դա, կարծում եմ, հակագիտական մոտեցում կլիներ, քանի որ գոյություն ունեն շատ ավելի նուրբ եւ «մանրամասն» բաժանումներ:

Հետեւաբար, ես կարող եմ խոսել միայն իմ մասին, միայն ենթադրելով, որ կան ինձ նման մտածող մարդիկ: Ես ձայն եմ տվել ընդդիմությանը ոչ այն պատճառով, որ այս ընտրություններին մասնակցող որեւէ քաղաքական ուժ ունի հրաշալի ծրագրեր, որոնք բոլորիս կպարգեւեն երջանկություն ու բարեկեցություն: Կարծում եմ, այս ութ տարում Փաշինյանը մեր երկիրն այնպիսի հանգրվանի է հասցրել, որ հրաշալի լուծումներ ընդհանրապես չկան ո՛չ հարեւանների հետ հարաբերություններում, ո՛չ Ռուսաստան – ԵՄ դիլեմայի, ոչ էլ ԹՐԻՓՓ-ի առումով:

Ես ընդդիմադիրներին եմ ձայն տվել միայն մեկ պատճառով. նրանցից ակնկալում էի եւ առայսօր դեռ հույսս չեմ կորցրել, որ նրանք Փաշինյանին կհեռացնեն իշխանությունից: Եթե ընդդիմադիրները դա չեն կարող անել, դա ցավալի է: Եթե ես եւս 5 տարի պետք է լսեմ ստերով համեմված հիստերիկ ճղճղոցը՝ դա պարզապես սարսափելի է: Որովհետեւ այդ ճղճղոցի «նվագակցությամբ» մենք 5 տարում հաստատ կդառնանք դե-ֆակտո «Արեւմտյան Ադրբեջան»: Որպեսզի համոզվենք, որ դա ֆանտաստիկայի ոլորտից չէ, ինքներս մեզ հարցնենք՝ մենք կարո՞ղ էինք 8 տարի առաջ պատկերացնել, որ Արցախ չի լինի, որ ադրբեջանական զորքը գտնվելու է Հայաստանի ինքնիշխան տարածքում, եւ որ Ալիեւը ցուցումներ է տալու Փաշինյանին, թե ինչ մեծամասնություն նա պետք է ձեւավորի Հայաստանի խորհրդարանում:

Այսպիսով, ես ընդդիմությունից ունեմ շատ հստակ ակնկալիք: Բայց թե ինչպե՞ս պետք է իրականացվեն իմ ակնկալիքները, ես այդ հարցում չեմ կարող ստանձնել մենթորի դեր: Վերցնել ԱԺ մանդատները, թե չվերցնել, դուրս բերել կողմնակիցներին փողոց, թե դուրս չբերել, վիճարկել ընտրությունների արդյունքները ՍԴ-ում (իմանալով հանդերձ, որ այն Փաշինյանի գրպանում է), թե չվիճարկել: Այս հարցերում ես ինձ իրավունք չեմ վերապահում խորհուրդներ տալ: Դա քաղաքական ուժերի խնդիրն է:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930