Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը վերջապես հասկացել է, որ իրեն չեն հավատում

Մարտ 22,2012 11:49

Երբ ընտրությունների նախաշեմին իշխանությունների՝ հասարակության ուշադրությունը գրավող միակ փաստարկը ոչնչով չհիմնավորված խնդրանքն է՝ հավատալ իրենց, դառնում է իսկապես տագնապալի։

Վերջերս այդ կրկներգն ավելի վճռական է հնչում, ինչը վկայում է շատ բանի մասին, սակայն ամենակարեւորը երկու գործոն է՝ իշխանությունը վերջապես հասկացել է, որ իրեն չեն հավատում, եւ որ դիրքերը պահպանելու իր իրավունքն ապացուցել չի կարող։ Հենց այդ պատճառով ի հայտ է գալիս նախագահի հայեցողությամբ բանակը ներքին հարցեր լուծելիս կիրառելու մասին օրենքը խորհրդարանում անցկացնելու անհրաժեշտությունը։ Եվ կառավարության ներկայացուցիչը, փորձելով ապացուցել հասարակության համար այդ օրենքի անվտանգությունը, որեւէ այլ լավ փաստարկ չի գտնում, քան մեր անկախ պետականության ակունքներում կանգնած ներկայիս նախագահի բարձր բարոյական հատկանիշները։ Ինչպե՞ս կարելի է չհավատալ այդ մարդուն։

Ինչի՞ն հավատալ

Իսկ նա, ի միջի այլոց, միայնակ չէր կանգնած պետականության ակունքներում։ Այնտեղ էին նաեւ այլ պարոնայք, օրինակ՝ Հայաստանի առաջին նախագահը։ Նրան է՞լ կհրամայեք անխոս հավատալ։

Սակայն հավատը քաղաքական կատեգորիա չէ, այլ բարոյական, եւ քաղաքականության մեջ հավատը կիրառելու իրավունքը հարկավոր է վաստակել։ Վստահության վարկի որոշակի պաշար ի սկգբանե տրված է յուրաքանչյուր իշխանության, նույնիսկ՝ ոչ այնքան լեգիտիմ եւ ոչ այնքան սիրելի։ Եվ եթե այն անհիմն վատնվել է, նոր վարկ ստանալն անհնար է՝ ցանկացած գրավի դեպքում, քանի որ ոչ միայն հաջողության ոչ մի երաշխիք չկա, ընդհակառակը՝ ամեն ինչ խոսում է նոր տապալումների անխուսափելիության մասին։

Ժամանակին Ալբերտ Էյնշտեյնը փայլուն սահմանել է, թե ինչ է խելագարությունը՝ շարունակ անել նույն բանը՝ ամեն անգամ հուսալով, որ արդյունքն այլ կլինի։ Տեսեք, թե ինչ համամասնական ցուցակով է իշխող ուժը գնում խորհրդարանական ընտրությունների, ծանոթացեք մեծամասնականով նրա աջակցությանն արժանացած թեկնածուներին. որոշ դեպքերում օգտակար կլինի ընթերցել նրանց կենսագրականը կամ հայացք նետել լուսանկարներին։ Նորացման, առաջընթացի, բարեփոխումների շանսեր տեսնո՞ւմ եք։ Ես չեմ տեսնում։ Ուրեմն ինչի՞ն հավատալ՝ բարի մտադրությունների՞ն։ Իսկ դրանց առկայությունը Հայաստանի ներկայիս ղեկավարության մոտ ոչ ոք էլ չի բացառում։ Մենք հավատում ենք, որ նրանք սիրում են Հայրենիքը մեզանից ոչ պակաս։ Պարզապես չենք հավատում, որ նրանք ընդունակ են լավ փոփոխությունների։

Վահան ՀՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ 

«Երկիր»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031