
Լավ, հետին թվով ինչ բողոքներ ներկայացնես բոլշեւիկներին։ Նրանք, կարծես թե, վաղուց չկան։ Բայց ինչ ախտորոշում տաս այսօրվա հայ գործիչներին, ովքեր մատնիչ ու գործակալ են համարում այն երիտասարդներին, ովքեր պայքարում են խնամված այգիների ու պուրակների համար՝ առանց բուտիկների ու կրպակների, Թռչկանի ջրվեժի, վերջին անտառների ու մաքուր գետերի համար։ Ճանաչո՞ւմ եք Խորհուրդների երկրի անկրկնելի ոճը։ Քեզ դուր չե՞ն գալիս պիջակներին կլոր նշաններով իմաստուն պետերի որոշումները։ Ուրեմն՝ դու չես սիրում Հայրենիքդ։ Քեզ հետ Նժդեհը հետախուզության չէր գնա։ (Ըստ երեւույթին, պետք է կարծել, թե Նժդեհը հրճվանքի մեջ կընկներ պուրակների տաղավարներից, գների աճից ու հայ-թուրքական արձանագրություններից եւ հետախուզության կգնար լացկաններին կլոր կուսակցական նշաններով կուշտ ու տռուզ տղերքի հետ): Ինչ-որ բան ստիպում է կասկածել։ Ըստ իս՝ Նժդեհը կգնար ոչ թե նրանց հետ, ովքեր իրեն կուռք են դարձրել, այլ այն երիտասարդների հետ, ովքեր չեն կորցրել մարդկային արժանապատվությունը անկախ նշաններից։ Այո, այդ երիտասարդները դժգոհ են իշխանությունից։ Ես էլ եմ դժգոհ։ Եվ դա մեր իրավունքն է։ Իր Հայրենիքը սիրող մարդը պարտավոր չէ սիրել նրա ամեն տեսակ կառավարություն։ Եվ այդ պատճառով մենք իրավունք ունենք փոխելու նրան։ Եվ կփոխենք։
Վահան ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ
«Երկիր»
Կարդացեք նաև


















































