
Համաշխարհայհն գրքի մայրաքաղաք հորջորջված Երեւանի մի քանի գրախանութներում այսօր գերակշռում են ռուսերեն գրքերը, ավելին՝ բացվում են միայն ռուսական գրքի խանութներ։ Ի՞նչ կպատահի գրքերի նոր թանկացման դեպքում։ Գրախանութի տերերը ստիպված պետք է լինեն հրաժարվել հայկական գրքերի վաճառքից, քանի որ դրանք պարզապես տեղ են զբաղեցնելու: Հայերենի անհետանալը գրախանութներից. ահա ինչ է սպասվում մեզ։
Գաղտնիք չէ, որ այսօր գրքի, գրականության մարդը մեր պետության կողմից գրեթե ուշադրության չի արժանանում։ Այդ անխոնջ մշակներին, որոնք աշխատում ու տքնում են գրեթե առանց վարձատրության, եւ պետությունը, եւ հասարակությունը շատ փոխհատուցելու պարտքեր ունեն։ Սակայն գրքերի թանկացումն առաջին հերթին հարվածելու է նրանց գրպանին։
Խոստովանեմ, որ իմ աշխատավարձի 30 տոկոսից ավելին տալիս եմգրքերին եւ չեմ պատկերացնում, թե ինչ կլինի գրքերի թանկացումից հեստ։ Միգուցե երեխաներիս խորհուրդ տամ, որ միայն ռուսերեն գրքեր կարդան, ինչը երբեք ինձ չեմ ների, իսկ ինչպես է իրեն ներում մեր հարգարժան կառավարությունը…
Այս օրենքը հայերենին դեմ է, եւ ոչ ոք իրավունք չունի խաղեր խաղալ այնտեղ, որտեղ մեր ինքնության ամենակարեւոր գործոնն է։ Ինչպես թե խաղաղ, թե պատերազմական իրավիճակում ոչինչ չպետք է խնայել ազգային բանակի համար, այնպես էլ ոչ մի ժամանակ չպետք է թույլ տանք, որ հայերենը նահանջի։ Դա հավասարազոր է երկիրն առանց պատերազմի հանձնել թշնամուն։
Աշոտ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Հրապարակ»


















































