Ինչ է անում պետական մտածողություն ունեցող քաղաքական գործիչը, երբ ընտրություններում հաղթում է, կամ՝ կարծում է, որ հաղթել է, կամ՝ ուզում է բոլորին համոզել, թե հաղթել է։ Քաղաքակիրթ երկրներում առաջին բանը, որը նա փորձում է անել՝ ընտրությունների պարագայում առաջացած քաղաքական անխուսափելի լարվածությունը մեղմացնելն է։ Այդ նպատակով նա, մասնավորապես, հայտարարում է, որ բոլորի նախագահն է կամ վարչապետը՝ անկախ այն հանգամանքից, թե ում են քաղաքացիները ձայն տվել։
Այդ ոգով են եւ էին ընտրություններից հետո արտահայտվում ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների բոլոր ղեկավարները՝ անկախ նրանից, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչ է խոսվել ընտրարշավի ընթացքում, ինչպես նաեւ՝ բուն քվեարկության ժամանակ։ Խնդիրն այն չէ, որ այդ բոլոր ղեկավարները հրաշալի մարդիկ են. պետական այդ ավանդույթը զուտ կիրառական նշանակություն ունի: Եթե նպատակ չի դրվում հետագա տարիների կառավարումն իրականացնել բացառապես ձերբակալությունների եւ քաղաքական տեռորի միջոցով, ապա բոլոր մնացած դեպքերում ավելի հեշտ է ղեկավարել այն իրավիճակում, երբ ընդդիմություն ընտրողներին դու չես համարում քո անձնական թշնամիները։
Փաշինյանը, բնականաբար, գիտի, որ չի հաղթել ընտրություններում եւ առանձնապես չի էլ փորձում որեւէ մեկին համոզել, թե հաղթել է: Նրան պետք չի ապացուցել, որ նա վարչապետ է, եւ բոլորը հոգու խորքում հասկանում են, որ ոչ մի վարչապետ էլ չի: Նրան պետք է ապացուցել, որ ինքը «ժողովրդի սրտից խոսացող դուխով տղա է», որն ընդունակ է ամեն ինչի: Եվ հենց դա՛ է պատճառը, որ ընտրությունների գիշերը, երբ հաշվարկվել էր ընտրողների ձայների հազիվ 10 տոկոսը, նա հայտարարում էր իր «հաղթանակի» մասին:
Իսկ դրան հետեւեց ոչ թե քաղաքակիրթ երկրներին հատուկ ավանդական հայտարարությունը՝ «պարտավորվում եմ լինել բոլորի վարչապետը, պաշտպանել բոլոր քաղաքացիների շահերը, հաշվի առնել ընտրարշավում հնչած բոլոր հիմնավոր մտահոգությունները»: Ոչ, Փաշինյանը միացրեց իր մշտական ձայնապնակը՝ «սրան կբռնեմ, նրան բոմժ կսարքեմ, սրան կկզացնեմ, նրան կչոքացնեմ»: Այսինքն՝ Փաշինյանի բոլոր քաղաքական ընդդիմախոսներն արժանի են միայն նման վերաբերմունքի: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ 100 հազարավոր մարդիկ, որոնք ձայն են տվել ընդդիմությանը, նույնպես որեւէ հարգանքի, որեւէ մարդկային վերաբերմունքի արժանի չեն: Արդյոք հնարավո՞ր է նման մտածողությամբ պետություն ղեկավարել:
Կարդացեք նաև
Փաշինյանը պետության ղեկավար չի ոչ միայն այն պատճառով, որ չի կարողացել ընտրվել վարչապետի պաշտոնում, բայց նաեւ այն պատճառով, որ երբեք իրեն չի դրսեւորել որպես պետության ղեկավար, պետական այր: Նա եղել եւ մնում է ընդդիմության բոցաշունչ հռետոր: Բայց, ի տարբերություն սովորական ընդդիմադիր հռետորների, նա իր ձեռքի տակ ունի քաղաքական հաշվեհարդարի գործիքներ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


















































