Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուբլյորներ», կրեատիվներ, գաղափարակիրներ

Հունիս 10,2026 10:00 Share

Անցած խորհրդարանական ընտրությունների առաջատարների մասին շատ է խոսվել եւ դեռ խոսվելու է: Եթե Փաշինյանի կողմից՝ իշխանության բռնազավթման այս միջոցառման մեջ հնարավոր է դրական երեւույթներ տեսնել, ապա կարելի է արձանագրել, որ «Ուժեղ Հայաստանի» ցուցակն առաջնորդող Նարեկ Կարապետյանը մի քանի ամսում կարողացավ ձեռք բերել բավական փորձ եւ հմտություններ ու հիմա հանդես է գալիս որպես լիարժեք քաղաքական գործիչ:

Բայց հիմա ես ուզում եմ խոսել այն ուժերի մասին, որոնք խորհրդարան չեն անցել: Երեք կուսակցություններ՝ «Հանրապետություն» (ընտրությունների արդյունքների նախնական տվյալներով՝ 1.08%), «Հանուն Հանրապետության» (0.46% ) եւ ՔԺԿ (0.18%), ընտրություններին մասնակցում էին բացառապես Փաշինյանին աջակցելու նպատակով: «Դուբլյորների» տեխնոլոգիան բավականին ընդունված է ընտրությունների ժամանակ: Հիշում եմ, 1996 թվականին ՌԴ-ում նախագահական ընտրություններում ընդդիմության հիմնական թեկնածուն՝ Զյուգանովն ուներ իր «կրկնօրինակը»` կոմունիստ Աման Տուլեեւին, որը նույնպես գրանցված թեկնածու էր եւ ընտրարշավում կրկնում էր իր կուսակցական ղեկավարի հիմնական թեզերը: Մեր դեպքում՝ կրկնօրինակ-արբանյակ կուսակցությունների նպատակն էր վախեցել ընտրողներին Ռուսաստանով, Պուտինով եւ քրեաօլիգարխիայով: Հավանաբար, այդ բազմապատկված քարոզչությունն իր որոշակի նպաստը բերեց Փաշինյանին, բայց չեմ կարծում, որ դա շատ մեծ դեր խաղաց՝ փաշինյանական զանգվածի ուղեղն առանց այդ էլ լվացած է «գուբերնիայի» մասին հեքիաթներով, եւ նոր «ներարկումներ» այդտեղ, կարծես թե, պետք չեն:

Իհարկե, ցավալի է, որ «Միասնության թեւերը» (2.30%) եւ «Լուսավոր Հայաստանը» (0.50%) խորհրդարան չմտան: Որպես պատճառներից մեկը՝ կարող եմ նշել այն, որ նրանց դեմ ակտիվորեն աշխատում էր ոչ միայն իշխանության, այլեւ որոշ ընդդիմադիր շրջանակների քարոզչությունը: Դե, իհարկե, դեր խաղաց նաեւ ռեսուրսների պակասը. այս պարագայում, թերեւս, ճիշտ է ավելի խոշոր միավորումներ ստեղծելը:

«Բոլորին դեմ եմ»-ի գաղափարը, անշուշտ, քաղտեխնոլոգայի տեսակետից ճիշտ էր՝ մարդիկ հոգնել են «ավանդական» քաղաքական ուժերից: Միանշանակ դրական կերպար Նինա Կարապետյանցը եւ օրիգինալ, կրեատիվ երիտասարդներն ապահովեցին ընտրողների համեմատաբար բարձր տոկոս (1.47%):

Շնորհապետական կուսակցության մասին (2.11%) շատերը կասկածներ էին հայտնում, որ դա նույնպես իշխանության «պահեստային» նախագիծ է: Ես անձամբ չեմ լսել Գուրգեն Սիմոնյանի որեւէ նիկոլական ելույթ, փոխարենը այդ ցուցակի երկրորդ համարի՝ Էդվարդ Անտինյանի կողմից տարածվում էր զուտ նիկոլական՝ հակաարցախյան քարոզչություն:

Երբեք չեմ թաքցրել իմ համակրանքը Հայ ազգային կոնգրեսի հանդեպ, որը շատ քիչ ձայներ է հավաքել (0.22%): Առայժմ լուրջ քաղաքական տեքստերը, ծրագրերը, գաղափարները հարգի չեն: Բայց ՀԱԿ-ում կան շատ խելացի, մտածող երիտասարդներ: Ո՞վ գիտի, գուցե նրա՛նք են սկսելու նոր ժողովրդավարական շարժումը:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930