Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին խմբագրականը

Հունիս 13,2026 10:00 Share

Մոտ երկու ամիս առաջ ես տեղեկացրեցի մեր հարգելի ընթերցողներին, որ հունիսի 15-ից այլեւս խմբագրական չեմ գրելու: Այդ որոշումը կապված չէ ընտրությունների հետ՝ չնայած ակնհայտ էր, որ Փաշինյանը կփորձի բռնազավթել իշխանությունը: Բայց դա իմ լրագրողական պրակտիկայում ո՛չ առաջին դեպքն է, ո՛չ էլ, ցավոք, վերջինը կլինի: Հավանաբար, իմ կյանքի օրոք չի լինի այն բաղձալի իրավիճակը, երբ իշխանությունն ընտրություններում պարտվում է ընդդիմությանը, խաղաղ հեռանում է եւ շնորհավորում հաղթողին:

Անկայուն իրավիճակը շարունակվելու է: Բայց, կրկնեմ, խմբագրական չգրելու իմ որոշումը դրա հետ կապ չունի: Դարձյալ անկեղծորեն ասեմ, որ տասնամյակներով կրկնվող պատմությունը քաղաքականության լուսաբանումը դարձնում է փոքր-ինչ ձանձրալի: Սակայն ես հիասթափված չեմ, ընկճված չեմ, ոչ էլ պատրաստվում եմ իմ լրագրողական գործունեությունն ավարտել:

Պատկերացրեք, 20 տարուց ավելի ամեն աշխատանքային օր պարտավորված լինես հոդված գրել… Դա, գոնե ինձ համար, հսկայական մտավոր եւ ֆիզիկական ծանրաբեռնվածություն է, որն այս տարիքում՝ 66 տարեկանում, կարող է հանգեցնել առողջական խնդիրների: Դրա համար ես որոշեցի փոքր-ինչ թեթեւացնել իմ ռեժիմը: Վաղվանից նաեւ դուրս եմ գալու Ֆեյսբուքից, որի թունավոր ժապավենը թերթելը նույնպես վնասակար է առողջության համար: Ֆեյսբուքի մեսենջերով նամակագրությունը պահպանվելու է:

Իմ աշխատանքի մնացած ուղղությունները պահպանվելու են: Ես շաբաթը մեկ անգամ «Առավոտի» կայքէջի համար պատրաստելու եմ «Ջրբաժան» տեսահարցազրույցը, դարձյալ շաբաթը մեկ տեսագրելու եմ «Հոգեւոր ընտրություն» շարքը, ինչպես նաեւ իմ տեսանյութերը՝ գրքերի եւ երաժշտության մասին: Շարունակելու եմ գրել շաբաթական վերլուծությունները: Շարունակելու եմ քաղաքական թեմաներով իմ կարճ տեսագրությունները (shorts), որոնք լինելու են «Առավոտի» բոլոր հարթակներում, ինչպես նաեւ իմ յութուբյան էջում, բայց դա անելու եմ ոչ ամեն օր: «Առավոտ» թերթի ու կայքի համար գրելու եմ նաեւ այլ հոդվածներ, բայց դարձյալ՝ առանց ամենօրյա պարտադրանքի:

Ավելացնեմ, որ շուտով լույս կտեսնի Չայկովսկու մասին իմ՝ թվով հինգերորդ գիրքը: Արդեն սկսել եմ աշխատանքս նոր գրքի վրա, որը նվիրված կլինի օպերայի իտալացի վարպետներին:

Արդեն գրել էի, որ թե՛ թերթում, թե՛ կայքում «խմբագրի սյունակը» կփոխարինվի «մեկնաբանի սյունակով», որը կվարի Հակոբ Բադալյանը: Հակոբը հրաշալի վերլուծաբան է, եւ, ինչը տվյալ դեպքում պակաս կարեւոր չէ, ինձնից 15 տարով երիտասարդ է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. Մեսրոպ Հարությունյան says:

    Ես էլ, փաստորեն, ստպված կհրաժարվեմ տարիների իմ սովորությունից՝ երեքշաբթիից շաբաթ ամեն առավոտ 10-ն անց մի քիչ կարդալ Արամ Աբրահամյանի խմբագրականները։
    Հաջողություն մնացած բոլոր գործերիդ Արամ ջան։
    Բարի երթ «Մեկնաբանի սյունակ» – ին։

  2. Սարգիս Զեյթունյան says:

    Նույն ափսոսանքն ու բարեմաղթանքներն՝ իմ կողմից։ Շնորհակալություն տասնամյակների տքնանքի, երկրի ճակատագրի նկատմամբ Ձեր անկեղծ ու ազնիվ սրտացավության համար։

  3. Սարգիս Ամիրխանյան says:

    Ողջույն պարոն Աբրահամյան,
    Մաղթում եմ Ձեզ նորանոր ձեռքբերումներ և հաճելի ընթացք Ձեր հետագա գործունեության մեջ։
    Ամենայն բարիք։

  4. Դիանա says:

    Մեծ ցավով ու ափսոսանքով, բայց Հարգում եմ Ձեր որոշումը: 2020-ից այս կողմ չկամ ոչ մի սոց. հարթակում: Սպասում էի Ձեր խմբագրականներին…Հաջողություն եմ մաղթում

  5. ափսոս

    սակայն անդադար գրելու պատճառով գոյացած առողջական խնդիրներ շատ լուրջ եւ իրական են. ես ինքս ունեցայ այդպիսի մի շատ ծանր խնդիր – զորս տակաւին չէ լուծուած -. չեմ մանրամասներ անշուշտ, սակայն Աստուած ձեզ պաշտպանէ այդպիսի մի վիճակից. մանաւանդ որ միայն շատ գրելը չէ, այլ նաեւ շատ խորապէս տառապում էք նաեւ ձեր երկրի վիճակով.

    առողջութիւն

    Մ. Հայդուկ Շամլեան

  6. Նարեկ says:

    Ֆեյսբուքով նյարդեր չքայքայելը լավ որոշում է։

    Անցումը երևի անսովոր կլինի սկզբում, բայց ավելին դեռ առջևում է։

    Ավելի լավ արդյունքներ կլինեն դեռ և ձեզ համար, և մեզ համար։

    Հիշո՞ւմ եք, թե Հակոբ Բադալյանը ինչ «քննադատության» էր ենթարկվում սկզբում՝ Առավոտում քաղաքական մեկնաբանություններ անելիս։ Հետո ավելի համաձայն մարդիկ նկատեցին, սկսեցին տեղին գնահատել։

    Ձեր գործերն էլ լավ կլինեն, Արամ, ոչ էլ անհանգստացեք։

  7. Aha says:

    Sad to see the conclusion of the daily editorials which significantly shaped my critical thinking. But as the saying goes, all good things have an end! I’ll be losing a part of me.

  8. Լավատես says:

    Շատ շնորհակալություն Ձեր կատարած աշխատանքի համար, Ձեր շուրջ համախմբված աշխատակիցների եւ ընթերցողների համար:

    • Սարգիս Զեյթունյան says:

      Համենայնդեպս, մի դրական բան Առավոտի խմբագրականների դադարեցումով եղավ․ Լավատեսն արտահայտվեց կարճ և կոնկրետ։

Պատասխանել